Ովսեեի մարգարեության մեկնություն 9:1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

1-2. Ո՛վ Իսրայել, մի՛ ուրախացիր ցնծալու չափ, ինչպես ուրիշ ժողովուրդները, որովհետև հեռանալով քո Աստծուց՝ դու պոռնկություն ես անում․ սիրում ես պոռնկության վարձը բոլոր հնձաններում։ [1]Կալը և հնձանը չեն կերակրի նրանց, և խաղողի հյութի վրա ունեցած հույսը կխաբի նրանց։ (Սինոդական թարգ․)
   
    «Ո՛վ Իսրայել, մի՛ ուրախացիր ցնծալու չափ»։ 2րդ համարից երևում է, որ մարգարեն զգուշացնում է Իսրայելին առատ բերքի պատճառով կազմակերպվելիք ուրախությունների համար։ Ուրախություններ, որոնք, անկասկած, արտահայտվում էին հեթանոսական բնույթ ունեցող հատուկ տոնակատարություններով։ Այլ ժողովուրդների նմանությամբ (սլավոներեն՝ «ժողովուրդներ»՝ հեթանոսներ)՝ Իսրայելը երկրավոր պտուղների առատության մեջ տեսնում էր իր կողմից պաշտվող Բահաղի բարեհաճության նշանները (սիրում ես պոռնկության ընծաները բոլոր կալսերում) և, հետևաբար, ուրախանում էր այն բանի համար, որ («ki»ն ռուսերեն թարգմանության մեջ «քանզի» է) հեռացել է Աստծուց և տրվել է պոռնկությանը, այսինքն՝ Բահաղի ծառայությանը։ Սակայն այդ ուրախությունն ունայն է, որովհետև Իսրայելը չի օգտվելու պտուղների առատությունից․ կալը և հնձանը չեն կերակրելու նրանց, իսկ խաղողի հյութի վրա դրված հույսը խաբելու է։ 1ին համարում «ցնծալու չափ» բառերի փոխարեն սլավոներեն տեքստում ընթերցվում է «մի՛ խնդա» (μηδέ εύφραίνου), քանի որ Յոթանասնիցը «el gil» (ցնծության աստիճան) բառերի փոխարեն ընթերցում է «al gil»։ 2րդ համարում եբրայերեն տեքստի «lo ireem»՝ «չի կերակրի նրանց» բառերի փոխարեն Յոթանասնիցը ընթերցել է կառուցվածքով վերջինիս նմանվող «lo jedaam»․ այստեղից էլ ծագում է սլավոներեն՝ «նրանց չճանաչեցին» տարբերակը։

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Մի՛ խնդար, Իսրայէ՛լ, եւ մի՛ ուրախացիր ինչպէս երկրի ողովուրդները, որովհետեւ պոռնկացար քո Աստծու դէմ, սիրեցիր կաշառքը ցորենի բոլոր կալերի վրայ:
(Արարատ թարգ․) Մի՛ ուրախացիր, ո՛վ Իսրայել, մի՛ ցնծա, ինչպես ժողովուրդները, քանզի պոռնկացար ու հեռացար քո Աստծուց. ցորենի ամեն կալի վրա պոռնկության վարձը սիրեցիր։
(Գրաբար) Մի՛ խնդար Իսրայէլ, և մի՛ ուրախ լինիր որպէս ժողովուրդք երկրի. Զի պոռնկեցա՛ր յԱստուծոյն քումմէ. սիրեցեր զկաշառս ի վերայ ամենայն կալոց ցորենոյ։