Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
61-72. Եւ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խօսքը. ո՞վ կարող է այն լսել»: Յիսուս երբ ինքն իրենից իմացաւ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Այդ ձեզ գայթակղեցնո՞ւմ է. իսկ արդ, եթէ տեսնէք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր...»: «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել: Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք: Բայց ձեր մէջ կան ոմանք, որ չեն հաւատում»: Քանի որ Յիսուս սկզբից գիտէր, թէ ովքեր են նրանք, որ չեն հաւատում, եւ ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. «Դրա համար ձեզ ասացի, թէ ոչ ոք չի կարող գալ ինձ մօտ, եթէ այդ իմ Հօրից տրուած չէ նրան»: Դրա վրայ՝ նրա աշակերտներից շատերը յետ քաշուեցին եւ այլեւս նրա հետ չէին շրջում: Յիսուս տասներկու աշակերտներին ասաց. «Միթէ դո՞ւք էլ ուզում էք գնալ»: Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տէ՛ր, ո՞ւմ մօտ պիտի գնանք: Դու յաւիտենական կեանքի խօսքեր ունես: Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»: Յիսուս նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ Տասներկուսիդ. եւ ձեզանից մէկը սատանայ է»: Նա խօսում էր Իսկարիովտացու՝ Սիմոնի որդի Յուդայի մասին, որովհետեւ հէնց նա էր մատնելու նրան. եւ Տասներկուսից մէկն էր:
Հիսուս հետևողների մի բազմություն ուներ, որոնք իր աշակերտներն էին համարվում, անընդհատ Նրա հետ լինելու, Նրան հնազանդվելու և Նրան պաշտպանելու համար: Այս խմբից զատվեցին տասներկուսը, հետո այդ խմբից յոթանասունն էլ առանձնացվեցին, բայց խուբը շատ ավելի բազմաթիվ էր, և ընդգրկում էր Հիսուսին այլ հավատարիմներ: Կափառնայումում Հիսուսի կատարած քարոզչության պատճառով ժողովուրդը շփոթվել էր, և հրաշալի ու հրաշագործ վարդապետի վրա ունեցած վստահությունը տկարացել էր, կարծելով թե Հիսուս բոլորովին օտարոտի, անհնար և նույնիսկ մտքին հակառակ խոսքեր է ասում, որ և Նրանից օգուտ սպասելն անհնար Է: Եթե Բեթսայիդայի հացերի հրաշքից հետո հայտարարում էին, որ գտել են ճշմարիտ և փրկիչ Մեսիային, ապա այժմ խոստովանում էին, որ գրեթե խաբվել են և քննադատում էին Հիսուսի խոսքերը, պախարակում էին գործերը, կամ Ավետարանի բացատրությամբ՝ տրտնջում էին. «Այդ խոսքերը ասելու բաներ չեն, ով կարող է դրանք լսել»: Հիսուս իմացավ նրանց միտքը, թեև նրանք ձգտում էին գաղտնի պահել, և խոսքն այս անգամ ուղղելով միայն աշակերտներին՝ ասաց. «Արդյոք ժողովրդի հետ խոսածներից գայթակղվե՞լ եք. չե՞ք կարծում, որ խսքերիս տերն եմ, որ իրոք կարող եմ հոգևոր կյանք տալ, և թե իրոք իմ տված հացը վերակենդանություն կտա, և թե ով որ ինձ հետ կմիանա, ինչպես ուտելիքը ուտողի հետ, նա հավիտենական կյանք կստանա: Բայց գիտեմ, երբ տեսնեք, որ Մարդու որդին նորից երկինք է բարձրանուն, և վերադառնում է այնտեղից, ուր առաջ էր գտնվում, ապա վերջապես կհավատաք և կընդունեք, որ Ես երկնքից եմ եկել: Դուք արտաքինին մի նայեք, ներքինին նայեցեք: Արտաքինը մարմին է, որ օգուտ չունի, ներքինը՝ հոգի է, որ կենդանություն է տալիս, ինչ որ Ես խոսեցի հոգի է, հետևաբաև կենդանություն տվող է. ուստի հավատացեք իմ խոսքին, որպեսզի կենդանություն էլ ստանաք: Թեպետ գիտեմ, որ ձեր մեջ հավատացողներ կան, սակայն Ինձ հետևելով հանդերձ՝ կան նաև չհավատացողներ: Ինչպես ժողովրդի հետ խոսելու ժամանակ ասացի, մինչև որ մեկը Իմ Երկնավոր Հոր կողմից այդ շնորհք չստանա, նա իմ ճշմարիտ և հավատարիմ հետևեղը չի կարող լինել»:
Հիսուս այդ վերջին խոսքերն ասելու ժամանակ, ինչպես նշում է ավետարանիչը, խոսում էր կատարյալ սրտագիտությամբ. որովհետև նա սկզբից ճանաչում էր ամեն մեկի ներքինը, գիտեր թե ով է հավատարիմ մնացողը, և ով է, որ արտաքնապես Իրեն հետևող է երևում, բայց սրտով հավատացող չէ: Մինչև իսկ գիտեր, որ նախադասած և նախընտրած Տասներկուսի մեջ էլ մեկը կա, որ իրեն պետք է մատնի: Հիսուսի խոսքերն ու տրված բացատրությունները չբավարարեցին բոլորի սրտերն հաստատելու համար, ուստի Իրեն հետևողների բավականին մասը՝ «Բազում յաշակերտանց նորա», ինչպես ասում է ավետարանիչը, սկսեցին հեռու մնալ, քարոզչություններին չմասնակցել, հայտարարել, որ Հիսուսի հետ այլևս գործ չունեն: Սրանց արածը թե՛ հետևանք էր ժողովրդի սառելու և թե՛ պատճառ էր ժողովրդի առավել սառելու, այնքան, որ Հիսուս սկսեց իր շուրջը դատարկ տեսնել, և գրեթե մնաց իր Տասներկու հոգու հետ:
Հիսուս ուզեց նրանց էլ փորձել, և նրանց դառնալով հարցրեց. «Մի՞թէ և դուք կամիք երթալ»: Սրանով նրանց առաջ ճամփա էր բացում, որ եթե իրենք էլ երկմտում են և Իրեն հետևելու համար զղջում են, ապա թող չքաշվեն և համարձակ իրենք էլ հեռանան: Մի քանի անգամ տեսանք, որ Սիմոն Պետրոսը բոլոր առիթների մեջ առաջ էր նետվում, և համարձակորեն էր խոսում, թեպետև շատ անգամ խոսքի տակից չեր կարողանում դուրս գալ, ասածը զղջում էր, կամ տկարանում էր գործադրելու մեջ: Այս անգամ նույն Պետրոսը պատասխանում է. «Վարդապետ քեզ թողնենք, ուր գնանք, Քեզնից բացի ո՞վ կա, այդպիսի ոգևորիչ ու կյանք տվող վարդապետություններ խոսի. մենք ճանաչել ենք, թե Դու ով ես, և հավատացած ենք, որ Դու ես Աստծո Որդի Քրիստոսը»: Պետրոսը խոսում էր իր բոլոր ընկերների անունից, և բոլորն էլ ձայնակցելով հաստատում էին Պետրոսի խոսքերը, սրանց հետ նաև Իսկարիովտացի Հուդան: Երբ Հիսուս լսում է այդ հայտարարությունները, նրանց մի ձևով ուզում է հասկացնել, որ այդ խոսքերին էլ չի հավատում. «Իրոք, - ասում է, - Ես Տասներկուսիդ էլ ընտրեցի, բայց այս էլ բավական չէ ինձ վստահեցնելու, որ յուրաքանչյուրդ մի-մի հրեշտակներ եք, քանզի ձեր մեջ էլ սատանա կա»: Արդյոք այս խոսքերի վրա առաքյալները իրար չանցա՞ն, ինչպես պատահեց վերջին ընթրիքի ժամանակ նմանօրինակ խոսքից, թե այնպես կարծեցին, որ Հիսուս գործածում է անվստահության չափազանց մի ձև և ավելի շատ ցանկանում է հետևողներին ակնարկել, քան թե իրենց, որ հավատարիմ են մնացել: Ամեն մի առիթով ավետարանիչն այս մասին դիտողություն չի ավելացնում և բավականանում է ասելով՝ թե Հիսուսի ակնարկած սատանան, տասներկուսի մեջ եղող Սիմոնի որդի Հուդան էր, որ իրոք վերջում Հիսուսին մատնեց:
Ավետարանիչը չի պատմում, թե ինչ եղավ Հիսուսի շուրջը հարուցված այդ վարանման և տագնապի հետևանքը, արդյո՞ք վաղանցուկ մի երևույթ էր, թե ոչ տևական հետևանք ունեցավ: Սակայն որոշակի ակնարկություն չգտնելու պատճառով, պարտավորվում ենք դիտել եղելությունների ընթացքը, և կտեսնենք, որ Կափառնայումում և նրա շրջակայքում պակասել է Հիսուսի անվան շուրջ բորբոքված եռանդը. և ինչպես պատահում է բոլոր ժողովրդական հուզումների ժամանակ, մի ծայրահեղությունից ընկնում են մյուս ծայրահեղության մեջ: Եվ Բեթսայիդայում հացի բազմացման հրաշքից հետո, Նրան իբրև ճշմարիտ Մեսիա դիմող ժողովուրդն ու հետևողները, մի քանի օր հետո Նրանից հեռանալու և Նրան գրեթե մենակ թողնելու վիճակին են հասնում: Տեսնում ենք նաև, ինչպես հաջորդ հոդվածներում էլ պիտի հայտնվի, որ Հիսուս թողնում և լքում է Կափառնայումի իր կենտրոնը, Իր շրջագայությունները տարածում է Գալիլիայի հեռավոր կողմերը և հասնում մինչև Փյունիկեի շրջանները, Իտուրիայի, Դեկապոլսի և Բերեայի կողմերը, տեղի տալով զայրացած հակառակությանը և Կափառնայումցիների ու շրջակա գալիլիացիների ցուցաբերած սառնասրտությանը: Այն բազմաթիվ հրաշքները, որոնք կատարվեցին այս կողմերում, և որոնց մասին առիթ ունեցանք մինչև հիմա պատմել ու հիշել, հետագայում չեն կրկնվելու, իսկ գալիլիացիների վարմունքը ու նրանց հանդեպ Հիսուսի բռնած դիրքը մանրամասնորեն հիմնապես փոփոխված է երևում:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: