Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 5:37

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

Այլ ձեր խոսքը թող լինի` «այո»-ն` «այո», և «ոչ»-ը՝ «ոչ». իսկ այն, ինչ սրանից ավելին է, չարից է։
   
   Այսպիսով, ի՞նչ է նշանակում «այո» և «ոչ» բառերից «ավելին» («իսկ այն, ինչ սրանից ավելին է, չարից է»): Սա նշանակում է երդում, և ոչ թե սուտ վկայություն: Բոլորին հայտնի է, և ոչ ոք կարիք չունի ապացուցելու, որ սուտ վկայությունը ծագում է թշնամանքից, ու այն ոչ միայն «ավելորդ» բան է («իսկ այն, ինչ սրանից ավելին է»), այլ նաև հակառակ է Աստծուն, մինչդեռ երդումը, դարձյալ «ավելորդաբանություն» լինելով հանդերձ, առանց անհրաժեշտության հավելվող երևույթ է: Այդ դեպքում, - կասես դու, - երդումը չարի՞ց էր: Իսկ եթե այն չարից է, ապա այն ինչու՞ էր օրենքով թույլատրված: Նույնը կարող ես ասել նաև կնոջ մասին. ի՞նչ հիմքերով է այժմ շնություն համարվում այն, ինչը նախկինում թույլատրելի էր: Ի՞նչ կարելի է ասել այս մասին: Ա´յն, որ նախորդող ժամանակներում շատ բաներ ասվել են օրենքն ընդունողների նկատմամբ հանդուրժողականությունից ելնելով: Չէ՞ որ Աստծուն զոհերի ճարպով պատվելը նույնքան անարժան է Նրան, որքան փիլիսոփայի համար անվայել է դատարկախոսելը: Այժմ, երբ առաքինություններն աճել են, կնոջն արձակելը համարվում է շնություն, իսկ երդումը համարվում է թշնամանքի նշան: Սակայն եթե ամուսնալուծության և երդման մասին օրենքները սկզբից ևեթ եղած լինեին սատանայատուր օրենքներ, ապա դրանք այդքան օգտակար և արդյունավետ չէին լինի: Մյուս կողմից էլ, եթե այդ օրենքները նախապես իսկ եղած չլինեին, ապա դրանց վերաբերյալ Քրիստոսի ուսմունքն այդքան դյուրությամբ չէր ընդունվի:
   Այսպիսով, այժմ, երբ այդ օրենքների գործածության անհրաժեշտությունը վերացել է, այլևս մի´ փնտրիր դրանց ուժը (ասել է թե` դրանք ուժը կորցրա´ծ համարիր): Այդ օրենքներն անհրաժեշտ էին հին ժամանակներում, սակայն, եթե կուզես իմանալ, դրանք անվավեր չեն նաև մեր օրերում: Եվ այժմ էլ դրանց զորությունը դրսևորվում է, ու դա հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ օրենքները մեզ մոտ զրկված են իրենց նշանակությունից: Իսկ այն, որ դրանք հիմա այդպիսին են թվում, նրանց մեծագույն «գովասանքն» է: Իհարկե, այդ օրենքներն այժմ մեզ «ժամանակավրեպ» չէին թվա, եթե ժամանակին դրանք մեզ հավուր պատշաճի չդաստիարակեին և մեզ ընդունակ չդարձնեին ըմբռնելու ավելի վսեմագույն օրենքներ: Երբ մայրական կուրծքն իր գործը կատարում-վերջացնում է, և մանուկը ընդունակ է դառնում առավել կատարյալ սնունդ ընդունելուն, այդժամ մոր ստինքներն ասես «անօգուտ» են դառնում: Եվ իրենք` մանկան ծնողները նույնպես, որոնք նախկինում մայրական կրծքով սնվելն անհրաժեշտ էին համարում իրենց մանկան համար, այժմ այն անպիտան են համարում, և շատերը ոչ միայն անպիտան են կարծում, այլև ստինքներին ինչ-որ դառը նյութեր են քսում, որպեսզի, եթե իրենց համոզիչ խոսքերով չկարողանան մանկանը կրծքից կտրել, ապա գոնե այդ եղանակով վերացնեն մայրական կրծքի նկատմամբ մանկան կախվածխությունը:
   Այս նույն կերպ էլ Քրիստոս, երբ ասաց, որ երդումը թշնամանքից է ծնվում, դա ասաց ոչ թե այն պատճառով, որ հին օրենքը սատանայից էր բխում, այլ որպեսզի ավելի ուժգին ներգործությամբ իր ունկնդիրներին հեռացնի հնոտի անկատարությունից: Այդպես նաև Ինքը` Քրիստոս խոսեց Իր աշակերտների հետ: Իսկ ինչ վերաբերում է անզգա հրեաներին, որոնք անզղջորեն շարունակում էին մնալ իրենց նախկին ամբարշտության մեջ, ապա Հիսուս ասես գերության մատնվելու մի ինչ-որ դառնագին վախով պարուրեց նրանց քաղաքը (Երուսաղեմը)՝ այդպիսով այն նրանց համար անմատչելի դարձնելով: Բայց քանի որ դա էլ բավական չեղավ զսպել հրեաներին, և նրանք կրկին, ինչպես կրծքին ձգտող մանուկներ, ցանկանում էին տեսնել այդ քաղաքը, Աստված, վերջիվերջո, այն լիովին թաքցրեց հրեաների աչքերից՝ Երուսաղեմը կործանելով և քաղաքի բնակիչների մեծամասնությանը հեռացնելով այնտեղից` ճիշտ այնպես, ինչպես հորթուկներին են հեռացնում իրենց մայրերից, որպեսզի ժամանակի ընթացքում նրանց հարկադրեն հրաժարվել մոր կաթի հանդեպ հակում ունենալու նախկին սովորությունից:
   Եթե հին օրենքը սատանայից եկած լիներ, այն չէր հեռացնի կռապաշտությունից, այլ, ընդհակառակը, կառաջնորդեր ու կխորտակեր կռապաշտության մեջ, քանի որ դա այն էր, ինչ ցանկանում էր սատանան: Մենք, սակայն, տեսնում ենք, որ հին օրենքը հակառակն էր գործում: Եվ երդումն ինքնին Հին Կտակարանում օրինականացվել էր հենց այն պատճառով, որպեսզի մարդիկ չերդվեին կուռքերով: «Երդվե՛ք, - ասում է մարգարեն, - ճշմարիտ Աստծով (հմմտ. Երեմ. 4:2): Այսպիսով, երդվելու մասին հին օրենքը մարդկանց համար ոչ թե փոքր, այլ շատ մեծ օգտակարություն բերեց: Այդ օրենքի նպատակն էր ժողովրդին առաջնորդել «պինդ սննդի» (ինչպես մանկանն են կաթից հետո պինդ սննդով կերակրում):
   Այդ դեպքում, - կհարցնես դու, - երդումը չէ՞ր կարող սատանայից ծագել: Այն ժամանակ` ո՛չ, սակայն այժմ այն նույնիսկ առավել քան սատանայատուր կարող ենք համարել, քանի որ այժմ մեզ համար բացահայտվել է բարձրագույն իմաստությունը` ի տարբերություն այդ նախորդող ժամանակահատվածի: Բայց ինչպե՞ս է հնարավոր, - դարձյալ կհարցնես դու, - որ միևնույն բանը մի անգամ լավ, մի անգամ՝ վատ լինի: Իսկ ես հակառակը կասեմ. ինչպե՞ս կարող է նույն բանը չլինել մի ժամանակ` լավ, և որոշ ժամանակ անց` վատ, այն դեպքում, երբ դա անհերքելիորեն ապացուցում են բոլոր իրողությունները, մշակութային զարգացումները, նորանոր ձեռքբերումները (պտուղները) և մնացյալ ամեն ինչ: Տե´ս, թե ինչպես է դա հնարավոր, նախևառաջ՝ մեր իսկ վերաբերությամբ (մարդկային չափորոշիչների համաձայն): Օրինակ՝ վաղ մանկական տարիքում մեծահասակների գրկում լինելը լավ է, իսկ հետո՝ վնասակար: Մանկության տարիներին մանրեցված կերակրով սնվելը լավ է, իսկ հետո՝ զզվելի: Կաթով սնվելը և կրծքով կերակրվելը սկզբում օգտակար և առողջարար է, իսկ հետո՝ վնասակար և վտանգավոր: Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է նույն բանը, ժամանակից կախված, շատ լավ, իսկ որոշ ժամանակ անց իրավիճակը փոխվում է…Մանկական հագուստ կրելը երեխայի համար լավ է, բայց մեծահասակ տղամարդու համար՝ անպատշաճ: Ուզո՞ւմ ես դիտել նաև հակառակ տեսանկյունից, թե ինչպես է այն, ինչը մեծահասակին պատշաճում է, անպատշաճ մանկան համար. երեխային մեծահասակի հագո´ւստ հագցրու, ու դա նրա համար և´ ծիծաղելի կլինի, և´ նաև վտանգավոր, քանի որ երեխան քայլելիս կխճճվի ու գուցե ընկնի: Նույն կերպ` կարո՞ղ ես մանկանը հանձնարարել քաղաքացիական գործեր վարել, առևտուր անել, կամ թե` ստիպել ցանել և հնձել. այդ ամենը դարձյալ շատ ծիծաղելի կլինի:
   Եվ տե´ս, թե ես ինչ եմ ասում այս մասին: Սպանությունն ինքնին, որն ամենքի բոլորի կողմից ճանաչվում է որպես չարի հորինվածք, պատեհ ժամանակին կատարվելով, սպանություն գործած Փենեեսին արժանի դարձրեց քահանայության աստիճանի (տե´ս Թվ. 25): Իսկ այն, որ սպանությունը սատանայական գործ է, լսի´ր, թե ինչ է ասում Ինքը` Փրկիչը. «Դուք ուզում եք կատարել ձեր հոր ցանկությունները…նա ի սկզբանէ մարդասպան էր» (տե´ս Հովհ. 8:41 հմմտ. Հովհ. 8:44):
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է:
   
