Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11։8

Մաղաքիա արք. Օրմանյան

8-10. Եւ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. եւ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրայ: Եւ նրանք, որ առաջից ու յետեւից էին գնում, աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜ Բարձրեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութի՜ւն՝ երկնքում եւ փա՜ռք՝ բարձունքներում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:4
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եվ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. և ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրա:
   
   Նաև մենք փռենք մեր հագուստները, այսինքն ՝ մեր մարմինը, որովհետև մարմինը հոգու հագուստն է, այն հնազանդեցնենք Տիրոջը։ Ծառերից ճյուղեր կտրելով, այսինքն՝ սրբերի կյանքը ընդօրինակելով՝ ծածկենք մեր կյանքի ուղին: Քանզի սրբերը նման են ծառերի, որոնցից ճյուղեր է կտրում նրանց առաքինություններն ընդօրինակողը: Սակայն մեր գործերը (ինչպես նախորդ, այնպես էլ հետագա) թող Աստծո փառքի համար լինեն: Քանի որ ոմանք լավ սկիզբ են ցույց տվել նախորդ (ենթադրաբար՝ կամ մինչ քրիստոնյա դառնալը կամ էլ քրիստոնեություն ընդունելու սկզբնական շրջանում) կյանքում։ Եվ ընդհակառակը, նրանց հետագա կյանքը այդպիսին չի եղել և Աստծո փառքին չի ծառայել:

   

Ա․ Լոպուխին

Եվ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. և ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրա: (Սինոդական թարգմ․) [8]
   
   Երուսաղեմ Տիրոջ մուտքի մասին ընթերցի՛ր նաև Մատթ. 21։8 համարի մեկնաբանությունը: «Ծառերից ճյուղեր»․ ավելի ճիշտ՝ «դաշտում աճող կանաչից պատրաստված փռոց (գորգ)» (στιβάδας κόψαντες ἐκ τῶν ἀγρῶν): Այդ ժամանակ, ինչպես նաև հիմա, Ձիթենյաց լեռը մշակվում էր հողագործների կողմից, և դրա վրա բավականին բազմատեսակ բուսականություն կար:
--------------------------------
[8] (Էջմիածին թարգմ․)  Եւ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. եւ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրայ:
(Արարատ թարգմ․) Ժողովրդի միջից շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշներն էլ ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։
(Գրաբար) Եւ բազում ժողովուրդք տարածեցին զհանդերձս իւրեանց ի ճանապարհին, եւ այլք հատանէին ոստս ի ծառոց՝ եւ տարածանէի՛ն ի ճանապարհին: