Ա․ Լոպուխին
9-10․ Այնուհետև Ես նորից ազգերին մաքուր շուրթեր կտամ, որ բոլորը Տիրոջ անունը կանչեն և միահոգի Նրան ծառայեն: [9] Եթովպիա երկրների գետի մյուս կողմից, Իմ երկրպագուները, Իմ ցրվածների զավակները, Ինձ նվերներ են բերելու: (Սինոդական թարգ․)
Մեծագույն նշանակություն ունեցող այս իրադարձությունը (անթիվ ժողովրդական զանգվածների անցումը չարության խավարից դեպի ճշմարիտ Աստվածտեսության լույսին, ստից՝ դեպի հավիտենական ճշմարտությանը) մարգարեն ներկայացնում է որպես հատուկ արարչագործական ակտի բացառիկ գործողություն՝ Աստծո կողմից միտումնավոր կերպով անհամար մարդկանց շուրթերի մաքրում. «аз эхпох эльаммим сафа верура»՝ «Այնուհետև նորից ազգերին մաքուր շուրթեր կտամ»: «Մաքուր շուրթեր» (եբրայերեն՝ «сафа верура», Վուլգաթա՝ «labium electum») արտահայտության ներքո շատ հրեա ռաբիներ եբրայերեն լեզուն են հասկանում, որով բոլոր ազգերը կխոսեն Աստծուն դիմելիս. «Ինչպես մինչև աշտարակաշինությունն էին բոլոր ազգերը մի լեզվով խոսում, այնպես էլ ամենքի ճշմարիտ Աստծու պաշտամունքին դառնալուց հետո բոլորը եբրայերենով կխոսեն, և ամբողջ աշխարհը Տիրոջը կերկրպագի» (Երանելի Հերոնիմոս, Ստեղծագործություն, Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք, Մաս 14, Կիև, 1898 թ., էջ 301): Իրականում մարգարեն խոսում է Աստծո կողմից ազգերին մաքուր շուրթեր տրվելու մասին (Ակյուղաս և Թեոդիտոն. «ընտրված շրթունքներ»): Աստծո այս գործի իմաստը վեր է հանվում այն մաքրման արարքի հետ համեմատության մեջ, որն, ըստ Ես. 6:5, 7 համարների, Աստծո հրամանով Սերովբեներից մեկը կատարել է Եսայի մարգարեի շուրթերի հետ՝ իր և իր ժողովրդի անմաքուր շուրթերի մասին նրա գանգատի հետևանքով: Սերովբեն, աքցանով այրվող ածուխը զոհասեղանից վերցնելով և դրանով մարգարեի շուրթերին դիպչելով, ասում է. «Քո անօրենությունները ջնջված են, և քո մեղքերը՝ մաքրված»: Այստեղ շուրթերի մաքրությունը ենթադրում է մտքերի, զգացմունքների և մարդու ողջ հոգևոր բովանդակության մաքրությունը: Այս համեմատության մեջ պետք է հասկանալ նաև այն խմբային շուրթերի մաքրումը, որն Աստծու անունից Սոփոնիա մարգարեն հռչակում է ազգերին։ Նա նկատի ունի կրոնական հավատքի աստվածատուր մաքրությունը: Հեթանոսների շուրթերը պղծվել և անմաքուր են դարձել կեղծ աստվածների փառաբանելու հետևանքով (Ովս. 2:19, Սաղմ. 15:4), իսկ «մաքուր շուրթեր» (մարգարեն) կոչում է այն շուրթերը, որոնք ունեն ոչ թե աստվածներ, այլ Աստված» (Թեոդորոս Կյուրացի, Ստեղծագործություն, Սոփոնիայի մարգարեության մեկնություն, Մաս 5. Մ., 1857 թ., էջ 53): «Մաքուր շուրթեր տալ» նշանակում է հեթանոսների ներքին տրամադրության մեջ այնպիսի փոփոխություն կատարել, որպեսզի նրանք բոլորը սրբորեն պատվեն Աստծուն և իրենց զգացմունքներն արտահայտեն ճշմարիտ բարեպաշտությամբ լի և բոլոր հեթանոսական սնահավատության հետքերից ազատ խոսքերով, ինչպես նաև այս ամենը համապատասխանաբար պետք է տեղի ունենա կրոնական և բարոյական կյանքում՝ «որպեսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն և միահոգի Նրան ծառայեն»: Աստված հենց այսպես խոսեց նաև Եսայու բերանով. «Թոթովախոս լեզուները շուտով կսովորեն խոսել աշխարհի խաղաղությունը» (Ես. 32:4), և ավելին՝ «․․․և ծանրախոսների լեզուները հասկանալի կլինեն» (Ես. 35:6): Հետևաբար, բազմաստվածության մեջ դաստիարակված ազգերին կփոխի և կդարձնի ընտրյալ ու մաքուր այնպես, որ բոլորը Տիրոջ անունը կանչեն, և բոլոր ազգերը մեկ լծի տակ աշխատեն» (Թեոդորոս Կյուրացի, նույն տեղում, էջ 53): Բոլոր ազգերի մեջ ճշմարիտ աստվածճանաչողության և աստվածպաշտության ապագա տարածման այս համընդհանրությունը 10−րդ համարում հաստատվում է Եթովպիայի՝ Սպիտակ և Կապույտ Նեղոս «գետերով»−«нехарим» ոռոգվող և այդ ժամանակաշրջանի աշխարհագրության մեջ հայտնի ամենահեռավոր հարավային երկրի (Սոփ. 2:12, Ես. 18:1 և այլն) բնակիչների օրինակով: «Երկրի ծայրերում բնակվողները», ընդունելով Իմ կողմից ամենուրեք առաքված քարոզիչների ուսմունքները, գովասանքի զոհ կմատուցեն։ Այսպես է թարգմանել նաև Սյումաքոսը. «Եթովպական գետերի ծայրերից Ինձ աղոթելով Իմ կողմից ցրված երեխաներն ինձ նվերներ կբերեն, այսինքն՝ դառնալով Իմ կողմից բոլոր ազգերի մեջ տարածված բարեպաշտության քարոզիչների զավակներ՝ նրանք Ինձ հոգևոր նվերներ կբերեն» (Թեոդորոս Կյուրացի, նույն տեղում, էջ 53, 54): 9−րդ և 10−րդ համարների գաղափարները ուրվագծվել են ավելի վաղ՝ արդեն 2:11 համարում, և այժմ միայն բացահայտվում են ավելի ամբողջական ու լայն կերպով (Ես. 66:20, Մաղ. 1:11): Այստեղ այն միտքն է առաջ քաշվում, որ հեթանոսների հանդեպ Աստծու դատաստանի ունեցած բարերար ազդեցությունը նույնպիսի բարերար ազդեցություն կունենա նաև հրեաների վրա: Ստորև, նախ 11−13−րդ համարներում նկարագրվում է հրեական հասարակության բարոյական փոփոխությունը, և ապա 14−20−րդ համարներում տրվում է այն մեծ բարիքների հրաշալի պատկերը, որոնք Տեր Աստված պետք է հեղի Իր՝ գերության աղետներով մաքրված ժողովրդի մնացորդի վրա:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ ժողովուրդներին կը վերադարձնեմ իրենց լեզուն ըստ ազգի, որպէսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն, որպէսզի նրանք ծառայեն նրան մէկ լծի տակ:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր պիտի դարձնեմ, որպեսզի ամենքը կանչեն Տիրոջ անունը՝ նրան համախոհ կերպով ծառայելու համար.
(Գրաբար) Զի յայնժամ դարձուցից ի վերայ ժողովրդոց լեզու յազգս նոցա՝ ի կարդալ ամենեցուն զանուն Տեառն, ի ծառայել նոցա նմա ընդ միով լծով։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: