Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):5

Ա․ Լոպուխին

5-6. «Եվ հարավի թագավորը պիտի հզորանա, ու նրա իշխաններից մեկը պիտի իշխի ու պիտի տիրի նրան, և նրա իշխանությունը մեծ պիտի լինի»։ [5] «Սակայն տարիներ հետո նրանք պիտի մտերմանան, և հարավի թագավորի դուստրը պիտի գնա հյուսիսի թագավորի մոտ, որպեսզի նրանց միջև ճիշտ հարաբերություններ հաստատի, բայց դուստրը իր ձեռքում ուժ չպիտի ունենա, նրա սերունդը ևս կանգուն չի մնա, այլ պիտի մատնվեն ինչպես նրա դուստրը, այնպես էլ նրան ուղեկցողները, նրանից ծնվածը և նրան այն ժամանակներում օգնողները»։ (Սինոդական թարգ․)
   
   Ալեքսանդր Մեծի միապետությունից առաջացած չորս թագավորություններից ժամանակի ընթացքում հզորացան հյուսիսային (Սիրիական) և հարավային (Եգիպտական) թագավորությունները, որոնք անընդհատ միմյանց հետ պայքարի մեջ էին: Նրանց միջև գտնվող Պաղեստինը նույնպես մասնակցում էր նրանց կռիվներին և, որպես նախկինում Ալեքսանդր Մակեդոնացուն ենթակա տարածք, բազմիցս անցնում էր մի ձեռքից մյուսը: Հայտնությունը վերաբերում է միայն Աստծո ժողովրդի հետ առնչված այս երկու թագավորություններին: Մյուս երկուսի՝ Թրակիականի և Մակեդոնականի պատմությունը նրա (Դանիելին հայտնված երկնավոր էակ) կողմից մի կողմ է թողնվում: Եգիպտական և Սիրիական գահերի վրա Ալեքսանդր Մակեդոնացու հաջորդները Պտղոմեոս Լագովը (մ․թ․ա․ 323 – 285) և Սելևկոս Նիկատորն էին:

   Նրանցից առաջինը՝ «հարավի թագավորը», շուտով ուժեղ և հարուստ տիրակալ դարձավ: Սակայն Սելևկոս Նիկատորը, որը տիրում էր Փյուրիգիայից մինչև Հնդկաստան, ևս չէր զիջում իր հակառակորդին, որի հետ նա ստիպված էր բախվել՝ Պտղոմեոսի հպատակ հրեա ժողովրդին գրավելու փորձ կատարելով: «Հյուսիսի» և «հարավի» երկու թագավորների քիչ թե շատ տևական մերձեցման փորձ կատարվեց Պտղոմեոս Լագովի իրավահաջորդ Պտղոմեոս II Ֆիլադելֆոսի և Սելևկոս Երկրորդի իրավահաջորդ Անտիոքոս Թեոսի օրոք: Ցանկանալով վերջ դնել կռվին՝ Պտղոմեոս Ֆիլադելֆոսը իր դուստր Բերենիկեին տվեց Անտիոքոսին՝ ի դեպ, Պաղեստինը որպես օժիտ տալով նրան: Այդ ժամանակ Անտիոքոսն արդեն ամուսնացած էր Լավոդիկեի հետ և նրանից ուներ երկու որդի՝ Սելևկոս Կալինիկոս և Անտիոքոս անուններով:  Թեև Բերենիկեի հետ ամուսնանալուց առաջ Լավոդիկեն և նրա երեխաները հեռացվեցին, բայց Պտղոմեոսի մահից հետո Ֆիլադելֆոսը կրկին վերադարձավ արքունիք և, վախենալով իր մրցակցից, թունավորեց ամուսնուն, հրամայեց սպանել Բերենիկեին և նրա մանկահասակ որդուն, իսկ Սիրիայի գահին բարձրացրեց որդի Թեոս Սելևկոսին: Այնպես, որ  «հարավի թագավորի դուստրը ... չի պահպանելու նրա բազկի զորությունը, նրա սերունդը չի մնալու»: Թագավորությունները մերձեցնելու փորձը ավարտվեց ոչնչով:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ պիտի զօրանայ Հարաւի թագաւորը, իշխաններից մէկը պիտի հզօրանայ նրանից աւելի եւ տիրի աւելի մեծ տէրութեան:
(Արարատ թարգ․ 11։5) Ապա պիտի հզորանա հարավի թագավորը, և նրա իշխաններից մեկը նրանից ավելի զորեղ պիտի լինի, և նրա տերությունը մեծ տերություն պիտի լինի։
(Գրաբար) Եւ զօրասցի թագաւորն հարաւոյ. և մի յիշխանացն զօրասցի ի վերայ նորա, և տիրեսցէ տէրութիւն մեծ.
   
   Պատմամշակութային մեկնություն

   Պտղոմեոս I Սոտեր (մ.թ.ա. 305–285): Այնուհետև քննարկման կենտրոնում են հայտվում այն երկու թագավորությունները (պտղոմեացիների Եգիպտոսը և Սելևկիան), որոնք սահմանակից են Պաղեստինին: Գրեթե քսան տարի տարբեր ուժերի պայքարում Պտղոմեոսը ազդեցիկ միջնորդի և պարագլխի դեր էր խաղում (արդեն մ.թ.ա. 312–ից), բայց Սելևկոսը այս դիմակայության մեջ ավելի ուժեղ կողմ էր ներկայացնում և տիրում էր ավելի մեծ թագավորության: Մ.թ.ա. 321 թ. Պտղոմեոսի ձեռնարկած ռազմական գործողությունները հանգեցրին այն կազմավորված խմբի պարտությանը, որը Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո գրավել էր իշխանությունը։ Նա իր սակավ պարտություններից մեկը կրում է մ.թ.ա. 309–ին, երբ փորձում էր հակադրվել Անտիգոնին (Սելևկոսի նախորդին): Մ.թ.ա. 306 թվականին պարզ է դառնում, որ նա գերագնահատել էր իր հնարավորությունները, ուստի ստիպված էր վերադառնալ իր նախկին դիրքերը և վերախմբավորել իր ուժերը: Այնուամենայնիվ, մ.թ.ա. 306 թվականին նա իրեն հռչակում է Եգիպտոսի թագավոր:

Սելևկոս I Նիկատոր (մ.թ.ա. 312–280): Ալեքսանդր Մեծի մահից հետո Պերդիկկան զբաղեցնում է գլխավոր հրամանատարի պաշտոնը, իսկ Սելևկոսը դառնում է նրա գեներալներից մեկը: Սելևկոսը մասնակցել է Պերդիկկայի դեմ կազմակերպված դավադրությանը, որի արդյունքում էլ վերջինս սպանվել է: Սելևկոսն արագորեն տիրում է Բաբելոնին, բայց ստիպված է լինում նահանջել, երբ Պերդիկկայի իրավահաջորդ Անտիգոնը մ․թ․ա․ 316 թվականին դուրս է գալիս նրա դեմ: Այնուհետև մ.թ.ա. 316–312 թվականների ընթացքում նա գեներալ էր Պտղոմեոսի մոտ: Գազայի ճակատամարտում նրանք միասին են կռվում Անտիգոնի դեմ: Այն բանից հետո, երբ Անտիգոնը պարտվում է Գազայում, Սելևկոսը վերստին տիրում է Բաբելոնին, որը դառնում է նրա պետության կենտրոնը: 4 և 5 համարները ընդգրկում են Ալեքսանդր Մակեդոնացու մահից մինչև երկու կայսրությունների առաջին թագավորների թագավորության շրջանն ընկած ժամանակահատվածը՝ մոտավորապես քառասուն տարի: