Ա. Լոպուխին
1–24. «Խոսքը, որը հասավ Երեմիային Տիրոջ կողմից»: [1] «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. այն բոլոր խոսքերը, որ խոսել եմ քեզ հետ, քեզ համար գրի՛ր մի գրքի մեջ»։ «Որովհետև ահա, օրեր են գալու, - ասում է Տերը, - երբ Ես գերությունից պիտի վերադարձնեմ Իմ ժողովրդին` Իսրայելին և Հուդային, - ասում է Տերը, - և նրանց պիտի վերադարձնեմ այն երկիրը, որը տվել եմ իրենց հայրերին, և նրանք կտիրանան դրան»։ «Եվ սրանք են այն խոսքերը, որոնք Տերը խոսել է Իսրայելի և Հուդայի մասին»։ «Այսպես է ասում Տերը. «Շփոթության և սարսափի ձայն ենք մենք լսում, և ոչ թե` խաղաղության»»։ «Հարցրե՛ք ու դատե՛ք. տղամարդը կծննդաբերի՞: Ապա ինչո՞ւ եմ Ես ամեն տղամարդու տեսնում ձեռքերը մեջքին դրված` ծննդկան կնոջ պես, և բոլորի դեմքերը` դալկացած»։ «Օ՜, վա՜յ, մեծ է այդ օրը, նրա նմանը չկա. դա նեղության ժամանակ պիտի լինի Հակոբի համար, բայց նա փրկվելու է դրանից»։ «Եվ այդ օրը լինելու է այսպես, - ասում է Զորությունների Տերը. - Ես կկոտրեմ նրա լուծը, որը քո պարանոցին է, և կարձակեմ քո կապերը. ու նրանք այլևս չեն ծառայի օտարներին»։ Այլ կծառայեն իրենց Տեր Աստծուն և Դավթին` իրենց թագավորին, որին Ես կվերականգնեմ նրանց համար»։ «Եվ դու, Իմ ծառա՛ Հակոբ, մի՛ վախեցիր, - ասում է Տերը, - և մի՛ զարհուրիր, Իսրայե՛լ, որովհետև ահա, Ես քեզ կփրկեմ հեռու երկրից, և քո սերունդներին՝ իրենց գերության երկրից. ու Հակոբը կվերադառնա և կապրի հանգիստ ու խաղաղ, և ոչ ոք չի վախեցնի նրան»։ «Որովհետև Ես քեզ հետ եմ, - ասում է Տերը, - որպեսզի փրկեմ քեզ. Ես իսպառ պիտի բնաջնջեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ ցրիվ եմ տվել քեզ, բայց քեզ չպիտի բնաջնջեմ. Ես պիտի պատժեմ քեզ չափի մեջ, բայց անպատիժ չպիտի թողնեմ քեզ»։ «Որովհետև այսպես է ասում Տերը. «Քո վերքն անբժշկելի է, քո վնասվածքը` դաժան»»։ «Ոչ ոք չի հոգում քո խնդրի մասին, որպեսզի բուժի քո վերքը. բուժիչ սպեղանի չկա քեզ համար»։ «Քո բոլոր ընկերները մոռացել են քեզ, չեն որոնում քեզ. որովհետև Ես վիրավորեցի քեզ թշնամական հարվածներով, դաժան պատժով` քո անօրինությունների շատության պատճառով, քանի որ քո մեղքերը շատացել էին»։ «Ինչո՞ւ ես ողբում քո վերքերի համար, քո դաժան հիվանդության համար. քո անօրինությունների շատության պատճառով Ես քեզ արեցի այս բաները, քանի որ քո մեղքերը շատացել էին»։ «Բայց բոլոր քեզ խժռողները պիտի խժռվեն. և քո բոլոր թշնամիները՝ ամենքն էլ, գերության պիտի գնան, և քեզ կործանողները պիտի կործանվեն, և բոլոր քեզ կողոպտողներին պիտի մատնեմ կողոպուտի»։ «Ես քեզ պիտի պատեմ գիպսով և պիտի բժշկեմ քեզ քո վերքերից, - ասում է Տերը» - Քեզ կոչեցին «վտարանդի»` ասելով. «Սա Սիոնն է, որի մասին ոչ ոք չի հարցնում»»։ «Այսպես է ասում Տերը. «Ահա, գերությունից պիտի վերադարձնեմ Հակոբի վրանները և նրա բնակավայրերին պիտի գթամ. և քաղաքը դարձյալ պիտի կառուցվի իր բլրի վրա, իսկ տաճարը պիտի վերականգնվի նախկինի պես»»։ «Եվ նրանցից գովաբանություն և ուրախացողների ձայն պիտի դուրս գա. և Ես պիտի բազմացնեմ նրանց, ու չպիտի նվազեն, և պիտի փառավորեմ նրանց, և չպիտի նվաստացվեն»։ «Եվ նրանց զավակները պիտի լինեն ինչպես նախկինում, ու նրանց հավաքը պիտի կանգնի Իմ առաջ, և պիտի պատժեմ նրա բոլոր հարստահարիչներին»։ ««Եվ նրա առաջնորդն իրենցից իսկ պիտի լինի, և նրա իշխանավորը պիտի դուրս գա իր միջից. և Ես պիտի մոտեցնեմ նրան, և նա պիտի մոտենա Ինձ. որովհետև ո՞վ կհամարձակվի ինքնուրույն մոտենալ Ինձ», - ասում է Տերը»։ «Եվ դուք կլինեք Իմ ժողովուրդը, և Ես կլինեմ ձեր Աստվածը»։ «Ահա, կատաղի մրրիկ է գալիս Տիրոջից, ահասարսուռ մրրիկ. այն թափվելու է ամբարիշտների գլխին»։ «Տիրոջ բորբոքուն բարկությունը հետ չի դառնալու, մինչև որ Նա չկատարի և չիրագործի Իր սրտի մտադրությունները։ Վերջին օրերին պիտի հասկանաք դա»։ (Սինոդական թարգմ.)
Դավթի նոր թագավորության ստեղծումը Հուդայի և Իսրայելի դատաստանից հետո
Իր անկախությունը պահպանելու համար մղած ծանր պայքարից հետո մարգարեն արդեն ոչ միայն Իսրայելին, այլ նաև Հուդային է գերեվարված տեսնում: Բայց ահա՛, նրա առջև բացվում է հրեական երկու թագավորություններին սպասվող, պայծառ ապագայի պատկերը: Օտար իշխանավորների փոխարեն՝ հրեաներին կիշխի նրանց խոստացված Դավթի որդին, կամ, ինչպես մարգարեն է ասում, հենց ինքը՝ Դավիթը: Տերը նրանց կվերաբերվի որպես Իր զավակների, և կրկին կձևավորվի իրական աստվածապետական հասարակություն: Սակայն այս ամենը չի իրականանա նախքան հրեաների նկատմամբ Աստծո սարսափելի դատաստանի կատարվելը:
--------------------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Այս է այն խօսքը, որ Տէրն ուղղեց Երեմիային՝ ասելով.
(Արարատ թարգմ.) Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով.
(Գրաբար) Բանն որ եղեւ առ Երեմիա ի Տեառնէ ասել.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: