Ա. Լոպուխին
1–11. «Հովակիմի` Հուդայի թագավոր Հովսիայի որդու թագավորության սկզբում այս խոսքը հասավ Երեմիային Տիրոջ կողմից»: [1] «Այսպես ասաց ինձ Տերը. «Քեզ համար կապեր և լուծե՛ր շինիր և դրանք դի՛ր քո պարանոցին»»։ «Եվ դրանցից ուղարկի՛ր Եդովմի թագավորին և Մովաբի թագավորին ու Ամմոնի որդիների թագավորին, և Տյուրոսի թագավորին ու Սիդոնի թագավորին` այն պատգամաբերների միջոցով, որոնք եկել էին Երուսաղեմ Սեդեկիայի՝ Հուդայի թագավորի մոտ»։ «Եվ նրանց հրամայի՛ր, որ ասեն իրենց տերերին. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Այսպե՛ս ասացեք ձեր տերերին»»: «Ես ստեղծեցի երկիրը, մարդուն և կենդանիներին, որոնք երկրի երեսին են, Իմ մեծ զորությամբ և Իմ մեկնած բազկով, և տվեցի այն նրան, ով Ինձ հաճելի եղավ»։ «Եվ հիմա այս բոլոր երկրները Ես տալիս եմ Նաբուգոդոնոսորի` Բաբելոնի թագավորի, Իմ ծառայի ձեռքը, և նույնիսկ դաշտի գազաններին եմ տալիս` նրան ծառայելու համար»։ «Եվ բոլոր ժողովուրդները պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ գա նրա երկրի և նրա ժամանակը. և նրան պիտի ծառայեն շատ ժողովուրդներ ու մեծ թագավորներ»։ «Եվ եթե որևէ ժողովուրդ ու թագավորություն չուզենա ծառայել նրան` Նաբուգոդոնոսորին, Բաբելոնի թագավորին, և իր պարանոցը չխոնարհի Բաբելոնի թագավորի լծի տակ, այդ ժողովրդին Ես պիտի պատժեմ սրով, սովով և ժանտախտով, - ասում է Տերը, - մինչև որ նրանց ոչնչացնեմ նրա ձեռքով»։ «Եվ մի՛ լսեք ձեր մարգարեներին ու ձեր գուշակներին, և ձեր երազատեսներին ու ձեր կախարդներին և ձեր աստղագուշակներին, որոնք ասում են ձեզ. «Չեք ծառայելու Բաբելոնի թագավորին»»։ «Որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում, որպեսզի ձեզ հեռացնեն ձեր երկրից, և որպեսզի Ես ձեզ վտարեմ, և դուք ոչնչանաք»։ «Բայց այն ժողովրդին, որն իր պարանոցը կխոնարհի Բաբելոնի թագավորի լծի տակ ու կսկսի ծառայել նրան, Ես պիտի թողնեմ իր երկրում, - ասում է Տերը, - և նա պիտի մշակի այն ու բնակվի նրա մեջ»։ (Սինոդական թարգմ.)
Այստեղ Հովակիմի անվան փոխարեն Սեդեկիայի անվան լինելու անհրաժեշտությունը պարզ երևում է՝ ա) 3–րդ համարից, որտեղ տրվում է Սեդեկիա անունը, բ) XXVIII գլխի 1–ին համարից, որտեղ ասվում է, որ սույն գլխում նկարագրված իրադարձությունը տեղի է ունեցել «Սեդեկիայի թագավորության սկզբի» հետ համընկնող տարում: Նկարագրված իրադարձության ճշգրիտ ժամանակը կարող է որոշվել նաև հետևյալ կերպ. սա տեղի է ունեցել Սեդեկիայի թագավորության 4–րդ տարվանից ոչ շուտ, քանի որ Նաբուգոդոնոսորի կողմից գահ բարձրացված Սեդեկիան դժվար թե անմիջապես սկսեր նրա դեմ դավադրություն նյութել: Նաբուգոդոնոսորին իր հավատարմությունն ապացուցելու համար իր թագավորության 4–րդ տարում Սեդեկիան նույնիսկ Բաբելոն գնաց:
Տերը պատվիրում է Երեմիային իր վրա կապանքներ ու լուծ դնել, ինչպես նաև կապանքներ ու լուծ ուղարկել հարևան ժողովուրդներին:
Սեդեկիա թագավորի կառավարման ժամանակ մարգարեն Տիրոջից իր վրա կապանքներ ու լուծ դնելու հրաման ստացավ: Նա այդ նույնը պետք է ուղարկեր նաև հարևան թագավորությունների տիրակալներին՝ այդ երկրների պատվիրակների միջոցով: Միևնույն ժամանակ Տերն Ինքն էլ բացատրում է այս խորհրդանշական գործողության իմաստը. Տերը՝ որպես երկրի Տիրակալ, որոշել է Նաբուգոդոնոսորի տիրապետության տակ դնել Արևմտյան Ասիայի բոլոր հողերը: Այսպիսով՝ թող այս հողերը ինքնակամ կրեն Նաբուգոդոնոսորի կողմից իրենց վրա դրված լուծը, թող չհավատան բախտագուշակներին, ովքեր նրանց բաբելոնական լուծը թոթափելու հնարավորության մասին են մատնանշում:
-----------------------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Այս է Տիրոջ խօսքը՝ ասուած Երեմիային Յուդայի երկրի արքայ Յովսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբում:
(Արարատ թարգմ.) Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեդեկիայի թագավորության սկզբում Տիրոջ կողմից Երեմիային այս խոսքը հասավ՝ ասելով.
(Գրաբար) Ի սկզբան թագաւորութեանն Յովակիմայ որդւոյ Յովսիայ՝ արքայի Յուդայ. եղեւ բանս այս առ Երեմիայ ի Տեառնէ՝ եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: