Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
27-31. Եւ նրա յետեւից գնում էր ժողովրդի մի մեծ բազմութիւն եւ կանայք, որոնք կոծում էին ու ողբում նրան: Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Երուսաղէմի՛ դուստրեր, ինձ վրայ լաց մի՛ եղէք, այլ լա՛ց եղէք ձեր եւ ձեր որդիների վրայ, որովհետեւ օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ «Երանի՜ չբեր կանանց եւ նրանց, որոնք բնաւ չծնեցին եւ չդիեցրին»: Այն ժամանակ մարդիկ պիտի սկսեն ասել լեռներին, թէ՝ ընկէ՛ք մեր վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ, որովհետեւ, երբ դալա՛ր փայտին այսպէս անեն, չորի՛ն ինչ կը պատահի»:
Ցանկացած բացառիկ պարագա միշտ ժողովրդի համար հետաքրքրության առարկա է դառնում և անսպասելիորեն այդտեղ բազմություն է խռնվում։ Հիսուսի ձեռբակալությունն ու դատաստանը, դատապարտությունն ու մահվան տարվելը ամենամեծ հետաքրքրության նյութ էր դարձել, մանավանդ սինեդրիոնի իշխաններն ամեն գնով այն ջանում էին հրահրել և Զատկի հանգստի օրն էլ ավելի էր հեշտացնում բազմության շատանալը։ Այդ պատճառով պրետորիոնից Գողգոթա «Երթայր զհետ նորա բազմութիւն ժողովրդեանն»։ Իսկ բազմության մեջ իշխող զգացմունքներն ու կրքերը տարբեր էին։ Քահանայապետերն ու դպիրները՝ Հիսուսի երդվյալ թշնամիները, որոնք վերջապես այնքան չարչարանքով իրենց նպատակին էին հասել, հաղթական գոհունակությամբ գրգռում էին ամբոխին։ Երուսաղեմցիները, որոնք միշտ կասկածով էին նայել Հիսուսին, իրենց թերահավատ զգացումներին ասպարեզ էին տալիս ամեն տեսակ անարգական ու ծաղրական խոսքերով։ Գալիլիացի ու բերեացի ուխտավորներից ոմանք, հուսախաբությունից արթնացածի նման, խոյանում էին Հիսուսի վրա, իբր թե Հիսուս իրենց մինչ հիմա խաբել էր, իսկ ուրիշները ապշած ու շվարած, չգիտեին, թե Հիսուսի նկատմամբ ունեցած ակնկալություններն ինչպես համաձայնեցնեն Նրա ընկած ու տկարացած վիճակի հետ։
Բազմության մեջ կար նաև կանանց մի խումբ, որ կանացի բնավորության սովորական դյուրազգացության պատճառով ո՛չ անցյալի և ո՛չ էլ ապագայի մասին էր մտածում, այլ աչքերի առջև եղող խղճալի տեսարանից հուզված՝ լաց ու կոծ էր անում և արցունքներ թափում․ «Բազմութիւն կանանց, որ կոծէին եւ աշխարէին զնա»։ Նրանք մեծավ մասամբ երուսաղեմցի կանայք էին, ում բոլորովին անծանոթ չէր հրաշագործ Նազարովցին և նոր վարդապետ Հիսուս և հավանաբար առիթ էին ունեցել լսել Նրա վարդապետությունները և տեսնել հրաշքները։ Անհավանական չէ, որ նրանց խառնված լինեին նաև գավառացի ուխտավոր կանայք, սակայն վերջիններս, անշուշտ մեծամասնություն չէին կազմում, քանի որ Հիսուս, հետները խոսելիս, նրանց պարզապես կոչում է «Դստե՛րք Երուսաղէմի»։ Հիսուսի խոսքերի հանդիմանական ու սպառնալից լինելը բոլորովին էլ առիթ չի տալիս ենթադրել, թե այդ կանանց գլուխը Հիսուսի աշակերտուհիներն էին կամ յուղաբեր կոչված կանայք, որոնց Հիսուս չէր կարող հանդիմանել։
Հիսուս տեսնում է արտասվող ու կոծող կանանց այդ խումբը և գնահատելով նրանց բարեմիտ զգացմունքները՝ ցանկանում է միտքը լուսավորել, մի վերջին անգամ էլ հաղորդել նրանց իր սրտի խորունկ մտածմունքներ։ Կանանց ուղղված Հիսուսի խոսքերը բացահայտ ցույց են տալիս, որ կյանքի վերջին, սոսկալի վայրկյանին, երբ մի կողմից մարմնական չարչարանքները, մյուս կողմից սրտի կսկիծները, բոլոր կողմերից նախատական արհամարհանքներն էին ծանրանում, Հիսուս Իր մասին չէր մտածում, այլ ապաշնորհ ժողովրդի չարագործության և նեղվում էր գալիք երկնային պատիժների կանխատեսությամբ։ Դեռևս մտածում էր հեռացնել նրանցից ահավոր տագնապը՝ հեռու պահելով ահեղ ոճրագործությունից։ Մահապատժի բարձունքը տանող ճանապարհին ցանկացավ մեկ անգամ էլ կրկնել Ձիթենյաց մարգարեական քարոզի ամփոփումը։ Դա մահամերձ վարդապետի վերջին քարոզն էր։
Հիսուս, որ խաչի բեռից ազատված, բայց մարմնով տկարացած, արդեն դուրս էր եկել քաղաքից և սկսում էր բարձրանալ դեպի Գողգոթա, մի պահ կանգ առավ ու շրջվելով արտասվող կանանց կողմը, ասաց․ «Երուսաղեմցի՛ կանայք, ի՛նձ նայեցեք, ասելիքս լսե՛ք։ Սրտներդ լցվել է և վրաս լալիս եք։ Սակայն ինձանից ավելի դուք եք արտասվելու արժանի, ձեր զավակները, Երուսաղեմի ժողովուրդը։ Եթե իմ կրած տանջանքները մեծ են, ապա Երուսաղեմին սպասվող տառապանքներն ավելի մեծ պիտի լինեն։ Դրանք այնքան սաստիկ ու անտանելի կլինեն, որ մարդիկ կզղջան աշխարհ եկած լինելու համար։ Երուսաղեմի մայրերը երանի պիտի տան այն դժբախտ ամուլներին, որ ո՛չ զավակ ունեցան, ո՛չ երեխաներ սնեցին, որոնք գոնե իրենց զավակների սարսափի ցավը պիտի չտեսնեն։ Երուսաղեմի ողջ ժողովուրդը իրեն երջանիկի պիտի համարեր, եթե պայթեին լեռներն ու ինքը մնար տակը կամ երկիրը բացվեր ու իր մեջ առներ, քան թե կրեր այն դժբախտ օրերի սարսափը։ Եթե դալար փայտը կրակին են տալիս, ուրեմն ի՞նչ չեն անի չորի հետ։ Եթե արդարն ու անմեղն էլ տանջանքների ու դատապարտության է ենթարկվում, եղեռնագործերն ու չարագործներն ինչպե՞ս պիտի կարողանան խուսափել իրենց արժանի պատժից ու մահապարտությունից»։
Ավետարանն ավելի պարագաներ չի ավելացնում այս միջադեպը պատմելիս։ Կանայք սարսափով լսեցին գուժաբեր գուշակությունը, սակայն անկարող էին փոխել իրենց վիճակը։ Անշուշտ քահանայապետերն ու դպիրները նույնպես լսեցին կանանց ուղղված խոսքերը, մտքներում նորոգվեցին Հիսուսի երկնային վարդապետությունները և որպեսզի ժողովրդի մեջ նոր շարժում առաջ չգա և Հիսուսի նկատմամբ չփոխվեն տպավորությունները, ժողովրդին գրգռելու համար աղաղակներ բարձրացրին, հորդորեցին զինվորներին, որ հարված են Հիսուսին ու արագ քայլեցնեն՝ ժամ առաջ հասնելու Գողգոթայի գագաթը։
Մի ավանդություն կա, ըստ որի այդ երուսաղեմցի կանանց գլխավորն առաջ է անցնում և ուզում ճերմակ վարշամակով սրբել Հիսուսի երեսն ի վար հոսող արյունն ու քրտինիքը և նույն պահին վարշամակին է դրոշմվում չարչարվող Հիսուսի պատկերը, որն իբրև նվիրատական հիշատակ, պահեցին Հիսուսի աշակերտները, որն այսօր, իբրև նշանավոր մասունք, գտնվում է Հռոմում, Վատիկանի Ս․ Պետրոս եկեղեցում։ Հիշվում է նաև այդ կնոջ անունը՝ Վերոնիկե, թեպետ ոմանք կարծում են, թե այդ անունը հունալատին բարդույթով ճշմարիտ պատկեր է նշանակում, և կնոջ անունն էլ վերցված է պատկերից։ Ֆրանսիական եկեղեցին Սրբուհի Վերոնիկեին իր առաքելուհիներից մեկն է համարում և Ժիրոնգ գավառի Սուլաք քաղաքում է նրա գերեզմանատանը պատվվում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: