Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):7

Ա․ Լոպուխին

7-9. «Բայց նրա արմատից մի ընձյուղ պիտի ելնի, զորքի մեջ կներգրավվի ու կմտնի հյուսիսի թագավորի ամրոցները, և կգործի նրանց մեջ ու կզորանա»։ [7] «Նույնիսկ նրանց աստվածները, նրանց ձուլածո կուռքերը ոսկե ու արծաթե թանկարժեք անոթների հետ նա գերի պիտի տանի Եգիպտոս և մի քանի տարի շարունակ հյուսիսի թագավորից ավելի բարձր կլինի»: «Չնայած որ նա պիտի ներխուժի նաև հարավային թագավորի թագավորություն, սակայն վերադառնալու է իր երկիրը»։ (Սինոդական թարգ․)
   
   Բերենիկեի համար վրեժխնդիր է լինում «նրա արմատի ընձյուղից» սերողը՝ նրա եղբայր, Պտղոմեոս Ֆիլադելֆոսի որդի և իրավահաջորդ Պտղոմեոս Էվերգետը: Նա սպանում է մարդասպանին և նրա (քրոջ) մրցակցին՝ Լավոդիկեին, ապա տիրանում է Սիրիային պատկանող շրջաններին՝ Կիլիկիային, Պամփյուլիային, Իոնիային, Պաղեստինին և այլն: «Հարավային» արքայի սարսափելի արշավանքն ավարտվում է միայն Եգիպտոսում բարձրացած ապստամբության շնորհիվ: Տուն վերադառնալիս Պտղոմեոսը գրավված շրջաններից անթիվ գանձեր է տանում՝ 40000 տաղանդ արծաթ և 2500 թանկարժեք անոթներ և կուռքեր, որոնց մեջ էին նաև Կամբիզի կողմից Եգիպտոսից Պարսկաստան տեղափոխված կուռքերը: Պտղոմեոսը վերջինիս վերադարձի համար է ստացել Էվերգետ անունը: Մինչ նա զբաղված էր Եգիպտոսը խաղաղեցնելով, Սելևկոսը կրկին իր կողմն է գրավում Փոքրասիական շրջանները և Եգիպտոսի դեմ արշավ է ձեռնարկում, բայց վճռական ճակատամարտում այնպիսի պարտություն է կրում, որ ընդամենը մի քանի ուղեկիցների հետ է Անտիոք վերադառնում:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրա արմատի ընձիւղից պիտի բարձրանայ մէկը, նա ուժ պիտի ստանայ, պիտի մտնի Հիւսիսի թագաւորութեան հաստատութեան մէջ, պիտի գործի նրանց դէմ եւ պիտի զօրանայ:
(Արարատ թարգ․ 11։7) Բայց նրա արմատների ընձյուղներից մեկը պիտի ելնի նրա փոխարեն, և նա կգա զորքի դեմ ու կմտնի հյուսիսի թագավորի ամրոցը, կպատերազմի նրանց դեմ ու կհաղթի։
(Գրաբար) Եւ յարիցէ ի ծաղկէ արմատոյ նորա ի վերայ պատրաստութեան իւրոյ. և եկեսցէ առ զօրութիւնն. և մտցէ ի հաստատութիւնս թագաւորութեանն հիւսւսոյ. և արասցէ ընդ նոսա, և զօրասցի։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Պտղոմեոս III Էվերգետ (մ.թ.ա. 246–221): Տեղեկանալով Անտիոքոսի մահվան մասին՝ Բերենիկեն դիմում է իր (եգիպտական ​​գահին բարձրացած)  եղբորը և խնդրում է ներխուժել Սիրիա՝ իր որդու գահի հավակնությունները պաշտպանելու համար: Բայց Եգիպտոսի արքային չի հաջողվում իր վերահսկողությունը պահպանել Սիրիայի վրա մինչև քրոջ և զարմիկի սպանությունը: Մ.թ.ա. 245 թվականին (Սիրիական երրորդ պատերազմ) Բերենիկեի եղբայրը ներխուժում է Սելևկիա և հաջողությամբ գրոհում է (Օրոնտես գետի ափին) գտնվող սիրիական մայրաքաղաք Անտիոքը  և Սելևկիան (այս Սելևկիան Սիրիայում գտնվող Պիերիան է) և լուրջ ավերածություններ է պատճառում դրանց: Պտղոմեոսի՝ Եգիպտոս վերադառնալուց հետո այս քաղաքները արագորեն վերակառուցվում են Սելևկոս Երկրորդի կողմից: