Մաղաքիա արք. Օրմանյան
26-39․ Ապա նաւարկեցին իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլիայի հանդիպակաց կողմն է: Եւ երբ նա ցամաք ելաւ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մէջ դեւեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել եւ ոչ էլ տան մէջ էր բնակուել, այլ՝ գերեզմանների: Եւ տեսնելով Յիսուսին՝ աղաղակեց, ընկաւ նրա առաջ եւ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր». որովհետեւ Յիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գայ այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, եւ նա կապւում էր շղթաներով, պահւում էր երկաթների մէջ, բայց կոտրում էր կապանքները եւ դեւից քշւում էր անբնակ վայրեր: Յիսուս հարցրեց նրան եւ ասաց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց. «Լեգէոն». որովհետեւ նրա մէջ շատ դեւեր էին մտել. աղաչում էին նրան, որ հրաման չտայ իրենց, որ անդունդ գնան: Եւ այնտեղ մեծ թուով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լերան վրայ: Աղաչեցին նրան, որ հրաման տայ իրենց՝ գնալ մտնել նրանց մէջ: Եւ նա թոյլատրեց նրանց, եւ դեւերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մէջ. եւ երամակը գահաւանդից դիմեց դէպի ծովակ ու խեղդուեց: Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան եւ պատմեցին քաղաքում ու ագարակներում: Եւ երբ մարդիկ դուրս եկան կատարուածները տեսնելու եւ եկան Յիսուսի մօտ ու գտան այն մարդուն, որից դեւերը ելել էին, - որը հագնուած եւ զգաստացած՝ նստած էր Յիսուսի ոտքերի մօտ, - վախեցան: Նրանք, որ ականատես էին եղել, պատմեցին նրանց, թէ ինչպէս փրկուեց դիւահարը: Եւ գերգեսացիների երկրի շրջակայքում գտնուող ամբողջ բնակչութիւնը աղաչում էր Յիսուսին՝ հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետեւ մեծ վախով տագնապում էին: Եւ նա նաւակ նստելով՝ վերադարձաւ: Այն մարդը, որից դեւերը դուրս էին եկել, աղաչում էր նրան, որ ինքը նրա հետ շրջի: Բայց Յիսուս արձակեց նրան եւ ասաց. «Վերադարձի՛ր քո տունը եւ պատմի՛ր, ինչ որ Աստուած արեց քեզ համար»: Նա գնաց քաղաք եւ տարածում էր այն, ինչ Յիսուս արեց իրեն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:28
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: