Երեմիայի մարգարեության մեկնություն 9:23

Սուրբ Եփրեմ Ասորի

23-24. Այսպէս է ասում Տէրը. «Թող իմաստունն իր իմաստութեամբ չպարծենայ, թող հզօրն իր զօրութեամբ չպարծենայ, եւ թող մեծն իր մեծութեամբ չպարծենայ, այլ պարծեցողը թող այս բանով պարծենայ՝ իմանալ եւ ճանաչել ինձ, թէ ես եմ Տէր Աստուածը, որ երկրի վրայ իրաւ դատաստան, ողորմութիւն ու արդարութիւն եմ անում, որոնք հաճելի են ինձ, - ասում է Տէրը
 
    Հրեաները ապավինել էին իրենց երեցների իմաստությանը, իրենց թագավորների զորությանը, իրենց թագավորության հարստությանը: Հետևաբար, մարգարեն փորձում է մոլորված մտքերից արմատախիլ անել այս խաբուսիկ հույսը և ուսուցանել, որ նրանց համար ամեն ինչ անօգուտ կլինի, եթե Տիրոջից օգնություն չհասնի: Ուստի համոզում է ապավինել միայն մեկ Աստծուն, ում ձեռքում է ամեն ինչ, և Ով, ըստ Իր կամքի, իմաստության և խորհուրդների հարստության, բարուն՝  բարի, իսկ չարին չար է տալիս: Քանի որ հրեաները ժխտում էին Աստծո նախախնամությունը, ինչի համար նրանց իր մարգարեությունում նախատում է  նաև Սոփանիան՝ ասելով.  «Ասում էին իրենց սրտում. «Տերը ո՛չ բարի գործ է անում և ո՛չ չար»» (Սոփոնիա 1:12): Նրանց մասին հետագայում վկայում է նաև Երեմիան, որ նրանք դատարկախոսում են և երկնքին երկրպագելն են համարում առատության և պակասության պատճառը՝ ասելով. «Իսկ երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան նվերներ ընծայելուց, ամեն ինչի կարոտ մնացինք և սրով ու սովով կոտորվեցինք» (Երեմիա 44:18):
 

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այսպէս է ասում Տէրը. «Թող իմաստունն իր իմաստութեամբ չպարծենայ, թող հզօրն իր զօրութեամբ չպարծենայ,
 
    Տե՛ս, թե ո՞ւր է տանում խոսքը:  Թեև, իհարկե, ձեր մեջ մի քանի ուժեղներ, հարուստներ, իմաստուններ կան, բայց, ասում է, նրանք  ձեզ ոչ մի օգուտ չեն բերի: Երբ Աստծու հանդեպ վախը բացակայում է, հանդես են գալիս աղքատությունը, պատիժը, թուլությունը: Ուշադրություն դարձրո՛ւ իմաստության մեծ և զարմանահրաշ դասերին, որ ոչ մի արժանավոր բան չկա, որով կարելի է պարծենալ: Եթե ինչ–որ մեկը, ասում է, կատարյալ է մարդկանց որդիների մեջ, սակայն իմաստություն չունի, ապա դա ոչինչ է:
 

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

23-24. Այսպէս է ասում Տէրը. «Թող իմաստունն իր իմաստութեամբ չպարծենայ, թող հզօրն իր զօրութեամբ չպարծենայ, եւ թող մեծն իր մեծութեամբ չպարծենայ, այլ պարծեցողը թող այս բանով պարծենայ՝ իմանալ եւ ճանաչել ինձ, թէ ես եմ Տէր Աստուածը, որ երկրի վրայ իրաւ դատաստան, ողորմութիւն ու արդարութիւն եմ անում, որոնք հաճելի են ինձ, - ասում է Տէրը
 
     Մարդկանց ցանկացած հպարտություն մերժվում է, երբ նրանց իմաստությունը, ուժը և հարստությունը ոչնչի չի վերագրվում, այլ դրանք միայն Աստծո փառաբանման համար են. որպեսզի պարզ դառնա, որ Նա է երկրի վրա ողորմություն, դատաստան ու ճշմարտություն գործող Տերը, և որ ամեն ինչ ղեկավարվում է Աստծո նախախնամությամբ և ճշմարտությամբ, և որ մեզ անհիմն թվացողը լի է ճշմարտությամբ և բանականությամբ:  Քանի որ միայն դա է Աստծուն հաճելի և միայն դա է Նրա կամքը: Որտե՞ղ են նրանք, ովքեր ասում են, որ մարդը կարող է  առաջնորդվել սեփական կամքով, և որ նրան ազատ կամքի ունակությունը տրված է այնպես, որ ոչնչացվում են  Աստծո ողորմությունն ու ճշմարտությունը: Հետևաբար, առաքյալը, այս վկայությունը վերցնելով, ասում է. «Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենա» (Բ Կորնթ. 10:17):

   

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տերը. «Իմաստունը թող չպարծենա իր իմաստությամբ, զորավորը թող չպարծենա իր զորությամբ, հարուստը թող չպարծենա իր հարստությամբ»։ (Սինոդական թարգմ.) [23]