Երեմիայի մարգարեության մեկնություն 22:6

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ահա այսպէս է ասում Տէրը Յուդայի երկրի թագաւորի քո տան մասին. «Գաղաա՛դ, դու ես ինձ համար Լիբանանի բարձունքը, բայց քեզ աւերակի ու անբնակ քաղաքների պիտի վերածեմ:
   
   «Գաղաադ» անվանում է Երուսաղեմը, որպեսզի ցույց տա նրա փառքը, որովհետև «Գաղաադը» ևս հայտնի քաղաք է եղել։ Այս համեմատության մեջ միտք է թաքնված: Իսկ ինչ վերաբերում է Երուսաղեմին, ապա այդ մասին ցանկանում եմ օրինակով արտահայտվել: Նա ցանկանում է ցույց տալ, որ ինչպես «Գաղաադն»  է Լիբանանի գլուխը և Լիբանանի շուրջը գտնվող մյուս բոլոր քաղաքներից ավելի փառավոր, նույն կերպ էլ Երուսաղեմն է մյուս բոլոր քաղաքների գլուխը: Բայց քանի որ դու իմ հանդեպ անշնորհակալ եղար, ուստի քո վերաբերյալ վճիռ կկայացնեմ:
   

Ա. Լոպուխին

«Որովհետև այսպես է ասում Տերը Հուդայի թագավորի տանը. «Գաղաադի նման ես դու Ինձ համար, Լիբանանի գագաթի նման. բայց Ես քեզ անապատի պիտի վերածեմ և անմարդաբնակ քաղաքներ պիտի դարձնեմ»»։ (Սինոդական թարգմ.) [6]
   
   Ամենաորակյալ մայրու փայտից և կաղնուց կառուցված թագավորական պալատը մարգարեի կողմից կոչվում է «Լիբանանի բարձունք», քանզի այստեղ հսկա մայրիներ էին աճում։ Իսկ Գաղաադը  մարգարեն այնպիսի երկիր էր համարում, որտեղ  գտնվող լեռների վրա ամուր կաղնիներ էին բարձրանում  (Բ Թագ. 7:2, 7, Գ Թագ. 7:2–5): «Ես քեզ ավերակի ու անբնակ քաղաքների պիտի վերածեմ»։ «Գաղաադի»  հիշատակմամբ մարգարեն անմիջապես հիշեցնում է, որ այս տարածքը նախկինում ամորացիների կողմից խիտ բնակեցված է եղել, սակայն այժմ ամայի է։ Այսօր էլ Պաղեստինի արևելքում կարելի է տեսնել հնագույն քաղաքների ավերակներ։ Երեմիայի օրոք այդ ավերակներն էլ ավելի մեծ էին:

 

Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:1

---------------------------------------------------------

[6](Էջմիածին թարգմ.) Ահա այսպէս է ասում Տէրը Յուդայի երկրի թագաւորի քո տան մասին. «Գաղաա՛դ, դու ես ինձ համար Լիբանանի բարձունքը, բայց քեզ աւերակի ու անբնակ քաղաքների պիտի վերածեմ:
(Արարատ թարգմ.) Որովհետև Տերն այսպես է ասում Հուդայի թագավորի տան մասին. Դու ինձ համար Գաղաադի նման ես, Լիբանանի գագաթի նման, բայց քեզ անշուշտ անապատ պիտի դարձնեմ, անբնակ քաղաքներ։
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր ի վերայ տան թագաւորիդ Յուդայ. Գաղաադ՝ դու ես ինձ գլուխ Լիբանանու. եթէ ոչ եդից զքեզ յաւերակ եւ ի քաղաքս չբնակեալս։