Զաքարիայի մարգարեության մեկնություն 11։7

Ա․ Լոպուխին

«Եվ սկսելու են հովվել այն գառներին, որոնք մատնված են մահվան, գառների, որոնք իսկապես աղքատ են: Ես Ինձ համար երկու գավազան եմ վերցնելու և դրանցից մեկն անվանելու եմ բարեհաճություն, իսկ մյուսը` հանգույց, և դրանով հովվելու եմ գառներին»: (Սինոդական թարգ․) [7]
   
   Հաջորդիվ մարգարեն խորհրդանշական կերպով նկարագրում է բարի Հովվի գործունեությունը, որն այսուհետ Իր վրա է վերցնում հոտը պահպանելու աշխատանքը։ Ըստ խոսքի ընթացքի` այդ Հովիվը հենց Տերն է (կամ Աստվածային անձը, այսինքն` Մեսիան, Keil С.F.Op. cit. S. 617): Դժբախտ, մորթվելու մատնված ոչխարներին Նա հովվելու է երկու գավազանների միջոցով. դրանցից մեկը Նա անվանում է «բարեհաճություն» (Վիեննական կանոնում` շնորհ), իսկ մյուսը` «հանգույց»: Ըստ Լյաուրի` Բարի Հովվի կողմից տրված գավազանների խորհրդանշական անունները, ասես, պետք է ներկայացնեին Նրա հովվական ծառայության նշանաբանը (P. Elred Laur. Die Prophetennamen des Alten Testaments. Frieburg [Schweiz], 1903. S. 115): Հին շրջանի մեկնաբաններն ու Մ. Լյութերը «chobhelim» (հանգույց) բառի փոխարեն 7−րդ համարում կարդում էին «chabhalim» («հիվանդություններ», «ցավեր». Luther. 322, Marti. Op. cit. S. 441):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Քանանացիների երկրում ես հովուութիւն պիտի անեմ այն հօտին, որ մորթոտուելու համար է, ինձ համար երկու գաւազան պիտի վերցնեմ, մէկը պիտի կոչեմ՝ Գեղեցկութիւն, իսկ երկրորդը՝ Վիճակ, եւ պիտի արածացնեմ հօտերը:
(Արարատ թարգ․) Եվ ես արածեցրի մորթվելու հոտը, այսինքն՝ հոտի թշվառներին։ Եվ երկու գավազան առա. մեկն անվանեցի Բարեսիրություն, մյուսն անվանեցի Համաձայնություն և արածեցրի հոտը։
(Գրաբար) Եւ հովուեցից խաշինն կոտորելոյ յերկրին Քանանացւոց։ Եւ առից ինձ երկուս գաւազանս. զմին՝ կոչեցից գեղեցկութիւն, եւ զերկրորդն՝ կոչեցից վիճակ. եւ արածեցից զխաշինսն.