Հովնանի մարգարեության մեկնություն 1:13

Ա․ Լոպուխին

13-15. Սակայն այս մարդիկ սկսում են տքնաջան կերպով թիավարել, որպեսզի հասնեն ցամաքին, բայց չեն կարողանում, որովհետև ծովը շարունակում էր ալեկոծվել նրանց դեմ: [13] Այդ ժամանակ նրանք դարձան դեպի Տերը ու ասացին. «Աղաչում ենք Քեզ, Տեր, մեզ կորստյան միʹ մատնիր այս մարդու հոգու համար, և անմեղ արյուն միʹ բեր մեզ վրա, քանի որ Դու, Տեʹր, արեցիր այնպես, ինչպես որ հաճո է Քեզ»: Ու վերցրին Հովնանին և նրան ծովը գցեցին, ու ծովը հանդարտվեց իր կատաղությունից: (Սինոդական թարգ․)
   
   Նավաստիները անմիջապես չկատարեցին Հովնանի կողմից իր համար կայացված վճիռը: Սկզբում նրանք փորձեցին օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի փրկեին մարգարեին` նրան ափ իջեցնելով: Երբ դա չհաջողվեց, նախքան մարգարեին ծովը գցելը նրանք սրտագին աղոթքով դիմեցին Տեր Աստծուն, որպեսզի Նա նրանց «անմեղ արյան» համար չմեղադրի: Այստեղ ուշադրություն է գրավում նավի վրա գտնվողների Հովնանի հանդեպ ունեցած կարեկցանքն ու խոր կրոնասիրությունը: Ոմանք ասում են, որ այս հատվածում, ինչպես նաև նինվեացիներին վերաբերող հետագա խոսքում (Հովն. 3:5−9), հեթանոսները իդեալականացված են: Այն, ինչը պատմվում է նրանց մասին, նախ ինքն իրենով է անհավանական, ապա այն պարագայով, որ սա գրել է Հովնան մարգարեն կամ էլ նրա ժամանակակիցներից որևէ մեկը, քանի որ հեթանոսների հանդեպ նրանց ունեցած բացասական վերաբերմունքի մասին շատ լավ հայտնի էր: Նմանատիպ փոքր հիմքի վրա սույն գրքի անարժանահավատության, ավելի ուշ շրջանի ծագման և բովանդակության ոչ թե պատմական, այլ առասպելական բնույթ ունենալու մասին մեծ եզրակացություն է առաջ գալիս։ Իրապես, ի՞նչ անհավանական բան կա նրանում, որ նավի վրա գտնվող հեթանոսները զգացմունքներ ունեցող մարդիկ էին և ունակ էին իրենց կարեկցանքը հայտնելու մի մարդու, ով նրանց փրկության համար որոշել էր միայնակ տառապել: Ի՞նչ անհավանական բան կա այն փաստի մեջ, որ ծովի վրա ու վտանգների մեջ ճանապարհորդելը նրանց աղոթել էր սովորեցրել: Սակայն նշում են, որ նրանք ոչ միայն իրենց աստվածներին են աղոթել, այլ նաև Տեր Աստծուն` հրեաների Աստծուն (տե՛ս 14−րդ համար): Եվ իրապես, աստվածային անունների գործածության պարագայում Հովնանի մարգարեության հեղինակը միանգամայն հստակ է. երբ խոսքը առհասարակ Աստծո` իբրև Ամենակարող Արարչի ու Տիրակալի մասին է, ապա հեղինակը կիրառում է Էլոհիմ անունը ( Հովն. 1:5, 6, 3:5, 8, 10, 4:7, 8, 9), իսկ երբ խոսվում է Տիրոջ ու Նրա, իբրև հրեա ժողովրդի Աստված, Հովնանի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին, Նա Յահվե անունով է կոչվում (Հովն. 1:1, 3, 4, 9; 2:1, 3, 3:1, 3, 4:4, 6, 10): Այդ իսկ պատճառով էլ 14−րդ համարը, որտեղ դրված է Յահվե անունը, պետք է հենց այն իմաստով հասկանալ, որ նավի վրա գտնվող մարդիկ աղոթում էին հրեաների ու Հովնանի Աստծուն, քանի որ աղաչում էին Հովնանի՝ Յահվեի մարգարեի մահվան համար իրենց չմեղադրել, և տարօրինակ կլիներ, որ նրանք այդ մասին աղաչեին իրենց աստվածներին: Եվ եթե ուսումնասիրվող հատվածում իդեալիզմ չկա, այլ միայն հեթանոսների մասին ճշմարտությունն է ասվում, ապա այդպիսի ճշմարտությունը, բնականաբար, կարող էր գրի առնվել Հովնանի կողմից, քանի որ անգամ մահվան սպառնալիքի ներքո (տե՛ս 12−րդ համար) նա չէր վախենում խոսել այդ մասին:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Մարդիկ ջանում էին նաւը ցամաք վերադարձնել եւ չէին կարողանում, քանի որ ծովն աւելի ու աւելի էր ալեկոծւում ու սաստկանում նրանց դէմ:
(Արարատ թարգ․) ՏիրոջԱյնուամենայնիվ, այդ մարդիկ թիավարեցին, որ ետ հասնեն ցամաքին, բայց չկարողացան, որովհետև ծովը գնալով ալեկոծվում էր նրանց դեմ։
(Գրաբար) Եւ ջանային արքն դարձուցանել զնաւն ի ցամաք՝ եւ ոչ կարէին. զի ծովն եւս քան զեւս խռովէր եւ սաստկանայր ի վերայ նոցա։