Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 12:13

Մաղաքիա արք. Օրմանյան

13-15․ Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»: Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեր վրայ»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»:
   
   Ահա մի միջադեպ ևս, որ առիթ է ընծայում Հիսուսին՝ խոսել աշխարհի բարիքների մասին։ Մի օր Հիսուս քարոզում էր, երբ հանկարծ ժողովրդի միջից մի ձայն լսվեց․ «Վարդապե՛տ, մեր հայրը մեռավ, պետք է եղբորս հետ ստացած ժառանգությունը բաժանենք․ բայց եղբայրս ինձ զրկում է, ողջ ունեցվածքը ցանկանում է գրավել․ դու, որ պատրաստ ես խեղճերին օգնել, համոզի՛ր եղբորս, որ արդարությամբ իմ բաժինը տա»։ Հիսուս չէր զլացել օգնել ոչ մի խեղճի, եթե դիմել էին Իրեն, երկու հիմանական պատճառով մերժեց այդ բողոքողին։ Նախ, որ լոկ բարերարության մի գործ չէր առաջարկվածը, այլ օրինական ու դատական։ Անհրաժեշտ էր լսել նաև մյուս եղբորը՝ իմանալու համար, թե ինչո՞ւ է զլանում եղբոր բաժինը տալ կամ իրո՞ք բողոքողը զրկյալ էր, թե ուղղակի այս ձևով կամենում էր խաղ խաղալ։ Հետևաբար Հիսուս պատասխանեց․ «Ե՞րբ ես լսել, թե այս երկրում դատավորի պաշտոն եմ ստանձնել, որ ինձ բողոք ես ներկայացնում, կամ ե՞րբ եմ ես ժառանգություններ բաժանելու իրավարարի
գործ կատարել, որ դիմում ես ինձ»։
   Երկրորդ պատճառը բարոյական էր։ Հիսուս շարունակ այս աշխարհի բարիքն անարգելու, ինչքից ու ստացվածքից հրաժարվելու, միայն բարոյական ու հոգևոր բարիքները որոնելու քարոզ էր խոսել և բոլորովին հարմար չէր երկու եղբայրների նյութական շահով զբաղվելը, մեկին կամ մյուսին ավելին ստանալուն օգնել, որ նշանակում է քաջալերել ագահության զգացմունքն ու միտումը։ Ահա այս է Հիսուսի ասածը․ «Ամենքդ էլ զգուշացեք դրամ ու հարստություն ձեռք բերելու միտումից, որովհետև մարդու ճշմարիտ կյանքն ու հոգու օգուտը ինչքերի շատությունից չէ»։