   Այլ ձեր խոսքը՝ այոն թող լինի այո, և ոչը՝ ոչ, որովհետև դրանից ավելին չարից է:

   Այսինքն՝ հան՝ հա, չէն՝ չէ: Այլև՝ «այո» է կոչում ճշմարիտը, որն Աստված է և բարին, իսկ «ոչ»՝ սուտը, որը սատանան է և [հոգու] ախտը: Ուրեմն ասում է՝ ճշմարիտը ճշմարի՛տ ցույց տուր գործով ու խոսքով և սուտը՝ սուտ, իսկ սրանից ավելին ասելը կամ ցույց տալը, այսինքն՝ բարին՝ չար և չարը՝ բարի, վայի է արժանի՝ ըստ մարգարեի (Ես. 5։20 ), որովհետև չարին է հատուկ գոյությունները փոխակերպելը՝ լույսը խավար կարծել տալն ու խավարը՝ լույս: Կամ էլ՝ [Տերն] «ավելի» է կոչում [հենց] երդումը և ոչ թե, ինչպես ոմանք կարծեցին, սուտ երդվելը: Եվ ճիշտ է ասում, որ երդումը չարից՝ սատանայից է, որովհետև չարինն են խոսքով, ինչպես նաև գործով գայթակղեցնելու հնարքները: Ուստի [Տերը] խրատում է ուշադրություն չդարձնել չարի ուսուցանմանը, որը դրդում է դեպի երդում, դրա միջոցով՝ դեպի ստախոսություն, վերջինով էլ՝ դեպի դատապարտություն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Այլ ձեր խօսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17