Երեմիայի մարգարեության մեկնություն 1:11

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

11-12.«Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ. «Ի՞նչ ես դու տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Նշենու գավազան եմ տեսնում»»։ [11]«Տերն ասաց ինձ. «Դու ճիշտ ես տեսնում, որովհետև Ես հսկում եմ, որ Իմ խոսքը շուտով կատարվի»»։ (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ չի ասվում, թե Երեմիան տվյալ դեպքում տեսիլք է ունեցել մարգարեական հափշտակության վիճակում։ Ո՛չ, նա իսկապես տեսավ ծաղկած նշենու մի ճյուղ, և այդ տեսիլքը, աստվածային ներշնչմամբ, նրան բերեց այն համոզմանը, որն արտահայտված է 12-րդ և 14-րդ համարներում։

   Նշենին եբրայերենում «հսկող» կամ «արթուն ծառ» է կոչվում ակնհայտորեն այն պատճառով, որ ձմեռային քնից հետո մյուս բոլոր ծառերից շուտ է ծաղկում: Հատկապես Պաղեստինում այն ծաղկում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, երբ բնության մեջ, կարելի է ասել, գրեթե ամեն ինչ քարացած է լինում ձմեռային սառնամանիքից։ Այս պատկերը դժվար չէ հասկանալ: Թեպետ մարդկության կյանքում դեռ ամեն ինչ առերևույթ հանդարտ է, և ամեն ինչ՝ կարծես քարացած, սակայն Տերն արթուն հսկում է, և Նրա խոսքն անպայման պիտի կատարվի: Լիովին պիտի իրագործվի այն ամենը, ինչ Նա որոշել է ազգերի ու թագավորությունների համար։ Հետևաբար մարգարեն պետք է չշփոթվի իրավիճակի թվացյալ կայունությունից, որի կործանման մասին պիտի քարոզի։

--------------------------------
[11] (Էջմիածին թարգ․) Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»: Ես ասացի. «Ընկուզենու գաւազան եմ տեսնում»:
(Արարատ թարգմ.) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Ո՛վ Երեմիա, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Նշենու մի ճյուղ եմ տեսնում ես»։
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ. Զի՞նչ տեսանես Երեմիա. եւ ասեմ՝ Գաւազան ընգուզի տեսանեմ ես։