Ա․ Լոպուխին
5-6․ «Այսպես ասա երկրի բոլոր ազգերին ու քահանաներին. [5] «Երբ որ դուք պահք էիք պահում և լալիս էիք հինգերորդ ու յոթերորդ ամիսներին արդեն յոթանասուն տարի, արդյոք դուք Ի՞նձ համար էիք պահք պահում, Ի՞նձ համար»: «Եվ երբ դուք ուտում ու խմում եք, արդյոք ձե՞զ համար չէք ուտում, արդյոք ձե՞զ համար չէք խմում»: (Սինոդական թարգ․)
Աստծուց հայտնություն ստացած մարգարեի պատասխան խոսքից պարզ է դառնում, որ հարցադրում անողները, Տիրոջ պատվիրաններից բացի, չափազանց մեծ կարևորություն էին տալիս նաև սահմանված պահեցողություններին։ [Նրանք] այս զուտ ծիսական արարողություններին ահռելի բարոյական արժեք էին վերագրում: Մարգարեն, Տիրոջ խոսքի համաձայն, խրատում է ոչ միայն հասարակ ժողովրդին, այլ նաև քահանաներին, որոնք, հավանաբար, նույնպես հակված էին ծիսակատարությունների պահպանումը շփոթելու բարոյական պատվիրանների կատարման հետ: Քահանաները պահեցողություն էին սահմանել, ու ժողովուրդը հետևում էր դրան գերության երկարատև ժամանակահատվածում, սակայն դա ինքն իրենով արդյոք բարոյական որևէ նշանակություն ունե՞ր: Տերը չէր պահանջել սահմանել այդ պահեցողությունները և դրանք, հետևաբար, Նրա հետ որևէ կապ չունեին: Մարդ արարածը ուտում և խմում է իր կյանքը պահպանելու համար. ժուժկալությունն ինքնին պարտադիր կերպով բարոյական կատարելության չի հանգեցնում: Այս դեպքում պահքը, եթե դրան անհարիր նշանակություն է վերագրվում, կարող է շեղել մարդու ուշադրությունը այն պատվիրանների և օրենքների պահպանումից, որոնք տրվել են Աստծո կողմից նախորդ մարգարեների միջոցով, այն ժամանակ, երբ Երուսաղեմն իր շրջակայքով և ողջ երկիրը դեռ խաղաղություն ու բարգավաճում էր վայելում: Խաղաղությունը խաթարվել էր, բարեկեցությունը` անհետացել: Պարզ է, որ Տիրոջ կողմից տրված պատվիրանները չէին պահվել և դրանց հանդեպ անփույթ վերաբերմունքը ամբողջ երկրի հանդեպ հարուցել էր Աստծո բարկությունը: Այժմ էլ ոչ միայն պետք չէ մոռանալ պատվիրանների մասին, այլ նաև չպետք է դրանք հավասարեցնել Աստծո կամքի վրա չհիմնված սահմանումներին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) «Խօսի՛ր այդ երկրի ժողովրդի եւ քահանաների հետ եւ կ՚ասես. «Երբ դուք ծոմ էիք պահում եւ ողբում ահա եօթանասուն տարի շարունակ, հինգերորդ կամ եօթներորդ ամիսներին, մի՞թէ ինձ համար էիք ծոմ պահում.
(Արարատ թարգ․) «Այս երկրի ամբողջ ժողովրդին և քահանաներին ասա՛. Ահա այս յոթանասուն տարին, երբ ծոմ էիք պահում և սուգ անում հինգերորդ և յոթերորդ ամիսներին, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում։
(Գրաբար) Խաւսեաց ընդ ժողովրդեան երկրիդ՝ եւ ընդ քահանայս՝ եւ ասասցես՝ եթէ պահիցէք եւ կոծիցէք ի հինգերորդս կամ յեւթներորդս ամսոց. ահա եւթանասուն ամ. միթէ պա՞հս պահիցէք ինձ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: