Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Սրանք էլ եկան ու պատմեցին ուրիշների. բայց նրանք էլ չհաւատացին:
Կղեովպասն ու ընկերը հապճեպ քայլերով ու սաստիկ աճապարանքով են կտրում Էմմավուսից դեպի Երուսաղեմ տանող ճանապարհը։ Շտապում են վայրկյան առաջ հասնել առաքյալներին և հաղորդել մեծ ավետիսը։ Վերջապես հասնում են այն ժամանակ, երբ օրը գրեթե երեկո էր և արևը մայր էր մտնելու։ Արագ-արագ վերնատուն են բարձրանում և միասին հավաքված են գտնում «զՄետասանսն եւ զորս ընդ նոսայն էին»։ Ասել է, թե վերնատանը միայն առաքյալները չէին, այլ նաև Յոթանասունից շատերը, յուղաբերները, գուցե նաև գաղտնի աշակերտներից ոմանք։ Ամենքի խոսակցության ու հետաքրքրության նյութը Հիսուս էր։ Ամեն ոք պատմում էր իր իմացածը, հրեշտակների ասածները, Մագդաղենացուն, յուղաբերներին, Պետրոսին երևալը։ Պատմում ու քննարկում էին։ Երևումը տեսնողները պնդում էին, ուրիշները՝ քննադատում, վիճաբանությունները շարունակում։ Այդ միջոցին են տեղ հասնում Կղեովպասն ու ընկերը։ Նրանք էլ իբրև վերջնական ու վճռական մի փաստարկ, պատմում են իրենց տեսածը․որպես անծանոթ, ճանապարհով Հիսուսի հետ միասին քայլելը, Էմմավուսում սեղանի վրա Իրեն հայտնելը։ Թեև երևումները տեսնողների վրա չէին կարող բարդել երազատեսի կամ խաբեբայի մեղադրանքը, բայց նաև չէին հանդգնում Հիսուսի հարութունն իբրև ստուգություն ընդունել։ Միշտ թերահավատորեն էին լսում նորօրինակ ու նորահրաշ եղելության պատմությունը։ Որքան էլ դրեցին ու վերցրին, թեր ու դեմ խոսեցին, սակայն դեռևս «ոչ հաւատացին»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: