Մաղաքիա արք. Օրմանյան
1-21․ Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր: Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»: Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի: Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»: Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայէլի վարդապետ եւ այդ չգիտե՞ս: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խօսում ենք, ինչ որ գիտենք, եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայութիւնը չէք ընդունում: Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ: Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր։ Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ, որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի: Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց: Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործեր ը չար էին. որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան: Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»:
Հիսուս՝ իր Երուսաղեմում եղած ժամանակ, գիշերային անակնկալ մի այցելություն ունեցավ: Փարիսեցիների աղանդից քահանայապետարանի իշխանական մեծ ժողովի անդամ ռաբբի Նիկոդեմոսը, որ լսել էր Հիսուսի գործած հրաշքների մասին և նրանց վրա քննություն ու ուսումնասիրություն կատարելով՝ հրաշքների ճշմարտության և աստվածայնության վրա հանոզում ուներ․ մտադրվել էր մոտենալ Հիսուսին, տեսնել, խոսել և խորհրդակցել, և նրա մասին ամբողջական գաղափար կազմել։ Իր ընկերներից քաշվելով, և նույնիսկ իր դիրքից ստիպված, երևույթներից խաբվող ռամիկ չերևալու դիտավորությամբ, նա չհամարձակվեց ցերեկով Հիսուսի մոտ գնալ և նախընտրեց գիշերվա գաղտնիությունը։
Նիկոդեմոսը Ռաբբի պատվանունով ողջունեց Հիսուսին, որը խրոխտ Փարիսեցի վարդապետի բերանի մեջ միայն խորունկ համոզման հետևանք էր, և նա ավելացրեց, որ կատարված հրաշքները տեսնելով, ինքը պարտավորվում է ճանաչել, որ Հիսուս աստվածառաք անձ և աստվածային գործողությունների միջնորդ է: Իհարկե, այդ խոստովանությունների վրա նա սկսեց ինչ-ինչ խնդիրներ առաջարկել Հիսուսին, Մեսիայի գալստյան և մեսիական Երկնային արքայության հայտնվելու մասին, որովհետև Հիսուսի խոսքը ողջույնի պատասխան չէր, այլ խնդրի լուծում: Հիսուս ասում է, «Ով որ վերստին չծնվի, երկնքի արքայության մասնակից չի լինիե»: Նիկոդեմոսը [վերստին ծնունդ] բառը նյութական իմաստով է հասկանում, իբր թե մարդ նորից իր մոր արգանդը մտնելու և ելնելու կարիքն ունի: Նիկոդեմոսին բացատրելու կարիքը տեսնելով, Հիսուս ավելացրեց, որ ինքը խոսում է ոչ թե նյութական, այլ [հոգևոր] վերածնության մասին, որը ի հայտ է գալիս ջրի արտաքին նշանով, և որն անհրաժեշտ է Երկնային արքայությանը մասնակից լինելու համար։ Երևում է, ոը Հիսուսի խոսքերը Նիկոդեմոսի մտքից շատ բարձր և անհասկանալի եղան, դրա համար Հիսուս հողմի օրինակը բերեց, որի ձայնն ու զորությունն իմանում ես, բայց չգիտես, թե ինչպես է լինում, որտեղից է գալիս, կամ ուր է գնում, այդպես էլ հոգու գործողությունները ստույգ են, բայց հոգ չէ, որ նրա էությունը և այլ հանգամանքներ անհայտ են մնում: Նիկոդեմոսը տակավին չկարողացավ Հիսուսի խոսքերի ներքին իմաստը թափանցել և պնդում էր. «Ինչպե՞ս կարող է այդ բանը լինել, ինչպե՞ս [ջրից վերստին ծնունդը] Երկնքի արքայության կարող է հասցնել»: Այս անգամ Հիսուս մեղադրելով պատասխանում է. «Իսրայելի ժողովրդի վարդապետ ես, Ս. Գիրք գիտես, ինչու՞ չես հիշում, որ ջուրը սրբության նշան է, ինչպես մարգարեն է գրում. «Եւ ցանեցի ի վերայ ձեր ջուր սուրբ, և սրբեսջիք յամենայն պղծութեանց ձերոցե» Եզեկ. 36։25: Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ ինչ որ խոսում եմ, գիտությամբ եմ խոսում և տեսությամբ վկայում, և պետք չէ, որ մերժվի վկայությունս: Ինչ որ ասացի քեզ դեռ դյուրին և մարդկային մտքի սահմանների մեջ էին և սրանց իսկ դժվարանում ես հավատալ, ինչ պիտի անես և ինչպես պիտի հավատաս երբ ավելի բարձր և աստվածային խորհուրդներին պատկանող բաների մասին խոսեմ»։
Մինչև այստեղ, Հիսուս մկրտության խորհրդով կատարվող վերածնության և Երկնքի արքայությունը ժառանգելու մասին էր խոսում, իսկ հաջորդ խոսքերի մեջ մարդեղության խորհրդի բացատրությունն է: Այդ բացատրությունները կարելի է բաժանել երեք կետերի.
1. Աստծո Որդու մահը մարդկանց փրկության համար,
2. Մարդեղության խորհրդով մարդկանց նկատմամբ ցույց տրված Աստծո սերը,
3. Քրիստոսին հավատալու կապը մարդու փրկության և դատապարտության հետ:
Առաջին կետը Հովհ. 3։14-15, բացատրվում է պղնձե օձի օրինակով Թվեր 21։9, որը Քրիստոսի խաչի նախատիպն է: Երկրորդ կետը Հովհ. 3։16-17 բացատրվում է համեմատությամբ, որ եթե Աստված է իր Միածնին աշխարհ ուղարկել, ապա չէր կարող դատապարտելու կամ կործանելու նպատակն ունենալ, այլ միայն աշխարհի փրկության և աշխարհի սիրո համար միջոց էր այդպիսի բան տնօրինելը: Երրորդ կետում (Հովհ. 3։18-21) հավատքը լույսի է նմանեցնում. ինչպես որ լույսին մոտեցողը լուսավորվում է, իսկ լույսից հեռու փախչողը՝ խավարի մեջ մնում, այնպես էլ Քրիստոսին հավատացողը կփրկվի, իսկ Քրիստոսի հավատքից խորշողը կդատապարտվի: Քրիստոս եկավ և Ինքը լույս է, բայց մարդիկ խավարը սիրելով՝ փախչում են Իրենից. ով բարություն է գործում, չի վախենում լույսից, իսկ ով չարություն է գործում, վախենում է լույսից և սիրում է խավարը, որպեսզի չհայտնվեն իր գործերը:
Առանց մանրամասն լուծումների և բառական զննումների, այստեղ մենք բավական ենք համարում տալ Հիսուսի վարդապետության ամփոփումը, քանի որ նպատակ չունենք Ավետարանի կատարյալ մեկնաբանությունը կատարել, իսկ այդպես կանենք ուրիշ առիթներով: Վարդապետական այդ հատվածի մեջ հավատքի երկու գլխավոր կետեր են պարունակվում, որոնք քրիստոնեական դավանության հիմնաքարերն են.
1. Մկրտության զորությունն ու անհրաժեշտությունը և
2. Մարդեղության խորհրդով կատարված փրկագործությունը:
Մենք ամբողջ հատվածը բացատրեցինք որպես Նիկոդեմոսին տրված Հիսուսի պատասխանների ամբողջություն, և այս է մեկնիչների ընդհանուր կարծիքը։ Բայց ոմանք ուշադրություն դարձնելով, գիտեմք, խօսիմք, վկայեմք հոգնակի բառերին, և դարձյալ ոչ ընդունիք, ոչ հաւատայք բառերին, ուղղված լսողին, կարծում են, թե Հովհ. Հովհ. 3։11, համարից սկսած հատվածը բաժանվում է, և ավետարանիչը իր կողմից է խոսքն ուղղում կամ հրեաներին կամ ընթերցողներին, որովհետև ուրիշ տեղերում էլ ավետարանիչը Հիսուսի կողմից խոսված վարդապետությանը, առանց որոշ անցում դնելու՝ իր կողմից գրված մի մաս է կցել։ Բայց այստեղ բոլորը Հիսուսի կողմից ասված [լինելը առավել ընդունելի պետք է համարել]։
Մենք այլ առիթ պիտի ունենանք Նիկոդեմոսի անձի շուրջ խոսելու։ Իսկ թե ինչպես ավարտվեց այս տեսակցությունը, ինչ տպավորությամբ հեռացավ Նիկոդեմոսը և թե ինչ ձևով նա Հիսուսի հետ հարաբերություն հաստատեց Ավետարանը ոչինչ չի գրում, այլ միայն այն, որ նա մնաց որպես Հիսուսի ծածուկ աշակերտ և առանց իրեն հայտնելու պաշտպանեց Հիսուսին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: