Նիկիական ժառանգություն ֊1700
2025 թվականին լրանում է Նիկիայի Առաջին տիեզերաժողովի 1700 ամյակը (325֊2025)։
Շավիղ կայքը մեկնարկում է Հայոց Եկեղեցու հավատամքը և պատմությունը ճանաչելի դարձնելու մի նախաձեռնություն, որի նպատակն է ներկայացնել հայ հասարակության սեփական հոգևոր ինքնության ձևավորմանը նպաստող կարևոր իրադարձությունները և դրանց վերաբերյալ ուսումնասիրությունները։
Նախաձեռնությունը նվիրված է մի կողմից Նիկիայի Առաջին տիեզերաժողովի հանրամատչելի ներկայացմանը` համառոտ բացատրությունների միջոցով, իսկ մյուս կողմից հասանելի են դառնալու Սուրբ Ժողովի վերաբերյալ միջնադարյան և ժամանակակից աստվածաբանական ուսումնասիրություններ։
Նիկիայի Ս. Ժողովի կարևորությունը
Նիկիայի 325թ. ժողովը անկյունաքարային սահմանումներ է տվել Ընդհանրական եկեղեցու հավատքի վերաբերյալ, որոնք անգնահատելի նշանակություն ունեն քրիստոնեության համար։
Նիկիայի ժողովը եզակի էր իր բովանդակությամբ և ձևով, քանի որ ձևակերպել է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսին և Սուրբ Երրորդութեանը դավանելու ճշմարիտ սկզբունքները և պատասխանել է գրեթե երկու դար պատասխանի սպասող մի շարք հարցերի։
Այն առանձնակի է մասնակիցների իր ընդգրկմամբ, քանի որ միավորել է այդ օրերի Հռոմեական կայսրության բազմաթիվ եպիսկոպոսությունների և լավագույն օրինակ է եղել Եկեղեցու մյուս ժողովների համար։
Հայոց եկեղեցին նույնպես մասնակցել է այս տիեզերաժողովին և խորությամբ յուրացրել է դրա դավանական, կանոնական, ծիսական և այլ դրույթներ։ Դրա կանոնական, ժողովական, հավատքին և այլ սկզբունքներ պահպանվել, կիրառվել և ընդարձակվել են հետագա դարերի ընթացքում։ Հայոց եկեղեցու համար նիկիական վարդապետական սահմանումները հիմք են դարձել նաև պաշտպանելու և հիմնավորելու համար սեփական հավատքը և ստեղծագործաբար շարունակելու ավանդությունը։
Այսպիսով ոգեկոչելով Նիկիայի Առաջին տիեզերաժողովի 1700 ամյակը, Շավիղ կայքը կներկայացնի`
Ա) Ս. Ժողովի վերաբերյալ պատմական նյութեր
Բ) Ս. Ժողովի վերաբերյալ դավանական նյութեր
Գ) Ս. Ժողովի կանոնական նյութեր
Դ) Ս. Ժողովի ընթացքում ստեղծված «Հավատամքի» հայտնի տարբեր խմբագրությունները։
Ե) Ս. Ժողովին մասնակից հայրերի կենսագրությունները
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: