Երեմիայի մարգարեության մեկնություն 25:1

Սուրբ Հովհան Ոսկեբերան

 Այս է Երեմիային ուղղուած խօսքը՝ Յուդայի երկրի ժողովրդի մասին, ասուած Յուդայի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում, որ համապատասխանում է բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջին տարուն,
   
   Վերջապես մտադրվում է պատժի ժամանակը սահմանել և որոշում կայացնել:
   

Ա. Լոպուխին

1–11. «Խոսքը, որը հասավ Երեմիային Հուդայի ամբողջ ժողովրդի մասին՝ Հովակիմի` Հուդայի թագավոր Հովսիայի որդու չորրորդ տարում, որը Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի առաջին տարին էր»: [1] - «Եվ որը Երեմիա մարգարեն ուղղեց Հուդայի ամբողջ ժողովրդին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին ու ասաց»: «Հովսիայի` Հուդայի թագավոր Ամմոնի որդու տասներեքերորդ տարուց մինչև այսօր ահա արդեն քսաներեք տարի է՝ Տիրոջ խոսքը հասել է ինձ, և ես խոսեցի ձեզ հետ վաղ առավոտից, բայց դուք չանսացիք»։ «Տերը ձեզ մոտ ուղարկեց Իր բոլոր ծառաներին՝ մարգարեներին, վաղ առավոտից ուղարկեց, բայց դուք չանսացիք և չխոնարհեցրիք ձեր ականջը, որպեսզի լսեք»։ «Ձեզ ասում էին. «Ամեն մեկդ հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից և ձեր չար գործերից ու բնակվեք այն երկրում, որ Տերը տվել է ձեզ և ձեր հայրերին դարեդար»։ «Եվ մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու և նրանց երկրպագելու համար, և Իմ բարկությունը մի՛գրգռեք ձեր ձեռքի գործերով, և չարիք չեմ հասցնի քեզ»։ «Բայց դուք չլսեցիք Ինձ, - ասում է Տերը, - այլ գրգռեցիք Իմ բարկությունը ձեր ձեռքի գործերով՝ ի վնաս ձեզ»։ «Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը. «Որովհետև դուք չլսեցիք Իմ խոսքերը»: «Ահա, Ես կուղարկեմ և կվերցնեմ հյուսիսի բոլոր ազգատոհմերին, - ասում է Տերը, - և կուղարկեմ Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի, Իմ ծառային մոտ, և նրանց կբերեմ այս երկրի վրա և նրա բնակիչների վրա ու շրջակայքի բոլոր ժողովուրդների վրա. և իսպառ կբնաջնջեմ նրանց ու նրանց կդարձնեմ սարսափի, ծաղրի առարկա և հավիտենական ավերակներ»։ «Եվ նրանց միջից կվերացնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, ջրաղացի աղալու ձայնը և ճրագի լույսը»։ «Եվ այս ամբողջ երկիրն ամայի ու սարսափ կդառնա. և այս ժողովուրդները պետք է ծառայեն Բաբելոնի թագավորին յոթանասուն տարի»։ (Սինոդական թարգմ.)
   
   Հրեաների և նրանց հարևանների Բաբելոնում յոթանասունամյա ստրկության դատապարտումը
   Հովակիմի թագավորության 4–րդ տարում, որը համընկնում է Նաբուգոդոնոսորի թագավոր դառնալու տարվան (մ.թ.ա. 605 թվական), վերջինս Կարքեմիշի մոտ վճռական հաղթանակ է տանում Եգիպտոսի Նեհաո փարավոնի նկատմամբ և այդպիսով դառնում ողջ Արևմտյան Ասիայի, Սիրիայի ու Պաղեստինի կառավարիչը։ Այդ նույն տարում մարգարեն խոսք է ասում, որը և անցյալին էր վերաբերում և նաև ապագայի մասին մարգարեություն էր: Նա այստեղ պնդում է, որ իր քսաներեք տարվա քարոզությունը, որով ինքը հրեաներին ապաշխարության է կանչել, անարդյունք է մնացել: Հետևաբար, այժմ Տերը Իր ծառա Նաբուգոդոնոսորին հանձնարարում է յոթանասուն տարով գրավել Հրեաստանը և հարակից երկրները:

------------------------------------------------
[1] (Էջմիածին թարգմ.) Այս է Երեմիային ուղղուած խօսքը՝ Յուդայի երկրի ժողովրդի մասին, ասուած Յուդայի արքայ Յոսիայի որդի Յովազիմի չորրորդ տարում, որ համապատասխանում է բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջին տարուն,
(Արարատ թարգմ.) Խոսքը, որ հասավ Երեմիային ամբողջ Հուդայի ժողովրդի մասին՝ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի առաջին տարին էր,
(Գրաբար) Բանն որ եղեւ առ Երեմիա վասն ժողովրդեանն Յուդայ, յամին չորրորդի Յովակիմայ որդւոյ Յովսիայ արքայի Յուդայ. այն ամ առաջին էր Նաբուքոդոնոսորայ արքային բաբելացւոց։