Եվսեբիոս Կեսարացի (†339)ի
Եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է Որոտման որդիներ:
Այստեղ որոտի տակ նկատի է առնվում ավետարանի քարոզչությունը: Քանի որ որոտի ձայնը երկնային ճիչ է, որի ուժը գերազանցում է մարդկանց կողմից հնչեցվող ցանկացած ձայնի, նույն կերպ էլ երկնային բնույթ ունեցող ավետարանի քարոզն է իր մեջ անմարդկային ուժ պարունակում: Ի վերջո, ոչ թե մարդկային դիտավորության պատճառով է սա տեղի ունենում, այլ Աստծո զորությամբ լցվում է ամբողջ աշխարհը:
Բարսեղ Մեծ Կեսարացի (†379)
Եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է Որոտման որդիներ:
Որոտը ձևավորվում է այն ժամանակ, երբ ամպերի խոռոչներում փակված չոր և ուժեղ քամին, լարված կերպով պտտվելով այս ամայության մեջ, դուրս գալու համար ելք է որոնում: Բարձր ճնշման տակ գտնվող ամպերը դիմադրում են դրան, և նրանց հետ քամու շփման արդյունքում այդպիսի կտրուկ ձայն է առաջանում: Սակայն ամեն անգամ, երբ նրանք այլևս չեն կարողանում դիմակայել փչված ջրի պղպջակների նմանվող իրենց մեջ լցված քամուն և արդեն դժվարությամբ են այն պահում, ուժասպառ լինելով սկսում են որոտի հարվածներ հասցնել և թույլ են տալիս, որ քամին դուրս ելնի: Սա սովորաբար նաև կայծակներ է առաջացնում: Այսպիսով՝ Ինքը՝ ջրերի վրա գտնվող Տերը (Սաղ. 28։3), որոտի մեծ հարվածներ է հասցնում և օդի մեղմ բնության միջոցով նման բացառիկ աղմուկ է բարձրացնում (Ես. 29։6): Եկեղեցական կյանքի հետ կապելով՝ պետք է ասենք, որ մեզ համար որոտ կարելի է անվանել դոգմաների փոխանցումը, որն էլ ավետարանական բարձրաձայնման միջոցով մկրտության ընդունումից հետո արդեն կատարյալ կերպով ստեղծվում է հոգիներում: Ավետարանի որոտի նմանություն ունենալու փաստը ապացուցվում է նաև Տիրոջ կողմից իր աշակերտների վերանվանվամբ, որոնց նա հրապարակայնորեն «Որոտման որդիներ» անունը տվեց:
Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
Եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է Որոտման որդիներ:
Հակոբի հետ եղածներին Հիսուս անվանեց «Որոտման որդիներ»: Ինչո՞ւ Տերն այդպես արեց: Ցույց տալու համար, որ Նա է Հին Կտակարանը տվողը և դրանում անուններ փոխողը, քանզի Նա Աբրաամին անվանում է Աբրահամ (Ծննդ. 17։5), Սարային՝ Սառա (Ծննդ. 17։15), Հակոբին՝ Իսրայել (Ծննդ. 32։28): Հին Կտակարանի ժամանակաշրջանում նաև այսպիսի սովորություն կար՝ մարդկանց անուններ տալ՝ ի նշան իրենց հետ պատահած ինչ–որ բանի։ Այսպես է վարվում Լիան (Ծննդ. 29։32, 30։11, 13, 18, 20): Սա ուղղակիորեն չէր արվում, այլ այն բանի համար էր արվում, որ անուն կրելը ծառայեր որպես Աստծո բարի գործի հիշեցում, և որ անունների միջոցով արված մարգարեությունները մշտապես ոգեշնչեին դրանք լսողների հիշողությունը:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է Որոտման որդիներ: (Սինոդական թարգ․)[17]
Ո՛չ Մատթեոսը և ո՛չ էլ Ղուկասը Անդրեասին չեն առանձնացնում իր եղբայր Սիմոնից, հավանաբար նկատի ունենալով այն հանգամանքը, որ երկու եղբայրներն էլ միաժամանակ են Քրիստոսին հետևելու կոչվել: Բայց Մարկոսը Զեբեդեոսի որդիներին դնում է երկրորդ և երրորդ տեղերում, ակնհայտորեն դա արվում է առաքյալների շրջանում նրանց ունեցած կարևոր նշանակության պատճառով (Պետրոսին, որպես մշտապես բոլոր առաքյալների անունից խոսող «առաքյալների բերան», Մարկոսը Մատթեոսի նման դնում է առաջին տեղում): «Բաներգես, այսինքն ՝ որոտման որդիներ»: «Բաներգես» բառը ակնհայտորեն ծագում է երկու բառերից. արամեյերեն «վոան» բառից, որը համապատասխանում է եբրայերեն «վենեյ» (բենիմ) «որդիներ» արտահայտությանը, և «րագաշ» բայից: Աստվածաշնչյան եբրայերենում վերջին բայը չունի «որոտալ» իմաստը, սակայն այն կարող է նման իմաստ ունենալ Քրիստոսի ժամանակ ապրող հասարակ ժողովրդի օգտագործած եբրայերենում: Ծայրահեղ դեպքում այս բառին կարող է իմաստով մոտ լինել արաբերենում օգտագործվող «ռաջաս» բայը, որը նշանակում է «ահեղաբար որոտալ»: Մարկոսը չի ասում, թե ինչու է Տերը Հակոբոսին և Հովհաննեսին այդպես անվանել, ուստի այս դեպքում պարզաբանում ստանալու համար պետք է դիմել Ղուկասի Ավետարանին: Վերջինս մի դեպքի մասին է հաղորդում, երբ երկու եղբայրներն էլ շատ մեծ արագություն և զայրացկոտ բնավորություն են դրսևորում, ինչն էլ կարող է հիմք հանդիսանալ նրանց այդպիսի (այսինքն՝ «Որոտման որդիներ», Ղուկ. 9։54) մականուն տալու համար: Որոշ մեկնաբաններ այս մականունում ակնարկ էին տեսնում այն հզոր ներգործորության մասին, որն իրենց քարոզներով երկու եղբայրներն էլ ունենում էին իրենց ունկնդիրների վրա (Զիգաբեն): Որիգենեսը Հովհաննես Ավետարանիչին «մտավոր որոտ» է անվանում։
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է Որոտման որդիներ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:16
--------------------------------
[17] (Էջմիածին թարգմ․) եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է՝ Որոտման որդիներ:
(Արարատ թարգմ․) Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու Հակոբոսի եղբորը՝ Հովհաննեսին, որոնց անվանեց Բաներեգես, որ է «Որոտման որդիներ»,
(Գրաբար) եւ Յակովբո՛ւ Զեբեդեայ՝ եւ Յովհաննո՛ւ եղբաւրն Յակովբայ՝ ե՛դ նոցա անուանս Բաներեգէ՛ս, որ է՝ որդիք որոտման,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: