Սոփոնիայի մարգարեության մեկնություն 2:1

 Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

1-2․ «Ուշադիր քննե՛ք ձեզ, քննե՛ք, անսա՛նձ ժողովուրդ»։ [1] «Մինչև որ վճիռը չիրականանա, - օրը պիտի անցնի հարդի պես, - մինչև որ Տիրոջ բորբոքված բարկությունը ձեզ վրա չգա, մինչև որ Տիրոջ ցասման օրը ձեզ համար չգա»: (Սինոդական թարգ․)
   
   «Հիանալի նկարագրելով պատերազմի ծանրությունը և մոտալուտ աղետի մեծությունը՝ Նա, պահը բարեպատեհ համարելով, կրկին խոսքն ուղղում է նրանց՝ ապաշխարություն արթնացնելու համար, քանի որ սարսափի մատնված ժողովրդին հաղթելն արդեն հեշտ էր: Երբ հոգին կարծրացած է և տարված է ամոթալի և անարգ արարքների հանդեպ ուժեղ հակումով, մենք դժվարությամբ ենք հասնում նույնիսկ ապաշխարելու ցանկությանը, բայց հաճախ միայն վախն է, որ հակառակ մեր կամքին մեզ դրդում է դրան: Ուստի նրանց Իր հետ հաղորդակցվելու կոչ է անում» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն», Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Ա, էջ 34):

   Այն դեպքում, երբ օտար ժողովուրդների կործանումը (նրանց մասին մարգարեությունը տրված է ստորև՝ 4−րդ համարից) կլինի անդառնալի ու վերջնական, հրեա ժողովրդի գոնե լավագույն մասը դեռ կարող է փրկվել: Փրկության ճանապարհը մարդկանց հոգևոր տրամադրության փոփոխության, ապաշխարության և ուղղվելու մեջ է, որի սկիզբը պետք է դառնա ժողովրդի հոգևոր ուժերի համախմբումը և յուրաքանչյուրի ու բոլորի ինքնախորասուզումը (կամ ներհայեցողությունը): Հենց սա է, որին մարգարեն 1-ին համարում կոչ է անում իր ժամանակակիցներին, իսկ  2− րդ համարում նշում է դրա շարժառիթը՝ ցույց տալով, որ հակառակ դեպքում Աստծու դատաստանի օրն անխուսափելիորեն պիտի գա իր ամբողջ սարսափով:

   Ինչպես արդեն հայտնի է Սոփ. 1:12-ից, մարգարեի ժամանակակից հասարակությունը խոր անտարբերություն էր ցուցաբերում հոգևոր բարձր պահանջների և կրոնի հանդեպ, ինչպես նաև անդիմադրելի ձգտում ուներ կյանքի անսպառ բարիքների և հաճույքների հանդեպ: Այդ պատճառով մարգարեն իր ժողովրդին անվանում է «հագգոյ լո-նիքսաֆ» (Յոթանասնից՝ «το εθνος το απαιδευτον», Վուլգաթա՝ «gens non amabilis»՝ ազգ, որն արժանի չէ սիրո, սլավ.՝ «язык ненаказанный»՝ «անխրատ ժողովուրդ»), և դիմում է նրան կոչով՝ «հիթքոշեշու վաքոշշու» (Յոթանասնից՝ «συvαχθτε καὶ συvδεθῆτε», Վուլգաթա՝ «convenite, congregamini», սլավ.՝ «соберитеся и свяжитеся»՝ «հավաքվե՛ք և միավորվե՛ք»), այսինքն՝ իր ժամանակակից բոլոր հրեաներին մղում է բոլոր մտքերն ու զգացմունքները կենտրոնացնել մեկ բանի՝ ապաշխարության միջոցով կործանումը հեռացնելու որոշման վրա. «Ուշքի՛ եկեք և խոնարհվե՛ք, անօգնակա՛ն ժողովուրդ»: Հակառակ դեպքում սպասվող կործանումը, ընդ որում կատարյալ կործանումը, նման է քամուց անհետացող հարդի (եբր.՝ «քեմոց»,  Ես. 24:5) և սարսափելի է, ինչպես Տեր Աստծու բարկության բոցը (եբր.՝ «խարոն աֆ—Եհովա»):

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) աւաքուեցէ՛ք եւ քննեցէ՛ք ձեզ, ո՛վ անզգամ ազգեր,
(Արարատ թարգ․) Հավաքվե՛ք ու ժողովվե՛ք, ո՛վ անամոթ ազգ.
(Գրաբար) Ժողովեցարուք եւ խնդրեցէք, ազգք անխրատք,