Հովնանի մարգարեության մեկնություն 1:7

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ ասացին միմյանց. «Եկե՛ք վիճակ գցենք, որպեսզի իմանանք, թե ում պատճառով է մեզ հասել այս չարիքը»։ Եվ վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին»: (Սինոդական թարգ․)[7]
   
   Եվ ասացին միմյանց. «Եկե՛ք վիճակ գցենք, որպեսզի իմանանք, թե ում պատճառով է մեզ հասել այս չարիքը»։ Հնագույն ժամանակներում տարածված էր այն տեսակետը, որ առանձնահատուկ և արտասովոր աղետները մարդկանց պատահում են նրանց կատարած ինչ−որ մեծ մեղքի պատճառով (Հոբ 4:8−11, 18:5−21): Այս տեսակետը կիսելով է, որ նավաստիները եզրակացրին, թե այդ ահռելի փոթորիկը իրենց վրա է հասել նավի վրա գտնվողներից մեկի արտասովոր մեծ մեղքի պատճառով: Աղետի համար մեղավորին նրանք փորձում են գտնել վիճակահանությամբ: Այս ավանդույթը տարածված է եղել հին ազգերից շատերի մոտ` ինչպես հեթանոսների, այնպես էլ հրեաների, և երկուսն էլ միևնույն ժամանակ այն համոզումն ունեին, որ ոչ թե կույր պատահականությունն է վճռում հարցը, այլ Աստված (կամ էլ հեթանոս աստվածները) է տնօրինում իրավիճակը (Հես. 7:14, Ա Թագ. 10. 20-23, 14:42, Գործք. 1:26, Cicero. De natura deorum. III, 36):

   «Վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին». այսպիսով՝ Հովնան մարգարեի գիրքը հասկացնում է, որ ոչ միայն վիճակ գցողներն էին հավատում, որ Աստված է տնօրինում վիճակը, այլ իրականում հենց այդպես է:

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Եւ իւրաքանչիւրն ասաց իր ընկերոջը. «Եկէ՛ք վիճակ գցենք եւ իմանանք, թէ ում պատճառով են այս չարիքները պատահում մեզ»: Վիճակ գցեցին, եւ վիճակն ընկաւ Յովնանին:
(Արարատ թարգ․) Եվ միմյանց ասում էին. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով է մեզ այս չարիքը եկել»։ Վիճակ գցեցին, և վիճակն ընկավ Հովնանին։
(Գրաբար) Եւ ասեն իւրաքանչիւր ցընկեր իւր. Եկայք արկցուք վիճակս՝ եւ գիտասցուք, վասն ո՞յր են չարիքս այս ի վերայ մեր։ Արկին վիճակս, եւ ել վիճակն Յովնանու։