Մաղաքիա արք. Օրմանյան
1-6. Երբ մի շաբաթ օր նա մտաւ փարիսեցիների իշխանաւորներից մէկի տունը հաց ուտելու, նրանք դիտում էին նրան: Եւ ահա այնտեղ, նրա առաջ ջրգողով հիւանդ մի մարդ կար: Յիսուս պատասխանեց օրէնսգէտներին ու փարիսեցիներին եւ ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինաւո՞ր է, թէ՞՝ ոչ»: Նրանք լուռ մնացին: Յիսուս նրան բռնելով՝ բուժեց եւ արձակեց: Եւ նրանց ասաց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մէջ, նա իսկոյն այն չի հանի շաբաթ օրով»: Եւ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան:
Մի հրաշք պատմեցինք, որը [Ղուկ. 13:10-17-ում պատմված հրաշք՝ կուչ եկած կնոջ բժշկությունը]․ տեղի է ունեցել Բերեայում քարոզությունների ժամանակ․ այստեղ Ղուկասը երկրորդն էլ է հիշատակում, դարձյալ կատարված շաբաթ օրը՝ շաբաթը պահելու խնդիրը բարձրացնելով։ Այս անգամ Հիսուս ժողովարանում ավարտել էր քարոզությունը և ճաշի համար հրավիրվել մի փարիսեցու տուն։ Փարիսեցին հրավիրել էր մի կողմից կերակուր տալու, մյուս կողմից՝ նենգավոր թակարդ լարելու մտադրությամբ։ Փարիսեցու տանը հավաքվել էին ուրիշ ընկերներ էլ և մի հիվանդ պատրաստ՝ բերել էին, որպեսզի երբ Հիսուս ձեռնարկի բժշկությունը, իրենք էլ Նրան ամբաստանելու հիմք ունենան։ Այս անգամ հիվանդը ջրգող էր, տարբեր բոլոր անգամների հիվանդներից, ջղային վիճակ չուներ, և փարիսեցիները կարծում էին, թե Հիսուս այս տեսակ հիվանդությունները անկարող կլինի բժշկել։ Հիսուս հայտնապես տեսնում է այս բոլոր նենգավոր պատրաստությունները, ուստի նրանց պաշտպանողական ամեն խոսք կանխում է, որպեսզի լռեցնի և ամաչեցնի հակառակորդներին ու համարձակորեն կատարի խնդրված բժշկությունը։ Հիսուսի պատճառաբանությունը միշտ օրինակով է, և այս անգամվա օրինակն էլ ջրգողի [պատմածի] նմանողությամբ է։ «Ի՞նչ եք ասում, - հարցնում է, - օրինաց վարդապետներ, արժանի՞ է արդյոք շաբաթ օրով այս հիվանդին բժշկելը»։ Փարիսեցիները հանդիսավոր լռություն են պահպանում, որով կամենում են ասել, թե՝ «Սա էլ հարցնելու բա՞ն է»։ Հիսուս ավելացնում է․ «Խնդրում եմ ինձ ասեք, եթե ձեզանից մեկի էշը կամ եզը շաբաթ օրով ջրհորի մեջ ընկնի, մինչև միաշաբթի կենդանուն կթողնեք ջրհորում խեղդվի՞, թե անմիջապես շաբաթ օրով էլ ամեն միջոց կգործադրեք, որ կենդանուն շուտ հանեք ջրհորից ու ազատեք սատկելուց»։
Այս հարցին փարիսեցիները պատասխան չգտան և լռեցին, ոչ թե խրոխտ, այլ կատարյալ ամոթահար լռությամբ։ Հիսուս հասել էր Իր նպատակին։ Ուժգին կերպով պաշտպանել էր Իր սիրելի սկզբունքը․ բարեգործություն անելու համար շաբաթ օրվա պատվիրանն արգելք չի կարող լինել։
Երբ փարիսեցիները լռում են, Հիսուս համարձակորեն կանչում է ջրգողին, ձեռքը երկարեցնելով բռնում նրան և ցնցում։ Հիվանդը բժշկվում է, Հիսուսը նրան օրհնում ու ճանապարհ է դնում։
[Ավետարանիչն այստեղ ևս] սքանչելի եղելության կողքին հիշատակում է սքանչելի վարդապետությունը և անցնում ուրիշ խոսքի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: