Սոփոնիայի մարգարեության մեկնություն 3:2

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

2-4․ «Ականջալուր չի լինում ձայնին, չի ընդունում խրատը, չի ապավինում Տիրոջը, չի մոտենում իր Աստծուն»։ [2] «Նրա իշխանները նրա մեջ մռնչացող առյուծներ են, նրա դատավորները՝ երեկոյան գայլեր, որոնք մինչև առավոտ ոչ մի ոսկոր չեն թողնում»։ «Նրա մարգարեները թեթևամիտ ու երդմնազանց մարդիկ են, նրա քահանաները պղծում են սրբարանը և ոտնահարում օրենքը»։ (Սինոդական թարգ․)
   
   Այս բաժնի սկզբնական՝ 2-րդ համարը բովանդակում է Երուսաղեմի բնակչության բարոյական վիճակի ընդհանուր անմխիթար բնութագիրը: Մարգարեի ժամանակակից երուսաղեմացիների կրոնաբարոյական կյանքը լիակատար անկման մեջ էր. «Ազգն ականջալուր չի լինում ձայնին», ուշադրություն չի դարձնում Տիրոջ օրենքի պատվիրաններին (Սաղմ. 94:7) և դրանք չի կատարում կյանքում (Բ Օր. 28:1-2): Նա «չի ընդունում խրատը»՝ բարոյադաստիարակչական բոլոր տեսակի միջոցները, այսինքն՝ ուսուցողական խոսքը կամ գործողությունը (Առակ. 1:2, 8, 4:1, 13։1, 15:1), աստվածային հորդորները՝ տրված տարբեր երևույթների միջոցով (Հոբ. 5:17, Ես. 26:16, Առակ. 3:11), ինչպես նաև ընտրյալ ժողովրդի հանդիմանությունը և խրատը մարգարեների կողմից (Երեմ. 7:21−28): Ավելին, ժողովուրդն ասես կորցրել է իր ամբողջ հավատը Տեր Աստծու և Նրա զորության հանդեպ. «չի ապավինում Տիրոջը», այսինքն՝ հույսը դնում է միայն իր նյութական հարստության ուժի և նշանակության վրա (հմմտ. Սոփ. 1:12), և «չի մոտենում իր Աստծուն»՝ դիմելով տարբեր տեսակ կեղծ պաշտամունքների (Սոփ. 1:4−6):

   Հաջորդ երկու համարներում (3-4) արդեն առանձին−առանձին տրվում է Երուսաղեմի բնակչության ղեկավար դասի, այն է՝ աշխարհիկ ղեկավարության` իշխանների և դատավորների (տե՛ս 3-րդ համար), ինչպես նաև ժողովրդի հոգևոր ու կրոնական առաջնորդների` մարգարեների ու քահանաների առավել մասնավոր նկարագիրը (տե՛ս 4-րդ համար): Ժողովրդի այս առաջատար ներկայացուցիչների ամբողջ նկարագիրը խիստ հիշեցնում է ավելի ուշ Եզեկիել մարգարեի տված նմանատիպ բնութագիրը (տե՛ս Եզեկ. 22։25−28): 3−րդ համարում առանձնակի շեշտվում են «իշխանները» (եբր.՝ «սարիմ»), այսինքն՝ իշխանության մեջ վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք (այստեղ՝ արքայական տան անդամները և պալատական պաշտոնյաները), ինչպես նաև «դատավորները» («շաֆետիմ»)՝ պետության մեջ դատավարություն իրականացնող անձինք: Առաջինները համեմատվում են մռնչացող առյուծների հետ, որոնք ագահությամբ նետվում են որսի վրա։ Սա Հին Կտակարանում հաճախ հանդիպող պատկեր է՝ հզոր բռնակալների նկարագրության համար (Առակ. 28:15, Եզեկ. 19։2, Ամոս. 3:4): Մռնչյունով դեպի ավարը նետվող առյուծների նման (տե՛ս Ես. 5:29, Սաղմ. 103:21) Երուսաղեմի ազնվականությունը մշտապես ձգտում էր կամայականության, հափշտակության ու բռնության և առյուծների պես մնում էր բոլորովին անպատիժ:

   Նմանապես, ժողովրդի դատավորները, մոռանալով արդարության և օրենքի մասին, իրենց ծառայությունը վերածել էին շահույթ ստանալու արհեստի (Միք. 3:11) և շահամոլության մրցավազքում նմանվել էին ագահ գայլերի, որոնք ամբողջ գիշեր զբաղված են ավար ձեռք բերելով, բայց իրենց ագահությամբ հասցնում են այն խժռել դեռևս մինչև լուսաբաց. «Նրա դատավորները գիշատիչներ են, որոնք ուրիշներին ոչինչ չեն թողնում թալանելու համար» (Երանելի Հերոնիմոս. «Ստեղծագործություն, Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք», մաս 14, Կիև, 1898 թ., էջ 293):

   «Երեկոյան գայլեր» (եբր.՝ «զեևե−էրև») արտահայտությունը Յոթանասնիցն անհաջող կերպով՝ «λύκοι Αραβίας 1» է թարգմանել (այդպես է նաև Ամբ. 1:8-ում), (Յոթանասնիցի փոխանցումից թվում է, թե բուն տեքստում «зэеве−арав է եղել»): Այս երկու դեպքում էլ, հետազոտողների և մեկնիչների ընդհանուր կարծիքի համաձայն, ճշմարտությունը մասորեթական տեքստի կողմն է: Հրեա ժողովրդի աշխարհիկ իշխանությունների (ազնվականներ և դատավորներ, տե՛ս 3-րդ համար) հետ մեկտեղ բարոյական բարձրության վրա չեն կանգնած նաև հոգևոր դասի ներկայացուցիչները՝ մարգարեները և քահանաները, որոնք պետք է միջնորդ լինեին Աստծու և Նրա ժողովրդի միջև: Մարգարեները մեղադրվում էին  հանցավոր թեթևամտության մեջ (եբր՝ «պոխազիմ», Յոթանասնից՝ «πνευματοφοροι», սլավ.՝ «ветроносцы», Եզեկ․ 22։28), որով նրանք իրենց կարծիքները և երազանքները ընդունում էին որպես աստվածային հայտնություններ (հմմտ. Երեմ. 23:32): Այդպես վարվելով՝ նրանք խաբում էին թե՛ Աստծուն, թե՛ մարդկանց, և կրոնի մեջ բառիս բուն իմաստով գործում խաբեություն և երդմնազանցություն (եբր.՝ «բոգեդոտ»): Ոչ պակաս հանցավոր գործունեություն էին ծավալում նաև քահանաները: Կոչված լինելով ծառայել Աստծու ժողովրդի սրբագործմանը (Ղևտ. 11:44)՝ քահանաները նախևառաջ իրենք պետք է խստորեն տարբերակեին սուրբը (եբր.՝ «քոդեշ») և ոչ սուրբը՝ աշխարհիկը (եբր.՝ «քոլ»), և ապա ուրիշներին սովորեցնեին ծիսական և բարոյական մաքրություն (Ղևտ. 10:10−11, Ելք 29:23): Սակայն այս ամենի փոխարեն քահանաներն իրենք էին պղծում սրբությունը (Եզեկ. 22:26) և գիտակցաբար խախտում օրենքը հենց պաշտամունքի վայրում. «Սուրբ վայրում նրանք սրբապղծություն էին անում և օրենքի դեմ գործելով՝ օրենքի կանոններով զոհեր էին մատուցում» (Երանելի Հերոնիմոս, նույն տեղում, էջ 293):

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Յոյսը չդրեց Տիրոջ վրայ եւ Աստծուն չմօտեցաւ:
(Արարատ թարգ․) Ձայնին ականջ չդրեց, խրատ չընդունեց, Տիրոջը չապավինեց, իր Աստծուն չմոտեցավ։
(Գրաբար) ի Տէր ոչ յուսացաւ. եւ առ Աստուած ոչ մերձեցաւ։