Զաքարիայի մարգարեության մեկնություն 9։9

Ա․ Լոպուխին

«Ուրախացիʹր խնդությամբ, դոʹւստր Սիոնի, կանչիʹր ցնծությամբ, դոʹւստր Երուսաղեմի. ահա քո Թագավորը քեզ մոտ է գալիս, քո արդար, փրկագործ ու խոնարհ Թագավորը, որ նստած է էշի ու էշի քուռակի վրա»: (Սինոդական թարգ․) [9]
   
   Մեսիա Թագավորի գալուստը, Ով դեպի Երուսաղեմ է ընթանում քուռակ հեծած, խաղաղության ու անվտանգության գրավականն է ոչ թե ինչ−որ մասնավոր դեպքի, այլ երկար ժամանակի համար: Այս գալուստը վկայում է ինչպես այս Թագավորի խաղաղասիրության (ձին ռազմական նպատակներով օգտագործվող կենդանի է), այնպես էլ Նրա մեծագույն խոնարհության մասին. «Ավանակը, ըստ Ռուժեմոնտի խոսքերի, անկասկած արևելքում պակաս արհամարհանք է վայելում, քան մեզ մոտ. այնտեղ ավանակ հեծնելը ոչ մի ծիծաղելի բան չի ներկայացնում, այնուամենայնիվ, ո՛չ թագավորները, ո՛չ ազնվականները չէին հեծնում այս կենդանուն» (վերը նշված ստեղծագործություն, էջ 218; հմմ. Keil С.F. Op. cit. S. 600): Այս Թագավորի առանձնահատուկ որակներից են նաև արդարությունն ու Իր ենթականերին փրկելու պատրաստակամությունը:

   Զաքարիայի մարգարեության 9:9 համարի իրականացումը տեսնում ենք Մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հանդիսավոր մուտքի ժամանակ, որն էլ նկարագրված է Մատթ. 21:2 և հաջորդ, Մարկ. 11:2 և հաջորդ, Ղուկ. 19:30 և հաջորդ, Հովհ. 12:14 և հաջորդ համարներում: Մասնավորապես, մարգարեության բովանդակությունը ճիշտ համընկնում է Մատթեոս ավետարանչի կողմից տրված դրա կատարման նկարագրության հետ, որը հիշատակում է նաև էշի ու էշի քուռակի մասին (տե՛ս 2−րդ, 5−րդ ու 7−րդ համարներ). Տիրոջը միայն մեկ կենդանի էր անհրաժեշտ, սակայն որպեսզի իրականանան մարգարեի միջոցով ասված խոսքերը (տեʹս 4−րդ համար), բերվում են էշ և էշի քուռակ: Ըստ Կեյլի` «էշը պետք է նպաստեր, որպեսզի Զաքարիայի նկարագրած պատկերը ամբողջական կերպով ներկայացվեր» (Op. cit. S. 602): Այնուամենայնիվ, միտումնավոր կերպով հնարավոր չէր իրականություն դարձնել այն, ինչը նկարագրված էր մարգարեի կողմից. հեշտ էր ստիպել աշակերտներին անել այն, ինչը հաճելի էր նրանց Ուսուցչին, բայց ինչպե՞ս դրդել ամբոխին, որը մեծ մասամբ թշնամաբար է տրամադրված Գալիլեայից եկած մարգարեի հանդեպ, Նրան ողջունել «օվսաննա» բացականչությամբ: Այս պարագայում կարծրացած սրտերը մեղմացնելը նույնքան դժվար էր, որքան քարերին աղաղակել ստիպելը. հասկանալի է, որ Զաքարիա մարգարեն մարդկային բանականությամբ չի հայել ապագայում Փրկչի կյանքում տեղի ունենալիք այդչափ նշանակալի իրադարձությունը: Սուրբ Եփրեմին հետևող և ավանակի վրա նստած աշխարհի Թագավորի ընթացքը որպես Նրա կամավոր խոնարհեցման մատնանշում մեկնաբանողներից բացի որոշ հետազոտողներ Նոր Կտակարանում խնդրո առարկա մարգարեության կատարումը դիտում են որպես հրեաների մարմնական ակնկալիքների լուռ դատապարտում (Haupt E. Die alttestmentlichen Citate in den vier Evangelien. Colberg, 1871. S. 277, 279; Baudissin W. W. F. Einleitung in die Bücher des Alten Testamentes. Leipzig, 1901. S. 577; Keil С.F. Op. cit. S. 600; Ефрем Сирин, свт. Толкование на книгу Пророчества Захарии // Творения. Т. 6. М., 1907. С. 240)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէմի, ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագաւորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրայ:
(Արարատ թարգ․) Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։
(Գրաբար) Ուրախ լեր յոյժ, դուստր Սիոնի, քարոզեա, դուստր Երուսաղէմի, ահա թագաւոր քո գայ առ քեզ, արդար եւ փրկիչ, նոյն հեզ՝ եւ հեծեալ ի վերայ իշոյ՝ եւ յովանակի նորոյ.