Մաղաքիայի մարգարեության մեկնություն 1։14

Ա․ Լոպուխին

Անիծված է ստախոսը, ում հոտի մեջ պիտանի արու կա, և նա ուխտ է արել, սակայն Տիրոջը անպետքին է զոհ մատուցում․ քանզի Ես մեծ Թագավորն եմ, և Իմ անունը սարսափելի է ժողովուրդների մեջ։ (Սինոդական թարգ․) [14]
   
   
   Այժմ արդեն Տեր Աստծու զոհասեղանի հանդեպ արհամարհանքի համար մարգարեն հանդիմանում է հասարակ իսրայելացիներին։ Պարզվում է, որ բերողները նաև լավ կենդանիներ են ունեցել, ընդ որում` արու (արուները գերադասվում էին էգերից), սակայն այդպիսի կենդանիներին հրեաներն իրենց են պահել և արատավոր կենդանիներին են զոհ մատուցել։ «Ես մեծ թագավորն եմ»։ Սա 11−րդ համարում առկա մտքի կրկնությունն է։

   Իհարկե, մարգարեն զոհաբերության արտաքին կարգին այսքան կարևորություն է տալիս, որովհետև այդ օրենքով հաստատված կարգի հանդեպ ուշադրության պակասը վկայում է այն ժամանակի եբրայական հասարակության մեջ Աստծո հանդեպ ներքին ակնածանքի պակասի մասին։ Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ մարգարեն նաև աստվածահարգության մեջ է մեծ հեղաշրջում կանխատեսում։ Նախկինում միմիայն Երուսաղեմն էր աստվածապաշտության օրինավոր վայր համարվում, իսկ Ահարոնի տոհմը՝ պաշտամունքի օրինական կատարող։ Իսկ այժմ մարգարեն ամենուրեք, և ոչ թե միայն Երուսաղեմում, Աստծուն ճշմարիտ զոհ մատուցելու հնարավորության մասին է կանխատեսում։ Իհարկե դրա հետ կապի մեջ է նաև այն կարգի չեղարկումը, որի ուժով միայն Ահարոնի տոհմի քահանաները կարող էին զոհ մատուցել։ Ակնհայտորեն, ժամանակի ընթացքում զոհեր են մատուցվելու ոչ միայն Ահարոնի սերնդի ներկայացուցիչների, այլև տարբեր ցեղերից և ժողովուրդներից սերող այլ անձանց կողմից (համար 11)։ Մի՞թե պարզ չէ, որ Մաղաքիան իրական աստվածահարգության ազգային և տեղային սահմանների վերացման ավետաբերն է, որի մասին ողջ պարզությամբ հայտարարում է Տեր Հիսուս Քրիստոս (Հովհ․ 4։23 և հաջորդները)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Թող անիծեալ լինի այն մարդը, որն ունեւոր է, իր հօտի մէջ որձ ունի եւ ուխտ է արել մատուցել, սակայն արատաւորն է մատուցում Տիրոջը: Մինչդեռ ես յաղթող թագաւոր եմ, - ասում է ամենակալ Տէրը, - եւ իմ անունը յայտնի է ազգերի մէջ»:
(Արարատ թարգ․) Եվ թող անիծյալ լինի խաբեբայությամբ վարվողը, իր հոտի մեջ որձ ունենալով ուխտ է անում և արատավորն է զոհ մատուցում Տիրոջը. որովհետև ես մեծ թագավոր եմ,- ասում է Զորքերի Տերը,- և իմ անունն ահարկու է ազգերի մեջ»։
(Գրաբար) Անիծեալ լիցի մարդն որ կարաւղ իցէ, եւ կայցէ ի խաշին նորա որձ. եւ ուխտ իւր յանձին իւրում, եւ մատուցանիցէ Տեառն զարատաւորն, զի թագաւոր յաղթաւղ եմ ես, ասէ Տէր ամենակալ, եւ անուն իմ երեւելի ի մէջ ազգաց։