Ովսեեի մարգարեության մեկնություն 13:15

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Թեև Եփրեմը պտղաբեր է եղբայրների միջև, սակայն կգա արևելյան քամին, անապատից կբարձրանա Տիրոջ քամին, և կչորանա նրա աղբյուրը, կցամաքի նրա ակունքը, և նա կդատարկի բոլոր թանկարժեք անոթների գանձարանը։ (Սինոդական թարգ․) [15]
   
    Մարգարեն կրկին վերադառնում է Իսրայելին սպասվող աղետների մասին ազդարարելուն։ Ցեղերի մեջ առավել պտղաբեր լինելով հանդերձ (Եփրեմ անունը նշանակում է կրկնակի պտուղ կամ էլ կրկնակի պտղաբերություն)՝ Եփրեմը չի փրկվի, քանի որ նրա պտղաբերության աղբյուրը կչորացվի արևելյան քամու կողմից։ 15−րդ համարում քամին թշնամու, մասնավորապես ասորեստանցիների պատկերն է։
    Ռուսերեն «Թեև Եփրեմը պտղաբեր է եղբայրների միջև» բառերի փոխարեն սլավոներենում «քանի որ եղբայրներից  կզատորոշվի» տարբերակն է։ Եբրայերեն «japhri» (պտղաբեր) բառը Յոթանասնիցը ընթերցել է որպես «japhrit» և թարգմանել է «διαστελεί»՝ «կբաժանի» բառով։

--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Մխիթարութիւնը ծածկուած է իմ աչքերից, քանի որ նա խտրութիւն է դնում եղբայրների միջեւ»: Տէրը նրա վրայ կը բերի խորշակի հողմ անապատից, կը ցամաքեցնի նրա երակները եւ կ՚աւերի նրա աղբիւրները: Նա կը չորացնի նրա երկիրը եւ նրա բոլոր թանկագին անօթները:
(Արարատ թարգ․) Որովհետև նա պտղաբեր է եղեգների մեջ, բայց արևելյան քամին պիտի գա, անապատից բարձրանալու է Տիրոջ հողմը, ցամաքելու է նրա աղբյուրը, և չորանալու է նրա ջրի ակը. հովը կողոպտելու է բոլոր ցանկալի իրերի գանձարանը։
(Գրաբար) Մխիթարութիւն ծածկեալ է յաչաց իմոց. քանզի նա ի մէջ եղբարց զատուսցէ։ Ածցէ ի վերայ նորա Տէր հո՛ղմ խորշակի յանապատէ. և ցամաքեցուսցէ զերակս նորա. և աւերեսցէ զաղբեւրս նորա։ Սա ցամաքեցուսցէ՛ զերկիր նորա, և զամենայն անօթս նորա ցանկալիս։