Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 24:44

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

44-49․ «Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարուեն այն ամէնը, որ գրուած են իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ եւ սաղմոսներում»: Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը: Եւ ասաց նրանց. «Այսպէս պէտք է չարչարուէր Քրիստոս, յարութիւն առնէր մեռելներից երրորդ օրը, եւ քարոզուէր նրա անունով ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն բոլոր ազգերի մէջ՝ Երուսաղէմից սկսած: Եւ այս բաների վկաներ էք դուք:49․ Եւ ահա ես ուղարկում եմ Ձեզ իմ Հօր խոստումը, իսկ դուք նստեցէ՛ք Երուսաղէմ քաղաքում, մինչեւ որ երկնքից զօրութեամբ զգեստաւորուէք»:
   
    Բոլորն էլ վերադարձել էին Գալիլիայից` Հիսուսը և մայրը, առաքյալները և աշակերտները, Տեառնեղբայրները և յուղաբերները, և այդ համախբված գալն առանց տեղեկության և առանց նպատակի չէր կարող լինել: Ինչպես որ հարությունից հետո Հիսուսը Գալիլիա էր գնացել, որպեսզի ավետարանական քրոզությունը վերանորոգվի միևնույն տեղում` որտեղից սկսել և կատարել էր, նույնպես և Գալիլիայից Երուսաղեմ էր վրադառնում, որպեսզի Իր այս աշխարհից վերջնական հեռանալը կատարվեր այնտեղ, ուր չարչարանքների ու խաչելության, մահվան ու հարության փրկագործ խորհուդներն էին կատարվել: Ապրիլի իննին հաշվեցինք հարությունը, մայիսի տասնութը հարության քառասուն օրերից վերջինը կլինի և Հիսուսի երկինք համբարձվելու օրը: Նախորդ օրվանից եթե չասենք մի քանի օր առաջ, պետք է ամբողջ խումբը Երուսաղեմ հասած լիներ, քանի որ նույն առավոտվա նախաճաշը` ընթրիքի վերնատանը կատարեցին: Երբ դեռ սեղան էին նստած, Եւ ի հաղորդել ընդ նոսա հացիւ, Հիսուսը նորից սկսեց իր վերջին հրահանգներն ու խրատները խոսել յուրայինների հետ, նման պարագաներում կրկնելով նույն խոսքերը: Այս անգամ էլ էր բաժանման խոսքեր ասում, բայց ոչ թե չարչարանքների, խաչի ու մահվան նախազգացողությամբ, այլ Երկնքի Արքայության և հավիտենական կյանքի կանխատեսությամբ:
    Հիսուսն իր հատկապես մահվան և փրկագործության խորհուրդների մասին նախապես խոսածներից մի քաղվածք է անում և ավելացնում. «Ահա սրանք են այն կետերը, որոնց մասին ձեզ հետ հաճախ խոսում էի մահվանիցս առաջ և կրկնում էի, թե` պետք է որ կատարվեն ինչ որ իմ մասին գրված են Մովսեսի գրքերի, Դավթի սաղմոսների և մարգարեական պատգամների մեջ: Մեսիական մարգարեությունները ժողովրդի կարծածի պես արտաքին իշխանության, փրկության և փառավորության իմաստը չունեն, այլ ընդհակառակը, հայտնապես ցույց են տալիս, որ Մեսիա-Քրիստոսը պետք է չարչարվեր, սպանվեր և երրորդ օրը հարություն առներ և վերակենդանանար և դրանից հետո, Նրա անունով ավետարանը սկսեր քարոզվել և տարածվել և մեղավորները ապաշխարության հրավիրվեին ու մեղքերի թողություն պատրաստվեր: Այս մեծ արդյունքը Երուսաղեմից պիտի սկսվեր, ուր փրկական տնօրինությունները կատարվեցին և հետզհետե պիտի տարածվեր բոլոր հեթանոս ազգերի մեջ, մինչև աշխարհի ամենահեռու կողմերը: Այդ դուք եք, որ այս քարոզությունը պիտի կատարեք, որովհետև բոլոր տնօրինական գործողությունների ականատես վկաները եղաք, իսկ վերջում էլ իմ հարության համոզված վկաները հանդիսացաք: Ուստի ձեզ եմ հանձնում ավետարանը քարոզելու և տարածելու, հավատքը սովորեցնելու և հավատացյալներին հովվելու իշխանությունը: Ինչպես որ Երկնավոր Հայրն ինձ էր տվել` ես էլ ձեզ եմ տալիս, որովհետև ինձ հանձնված առաքելությունն ավարտելով` ես Երկնավոր Հորս մոտ եմ վերադառնում և ձեզ է մնում սկսված գործը շարունակելն ու առաջ տանելը: Բայց մի քանի օր էլ այստեղ` Երուսաղեմում սպասեք և գործ մի սկսեք, մինչև որ ձեզ խոստացած երկնային ավետիսս` Մխիթարիչ Հոգին ձեզ ուղարկեմ և այսպես երկնային նոր զորություն ստանաք, հոգեկան արիություն և ոգևորություն ստանալով, աներկյուղ ու համարձակ ասպարեզ նետվեք: Իմ ուղարկելիք Հոգին ձեզ մի տեսակ պիտի սրբի, չորացնի ու կայտառացնի, ինչպես որ մի ժամանակ Հորդանանի ջրով մկրտվող Հովհաննեսի հետևորդներն իրենց վրա վերանորոգություն էին զգում ու համարձակություն ստանում: Անշուշտ, դուք էլ պիտի հիշեք, քանի որ Հովհաննեսից մկրտվել էիք, միայն թե Հովհաննեսինը հասարակ ջրի ազդեցություն էր մարմնի վրա, իսկ ձերը իմացական մկրտություն պիտի լինի հոգու վրա»:
    Այս խոսքերն ասելիս Հիսուս հատուկ ձևով առաքյալների վրա ներգործում էր, որպեսզի Մեսիական խորհրդի ներքինը թափանցեն և մարգարեությունները լավ հասկանան. Եբաց զմիտս նոցա, իմանալ զգիրս: Իսկ առաքյալները, դեռևս Հիսուսի վերադարձի և հաղթական երկրորդ գալստյան գաղափարով և հույսով տոգորված, սկսեցին հարցնել. «Երբ պիտի լինի քո գալուստը, արդյոք կարո՞ղ ենք մոտ ժամանակում սպասել, որ գաս` Իսրայելի արքայությունը վերանորոգելու և Երկնքի Արքայության հաղթանակի լրումը կատարելու»: Հիսուսը հարկ չի համարում նրանց հետաքրքրասիրությունը բավարարել և ոչ էլ ժամանակ ու օր նշել: Ուրիշ անգամ պարզապես ասել էր, որ Երկնավոր Հորից բացի ոչ մեկը, նույնիսկ Որդին Մարդու չգիտի այդ օրը  Մատթ. 24:36: Բայց այս անգամ հանդիմանողական շեշտով ասում է. «Երկնավոր Հոր բացարձակ կամքով և ամենակալ իշխանությամբ անելիք բաները քննելը ձեր գործը չէ, հետաքրքրասիրություններդ ավելորդ և անտեղի են. Ձեզ բավական է իմանալ, որ շուտով ներքին զորություն պիտի ստանաք` ձեր վրա Մխիթարիչ Հոգու իջնելով և այդ զորությամբ քաջալերված` Իմ ավետարանի քարոզողներ պիտի լինեք, Երուսաղեմից սկսած ամբողջ Հրեաստանում, Գալիլիայում ու Սամարիայում և բոլոր հեթանոս երկրներում էլ, մինչև աշխարհի ամենահեռավոր ծայրը»:
    Հիսուս խոսքը վերջացրեց, առաքյալներն այլևս կրկնել չհամարձակվեցին, սեղանն ավարտվեց, վերջին
խրատներն ու հանձնարարություններն էլ ավարտվեցին. մի տեսակ երկրորդ և վճռական մի կտակ էր Հիսուսից իր առաքյալներին ասված: