Ա․ Լոպուխին
Մաղաքիայի միջոցով Տիրոջ մարգարեական խոսքը Իսրայելին։ (Սինոդական թարգ․) [1]
Առաջին հերթին, մարգարեն ցանկանում է իսրայելացիների մեջ այն գիտակցությունն արթնացնել, թե նրանք որքան են պարտական Աստծո՝ իրենց հանդեպ ցուցաբերված ողորմածությանը: Դրա համար նա ցույց է տալիս, որ Աստված դեռ սիրում է Իսրայելի ժողովրդի նախահայր Հակոբին, որը գերադասելի է իր եղբայր Եսավից. Աստված այժմ էլ շարունակում է առանձնահատուկ սիրով վերաբերվել Հակոբի սերունդներին՝ թույլ չտալով, որ Եսավի սերունդները բարձրանան:
«Մարգարեական խոսքը»։ Այստեղ դրված եբրայերեն «massa» բառը նշանակում է «բեռ, ծանրություն» (օրինակ՝ Ես․ 13։1)։ Մինչև Երեմիա մարգարեի ժամանակները մարգարեական խոսքի այսպիսի անվանումը կիրառվում էր միայն օտար ազգերին ուղղված խոսքերի պարագայում, իսկ Երեմիայից հետո այն սկսում է կիրառվել նաև հրեաներին ուղղված խոսքերի դեպքում։ Այդ անվանումով մատնանշվում է հաջորդող մարգարեության ահեղ բնույթը։ Իսկապես, Մաղաքիան խիստ կերպով դատապարտում է մեղավոր հրեաներին և նրանց համար Աստծո պատիժ է կանխատեսում (տե´ս Մաղ․ 2։3, 3։5)։
«Իսրայելին»։ Մաղաքիայի մարգարեությունը ուղղված է գերությունից վերադարձած Հուդայի թագավորության հպատակներին, սակայն մարգարեն նրանց «Իսրայել» է անվանում, որովհետև որպես ամբողջ իսրայելական ժողովրդի միակ ներկայացուցիչներ (իսրայելական թագավորության հպատակները չէին վերադարձել Պաղեստին)՝ հետգերության շրջանի հրեաներն իրենց այդպես էին կոչում։
«Մաղաքիայի միջոցով», այսինքն` Մաղաքիայի միջնորդությամբ։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տիրոջ մարգարէական պատգամը Իսրայէլի մասին իր պատգամաբերի միջոցով:
(Արարատ թարգ․) Մաղաքիայի միջոցով Տիրոջ պատգամը Իսրայելին։
(Գրաբար) Առած բանի Տեառն ի վերայ Իսրայէլի ի ձեռն հրեշտակի իւրոյ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: