Սուրբ Եփրեմ Ասորի
Հիսուս խոսքը թզենուն ուղղեց և ասաց. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի հավիտյան»: Եվ նրա աշակերտները լսում էին:
Այս թզենու տերը չէր պահում օրենքը, այլ անտեսում էր այն: Երբ մեր Տերը եկավ, նա տեսավ, որ դրա վրա ոչինչ չի մնացել, և անիծեց այն, որպեսզի հետագայում էլ սեփականատերը դրանից չուտի, քանի որ նա որբերի ու այրիների համար ոչինչ չէր թողել (Ղևտ. 19։ 9−10): Մարդկանց Իր Աստվածային զորությունը ցույց տալու համար Նա անիծեց թզենուն, և այն չորացավ: Նա, Օրենքի համաձայն, անիծեց թզենուն, որ այսուհետ նրա վրա պտուղ չլինի, որպեսզի սա տեսնողները հավատան, և այս գործի միջոցով իմանան ապագան: ... Քրիստոս անհարմար ժամանակ էր թզենու վրա պտուղ որոնում, որպեսզի սա այն բանի նշանը դառնա, որ Նա իր ժամանակում անտեսում է Օրենքի պտուղները (Մարկ. 11։13): Քանի որ, եթե Նա ճիշտ ժամանակին սկսեր պտուղ որոնել, ապա ոչ ոք դրանում նշան չէր տեսնի: Եվ այսպիսով, նա թզենու միջոցով ցույց է տայիս, որ մեղադրում է Երուսաղեմին, որովհետև նա սեր էր փնտրում բարու պտուղներն ատող այդ քաղաքում (Մատթ. 23։37−38, Ղուկ. 13։34 −35)... Սակայն, ինչո՞ւ այդքան բարի ու առատաձեռն, ամենուր փոքրը մեծ, անկատարը կատարյալ դարձնող Տերը ուշադրություն դարձրեց թզենուն՝ մի՞թե այն ոչնչացնելու համար: Ինչո՞ւ Նա, ով բուժեց բոլորի վշտերը, ջուրը գինու վերածեց (Հովհ. 2։1−11), փոքրաքանակ հացը բազմացրեց (Մատթ. 14։15−21, 15։32−38, Մարկ. 6։35−44, Ղուկ. 9։12−17, Հովհ. 6։5−13), կույրերի աչքերը բացեց (Մատթ․ 9։27−30, 12։22, 15։30, 20։30−34, 21։14, Մարկ. 8։22−25, 10։46−52, Ղուկ. 7։21, 18։35−42, Հովհ․ 9։1−41) և բորոտներին մաքրեց (Մատթ. 8։2−3, Մարկ. 1։40−42, Ղուկաս 7։12−14), անիծեց թզենուն, որպեսզի այն չորանա: Նա անիծեց թզենուն, որպեսզի այն ընկերների համար նշան, իսկ հակառակորդների համար հրաշք դառնա, որպեսզի աշակերտները հավատան Իր խոսքի զորությանը, իսկ մյուսները զարմանան Իր իշխանության վրա: Նա ամեն ինչ հիանալի արեց (Մարկ. 7։37), բայց քանի որ տառապանքը մոտ էր, և կարող էր թվալ, թե Նրա մեջ որևէ զորություն չկա, ուստի Նա Իր չորացրած անհոգի բույսի միջոցով նախապես ցույց տվեց, որ կարող է խոսքով ոչնչացնել նաև Իրեն խաչողներին:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս խօսքը թզենուն ուղղեց եւ ասաց. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի յաւիտեան»: Եւ նրա աշակերտները լսում էին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 11:12
Ա․ Լոպուխին
Հիսուս խոսքը թզենուն ուղղեց և ասաց. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի հավիտյան»: Եվ նրա աշակերտները լսում էին: (Սինոդական թարգմ․) [14]
Բայց այդ դեպքում ինչո՞ւ Տերը անիծեց ծառին: Կասկած չկա, որ այս ամբողջ միջադեպը խորհրդանշական իմաստ ունի: Տերը գիտեր, որ ծառի վրա պտուղներ չկան, բայց այս թզենին, հակառակ բնական կարգի (ապրիլի սկզբին, երբ Տերը անցնում էր թզենու մոտով, նրա (և ընդհանրապես բոլոր թզենիների) վրա դեռ տերևներ չէին կարող լինել), զարդարված էր տերևներով: Հենց այս հանգամանքն էլ Տիրոջը առիթ տվեց աշակերտներին ուսուցանելու այնպիսի խաբեության մասին, որը ներկայացնում էր այն ժամանակվա Երուսաղեմը և փառահեղ տաճարային աստվածպաշտությունը, որն էլ հենց նախորդ օրն էր դարձել Տիրոջ մանրակրկիտ ուսումնասիրության առարկան: Երուսաղեմը և տաճարը, ինչպես ավետարանիչն է ցանկանում ասել, Քրիստոսի համար ցանկալի բարի պտուղները չեն տվել։ Դրա ժամանակը դեռ չի եկել: Ժամանակի ընթացքում հուդայականությունն էլ պետք է հավատի պտուղ տա: Այժմ նա ստիպված է խմել Տիրոջ բարկության բաժակը և ենթարկվել Աստծո սարսափելի անեծքին (Մատթ. 23։28):
«Եվ նրա աշակերտները լսում էին», այսինքն՝ խորասուզվում էին Քրիստոսի խոսքերի իմաստի մեջ, ինչը թզենու առակից հետո նրանց համար չէր կարող անհասկանալի լինել։ Թզենու ներքո Տերը նրանց համար նախապես պատկերել էր հուդայականության տխուր ճակատագիրը (Ղուկ. 13։6−9)։
--------------------------------
[14] (Էջմիածին թարգմ․) Յիսուս խօսքը թզենուն ուղղեց եւ ասաց. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի յաւիտեան»: Եւ նրա աշակերտները լսում էին:
(Արարատ թարգմ․) Հիսուսն ասաց թզենուն. «Թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան»։ Նրա աշակերտները լսում էին։
(Գրաբար) Պատասխանի ետ՝ եւ ասէ ցնա. Մի՛ եւս ոք՝ յաւիտեան ի քէն պտո՛ւղ կերիցէ: Եւ լսէին աշակերտքն նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: