Ովսեեի մարգարեության մեկնություն 6:1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

1-2. Իրենց նեղության մեջ նրանք վաղ առավոտից պիտի փնտրեն Ինձ և պիտի ասեն․ «Եկեք գնանք և դառնանք Տիրոջը, որովհետև Նա, Ով խոցեց մեզ, Նա էլ պիտի բժշկի, Նա, Ով հարվածեց, Նա էլ պիտի կապի մեր վերքերը, [1] երկու օրից կկենդանացնի մեզ, երրորդ օրը կբարձրացնի, և մենք կապրենք Նրա առաջ։ (Սինոդական թարգ․)
   
    Աղետներից խոցոտված, գերության մեջ գտնվող ժողովուրդն առանձնահատուկ նախանձախնդրությամբ (վաղ առավոտից) Տիրոջն է փնտրում։ Իսրայելը հասկանում է, որ միայն իրեն հարվածող Տերը կարող է կապել իր վերքերը և բժշկել իրեն, որ միայն Տերն է ի զորու հարություն տալ այն հոգևոր մահից, որը ժողովրդին վրա է հասնելու գերության մեջ․ «Երկու օրից կկենդանացնի մեզ, երրորդ օրը կբարձրացնի»։

    Այս վերջին խոսքերը ժողովրդի բերանին դնելով՝ մարգարեն մատնանշում է ժողովրդի՝ շուտափույթ և անխուսափելիորեն վերստին ծնունդ առնելու հանգամանքը։ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված թղթում ասում է, որ Քրիստոս «երրորդ օրը հարություն առավ՝ ըստ գրքերի» (Ա Կորնթ․ 15։4)։ Քանի որ Քրիստոսի երրորդ օրը հարություն առնելու մասին հինկտակարանյան գրքերում մեկ այլ, ավելի պարզ վկայություն չկա, ապա պետք է մտածել, որ առաքյալը նկատի ունի Ովսեե մարգարեի հատկապես դիտարկվող հատվածը, և հետևաբար, դրանում Քրիստոսի հարության վերաբերյալ կանխագուշակություն է տեսնում։

    Հետևելով առաքյալին՝ Եկեղեցու վարդապետները (երանելի Թեոդորոս Կյուրացի, սուրբ Գրիգոր Նյուսացի, երանելի Օգոստինոս և այլք) նույնպես 6−րդ գլխի դիտարկվող համարներում Քրիստոսի հարության մասին մարգարեություն են տեսնում։ Իհարկե, ուղիղ իմաստով մարգարեն խոսում է Իսրայելի մասին, սակայն Իսրայելը Մեսիայի նախատիպն էր (Ելք․ 4։22, 23, Ովս․ 11։1, Ես․ 4, 44, 52, 53), իսկ Իսրայելի պատմության կարևորագույն փաստերը նախապատկերում էին Մեսիայի երկրավոր կյանքի հատկանիշները։

    Ուստի, եթե ժողովուրդը պետք է հարություն առնի մահից, ապա դրանից առաջ նախ պետք է լինի Փրկչի հարությունը մեռելներից։**

 

    **Ինչպես որ պետք է Իսրայելը մեռնի և հարություն առնի, այնպես էլ Քրիստոս պիտի մեռնի և հարություն առնի։ Փրկիչը ժողովրդի հոգին է, նրա կյանքի աղբյուրը։ Այդ պատճառով էլ, եթե ժողովուրդը պետք է  հարություն առնի, ապա նախ և առաջ պետք է իրականանա Փրկչի հարությունը մեռելներից։

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Իրենց նեղութիւնների մէջ կը շտապեն ինձ մօտ եւ կ՚ասեն. «Գնանք եւ վերադառնանք մեր Տէր Աստծուն.
(Արարատ թարգ․) Եկեք հե՛տ դառնանք Տիրոջը։ Քանի որ նա բզկտեց, բայց նա կբժշկի մեզ. նա զարկեց, նա էլ վիրակապի մեզ։
(Գրաբար) Ի նեղութեան իւրեանց. կանխեսցեն առ իս և ասասցեն. Դարձցո՛ւք և երթիցո՛ւք առ Տէր Աստուած մեր,