Դանիելի մարգարեության մեկնություն 7(6):23

Սուրբ Հովհան Ոսկեբերան

23-24. Այն ժամանակ թագաւորը ներքնապէս ուրախացաւ, հրամայեց, որ Դանիէլին հանեն գբից: Դանիէլը հանուեց այդ գբից, եւ վէրք բոլորովին չգտնուեց նրա վրայ, որովհետեւ նա հաւատաց իր Աստծուն: Թագաւորը հրամայեց, եւ բերեցին Դանիէլի դէմ չարախօսող մարդկանց, եւ նրանք, նրանց որդիներն ու նրանց կանայք գցուեցին առիւծների գուբը. դեռ գբի յատակին չէին հասել, երբ առիւծները յափշտակեցին նրանց եւ մանրեցին նրանց բոլոր ոսկորները:
   
   Ինչո՞ւ են ոչնչացնում երեխաներին և կանանց: Որտե՞ղ են նրանք մեղք գործել։ Միգուցե նրանք ներգրավված են եղել այս գործում: Տեսնո՞ւմ ես արդյոք ամբարիշտների պատիժը: Տեսնո՞ւմ ես արդյոք արդարների պարգևը: Ամենքին սովորեցրո՛ւ, ամենքին հորդորի՛ր: Տեսնո՞ւմ ես, որ եթե նույնիսկ Աստված թողնում է մարդուն, ապա դա անում է ի շահ նրա: Նա հաղթահարում է կրակը, հաղթահարում է գազաններին: Դրանից հետո մի՛ հարցրու, թե ինչի՞ համար գոյություն ունեն առյուծները, ընձառյուծները և այլ վայրի կենդանիները: Ասես ինչ–որ աստվածային ու սարսափելի դատաստանի ժամանակ նրանք դահիճների նման կանգնել էին Դանիելի կողքին, սակայն չէին համարձակվում պատառոտել արդարի կողերը, քանի որ չէին լսում Դատավորի հրամանը: Բայց երբ նրանց մոտ ուրիշներին են նետում, ապա նրանք Աստծո հրամանով ոչնչացնում են նրանց: «Մանրեցին,– ասվում է,– նրանց բոլոր ոսկորները»։ Ո՞վ էր սանձել նրանց բերանը: Ո՞վ էր հրամայել խուսափել առաջարկվող սննդից: Ո՞ր իմաստունն էր այդքան ժուժկալ, որ սովից տանջվելով և իր առաջ այն բավարարելու միջոց տեսնելով՝ չի ցանկանա ազատվել դրանից: Կրկին հրամանագրեր, կրկին աստվածային քարոզ, կրկին ապացույց:

   Նրանք իսկապես մնացին գազաններ, սակայն չցուցադրեցին միայն իրենց գազանական հատկությունները։ Դա իրականում իմացան նրանք (այսինքն՝ Դանիելի վերաբերյալ սահմանված դատաստանի կատարողները),  որոնք  ավելի կատաղի էին, քան համր գազանները։

   Եվ սա վերջիններիս ավելի մեծ դատապարտության համար էր, քանի որ նրանք, բանականության շնորհիվ ավելի բարձր պատիվ ունենալով հանդերձ, դաժանությամբ գերազանցեցին նաև բանականություն չունեցող կենդանիներին: Նրանք գործնականում իմացան, որ Աստծո շնորհիվ նաև դաժան գազաններն են վախենում արդարից և չեն համարձակվում դիպչել նրան: Իսկ նրանք ցանկանում էին գազաններից ավելի վատ վարվել նրա հետ: Գուբը նետվածների օրինակը նրանց վստահեցրեց, որ  այդպիսի երևույթը միայն ինչ–որ ուրվական չհամարեն, վստահեցրեց, որ միայն արդարների պարագայում են գազանները ոչխարի հեզությունը դրսևորում և մոռանում իրենց էությունը:  Իսկ դրանից հետո նետվածներին ցույց են տալիս իրենց դաժան հատկությունները:
   

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ թագավորը չափազանց ուրախացավ ու հրամայեց, որ Դանիելին դուրս բերեն գբից, և Դանիելին հանեցին գբից, ու նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև նա հավատում էր իր Աստծուն»։ (Սինոդական թարգ․) [23]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 7(6):21
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ թագաւորը ներքնապէս ուրախացաւ, հրամայեց, որ Դանիէլին հանեն գբից: Դանիէլը հանուեց այդ գբից, եւ վէրք բոլորովին չգտնուեց նրա վրայ, որովհետեւ նա հաւատաց իր Աստծուն:
(Արարատ թարգ․ 6։23) Այդ ժամանակ թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին դուրս բերեն գբից։ Եվ նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև վստահել էր իր Աստծուն։
(Գրաբար) Յայնժամ թագաւորն զուարճացա՛ւ յանձն իւր. և հրաման ետ հանել զԴանիէլ’ի գբոյ անտի. հանա՛ւ Դանիէլ’ի գբոյ անտի, և ամենևին ապականութիւն ո՛չ գտաւ’ի նմա. զի հաւատա՛ց յԱստուած իւր։