Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):32

Ա․ Լոպուխին

32-35. «Ուխտի դեմ ամբարշտություն անողներին նա շողոքորթությամբ իր կողմը պիտի գրավի, բայց այն մարդիկ, որոնք պաշտում են իրենց Աստծուն, պիտի զորանան ու պիտի գործեն»։ [32] «Եվ ժողովրդի միջից իմաստունները շատերին պիտի խելքի բերեն, չնայած որ մի որոշ ժամանակ պիտի տառապեն սրից ու կրակից, գերությունից և կողոպուտից»։ «Եվ իրենց տառապանքի ժամանակ նրանք որոշակի օգնություն պիտի ստանան, և շատերը պիտի միանան նրանց, սակայն կեղծավորաբար»։ «Իմաստուններից ոմանք նույնպես պիտի տառապեն, որպեսզի փորձվեն, մաքրվեն ու սպիտակեցվեն մինչև վերջին ժամանակները, որովհետև մինչև վերջնաժամկետը դեռևս ժամանակ կա»։ (Սինոդական թարգ․)
   
   Շողոքորթությամբ և խորամանկությամբ, պարգևների և երկրային բարիքների խոստումով՝ Անտիոքոսը իր կողմը քաշեց Իսրայելից դուրս եկած «անօրինության որդիներին», որոնք դաշինք կնքեցին հեթանոսների հետ և ուրիշներին էլ դա անել համոզեցին, հեթանոսական դպրոցներ կառուցեցին, հեթանոսական ծեսեր ներմուծեցին, շեղվելով Մովսեսի օրենքից՝ կուռքերին զոհեր մատուցեցին և այլն (Ա Մակաբ. 1։11–15, 42, 43): Ավելի մեծ փառք ձեռք բերեցին այն մարդիկ, որոնք  իսկապես էին «պատվում իրենց Աստծուն»: Հավատարիմ մնալով իրենց հայրերի հավատքին՝ հալածանքների ժամանակաշրջանում նրանք «զորացրին» և «ամրապնդեցին» իրենց կրոնական նախանձախնդրությունը՝ նախընտրելով մեռնել, քան փոխել Տիրոջ օրենքը (Ա Մակաբ. 1։62–68: Բ Մակաբ. 2։16–30): Այս նախանձախնդիրներն իրենց մեջ ներառում էին Աստծո ժողովրդի լավագույն մասը, թեև հեթանոսների կողմից սարսափելի հալածանքների էին ենթարկվում: Նրանց ուժի գործադրմամբ ստիպում էին հեռանալ Բարձրյալի օրենքից, զոհ մատուցել կուռքերին, խոզի միս ուտել, մասնակցել հեթանոսական կրոնական երթերին։ Մերժման դեպքում նրանց սպանում, այրում, կախում, խոշտանգումների և տանջանքների էին մատնում, գերեվարվում, քաղաքներն ու տներն էին այրում և այլն (Ա Մակաբ. 1։24–32, 36, 37, 57–61, 2։26–38, Բ Մակաբ. 5։13, 6։7–11, 18, 7.1): Ճիշտ է, այս պահին հրեաներն իրենց համար «որոշակի օգնություն» գտան՝ ի դեմս Մատաթիայի և նրա որդիների, որն  իր շուրջը հավաքեց հավատի հանդեպ նախանձախնդրություն ունեցողներին և զենքի ուժով «օրենքը պաշտպանեց հեթանոսների ձեռքից» (Ա Մակաբ. 2։16–48), իսկ նրա երեխաները մաքրեցին Երուսաղեմի տաճարը հեթանոսական նողկանքներից և վերականգնեցին ճշմարիտ աստվածպաշտությունը (Ա Մակաբ. գլուխ 4 և այլն), բայց այս օգնությունը բավարար չէր հուդայականության դաժան հալածչի դեմ պայքարելու համար: Նույնիսկ մակաբայեցիների հաղթանակների ազդեցության տակ հավատի հանդեպ նախանձախնդիր համայնքին միացող հրեաները (Ա Մակա. 7։6) ամեն առիթով հեռանում էին  դրանից (Ա Մակաբ. 6։21–23, 9։23):
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) եւ ուխտի այդ ապականիչները գայթակղութիւն պիտի բերեն իրենց վրայ: Բայց ժողովուրդը, որ ճանաչում է իր Աստծուն, պիտի զօրանայ եւ ուխտը կատարի.
(Արարատ թարգ․ 11։32) Եվ ուխտի դեմ ամբարշտություն անողներին պիտի հրապուրի շողոքորթությամբ, բայց իր Աստծուն ճանաչողների ժողովուրդը ուժգնորեն պիտի ընդդիմանա։
(Գրաբար)Եւ ապականիչք ուխտին ածցեն ի վերայ իւրեանց զգայթագղութիւն։ Եւ ժողովուրդ որ ճանաչէ զԱստուած իւր՝ զօրասցին՝ և արասցեն։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Ուխտ խախտողների հետ կապված շողոքորթություն: Հրեաների մեջ շատ էին այն մարդիկ, որոնք կողմնակից էին հելլենացման գործընթացին և եսասիրական նկատառումներից ելնելով՝ պատրաստակամորեն աջակցում էին նոր քաղաքականությանը: Նրանց մեջ հատկապես նշանավոր էր Մենելայոս քահանայապետը, որն իր եկամտաբեր պաշտոնի համար պարտական ​​էր Անտիոքոսին:

   Հուդա Մակաբայեցին: Միևնույն ժամանակ  շատ նվիրյալ հրեաներ կատաղի դիմադրեցին հելլենացմանը՝ նահատակությունը գերադասելով դավաճանությունից: Հասմոնյան ընտանիքը, ի դեմս իրենց առաջնորդ Մատաթիա քահանայի, ղեկավարեց իշխանությունների դեմ ապստամբությունը: Մ.թ.ա. 166–ի սկզբին, երբ  նոր օրենքները գործադրելու համար  Անտիոքոսի սուրհանդակը եկավ նրանց քաղաք՝ Մատաթիան, ու նրա հինգ որդիները (Հովհաննես, Սիմոն, Հուդա, Եղիազար և Հովնաթան) զորք հավաքեցին և սպանեցին նրան: Դրանից հետո ամբողջ ընտանիքը լքեց քաղաքը, և սկսվեց սրբազան պատերազմը: Հուդան ստանձնեց զորքերի հրամանատարությունը, և նրանք սկսեցին զբաղեցնել փոքր քաղաքները՝ փորձելով փակել Երուսաղեմի մատույցները: Դրա շնորհիվ մ.թ.ա. 164 թվականին՝ տաճարի պղծումից երեք տարի անց, ապստամբներին հաջողվեց գրավել քաղաքը և մաքրել տաճարը, սակայն պետք է նշել, որ Դանիելի մարգարեության 11–րդ գլխում այս իրադարձությունը չի հիշատակվում: Հետազոտողները շարունակում են վիճել հետևյալ հարցի շուրջ՝ դատապարտելի՞  են արդյոք այստեղ Մակաբայացիների գործողությունները, թե՞ ոչ: