Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եթե ասեմ. «Նրան չեմ հիշատակելու և այլևս չեմ խոսելու նրա անունով», այն ժամանակ սրտիս մեջ կարծես վառված կրակ լինի՝ ոսկորներիս մեջ փակված. այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։
«Ես ասացի. «Չեմ տա»»: Նայի՛ր իմաստությանը, թե ինչպե՞ս չթաքցրեց այդպիսի տկարությունը, ինչպե՞ս չպարտակեց այդպիսի թուլությունը, այլ, կարծես մի սյունի վրա գամելով, հրապարակեց մտքերի անկատարությունը:
«Կարծես կրակ վառվեց»: Սա ասում է Հոգու մասին: Դու հաղթեցիր և առանց իմ կամքի հրապուրեցիր ինձ: Բայց միգուցե ինչ–որ մեկը ասի. Ո՞րն է ըստ անհրաժեշտության մարգարեանալու օգուտը: Ո՞րն է առաքինությունը: Մի քանի բառից հետո կտեսնես, որ օգտակար բաներ տեղի ունենալու պարագայում էլ է Աստված օգտագործում անհրաժեշտությամբ: Ի վերջո, նրա թուլության պատճառով չպետք է կորչեն նաև օգուտ ստանալու կարողություն ունեցողները:
Երբ հրեաների համար շատ սպառնալիքներ և արհավիրքներ կանխատեսող ու դրա համար ունկնդիրների կողմից ամբողջ օրը հանդիմանվող ու ծաղրվող Երեմիան մարդկային թուլության և ծաղր ու զրպարտություն տանել չկարողանալու պատճառով ցանկանում է դադարեցնել այդպիսի մարգարեությունները, հետևյալ խոսքերն է ասում. «Ես ասացի. «Չեմ տա Տիրոջ անունը, այլևս չեմ խոսի նրա անունից»: Սակայն իմ սրտում կարծես կրակ վառվեց, բորբոքվեց ոսկորներիս մեջ, ու ես ամեն կողմից լքված մնացի, չկարողացա հանդարտվել»։ Նրա խոսքերի իմաստը հետևյալն է. «Ես ցանկանում էի դադարեցնել մարգարեությունը, ասում է նա, որովհետև հրեաները չէին լսում, բայց հենց որ որոշեցի դա, Սուրբ Հոգու զորությունը կրակի պես հարձակվեց հոգուս վրա ու սպառելով և ուտելով ոսկորներս՝ ջարդեց ամբողջ ներսս, այնպես որ չկարողացա տանել այդ ջերմությունը:
Ա. Լոպուխին
«Եվ ես մտածեցի. «Ես չեմ հիշատակելու Նրա մասին և այլևս չեմ խոսելու Նրա անունով». բայց դա իմ սրտում կարծես վառվող կրակ լիներ՝ պարփակված ոսկորներիս մեջ, և ես հոգնեցի այն կրելուց, ու չկարողացա։ (Սինոդակ. թարգմ.) [9]
---------------------------------------
[9] (Էջմիածին թարգմ.) Ես ասացի. «Չեմ տայ Տիրոջ անունը, այլեւս չեմ խօսի նրա անունից»: Սակայն իմ սրտում կարծես կրակ վառուեց, բորբոքուեց ոսկորներիս մէջ, ու ես ամէն կողմից լքուած մնացի, չկարողացայ հանդարտուել:
(Արարատ թարգմ.) Եթե ասեմ. «Նրան չեմ հիշատակելու և այլևս չեմ խոսելու նրա անունով», այն ժամանակ սրտիս մեջ կարծես վառված կրակ լինի՝ ոսկորներիս մեջ փակված. այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։
(Գրաբար) Եւ ասացի՝ Ոչ անուանեցից զանուն Տեառն, եւ ոչ եւս խաւսեցայց յանուն նորա։ Եւ եղեւ ի սրտի իմում իբրեւ զհուր վառեալ, բորբոքեալ ընդ ոսկերս իմ. եւ լքայ յամենայն կողմանց, եւ ոչ կարեմ հանդարտել։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: