Ա. Լոպուխին
ԴԱՆԻԷԼԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ
1-64․ Բաբելոնում բնակուող մի մարդ կար. նրա անունը Յովակիմ էր. [1] նա ամուսնացաւ Շուշան անունով մի կնոջ՝ Քեղկիայի դստեր հետ, որը շատ գեղեցիկ էր եւ աստուածավախ: Նրա ծնողները արդար էին եւ իրենց դստերը դաստիարակել էին Մովսէսի օրէնքներով: Յովակիմը շատ հարուստ էր. նա մի այգի ունէր իր ապարանքի մօտ: Հրեաները հաւաքւում էին նրա տանը, որովհետեւ նա բոլորից աւելի անուանի էր: Մի անգամ երեւացին այդ ժողովրդից երկու ծերունիներ, որոնք այդ տարուայ դատաւորներն էին, եւ որոնց մասին Տէրն ասաց. «Անօրէնութիւնը սկիզբ առաւ Բաբելոնից՝ ծեր դատաւորներից, որոնք կոչուած էին ժողովրդին առաջնորդելու»: Նրանք մշտապէս լինում էին Յովակիմի տանը, եւ բոլորը գալիս էին նրանց մօտ՝ դատաստանի: Եւ կէսօրին, երբ ժողովուրդը մեկնում էր, Շուշանը ներս էր մտնում եւ զբօսնում իր ամուսնու այգում: Երկու ծերունիները միշտ տեսնում էին նրան, որ նա այգի էր մտնում ու զբօսնում, եւ ցանկացան նրան: Նրանք շեղեցին իրենց միտքը ու թեքեցին իրենց աչքերը՝ երկինք չնայելու եւ չյիշելու համար արդար դատաստանները: Երկուսն էլ գրաւուել էին նրանով, բայց միմեանց չէին պատմում իրենց ցաւերը, որովհետեւ ամաչում էին խոստովանել իրենց ցանկութիւնը, քանի որ ուզում էին լինել նրա հետ եւ շատ յաճախ սպասում էին՝ նրան տեսնելու համար: Նրանք ասացին միմեանց. «Գնանք տուն, որովհետեւ ճաշի ժամ է»: Ելան, բաժանուեցին իրարից եւ նորից եկան նոյն տեղը միմեանց մօտ. իրար հարցնելով ետ գալու պատճառը՝ նրանք խոստովանեցին իրենց ցանկութիւնը: Ապա պայմանաւորուեցին, թէ ե՛րբ կարող են նրան մենակ գտնել: Եւ մի օր, երբ սպասում էին նրան, նա եկաւ, մտաւ այգի ինչպէս երէկ եւ նախորդ օրը՝ միայն թէ երկու աղջիկների հետ: Նա ուզեց լողանալ այնտեղ, այգում, որովհետեւ տօթ էր. այնտեղ ոչ ոք չկար, բացի երկու թաքնուած ծերունիներից, որոնք սպասում էին նրան: Շուշանն ասաց աղջիկներին. «Գնացէ՛ք, իւղ եւ օճառ բերէ՛ք ինձ համար եւ փակեցէ՛ք այգու դռները, որպէսզի լողանամ»: Նրանք արեցին, ինչպէս ասաց նրանց. փակեցին այգու դռները եւ դուրս եկան՝ բերելու ինչ որ հրամայել էր նրանց: Ծերունիներին չտեսան, քանի որ թաքնուած էին: Եւ այնպէս եղաւ, որ երբ աղջիկները դուրս եկան, երկու ծերունիները վեր կացան, գնացին դէպի Շուշանը եւ ասացին. «Ահա այգու դռները փակ են, եւ չկայ ոչ ոք, որ մեզ տեսնի, իսկ մենք ցանկանում ենք քեզ. ուստի եկ համաձայնուի՛ր ու եղի՛ր մեզ հետ, ապա թէ ոչ քո մասին մենք կը վկայենք, որ մի պատանի կար քեզ հետ, եւ դրա համար էլ աղջիկներին հեռացրիր քեզանից»: Շուշանը հոգոց հանեց եւ ասաց. «Տագնապ է պատել ինձ չորս կողմից. եթէ այդպէս վարուեմ, այդ մահ է ինձ համար, իսկ եթէ այդպէս չանեմ, չեմ փրկուի ձեր ձեռքից: Բայց աւելի լաւ է, որ ես այդպէս չանեմ եւ չընկնեմ ձեր ձեռքը, քան թէ մեղք գործեմ Տիրոջ առաջ»: Եւ Շուշանը բարձրաձայն աղաղակեց, նրա հետ աղաղակեցին եւ երկու ծերունիները, իսկ նրանցից մէկը գնաց ու բացեց այգու դռները: Երբ տնեցիները այգուց լսեցին ճիչը, դռան կողմից ներս մտան՝ տեսնելու, թէ ինչ է պատահել նրան: Եւ երբ ծերունիներն ասացին իրենց խօսքը, ծառաները շատ ամաչեցին, որովհետեւ երբեք այդպիսի բաներ չէին ասուել Շուշանի մասին: Երբ յաջորդ առաւօտեան ժողովուրդը եկաւ նրա ամուսնու՝ Յովակիմի մօտ, եկան նաեւ երկու ծերունիները Շուշանի նկատմամբ անօրէն մտադրութեամբ՝ սպանելու նրան, եւ ասացին ժողովրդի առաջ. «Մա՛րդ ուղարկեցէք կանչելու Քեղկիայի դստերը՝ Շուշանին, որ Յովակիմի կինն է: Եւ նրանք մարդ ուղարկեցին: Եկաւ Շուշանը, եկան նաեւ նրա ծնողները, նրա որդիներն ու բոլոր ազգականները: Շուշանը շատ նազելի էր եւ տեսքով գեղեցիկ: Եւ քանի որ ծածկուած էր շղարշով, անօրէնները հրամայեցին մերկացնել նրան, որպէսզի յագենան նրա գեղեցկութեամբ: Լաց էին լինում իւրայիններն ու բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին նրան: Ժողովրդի միջից վեր կացան երկու ծերունիները եւ իրենց ձեռքերը դրին նրա գլխին. նա լաց լինելով նայեց դէպի երկինք, որովհետեւ նրա սիրտը ապաւինել էր Տիրոջը: Երկու ծերունիներն ասացին. «Մինչ մենք մենակ զբօսնում էինք այգում, նա այնտեղ մտաւ երկու աղջիկների հետ, փակեց այգու դռներն ու արձակեց աղջիկներին: Մի պատանի, որ թաքնուած էր, եկաւ նրա մօտ ու եղաւ նրա հետ, իսկ մենք այգու անկիւնում էինք. երբ տեսանք անօրէնութիւնը, մօտեցանք նրանց եւ տեսանք նրանց իրար հետ լինելը: Պատանուն չկարողացանք բռնել, որովհետեւ մեզանից աւելի ուժեղ էր. նա բացեց դուռը եւ դուրս փախաւ: Սրան, որ բռնեցինք, հարցրինք, թէ ո՞վ էր պատանին: Նա չուզեց պատմել մեզ: Ահա այս ենք վկայում»: Ատեանը հաւատաց նրանց՝ որպէս ժողովրդի աւագների եւ դատաւորների, եւ մահուան դատապարտեցին Շուշանին: Շուշանը բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ո՛վ դու յաւիտենական, ծածկագէ՛տ Աստուած, որ գիտես ամէն ինչ՝ նախքան դրանց տեղի ունենալը: Դու գիտես, որ սուտ են վկայում իմ մասին. ահա ես մեռնում եմ, ես, որ չեմ արել այն, ինչով նրանք ամբաստանում են ինձ: Եւ Տէրը լսեց նրա ձայնը: Մինչ նրան տանում էին սպանելու, Աստուած Սուրբ Հոգին արթնացրեց մի պատանու մէջ, որի անունն էր Դանիէլ: Սա բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ես անպարտ եմ դրա արեան մեղքից»: Ամբողջ ժողովուրդը շրջուեց դէպի նա. ասացին. «Այդ ի՞նչ խօսք է, որ դու ասացիր»: Եւ նա կանգնեց նրանց մէջ ու ասաց. «Այդպէս անխե՞լք էք, Իսրայէլի՛ որդիներ. չէք քննում, ճշմարտութեանը հասու չէք լինում եւ դատապարտո՞ւմ էք Իսրայէլի դստերը: Վերադարձէ՛ք ատեան, որովհետեւ դրանք սուտ վկայութիւն տուին նրա մասին»: Եւ ժողովուրդը անմիջապէս վերադարձաւ: Ծերունիներն ասացին պատանուն. «Ե՛կ, նստի՛ր մեր մէջ եւ պատմի՛ր մեզ, որովհետեւ Աստուած աւագութիւն տուեց քեզ»: Դանիէլը ասաց նրանց. «Բաժանեցէ՛ք դրանց իրարից եւ քննեցէ՛ք դրանց»: Երբ նրանք հեռացան իրարից, կանչեց նրանցից մէկին եւ ասաց նրան. «Այ դո՛ւ, որ ծերացել ես չարութեան մէջ, այժմ քո մեղքերը, որ գործում էիր նախապէս, ահա եկան հասան իրենց վախճանին, քանի որ դատերը անիրաւութեամբ էիր վարում, դատապարտում էիր անմեղներին եւ վնասարարներին ազատ արձակում, մինչդեռ Աստուած ասել էր, որ անմեղներին եւ արդարներին չսպանես: Իսկ արդ, եթէ դրանց տեսար, ո՞ր ծառի տակ հասար դրանց, մինչ խօսում էին իրար հետ»: Եւ նա ասաց. «Հերձենու տակ»: Դանիէլն ասաց. «Սուտդ գլխի՛դ դիպչի, լաւ ստեցիր: Ահա Աստծու հրեշտակը հրաման ստանալով՝ քեզ կը հերձի մէջտեղից»: Եւ դուրս արեց նրան: Հրամայեց բերել միւսին եւ ասաց նրան. «Զաւա՛կ Քանանի եւ ոչ Յուդայի. նրա գեղեցկութիւնը հրապուրեց քեզ, եւ քո սիրտը տենչաց նրան: Դուք այդպէս էիք վարւում Իսրայէլի դուստրերի հետ, եւ նրանք վախից տրւում էին ձեզ. Յուդայի այդ դուստրը, սակայն, յանձն չառաւ ձեր անօրէնութիւնը: Իսկ արդ, ճի՛շտն ասա, երբ նրանք խօսում էին միմեանց հետ, ո՞ր ծառի տակ հասար նրանց»: Եւ նա ասաց. «Սղոցենու տակ»: Դանիէլն ասաց նրան. «Քո սուտն էլ քո գլխին դիպչի, լաւ սուտ խօսեցիր: Ահա մերկ սուրը ձեռքին կանգնած է Աստծու հրեշտակը՝ քեզ մէջտեղից սղոցելու համար, որպէսզի սատկեցնի քեզ»: Ամբողջ ժողովուրդը աղաղակեց բարձր ձայնով, օրհնեց Աստծուն, որ փրկում է իր վրայ յոյս դնողներին: Եւ յարձակուեցին երկու ծերունիների վրայ, քանի որ Դանիէլը իրենց իսկ բերանով, որպէս սուտ վկաների, խայտառակեց նրանց: Եւ ըստ Մովսէսի օրէնքի նրանց հետ վարուեցին այնպէս, ինչպէս վարւում են նրանց հետ, ովքեր մտադրւում են չարութիւն անել իրենց ընկերոջը. եւ սպանեցին նրանց: Այդ օրը արդար արիւնը փրկուեց: Իսկ Քեղկիան եւ նրա կինը, Շուշանի ամուսին Յովակիմի եւ բոլոր ազգականների հետ, օրհնեցին Աստծուն իրենց դստեր՝ Շուշանի համար, քանի որ գարշելի ոչինչ չգտնուեց նրա մէջ: Եւ Դանիէլը այդ օրը ու դրանից յետոյ մեծ եղաւ ժողովրդի առաջ: (Սինոդական թարգ․)
Ժամանակակից եբրայերեն տեքստում Շուշանի մասին պատմությունը առկա չէ։ Այն առկա չէ նաև հին ժամանակներում (Որոգինեսի (Epistol. ad Afrte. 13) և Հերոնիմոսի (այսօր՝ Danf. Pro) ժամանակաշրջաններում) եղած եբրայերեն տեքստում։ Այս պատմության տեքստը պահպանվել է Յոթանասնից և Թեոդոտիոնի հունարեն, ինչպես նաև հին իտալերեն, ղպտերեն, արաբերեն, ասորերեն, հայերեն թարգմանություններում, Վուլգաթայում և այլն: Յոթանասնից և Թեոդոտիոնի թարգմանությունները բովանդակող Խիզանյան ձեռագրում, ինչպես նաև Վուլգաթայում, այն տեղադրված է Դանիել մարգարեի գրքի վերջում և կազմում է 13−րդ գլուխը։ Վատիկանյան և Ալեքսանդրյան ձեռագրում, հին իտալերեն, ղպտերեն, արաբերեն, հայերեն թարգմանություններում այն զետեղված է առաջին գլխից առաջ: Գրքի եբրայերեն−արամեերեն տեքստում Շուշանի մասին պատմության բացակայությունը, ըստ ամենայնի, հիմք է տալիս ենթադրելու, որ այն սկզբնապես էլ դրանում չի եղել, իսկ առաջին անգամ այն հայտնվել է միայն Յոթանասնից և Թեոդոտիոնի թարգմանություններում:
Հնագույն ժամանակներում նմանատիպ ենթադրություններ արտահայտել են նաև նորպլատոնական Պորֆիրիոսը և Հուլիոս Աֆրիկուսը։ Իմիջիայլոց, այս ենթադրության հաստատման համար նրանք հղում էին անում այն փաստին, որ պատմության հունարեն տեքստում նկատվում է բառախաղ («apo tou scinou scisai kai apo toϋ prinou prisai »(54−69 համարներ), ինչն ավելի բնորոշ է հունարենին, քան եբրայերենին:
Թեոդոտիոնի թարգմանության մեջ եբրայերենից փոխառությունների վրա հիմնված Շուշանի պատմության եբրայերեն բնագրի գոյությունը պաշտպանում են նորագույն ժամանակների կաթոլիկ մեկնաբանները և որոշ բողոքականներ՝ Եհորնը, Դելիչը, Դել Լագարդը և բրիտանացի Բիսսելը և Բալլը։ Սակայն բողոքականների մեծ մասը մերժում է այն: Տեսակետների նման բաժանում է նկատվում նաև Դանիելի գրքին վերաբերող Հայրաբանական գրականության մեջ: Հրեական բնագրի գոյության հնարավորությունը ընդունում է Պեսոցկին, իսկ Բուխարևը և Սմիրնովը վճռականորեն մերժում են այն, պրոֆեսոր Յունգերովը չի հակվում որևէ կարծիքի:
Շուշանի պատմության պատմական հավաստիության հարցը նույնպես որոշակի լուծում չի ստացել: Կաթոլիկ մեկնաբանների կողմից ճանաչվելով հանդերձ՝ այն հերքվում է ոչ միայն բողոքականների, այլ նաև որոշ ռուս աստվածաբանների՝ մետրոպոլիտներ Ֆիլարետի և Արսենիոսի կողմից: Ըստ առաջինի խոսքերի․ «Շուշանի պատմությունը կասկածի տակ է, քանի որ գերության հենց սկզբում այն հրեաներին կյանքի և մահվան իրավունքով սեփական դատական աթոռ է վերագրում. Հովակիմին հոյակերտ տուն և այգիներ է վերագրում, ինչը բաբելոնյան գերության սկզբում շատ դժվար էր ակնկալել։ Սա չի հաստատվում նաև հրեաների վկայություններով»:
Մետրոպոլիտ Արսենիոսը, ի պաշտպանություն Շուշանի պատմության ոչ պատմական հավաստիության, վկայակոչում է ինչպես Շուշանի, այնպես էլ երեցների նկատմամբ իրականացված չափազանց «հապճեպ դատաստանը», որը «չի համապատասխանում արևելյան դատաստանի ձևին», ինչպես նաև այն, որ հրեաները «կյանքի ու մահվան իրավունք չունեին» (Պեսոցկի էջ 283, Գլուխ 3, էջ 290, Գլուխ 2): Վերջապես, նույն կերպ չի լուծվում նաև Թեոդոտիոնի թարգմանության Յոթանասնիցի տեքստից ունեցած շեղման պատճառների հարցը և այդ շեղումների մեծ տարածվածությունն ու առանձնահատկությունները (6−19, 22−27, 30− 35, 36−40, 41, 42−50, 51−60 և այլ համարներ): Ըստ եբրայերեն−արամեերեն բնագրի գոյության պաշտպանների՝ Թեոդոտիոնը ունեցել է եբրայերեն−արամեերեն այլ տեքստ, որի համաձայն էլ «ուղղել և լրացրել է Յոթանասնիցի տեքստը։ Իսկ ըստ հունական բնագրի պաշտպանների՝ Թեոդոտիոնը օգտագործել է բանավոր ավանդություն և ըստ դրա էլ կատարել է իր շեղումները։ Եվ վերջապես, ինչ վերաբերում է Շուշանի մասին պատմության կազմման ժամանակաշրջանին, ապա հստակ է, որ, լեզվով նման լինելով Յոթանասնից թարգմանության լեզվին, այն կազմվել և գոյություն է ունեցել հենց այս վերջինիս ժամանակներից:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Բաբելոնում բնակուող մի մարդ կար. նրա անունը Յովակիմ էր.
(Արարատ թարգ․)
(Գրաբար)Եւ էր այր մի բնակեալ ՛ի Բաբելովն, և անուն նորա Յովակիմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: