Ա. Պ. Լոպուխին (†1904)
1-3․ «Դարեհ արքայի չորրորդ տարում՝ իններորդ ամսվա՝ Քասղևի չորրորդ օրը, Տիրոջ խոսքը եղավ Զաքարիային», [1] «երբ Բեթելը ուղարկեց Սարասարին, Ռեգեմ-Մելեքին և նրա մարդկանց՝ աղոթելու Տիրոջ առաջ» «և հարցնելու Զորությունների Տիրոջ տան քահանաներին ու մարգարեներին. «Մի՞թե պիտի հինգերորդ ամսում լաց լինեմ և ծոմ պահեմ, ինչպես անում էի երկար տարիներ»»։ (Սինոդական թարգ․)
Ի հիշատակ այն տխուր իրադարձությունների, որոնք Իսրայելին տանում էին վերջնական ավերածության և ցրման, սահմանվել էին պահեցողության օրեր, որոնք պահվում էին թե՛ գերության ընթացքում, թե՛ դրա ավարտից հետո: Այդ պահքերը չորսն էին.
1․ տասներորդ ամսվա պահքը` ի հիշատակ այն օրվա (տասներորդ ամսվա տասներորդ օրը), երբ Նաբուգոդոնոսորն սկսեց Երուսաղեմի պաշարումը (Դ Թագ. 25:1),
2․ չորրորդ ամսվա պահքը, որի իններորդ օրն սկսվեց Երուսաղեմի պարիսպների ավերումը (Երեմ. 52:5-7),
3․ հինգերորդ ամսվա յոթերորդ օրը տեղի ունեցած տաճարի ու քաղաքի հրկիզումը և պարիսպների վերջնական կործանումը պատճառ հանդիսացավ հատուկ, մյուսներից ավելի կարևոր, պահք սահմանելու համար (Դ Թագ. 25 և հաջ.),
4․ և, վերջապես, ի հիշատակ Գոդոնիելի սպանության՝ պահք սահմանվեց յոթերորդ ամսում (տե՛ս Դ Թագ. 25:25):
Սակայն Դարեհի թագավորության չորրորդ տարում տաճարի վերակառուցումն այնքան էր առաջ գնացել և գործերն, առհասարակ, այնպիսի բարենպաստ ընթացք էին ստացել, որ ոմանք սկսել էին մտահոգվել այն մտքից, թե արդյոք ժամանակահարմար է շարունակել հինգերորդ ամսվա պահքը (որը պահվում էր տաճարի կործանման հիշատակին), երբ ավերման հետքերն արդեն վերացել էին, և, հետևաբար, վերացվել էր նաև պահքի և սգի պատճառը: Մի՞թե ժամանակը չէր վերացնել այդ պահքը: Բավական դժվար է հստակ որոշել, թե ում կողմից էր բարձրացվում այս հարցը: «Բեթելը» (Զաք. 7:2), որը, ըստ երևույթին, նշանակում է այն համայնքը կամ անձը, որը պատգամավորներ է ուղարկում Տիրոջ առջև, ուսումնասիրողների կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում. ոմանք այդ արտահայտությունը «Տիրոջ տուն», այսինքն՝ հավատացյալների համայնք (առանց հստակ սահմանազատումների) իմաստով են հասկանում, իսկ այլք՝ Բեթել քաղաքի իմաստով, ուր վերադարձել էին բաբելոնական գերությունից եկածների մի մասը: Իրենց ծննդավայրում հաստատված հենց այս գերիներն էլ պատգամավորներ են ուղարկում Երուսաղեմ (պատգամավորները, ակնհայտորեն, ծնվել էին Բաբելոնում և, հետևաբար, քաղդեական անուններ էին կրում), որպեսզի «աղոթեն Տիրոջ առաջ» և երկար տարիներ պահվող հինգերորդ ամսվա պահքը չեղարկելու ժամանակի մասին հարց ուղղեն քահանաներին ու մարգարեներին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Դարեհ թագաւորի չորրորդ տարում, իններորդ ամսի՝ Քասղեւ ամսի չորրորդ օրը Տիրոջ խօսքը հասաւ Զաքարիային:
(Արարատ թարգ․) Եվ Դարեհ թագավորի չորրորդ տարում՝ իններորդ ամսի, այսինքն՝ Քասղևի չորսին, Տիրոջ խոսքը հասավ Զաքարիային,
(Գրաբար) Եւ եղեւ յամին չորրորդի Դարեհի արքայի, եղեւ բան Տեառն առ Զաքարիա, որ աւր չորք էին ամսոյն իններրորդի, որ է քասղեւ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: