Երեմիայի մարգարեության մեկնություն 21:1

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Սա է Տիրոջ խօսքը, ուղղուած Երեմիային, երբ Սեդեկիան վերջինիս մօտ ուղարկեց Մելքիայի որդի Պասքորին եւ Մասիայի որդի Սոփոնիա քահանային՝ յայտնելով.
   
   Ահա թե որն է  Աստծո մարդասիրությունը: Նա բառերով է սպառնում շատերին, սակայն  չի կարողանում համոզել. չարացնում է մարգարեին, պատկերների, ինչպես նաև գավազանի, ծաղկամանների, գոտու, նավի, միջոցով ցույց է տալիս ապագան: Տերն անթիվ օրհնություններ է խոստանում, նաև երաշտ է բերում, սակայն հրեաներն ավելի վատն են դառնում։ Վերջապես նրանց դեմ  պատերազմ է սկսում:

   Քանի որ նրանք չէին ցանկանում թեթև և հաճելի դեղերով բուժվել, ուստի ինչ–որ տեսակի ճեղքում է առաջացնում: Սակայն այստեղ նույնպես նկատելի է  մարդասիրությունը: Որպեսզի ինչ–որ մեկը չասի, որ պետք էր նաև հարված հասցնել, ուստի դա էլ է անում,  և ամենուրեք յուրաքանչյուրը կարող է տեսնել այդ ամենը:
   

Ա. Լոպուխին

1–7․  «Այն խոսքը, որ հասավ Երեմիային Տիրոջ կողմից, երբ Սեդեկիա թագավորը նրա մոտ ուղարկեց Փասուրին` Մեղքիայի որդուն, և Սոփոնիային` Մաասիա քահանայի որդուն՝ ասելու նրան»: [1]«Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը, կռվում է մեր դեմ. գուցե Տերը մեզ հետ մի այնպիսի բան անի, ինչպես Իր բոլոր հրաշքներն էին, որպեսզի նա մեզնից հեռանա»։ «Եվ Երեմիան ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք Սեդեկիային»»։ «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա, Ես հետ պիտի շրջեմ պատերազմական այն զենքերը, որոնք ձեր ձեռքին են, որոնցով դուք պատերազմում եք Բաբելոնի թագավորի և քաղդեացիների դեմ, որոնք ձեզ պաշարել են պարսպից դուրս, և նրանց պիտի հավաքեմ այս քաղաքի մեջ»»։ «Եվ Ինքս էլ պիտի պատերազմեմ ձեր դեմ երկարացրած ձեռքով և զորավոր բազկով, բարկությամբ ու զայրույթով և մեծ սրտմտությամբ»։ «Եվ պիտի զարկեմ այս քաղաքում բնակվողներին՝ թե' մարդկանց և թե' անասուններին. մեծ ժանտախտից նրանք պիտի մեռնեն»։ «Իսկ դրանից հետո, - ասում է Տերը, - Սեդեկիային` Հուդայի թագավորին, նրա ծառաներին ու ժողովրդին և այս քաղաքում ժանտախտից, սրից ու սովից խոցված մնացածներին պիտի մատնեմ Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի ձեռքը և իրենց թշնամիների ձեռքն ու իրենց հոգիները փնտրողների ձեռքը. և նա պիտի զարկի նրանց սրի բերանով և չպիտի խնայի նրանց, ու չպիտի գթա և չպիտի ողորմի»։ (Սինոդական թարգմ.)
   

   Սեդեկիա թագավորը Երեմիային հարցնում է հրեական պետության ճակատագրի մասին

   Երբ Նաբուգոդոնոսորը պաշարեց Երուսաղեմը, Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ, որպեսզի նրան հարցնի քաղաքի ճակատագրի մասին՝ ակնկալելով, որ գուցե Տերը օգնի հրեաներին: Երեմիան ասաց, որ Աստված ոչ միայն չի օգնելու, այլ նաև Նա է պայքարելու հրեաների դեմ և Նաբուգոդոնոսորի ձեռքն է մատնելու ինչպես թագավորին, այնպես էլ բոլոր կենդանի մնացածներին:
-----------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Սա է Տիրոջ խօսքը, ուղղուած Երեմիային, երբ Սեդեկիան վերջինիս մօտ ուղարկեց Մելքիայի որդի Պասքորին եւ Մասիայի որդի Սոփոնիա քահանային՝ յայտնելով.
(Արարատ թարգմ.) Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը նրա մոտ ուղարկեց Մեղքիայի որդի Փասուրին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային՝ ասելով.
(Գրաբար) Բան որ եղեւ առ Երեմիա ի Տեառնէ. յորժամ առաքեաց առ նա Սեդեկիա զՊասքովր որդի Մելքեայ, եւ զՍոփոնիա որդի Մասերայ զքահանայ՝ եւ ասէ.