Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այս է այն խօսքը, որ Յուդայի երկրի Սեդեկիա արքայի տասներորդ տարին, այն է՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնութերորդ տարին, Տէրն ուղղեց Երեմիային:
Տեսնո՞ւմ ես Աստծո համբերատարությունը: Դաշինքի խախտումից և ապստամբությունից հետո որքան ժամանակ հանդուրժեց նրան, իսկ նա ավելի լավը չդարձավ: Իսկ երբ աղետն էր սպառնում, նա մնում էր նույնը. սա էլ նրան չբավարարեց, ուստի մարգարեին փակեց բանտում:
Ա. Լոպուխին
1–15.«Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Սեդեկիայի` Հուդայի թագավորի տասներորդ տարում. այդ տարին Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարին էր»։ [1] «Այն ժամանակ Բաբելոնի թագավորի զորքը պաշարում էր Երուսաղեմը, և Երեմիա մարգարեն բանտարկված էր պահակախմբի գավթում, որը Հուդայի թագավորի տան կողքին էր»: «Սեդեկիան` Հուդայի թագավորն էր նրան բանտարկել այնտեղ՝ ասելով. «Դու ինչո՞ւ ես մարգարեանում և ասում. «Այսպես է ասում Տերը. «Ահա, Ես այս քաղաքը պիտի տամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա պիտի գրավի այն»»։ «Եվ Սեդեկիան` Հուդայի թագավորը, չի փախչի քաղդեացիների ձեռքից, այլ անպատճառ պիտի տրվի Բաբելոնի թագավորի ձեռքը, և նրա հետ բերան առ բերան պիտի խոսի և իր աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը»։ «Եվ նա Սեդեկիային պիտի տանի Բաբելոն, որտեղ նա պիտի մնա, մինչև որ այցելեմ նրան, - ասում է Տերը: Եթե դուք պատերազմեք քաղդեացիների դեմ, հաջողություն չե՞ք ունենալու»։ «Եվ Երեմիան ասաց. «Սա էր ինձ հասած Տիրոջ խոսքը»: «Ահա Անամեյիլը` քո հորեղբայր Սեղղումի որդին, պիտի գա քեզ մոտ` ասելու. «Քեզ համար գնի՛ր իմ արտը, որն Անաթովթում է, որովհետև ազգակցական իրավունքը քոնն է` այն գնելու համար»։ «Եվ Անամեյիլը` իմ հորեղբորորդին, եկավ ինձ մոտ, Տիրոջ խոսքի համաձայն, պահապանների գավիթը, և ասաց ինձ. «Գնի՛ր իմ արտը, որն Անաթովթում է՝ Բենիամինի երկրում, որովհետև քեզ է պատկանում ժառանգության իրավունքը և քեզ է պատկանում փրկագնման իրավունքը. գնի՛ր քեզ համար»։ Այդ ժամանակ ես իմացա, որ դա Տիրոջ խոսքն էր»։ «Եվ ես Անամեյիլից` իմ հորեղբորորդուց, գնեցի այդ արտը, որն Անաթովթում է, և նրա համար կշռեցի յոթ սիկղ արծաթ և տասը կտոր արծաթ»։ «Եվ գրեցի գրքում և կնքեցի այն ու վկաներով հաստատեցի և արծաթը կշռեցի կշեռքով»։ «Եվ ես վերցրի գնման փաստաթուղթը՝ ինչպես օրենքով և կանոնների համաձայն կնքվածը, այդպես էլ բացը»։ Եվ գնման փաստաթուղթը տվեցի Բարուքին` Մաասիայի որդի Ներիայի որդուն, իմ հորեղբորորդի Անամայելի աչքի առաջ և այն վկաների աչքի առաջ, որոնք ստորագրել էին գնման փաստաթուղթը, այն բոլոր հրեաների աչքի առաջ, որոնք նստած էին պահակախմբի գավթում»։ «Եվ հրամայեցի Բարուքին նրանց ներկայությամբ»: «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վերցրո՛ւ այս փաստաթղթերը՝ այս գնման փաստաթուղթը, որը կնքված է, և այս բաց փաստաթուղթը, և դրանք դի՛ր կավե մի անոթի մեջ, որպեսզի դրանք այնտեղ մնան շատ օրեր»»։ «Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Տներ և արտեր ու խաղողի այգիներ կրկին պիտի գնվեն այս երկրում»։ (Սինոդական թարգմ.)
Խորհրդանշական գործողություն, որն Աստված պատվիրեց Երեմիային կատարել. արտ գնել Անաթոթում
Այն ժամանակ, երբ քաղդեացիները բոլոր կողմերից պաշարել էին Երուսաղեմը, և երբ այլևս կասկած չկար, որ նրանք պաշարումը հասցնելու են ցանկալի վախճանի, թագավորական արքունիքում գտնվող զնդանում բանտարկված Երեմիան իր ազգականից, Անաթոթում մի հողակտոր գնելու, առաջարկ ստացավ: Մարգարեն, Աստծո պատվերին համապատասխան, գնեց հողակտորը և այդ ամբողջ առք ու վաճառքը կատարեց որպես նշան այն բանի, որ ժամանակի ընթացքում այդ հողամասը անհրաժեշտ կլինի, երբ Հրեաստանի այս երկրում գերությունից վերադարձած նրա բնակիչները կրկին դաշտեր և խաղողի այգիներ գնեն:
---------------------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Այս է այն խօսքը, որ Յուդայի երկրի Սեդեկիա արքայի տասներորդ տարին, այն է՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնութերորդ տարին, Տէրն ուղղեց Երեմիային:
(Արարատ թարգմ.) Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Հուդայի թագավոր Սեդեկիայի տասներորդ տարում, այսինքն՝ Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում։
(Գրաբար) Բանն որ եղեւ ի Տեառնէ առ Երեմիա, յամին տասներորդի Սեդեկիայ արքայի Յուդայ. այն ամ ութուտասն էր Նաբուքոդոնոսորայ արքայի բաբելացւոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: