Ժողովին մասնակից եկեղեցու հայրերի կենսագրությունները

Սուրբ Ալեքսանդր Ալեքսանդրացի (∼250 - 328†)

   
    Սուրբ Ալեքսանդր Ա Ալեքսանդրացին եղել է Մարկոս Առաքյալի հիմնադրած Ալեքսանդրիայի Աթոռի 19-րդ պապն ու պատրիարքը։ Իր քահանայության, ապա նաև` հայրապետության տարիներին հանդիսացել է Քրիստոնեության առաջամարտիկներից մեկը՝ պաշտպանելով առաքյալներից ավանդված հավատքի ուղղափառությունը: Ալեքսանդր հայրապետը մեծապես նռրգրավված է եղել նաև Եկեղեցու առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում։ Եղել է Արիոսի և արիոսականության գաղափարական հակառակորդը, անտեղիտալի պայքար է մղել չարափառ այդ ուսմունքի քարոզչության ու տարածման դեմ։ Նա վճռորոշ դերակատարություն է ունեցել 325 թվականին Նիկիայում հրավիրված Ա Տիեզերական ժողովում, որում սահմանվեց քրիստոնեական Հավատո հանգանակն ու արձանագրվեց արիոսականության հակաուղղափառությունը։
    Նախքան արիոսական վեճերի սկզբնավորումը, պատմական աղբյուրները սակավ տեղեկություներ են հաղորդում Ալեքսանդր Ալեքսանդրացու կենսագրության և վարած եկեղեցական գործունեության մասին։ Ալեքսանդրիայի նշանավոր հայրապետի մասին որոշակի տեղեկություններ քաղվել են նրա շրջաբերական նամակներից, Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն» աշխատությունից, սբ. Աթանաս Ալեքսանդրացու երկերից, ինչպես նաև առաջին Տիրեզերաժողովի փաստաթղթերից պահպանված պատառիկներից։
    Ենթադրվում է, որ նա ծնվել է մոտ 250 թվականին, հավանաբար՝ Ալեքսանդրիայում։ Իր քահանայության տարիներին ենթարկվել է Գալերիոս և Մաքսիմինոս կայսրերի՝ քրիստոնյաների դեմ սանձազերծած դժնդակ հալածանքներին։ Պատմիչները նրա հիշատակը ներկայացրել են դրվատալից խոսքերով՝ հռչակելով որպես առաքելահիմն հավատքի պաշտպան, որը բարեզարդված էր Սուրբ Հոգու շնորհներով։ Ալեքսանդր հայրապետը եղել է Պետրոս Ա Ալեքսանդրացի հայրապետի (300-311†) սիրելի աշակերտն ու Ալեքսանդրյան աստվածաբանության ավանդների շարունակողը։ Հայտնի է, որ Ալեքսանդրի ուսուցիչը՝ Պետրոս հայրապետը, Ալեքսանդրիայում և նրա սահմաններից դուրս ազդեցիկ հեղինակություն ունեցող առաջնորդ էր, ում քահանայապետության համբավը Հռոմեական կայսրության իշխանությունների շրջանում իբրև սպառնալիք է նկատվում։ Այդ պատճառով՝ Մաքսիմիանոս Դազա կայսեր հրամանով Պետրոս Ալեքսանդրացին բանտարկվում է, ենթարկվում դաժան խոշտանգումների և 311 թվականի աշնանը գլխատվում՝ ընդունելով մարտիրոսության լուսե պսակը։ Ալեքսանդրիայի Աթոռի համար ստեղծված բարդագույն այդ շրջանում հայրապետ է ընտրվում Աքիլլան (312-313†), որին, սակայն, վիճակված չէր երկարամյա տարեգրությամբ զարդարել քահանայապետության իր տարիները։ Աքիլլան մահանում է պաշտոնավարման հինգերորդ ամսում, իսկ հայրապետական գահին ընտրվում է Ալեքսանդր Ալեքսանդրացին (313-328†): Նորընտիր հայրապետի առջև առաջին իսկ օրերից ծառանում են Աքիլլայի օրոք տակավին չլուծված խնդիրները։
    Դրանք, ըստ էության, երեքն էին՝ Հռոմեական կայսրության կողմից հալածված և այդ հալածանքների պատճառով Տիրոջն ուրացած քրիստոնյաներին Եկեղեցի վերդարձնելու սկզբունքների հարցը, Սուրբ Հարության տոնի՝ Զատկի օրվա ճշգրտման հարցը, և չորրորդ դարասկզբին մեծ թափով տարածվող հետետիկոսության՝ արիոսականության դեմ պայքարի հրամայականը։
Առաջինը՝ ուրացյալ քրիստոնյաներին Եկեղեցի վերադարձնելու խնդիրը, գլխավորապես կապված էր Լիկապոլիս քաղաքի եպիսկոպոս Մելետիոսի և նրա հետևորդների դժգոհության հետ։ Մելետիոսն՝ ունենալով խստակրոն առաջնորդի համբավ, անպայմանորեն պահանջում էր ծանր ու տևական ապաշխարության շրջան հաստատել Դիոկղետիանոս կայսեր օրոք Տիրոջն ուրացած քրիստոնյաների համար։ Ալեքսանդր հայրապետն այս խնդրի շուրջ անհամեմատ ավելի ներողամիտ կեցվածք էր որդեգրել։ Նա չէր ցանկանում նորանոր տառապանքներով էլ ավելի մորմոքել սաստկացնել արդեն իսկ բավականաչափ կեղեքված քրիստոնյաների հոգիները։ Հայրապետի այսօրինակ մեղմ մոտեցումը Մելետիոս Լիկապոլսեցու կողմից մեկնաբանվում էր որպես թուլության նշան, ուստի վերջինս Ալեքսանդրացուն մեղադրող բողոք է ներկայացնում Կոստանդիանոս կայսեր (306-337 թթ., 324 թ.-ից` միահեծան) արքունիք՝ հույս ունենալով շահել կայսեր համակրանքը։ Կայսրը, սակայն, Եկեղեցու ներսում միասնության պահպանման և պառակտումներ չհրահրելու մտադրությամբ, զերծ է մնում միջամտություններից։ Մելետիոսը, պատեհ առիթն օգտագործելով, սկսում է չենթարկվել Ալեքսանդր հայրապետին ու իր իշխանության տակ գտնվող տարածքներում ինքնուրույնաբար եպիսկոպոսներ է օծում։ Ավելին, հայրապետի դեմ ունեցած ընդհանուր դժգոհության հողի վրա նա նաև մտերմություն է հաստատում արիոսականության հիմնադրի՝ Արիոսի հետ։ Ալեքսանդր հայրապետը, ի պատասխան, Մելետիոսին հեռացնում է Եկեղեցուց, և միայն 325 թ․ Նիկիայի Տիեզերական ժողովից ու Արիոսին աքսորելուց հետո է թույլատրում վերադառնալ Ալեքսանդրիայի եկեղեցի՝ այլևս ինքնուրույնաբար եպիսկոպոսներ չօծելու պայմանով։
    Երկրորդ կնճռոտ խնդիրը քրիստոնեական Զատկի օրվա որոշման հարցն էր, որը հայտնի էր «Զատկական վեճ» անունով։ Հարցադրումը հետևյալն էր․ արդյո՞ք Զատիկը պետք է նշվի հրեական Նիսսան ամսի 14-ին, ինչպես դա անում էին հրեաները՝ Պասեքի (հրեական Զատիկ) պարագային, թե՞ դրա համար նոր մասնավոր կարգ պետք է սահմանվի։ Փոքր Ասիայում բնակվող քրիստոնյաների մի զանգված, որոնք հայտնի էին «Քվարտոդեցիմաններ» անունով, որդեգրել էին Զատկի տոնակատարության հրեական մոդելը, մինչդեռ Ալեքսանդր Ալեքսանդրացին կարևոր էր նկատում, որ Զատիկը նշվի միայն կիրակի՝ Տիրոջ Հարության օրը։ Այս խնդիրը կարոտ էր համակարգային լուծման, ուստի պատահական չէ, որ Նիկիայի Ա Տիեզերաժողովի ժամանակ, ի թիվս այլ օրակարգային հարցերի, լուծման դրվեց նաև Զատկական վեճի խնդիրը։ Նիկիայի ժողովը որոշեց Տիրոջ Զատիկը նշելու օր սահմանել գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնին հաջորդող առաջին կիրակի օրը։ Այս հաշվարկը թույլ տվեց հստակորեն բաժանում դնել Քրիստոնեական Զատկի և հրեական Պասեքի միջև։ Նիկիայի ժողովում ընդունված բանաձևը վերջնականորեն հաստատագրեց Հարության տոնի օրվա որոշման կարգը, որը տարածվեց համայն քրիստոնեական աշխարհում:
    Ալեքսանդր Ալեքսանդրացու առջև ծառացած երրորդ և ամենակնճռոտ խնդիրն «արիոսականություն» կոչված հերետիկոսական շարժումն էր, որի առաջնորդությունը ստանձնել էր Ալեքսանդրիայի Բաուկալիս շրջանի Արիոս երեցը (վաղ Եկեղեցում քահանայությունը ներառում էր նվիրապետական երեք աստիճան՝ սարկավագ, երեց և եպիսկոպոս)։ Լինելով ճանաչված աստվածաբան Լուկիանոս Սամոսատցու աշակերտը՝ Արիոսը սկսել էր եռանդուն ոգով քարոզել իր ուսուցչի հակաուղղափառ գառափարները՝ մարդկանց համոզելով, թե Որդի Աստված Հայր Աստծու աստվածային միևնույն Էությունը չունի, այլ Հոր կողմից ստեղծվել է ոչնչից և ուղարկվել է աշխարհ։ Ահա թե ինչու Ալեքսանդր հայրապետը հետագայում Կոստանդնուպոլսի եպիսկոպոսին ուղղած իր նամակում պետք է գրեր, որ Արիոսն իր հերետիկոսությունը որդեգրել է ուսուցչից՝ Լուկիանոսից։
   Արիոսի խառնակիչ գաղափարները փոթորկել էին Ալեքսանդրիայի Եկեղեցու անդորրը։ Այս Արիոսը պնդում էր, թե եղել է մի ժամանակ, երբ Որդին գոյություն չի ունեցել, և որ Որդին ենթակա է Հայր Աստծուն: Զուգահեռաբար՝ Ալեքսանդր Ալեքսանդրիացին բացատրում էր, որ եթե Որդի Աստված աստվածային Էություն չունենար, Քրիստոսի միջոցով փրկությունն անհնարին կդառնար, իսկ մարդկությունը չէր կարող կատարելապես հաշտվել Հոր հետ։
    Աստվածաբանական այս վեճն արդեն նույնիսկ հատել էր Ալեքսանդրիայի սահմանները՝ առաջացնելով Եկեղեցին պառակտելու լրջագույն սպառնալիք: Արիոսական վեճի շուրջ հասարակական հետաքրքրությունն այնքան էր մեծացել, որ ամենուրեք քննարկվում էր այդ խնդիրը և, ինչպես ժամանակի պատմիչ Սոկրատ Սքոլաստիկոսն էր նկարագրում. «...[կողմերը] դարձան ժողովրդական ծաղրի առարկա` մինչև իսկ թատրոններում»։ Ներկայացվում է, որ անգամ վաճառականները, հասարակական լոգարանների սպասավորներն ու դրամափոխները քննարկում էին Քրիստոսաբանական այդ խնդիրները։ Այսպես՝ «յուրաքանչյուր քրիստոնյա խանութպան դարձավ աստվածաբան», - կատակում է արդի ուսումնասիրողներից մեկը։
    Աստվածաբանական այս խմորումները մեծ ծավալներ ընդունեցին, և արդյունքում 321 թ. Ալեքսանդր Ալեքսանդրացին մի ժողով գումարեց, որը նզովեց Արիոսին ու նրա գաղափարակիցներին՝ զրկելով եկեղեցական հաղորդակցությունից։ Արիոսը, սակայն, ուներ հետևորդների, ազդեցիկ բազմություն, և պատահական չէ, որ պաշտպանություն գտավ իր ընկերոջ՝ Եվսեբիոս Նիկոմեդիացու կողմից, որը ևս Լուկիանոս Սամոսատցու սաներից էր։ Եվսեբիոսի աջակցությամբ Արիոսը կարողացավ վերադառնալ Ալեսանդրիա և շարունակել իր ծառայությունը։ Արիոսի վերադարձն էլ ավելի շիկացրեց մայրաքաղաքի մթնոլորտը։ Ալեքսանդրիան այլևս կարծես բաժանվել էր երկու ճամբարների։ Խնդիրն արդեն անհանգստացնում էր անգամ Կոստանդիանոս կայսերը, որը Ալեքսանդր հայրապետին և Արիոսին ուղղված մի գրությամբ փորձում էր կրակը մարել բանավոր հորդորների միջոցով։ Կայսրը նկատում էր, որ կողմերը հավատի հիմնական դրույթների շուրջ հակասություններ չունեն, ուստի, հանուն քրիստոնյաների խաղաղության, հորդորում էր երկուստեք դադարեցնել հակառակությունները։
    Այդուհանդերձ, կայսեր՝ հաշտություն բերելու անկեղծ ցանկությունն ու հորդորները բավարար չգտնվեցին հակընդդեմ ճամբարներին զինաթափելու համար, ուստի խնդրի լուծումը հանձնվեց ընդհանրական ժողովի վճռին։ Կոստանդիանոս կայսրը 325 թվականին պաշտոնապես հրավիրեց ընդհանրական քրիստոնեական Եկեղեցու առաջին տիեզերական ժողովը՝ Բյութանիայի Նիկիա քաղաքում (ներկայիս՝ Թուրքիայի Հանրապետությունում)։ Հետագայում պատմության էջերում այն մնաց որպես Նիկիայի Ա Տիեզերաժողով։
    Ժողովի մասնակից եպիսկոպոսների ճնշող մեծամասնությունը դատապարտեց արիոսական դիրքորոշումը՝ հաստատելով, որ Հիսուս Քրիստոս «այն նույն Էությունից» է (հուն․՝ «ὁμοούσιος» - «հոմոուզիոս»), ինչ Հայր Աստված: Ձևակերպված Նիկիական դավանանքը հստակորեն արտահայտեց Քրիստոսի լիակատար Աստվածության հանդեպ հավատը՝ դավանելով, որ Որդի Աստված ծնվել է Հորից, այլ ոչ թե ստեղծվել, և որ ունի Հոր միևնույն աստվածային Էությունը: Արիոսն ու նրա հետևորդները հայտարարվեցին հերետիկոսներ և աքսորվեցին Իլլիրիկում (ներկայիս՝ Ալբանիայի Հանրապետությունում), իսկ Նիկիական դավանանքը դարձավ Սուրբ Երրորդության վերաբերյալ քրիստոնեական հավատքի հիմնարար բանաձևումը:
    Այսպիսով` ուղղափառ քրիստոնյաների տարիների համառ պայքարը պսակվեց նիկիական հաղթանակով, որում հռչակված Հավատո հանգանակը դարձավ ուղղափառ քրիստոնեության հավատամքային առանցքը՝ խեղդելով արիոսական հերետիկոսության տարածումը։
    Այդ հաղթանակի մեջ առյուծի բաժին ունեցավ Ալքեսանդր Ալեքսանդրացի հայրապետը, որը տարիներ շարունակ թե՛ հրապարակային, թե՛ գրավոր իր ճառերով անհաշտ պայքար մղեց արիոսական չարափառության դեմ։ Նա հեղինակեց Պաղեստինի, Փյունիկիայի և Կեսարիայի եպիսկոպոսներին ուղղված մոտ յոթ տասնյակ շրջաբերական նամակներ, որոնցում եկեղեցավարչական բնույթի հարցերից զատ մեկնաբանվում էր արիոսականության հեռանակարային վտանգավորությունը։ Այդ երկերից, ցավոք, միայն քաղվածական հատվածներ են պահպանվել՝ Թեոդորետոս Կյուրացու, Մելետիոս Սեբաստացու, Սոկրատ Սքոլաստիկոսի, Մաքսիմոս Խոստովանողի երկերում և ասորական ու ղպտական որոշ սկզբնաղբյուրներում։ Ղպտերենով, մասնավորապես, պահպանվել է Ալեքսանդր հայրապետի ներբողը՝ նվիրված սբ. Պետրոս Ալեքսանդրացուն, որն արտասանվել է նահատակ հայրապետի հիշատակության օրը՝ Ալեքսանդրիայում նրա անվամբ տաճարում։
    Ալեքսանդր Ալեքսանդրացու երկերի կարևոր նշանակությունը հաշվի առնելով՝ V դարում մեր Եկեղեցու հայրերը դրանցից որոշները թարգմանել են նաև հայերեն։ Այդ ճանապարհով մեզ են հասել Ալեքսանդր հայրապետի՝ «Հոգու և մարմնի ու Տիրոջ չարչարանաց մասին» ճառից հատվածներ։
   

ՍՈՒՐԲ ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (∼296 - 373†)

   
   Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին եղել է Ալեքսանդրիայի Աթոռի 20-րդ պապն ու պատրիարքը՝ հաջորդելով Ալեքսանդր Ալեքսանդրացուն։ Հանդիսացել է Քրիստոնեության պատմության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Աթանաս հայրապետն իր հոգևոր ծառայության ողջ ընթացքում զորեղ ջանքեր է գործադրել առաքելավանդ հավատքի անսակարկության պահպանման, ինչպես նաև իր ժամանակին՝ Եկեղեցում առաջացած խնդիրներին լիարժեք լուծումներ տալու ուղղությամբ։ Սուրբ Մարկոսի հիմնադրած Աթոռի նշանավոր այս գահակալին Հայոց Եկեղեցու մեծարժեք՝ «Սրբերի լիակատար վարք և վկայաբանություն» ժողովածուն հիշատակում է որպես «մեծը հայրերի մեջ»։ Վաղ կենսագրական փաստերից հայտնի է, որ ծնվել է 295 կամ 296 թվականին՝ Ալեքսանդրիայում, Դիոկղետիանոս կայսեր անողոք հալածանքների տարիներին։ Հայրը՝ Մարկելոսը, և մայրը՝ Սոլոմեն, եղել են աստվածասեր քրիստոնյաներ։ «Վարք Սրբոց»-ը բարեպաշտ ծնողների կողմից մանուկ Աթանասին Տիրոջն ընծայաբերելու մասին մի գեղեցիկ պատմություն է մատուցում. «Ծնողները մանուկ հասակից իրենց որդուն ընծայեցին Աստծու սպասավորությանը, ինչպես Աննան՝ Սամուելին։ Նույն Հոգով իսկ մանուկն աճում ու սնվում էր՝ Տիրոջ խրատով և իմաստությամբ։ Վարժվում էր Սուրբ Գրքին՝ ըստ իր հասակի կարողության, պարկեշտ ու առաքինի վարքով բարի օրինակ լինում իր բոլոր հասակակից և սննդակից մանուկներին»։
   Երիտասարդության տարիներին Աթանասն արդեն առանձնանում էր իր աստվածաբանական գիտելիքների պաշարով և լրջախոհությամբ։ Նրա ստացած ուսումնառությունը համապատասխանում էր դասական կրթության ավանդույթներին՝ բովանդակելով ճարտասանության արվեստը, փիլիսոփայությունը և Սուրբ Գրքի ուսումնասիրությունը: Մասնավորապես Սուրբ Գիրքն Աթանասի ուշադրության գլխավոր առարկան էր: Սուրբ Աթանասն այն սերտում էր ամենայն մանրամասնությամբ, և գուցե դա էր պատճառը, որ սուրբ Գրիգոր Աստվածաբանը, խոսելով Աթանասի մասին, նշում էր, որ նա ժամանակի քիչ բաժին էր հատկացրել աշխարհիկ գիտությունների ուսումնասիրությանը։
   Աթանաս հայրապետի կյանքն ուսումնասիրող որոշ գիտնականներ հակված են եղել կարծելու, որ նա մեծացել է նյութապես ապահովված ընտանիքում, քանի որ նմանօրինակ որակյալ կրթություն շարքային ընտանիքները չէին կարող շռայլել իրենց զավակներին։ Աթանասին բնորոշ առաջնորդական ամենավառ հատկանիշները, սակայն, ձևավորվեցին ու ամբողջացան ոչ այնքան բարձրագույն կրթության, որքան Ալեքսանդր Ալեքսանդրացուն մատուցած հոգևոր սպասավորության մոտ (ռուսաբանություն է) բովում։ Ալեքսանդր հայրապետը շատ վաղ նկատեց պատանի Աթանասի մեջ առանձնացող բարեշնորհությունը։ Ըստ պատմվող ավանդութան՝ մի օր Ալեքսանդր Ալեքսանդրացին նկատում է ծովեզերքին խմբված մանուկների, որոնցից մեկը, եպիսկոպոսի դեր խաղալով, իր ձեռքը դնում էր ընկերների գլխին՝ նրանց քահանա ու սարկավագ ձեռնադրելով, իսկ տակավին չմկրտվածներին կարծես մկրտում էր՝ զարմանալի ճշգրտությամբ արտասանելով Սուրբ Խորհրդի կարգն ու աղոթքները։ Այդ մանկանը, ճիշտ այդ վայրկյանից, կանխորոշված էր դառնալու նշանավոր հայրապետի սիրելի աշակերտն ու օգնականը։ Այդ մանուկը պատմության հետագա էջերում պետք է նշանավորվեր որպես սուրբ Աթանաս Մեծ։
   Ալեքսանդրիայի քահանայապետը, ճիշտ գնահատելով Աթանասի ներուժը, հետևողական եղավ նրա ուսումնառությանը, ինչպես նաև նրան ծանոթացրեց Եգիպտոսի անապատում ճգնող աղոթասեր հայրերի հետ, որոնք ևս իրենց կնիքը թողեցին շնորհալի երիտասարդի աշխարհայացքի ձևավորման վրա։ Հովվապետի հայրական խնամքի ներքո Աթանասն աստիճանաբար զգալի փորձառություն կուտակեց՝ դառնալով վերջինիս հովանավորյալ սարկավագն ու քարտուղարը։
   Արդեն իսկ սպասավորության այդ տարիներին Աթանասն աչքի ընկավ աստվածաբանական արդյունավոր գործունեությամբ։ 317-319 թթ. նա հեղինակեց ջատագովական բնույթի [1]: երկու ճառեր, որոնք Հերոնիմոս Երանելին հիշատակել է «Երկու ճառ ընդդեմ հեթանոսների» ընդհանրական անունով։ Ջատագովական իր ճառերից առաջինում Աթանասը ցույց է տալիս հեթանոսության բովանդակային ունայնությունը՝ նշելով արարչագործության գեղեցիկ ներդաշնակության մեջ Աստծուն ճանաչելու հնարավորությունը։ Արդեն երկրորդ ճառում Աթանասը Հին Կտակարանի մարգարեական գրքերի խոսքերով հիմնավորում է Քրիստոսի մարդեղացման իրականությունը:
   Աթանասի սարկավագական ծառայության ընթացքը, սակայն, աստվածաբանական փոթորկումների մի շրջան էր, որի գագաթնակետն արիոսականության վեճն էր։ Այդ տարիներին, իր առաջնորդի հետ միախորհուրդ, Աթանասը գործում էր հավատքի անաղարտության պաշտպանության դիրքերից՝ դիմադրելով արիոսական հերետիկոսությանը, որն իր հերթին չէր ընդունում Քրիստոսի՝ Աստված լինելու իրողությունը։ Չարափառ այս ուսմունքը Եկեղեցու ներսում զուտ աստվածաբանական պառակտում մտցնելուց բացի սպառնում էր Հռոմեական կայսրության քրիստոնեական մեծ ընտանիքում գաղափարական հատվածականություն առաջացնելու իրական վտանգով։ Դա նշանակում է, որ արիոսականության հաղթանակի պարագայում ոչ միայն կարատավորվեր Եկեղեցու ուղղափառությունը, այլև՝ խորությամբ կտրոհվեր Հռոմեական կայսրությունը։ Կոստանդիանոս կայսրը շատ լավ էր հասկանում այդ ամենը, և դա էր պատճառը, որ նա փորձում էր հաշտեցնել երկու ճամբարների ներկայացուցիչներին։ Կայսեր կամքն էր՝ այս կնճռոտ խնդիրը լուծել նվազագույն ցնցումներով։ Բայց Արիոսը չէր դադարում քարոզել իր խառնակիչ ուսմունքը։ Խաղաղությունը, հանդուրժողականությունն ու համերաշխությունը կարծես վաղուց հատել էին Ալեքսանդրիայի սահմանները։ Ստեղծված կացության թելադրանքն էր՝ համընդհանուր ժողովի շրջանակներում համակարգային լուծում տալ այլևս անտանելի այդ աստվածաբանական հակառակությանը։
   325 թվականի մայիսին հրավիրվեց Նիկիայի Ա Տիեզերաժողովը։ Այս ժողովին Ալեքսանդր Ալեքսանդրացու պատվիրակության կազմում էր նաև երիտասարդ սարկավագ Աթանասը։ Այդ ժամանակ նա տակավին չէր բոլորել իր կյանքի երրորդ տասնամյակը, սակայն ժողովին բերած իր մասնակցությունը մի հիմնակետ էր, որը բեկումնային նշանակություն ունեցավ Աթանասի հետագա ամբողջ կյանքում։
   Հակառակ իր հոգևոր խոնարհ աստիճանին՝ Աթանասն Ալեքսանդր հայրապետի ու համախոհ եպիսկոպոսների հետ ջերմեռանդորեն ստանձնեց ուղղափառության համար պայքարի առաջնորդությունը։ Արիոսականության առաջադրած գաղափարներն իրավացիորեն որակվեցին որպես քրիստոնեական վարդապետության կոպիտ աղավաղում: Քրիստոսի Աստվածության վերաբերյալ դավանանքն անշեղորեն ձևակերպելու համար Աթանասն առաջ քաշեց հունարեն «ὁμοούσιος» («նույն էությունից») եզրույթը, որը դարձավ Նիկիական հանգանակի դավանաբանական անկյունաքարը։ «Ομοούσιος»-ի ներդրմամբ հնարավոր եղավ հստակեցնել Որդու՝ Հոր հետ համագո, ճշմարիտ Աստված լինելու հանգամանքը։ Սա է պատճառը, որ Հայոց Եկեղեցում, ի շարս Առաքելական մնացյալ բոլոր Եկեղեցիների, Հավատո հանգանակի ընթերցման ժամանակ հռչակվում է․ «Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ միածին, այսինքն յէութենէ Հօր»։
   Նիկիայի ժողովում Աթանասի ցուցաբերած նախանձախնդրությունն ու խորաթափանցությունը նախանշեցին նրան որպես Ալեքսանդրիայի Եկեղեցու ապագա առաջնորդի։ Արիոսականությունն, իհարկե, 325 թվականի ժողովում դատապարտվելուց հետո էլ դեռ երկար տարիներ փորձեց գլուխ բարձրացնել և վերականգնել իր դիրքերը, ինչը, ժամանակ առ ժամանակ, պսակվեց հաջողությամբ։ Դա նշանակում է, որ Նիկիայի ժողովի վճիռները սոսկ որոշումների փաստական արձանագրումներ էին, որոնց կենսագործման համար պայքարի բարդ ճանապարհ էր սպասվում։
   Ալեքսանդրիայի Ալեքսանդր հայրապետն Ա Տիեզերաժողովից հետո ապրեց ընդամենը երեք տարի։ 5-րդ դարի պատմիչ Սոկրատ Սքոլաստիկոսն իր «Եկեղեցական Պատմություն» գրքում (Գիրք I, գլուխ XIV) հաղորդում է, որ Ալեքսանդր հայրապետը մահվան մահճում որպես իր իրավահաջորդի մատնանշեց Աթանասին։ Վերջինս վայելում էր ժողովրդի և Եկեղեցու ուղղափառ շրջանակների հավանությունը, ուստի, շնորհիվ հանրային իր լայն ճանաչման, 328 թվականին ընտրվեց Ալեքսանդրիայի 21-րդ պապ և պատրիարք։ Եպիսկոպոսական գահին բազմելու առաջին օրերից Աթանասին սպասվում էին հետապնդումներ, հալածանքներ ու երկարամյա աքսորներ։ Նրա հայրապետության 47 տարիներից 15-ը պարբերական աքսորի ու ծանր դեգերումների շրջան էին։ Պատճառը կրկին արիոսականության չմարող կրակն էր։ Արիոսի հետևորդները 335 թվականին Տյուրոսում (այժմյան Լիբանանի Սուր քաղաքն է) նշանակված մի ժողովի ժամանակ մեղադրանքների տարափ հեղեցին երիտասարդ հայրապետի հասցեին, որոնց, ի վերջո, տուրք տվեց նաև Կոստանդիանոս կայսրը և Աթանասից պահանջեց թողնել Ալեքսանդրիան ու հեռանալ Արևմուտք։ Միաժամանակ կայսրն արգելեց որևէ մեկին զբաղեցնել Եգիպտոսի թափուր Աթոռը։ Աթանասը հեռացավ Թրիեր (քաղաք ներկայիս Գերմանիայում, համարվում է Գերմանիայի ամենահին քաղաքը), որտեղ ընդունվեց հարազատությամբ ու ջերմությամբ։ Իր առաքելությանը հավատարիմ՝ նա անտրտունջ շարունակեց քրիստոնեական ճշմարիտ վարդապետության քարոզչությունն այս նոր հանգամանքներում ևս՝ զգալի ազդեցություն թողնելով տեղի եկեղեցականների շրջանում։ Կոստանդիանոս կայսեր մահից հետո` 337 թվականին, Աթանասը վերադարձավ իր նախկին կարգավիճակին, սակայն այդ ժամանակ էլ հակառակորդները նրան մեղադրեցին Եգիպտոսի Աթոռը թափուր թողնելու վերաբերյալ Տյուրոսի ժողովի ընդունած որոշումը խախտելու մեջ։ Այդ շրջանում նորընտիր Կոստանդիոս II կայսրը լայն հնարավորություններ էր ընձեռում արիոսականներին, քանի որ ինքն էլ երիտասարդության տարիներին ուսումնառել էր արիոսական շրջանակներում և փաստացի պաշտպանում էր նրանց գաղափարները։ Արիոսականներն Ալեքսանդրիայի Աթոռին բազմեցրին Պիստոս անունով մի երեցի, որը, սակայն, նզովքի ենթարկվեց եգիպտական ուղղափառ եպիսկոպոսների կողմից։
   Ալեքսանդրիայի քահանայապետության պատմության մեջ այս շրջանը ամենախճճված ու ամենաանպատվաբեր փուլերից մեկն էր։ 339 թվականին Աթանասի հավատարիմ եպիսկոպոսները, ի պաշտպանություն հայրապետի օրինական իրավունքների, մի ժողով գումարեցին, որի որոշումները ճիշտ մեկ տարի անց՝ 340 թվականին, Անտիոքում հրավիրված ժողովում անվավեր ճանաչվեցին։ Այդ ժողովն Ալեքսանդրիայի Աթոռի վրա կարգեց Գրիգոր Կապադովկիացուն, որը քաղաքի եկեղեցիներն ու տաճարները զենքի ուժով գրավեց։ Արիոսական այս եպիսկոպոսը 6 տարի զբաղեցրեց Սուրբ Մարկոսի Աթոռը, իսկ մինչ այդ Աթանասը հեռացավ Հռոմ, ուր, ինչպես Թրիերի աքսորի ժամանակ, իր շուրջը ժողովեց համակիրների հսկա մի շրջանակ։ Աթանասին իր պաշտպանության տակ առավ Հռոմի Հուլիոս Պապը։ 345-ին Կոստանդիոս II կայսրը Աթանասին հրավիրեց Եգիպտոս և թույլատրեց վերահաստատվել իր գահին։ Այն պետք է տևեր ընդամենը 7 տարի, որովհետև թշնամիները նորից ստիպեցին կայսերն աթոռազրկել հայրապետին՝ Առլի (քաղաք Ֆրանսիայի հարավում, եղել է Կոստանդիանոս Մեծի աթոռանիստը) 353 և Միլանի 355 թվականների ժողովներով։ Այդ ժամանակ, մինչ Ալեքսանդրիան դարձավ արիոսականների հանգրվանատեղին, Աթանասը մայրաքաղաքից հեռացավ անապատ, որպեսզի խուսափի Սիրիանոս կոչվող զորապետի հետապնդումներից։
   Անապատի ճգնության մեջ հալածյալ հայրապետը հեղինակեց հակաճառական բնույթի մի քանի երկեր՝ աղոթքի ու ճգնության մեջ համբերատարորեն սպասելով իր վերադարձին։ 361 թվականին` Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք, Աթանասը մի քանի ամսով վերականգնվեց իր նախկին վիճակին, անգամ հասցրեց 362 թվականին մայրաքաղաքում մի ժողով գումարել՝ մինչ վերստին կբռներ աքսորի ճանապարհը։ Երկու տարի անց՝ Հովբիանոս կայսեր օրոք, Աթանասը կրկին վերադարձավ, բայց դա դարձյալ տևեց ընդամենը մի քանի ամիս։ 365 թվականի այս աքսորը, սակայն, վերջինն էր տառապյալ հայրապետի դեգերումների տարեգրության մեջ։ Ժողովրդական հուժկու պահանջի ազդեցությամբ վերջին աքսորի 4-րդ ամսում Հռոմի Վաղես կայսրը Ալեքսանդրիա վերադարձրեց Աթոռի իրական գահակալին։ Աթանաս Մեծ Հայրապետը ութ տարի անտրտունջ հովվեց հավատավոր իր հոտը՝ 373 թվականի մայիսին միանալով Քրիստոսի Եկեղեցու սրբերի անմահ դասին։
   Աթանաս Ալեքսանդրացին թողել է գրական հարուստ ժառանգություն։ Ժանրային առումով հայրապետի ժառանգությունը բազմաշերտ է՝ մեկնողական, հակաճառական և ջատագովական երկեր, վարքաբանություն, առաջնորդական նամակներ։
   Մեր օրեր են հասել Սաղմոսաց գրքի, Մատթեոսի և Ղուկասի Ավետարանների մեկնությունների պատառիկներ, որոնք համեմված են Ալեքսանդրյան աստվածաբանությանը հատուկ բարոյաբանական ուսուցումներով։
   Հակաճառական երկերի գերակա մասը Աթանասը գրել է իր երրորդ աքսորի տարիներին։ Այդ գործերի թվում են արիոսականների դեմ գրված երեք ճառերը, որոնցում Աթանասը խորքայնորեն վեր է հանում արիոսական հերետիկոսության չարափառությունը և բացատրում Որդու՝ Հորը համագո լինելու իրողությունը՝ հիմնվելով Քրիստոսի Ավետարանական խոսքերի վրա։ Հակաճառական բովանդակություն ունեն նաև Էպիկտետին, Ադելֆոսին և Մաքսիմոսին ուղղված նամակները։
   Աթանասից ժառանգվել է ջատագովական բնույթի երեք կարևոր երկ՝ «Ջատագովություն ըննդեմ արիոսականների», «Ջատագովություն Կոստանդիոս արքայի» և «Ջատագովություն Սիրիանոս զորապետից փախչելու վերաբերյալ»։ Նրա գրչին է պատկանում նաև «Սուրբ Անտոն Անապատականի վարք»-ը, որը զգալի ազդեցություն է ունեցել նոր ձևավորվող սրբախոսական գրականության վրա։ Այս վարքը հետագայում մեծ հնչեղություն է ստացել եկեղեցական շրջանակներում՝ ոգեշնչման աղբյուր դառնալով սբ. Հովհան Ոսկեբերանի, սբ. Օգոստինոս Երանելու և այլ մեծանուն հայրերի համար։
   Աթանասի երկասիրությունների թվում առանձնահատուկ տեղ են գրավում Զատկական նամակները, որոնցում բուն Զատկին վերաբերող խնդիրներից անդին քննարկվել են նաև ժամանակշրջանի այլ կնճռոտ հարցեր։ Դրանցից 39-րդ նամակում Աթանասը ներկայացնում է Աստվածաշնչի կանոնական գրքերի ցանկը, ինչպես նաև` կցում է ընթերցանության համար օգտակար գրականության ցանկ, որոնց մեջ ներառված էին Սողոմոնի, Սիրաքի Իմաստությունները, Եսթերը, Հուդիթը, Տովբիթը, Դիդախեն և Հերմասի Հովիվը։ Այս նամակում առաջին անգամ սահմանվում է Նոր Կտակարանի բովանկակությունը՝ կազմված 27 գրքերից, ինչպես որ ընդունված է այսօր։
   

ՍՈՒՐԲ ՄԱԿԱՐ Ա ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (∼ 335†)

   
   Սուրբ Մակար Ա Երուսաղեմացին վաղ քրիստոնեական շրջանի առանցքային եպիսկոպոսներից էր և Երուսաղեմի Աթոռի պատմության ամենանշանավոր հայրապետներից մեկը: 5-րդ դարի եկեղեցական պատմիչ Սոզոմենոսն իր մեծարժեք «Եկեղեցական պատմություն» աշխատությունում սբ․ Մակարին հիշատակում է որպես Երուսաղեմի հայրապետ՝ 312-335 թթ․ միջև ընկած առաջնորդության շրջանով։ Որպես Եկեղեցու սուրբ հայրապետ նա ընդունված է և հիշատակվում է Արևելյան Ուղղափառ և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիներում: Մակար Երուսաղեմացու կյանքի, գործունեության և ավանդած հոգևոր ժառանգության մասին վկայող աղբյուրների մեծ մասը կազմում են եկեղեցական գրավոր ու բանավոր ավանդությունները և պատմական սկզբնաղբյուրներում նրա մասին պահպանված հատվածական արձանագրությունները։ Մակար հայրապետին հատկապես մեծ ճանաչում է բերել արիոսական պիղծ հերետիկոսության դեմ նրա ստանձնած վճռական կեցվածքը։ Պատմական փաստերը վկայում են, որ Մակար Երուսաղեմացին, համախորհուրդ Ալեքսանդրիայի սբ․ Ալեքսանդր և սբ․ Աթանաս հայրապետների հետ, եղել է ուղղափառության պաշտպանների շարքում և մասնակցել 325 թվականին կայացած Նիկիայի Ա Տիեզերաժողովին։ Հատկանշական է, որ Նիկիայի Տիեզերաժողովից պահպանված արձանագրություններում Մակար հայրապետի անունն առաջինն է հիշատակվում Պաղեստինի Եկեղեցիների՝ ժողովին մասնակցած առաջնորդների թվում։ Թեոդորետոս Կյուրոսացու «Եկեղեցական պատմություն» գրքում էլ պահպանվել է Արիոսի նամակն իր գաղափարակից ընկերոջը՝ Նիկոմեդիայի եպիսկոպոս Եվսեբիոսին, որում Մակար հայրապետի անունն ընդգծվում է հակաարիոսական ճակատի եպիսկոպոսների շարքերում։
   Ներկա օրերում, երբ Նիկիայի Տիեզերաժողովից անցել է շուրջ տասնյոթ հարյուրամյակ, դժվար է ճշգրտորեն գնահատել ժողովին մասնակցած ուղղափառ բոլոր հայրերի կոնկրետ դերակատարությունը։ Այսուհանդերձ՝ Մակար Երուսաղեմացու աստվածաբանական դիրքորոշման վերաբերյալ անչափ կարևոր վկայություն է սբ․ Աթանաս Ալեքսանդրացու՝ Եգիպտոսի ու Լիբիայի եպիսկոպոսներին ուղղված շրջաբերական նամակը, որում Մակար հայրապետի անունը հիշատակվում է ուղղափառ հավատք ունեցող հայրերի շարքում։ Սբ. Աթանասը Մակար Երուսաղեմացուն դրվատալից խոսքերով է հիշատակում նաև Սաղմոսների մեկնության վերաբերյալ Մարցելիանոսին ուղղած իր նամակում՝ գնահատելով բարեզարդ հայրապետի՝ սուրբ առաքյալներին վայել անաղարտ վարքն ու խոնարհ ընթացքը։ Ալեքսանդրացի հայրապետը գրում է, որ սբ. Մակարը ներկայանում է «առաքելության կոչված անձանց հատուկ պարկեշտ ու պարզ ոճով»։ Հատկանշական է, որ «պարզ ոճ» գնահատականով սբ․ Աթանասն առանձնացնում է ոչ միայն Մակար հայրապետի համեստ կացութաձևը, այլև՝ քարոզչական լեզվի մատչելիությունը՝ զերծ ավելորդ բարդություններից, որոնք Աթանասը հաճախ էր նկատում այլ առաջնորդների խոսքերում։
   Պատմագրական ու մատենագրական արձանագրությունները, սակայն, Մակար հայրապետի ծագման մասին տեղեկություններ չեն հաղորդում։ Համաձայն տարածված վարկածի՝ նա ծնվել է Եգիպտոսում, որը 4-րդ դարում ճգնակեցության (ասկետիզմի) ծաղկող կենտրոն էր։ Սբ. Մակարը կրթվել է Ալեքսանդրյան վանական համայնքներից մեկում՝ ամբարելով անհրաժեշտ գիտելիք ու փորձառություն, որը հետագայում, կարծես աստվածային նախախնամությամբ, պետք է կիրառվեր նրա հովվական առաջնորդության տարիներին՝ ի մասնավորի Երուսաղեմում ամուր վանականություն ձևավորելու կարևոր առաքելության իրականացմամբ։ Մակար հայրապետի՝ եգիպտական ծագման մասին ենթադրությունները, սակայն, գլխավորապես հիմնված են քրիստոնեական ճգնակեցության (ասկետիզմի) տարածման գործում նրա ունեցած զգալի ազդեցությամբ, ինչպես նաև` նշանավոր վանական Մակար Եգիպտացու և այլ ճգնավորների հետ ունեցած ջերմ հարաբերություններով։
   Հայտնի է, որ Մակար հայրապետը սբ. Հակոբոս Առաքյալի հիմնադրած Աթոռի գահակալ է ընտրվել շուրջ 312 թվականին՝ հաջորդելով Հերմոն Երուսաղեմացուն, որի գահակալության տարիներին Երուսաղեմի Աթոռը փորձում էր դիմակայել Դիոկղետիանոս կայսեր դաժան հալածանքներին։ Քրիստոսի հետևորդներին հետապնդելու կայսերական այդ քաղաքականությունը ոչ միայն Երուսաղեմի, այլև բոլոր կողմերի քրիստոնյաների շրջանում հարուցել էր ներքին ճնշվածություն, խոր անորոշություն ու տագնապի համընդհանուր տրամադրություն։ Քրիստոնյա լինելը համազոր էր համարվում պետությանը թշնամի լինելուն։ Ահա այսպիսի ծանր ժամանակներ էր վերապրում Երուսաղեմի Աթոռը, երբ կայացավ սբ. Մակարի ընտրությունը։ Ճիշտ նույն ժամանակահատվածում Հռոմեական Կայսրության մեջ տեղի ունեցավ մի շրջադարձային իրադարձություն, որը բեկումնայնորեն փոխեց Քրիստոնեության պատմության հետագա ընթացքը։ Կոստանդիանոս կայսրը 313 թվականին Միլանի հրովարտակով Քրիստոնեությունը ճանաչեց կայսրության ներսում դավանվող կրոններին իրավահավասար կրոն ։ Կոստանդիանոս Մեծն այդպիսով ոչ միայն վերջ դրեց քրիստոնյաների դեմ անարդարորեն իրագործվող կատարվող բազմամյա հալածանքներին, այև օրենքի ուժով հանդուրժողականություն պարտադրեց Եկեղեցու նկատմամբ։ Ստեղծված նոր հանգամանքները Մակար հայրապետը լավագույնս ծառայեցրեց իր հոտի ներսում առաջացած տկարությունները հաղթահարելու և Երուսաղեմին հավատքի նոր զարթոնք հաղորդելու գործին։ Ս. Մակարն իր վերահսկողության տակ վերցրեց Երուսաղեմի համայնքի կառավարումը, նախանձախնդիր հետևողականություն դրսևորեց՝ ի շահ տեղի ծիսական ավանդույթների անսակարկ պահպանման և զարգացման։ Գիտակցելով Երուսաղեմի՝ սրբազան քաղաք լինելու բացառիկ նշանակությունը, նորընտիր հայրապետը համարձակ ջանքեր ներդրեց քրիստոնյաների թվի կայուն աճն ապահովելու, ինչպես նաև՝ Երուսաղեմին համաքրիստոնեական ուխտատեղիի կարգավիճակ հաղորդելու ուղղությամբ։ Ջերմեռանդ հայրապետի նվիրական այս ջանքերը, անկրկնելի են, արդյունավորվում են կայսերական մակարդակով թույլատրվող արտոնությունների համատեքստում։
   Մասնավորապես հայտնի է, որ կայսերական ընտանիքը, իր հերթին, անգնահատելի նախանձախնդրություն էր դրսևորում Քրիստոնեության տարածման համար։ Եվսեբիոս Կեսարացին իր «Կոստանդիանոսի կյանքը» կենսագրական աշխատությունում ներկայացնում է կայսեր ներդրումը Քրիստոնեության հռչակման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Պատմիչը նշում է նաև Կոստանդիանոս Մեծի մոր՝ Ֆլավիա Հելենա Ավգուստայի ազդեցիկ դերակատարությունը վաղ քրիստոնեական պատմության մեջ: Սոզոմենոսն արդեն «Եկեղեցական պատմության» մեջ ավելի մանրամասն դրվագներով է ներկայացնում Հելենայի վաստակը։ Համաձայն 5-րդ դարի պատմիչի՝ կայսերամայր Հելենան հանձն է առնում փնտրելու Փրկչի Կենարար Խաչը և այդ տեսիլքով ճանապարհորդում է դեպի սուրբ քաղաք ու Բարձրյալի օգնականությամբ հայտնաբերում Տիրոջ սրբազան Խաչափայտը: Այդ մասին գրեթե նույն մանրամասնությամբ պատմում է նաև Թեոդորետոս Կյուրոսացին՝ իր «Եկեղեցական պատմություն» աշխատությունում։ Եվ ահա, Երուսաղեմի նկատմամբ ծագող այս ուշադրությանը զուգընթաց Մակար հայրապետը դրսևորում է բարձր նվիրում ու ջանասիրություն։ Եվսեբիոս Կեսարացին հայտնում է, որ Երուսաղեմի պատրիարքին ուղղված ընդարձակ գրությամբ Տիրոջ գերեզմանավայրի շուրջ շքեղաշուք մի տաճար կառուցելու հանձնարարական է տալիս անձամբ Կոստանդիանոս կայսրը։ Նամակում նա իր կամքն է հայտնում՝ առանց միջոցներ խնայելու հոգալ Տաճարի կառուցման բոլոր ամբողջ ծախսերը, քանի որ «հարկին է, որ աշխարհի ամենասքանչելի վայրը հավուր պատշաճի զարդարված լինի», - նկատում է կայսրը։ Ի հետևումն Կոստանդիանոս Մեծի հանձնարարության՝ Մակար հայրապետը կայսերամայր Հելենայի հետ դնում է Տիրոջ Սուրբ Հարության Տաճարի հիմքերը։ Երուսաղեմի պատրիարքը միաժամանակ Բեթղեհեմում սկսում է Փրկչի Սուրբ Ծննդյան Տաճարի շինարարությունը։ Հետագայում նվիրական այս երկու Տաճարները պետք է դառնային քրիստոնյա աշխարհի ամենասիրելի սրբատեղիները։ 335 թվականի սեպտեմբերի 13-ին Մակար հայրապետը Կոնստանդիանոս կայսեր բարձր նախագահությամբ, մեծ հանդիսավորությամբ կատարեց Հիսուս Քրիստոսի Հարության Տաճարի օծման արարողությունը։ Հարության Տաճարի կառուցումն անասելի մխիթարությամբ լցրեց տեղի քրիստոնյաների տառապյալ հոգիները։ Տևական դաժան հալածանքների ու կորուստների խավարի մեջ կարծես ծագեց հարության սպասված լույսը։ Երուսաղեմը վերստին ապրեց Տիրոջ փառքն ու զորությունը։
   Սուրբ Մակար Երուսաղեմացու գործունեությունը եկեղեցական ավանդության մեջ առավելապես նշանավորվել է Երուսաղեմում նրա իրականացրած հսկայածավալ աշխատանքներով և հավատքի սկզբունքների անշեղ պահպանությամբ։ Հաճախ պատմության մեջ շրջանառվել են Մակար Մեծ Եգիպտացուն պատկանող ճգնակեցական բնույթի քարոզներ, որոնք սխալմամբ վերագրվել են Երուսաղեմի Մակար հայրապետի գրչին։ Այս առումով՝ նրա կողմից հեղինակված աստվածաբանական աշխատություններ չեն պահպանվել, սակայն հատկանշական է, որ Մակար Երուսաղեմացու անունով մեզ է հասել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար կարևոր մի նամակ-գրություն՝ ուղղված Հայոց Վրթանես Կաթողիկոսին։ Հիշյալ նամակի բովանդակությունից պարզվում է, որ Երուսաղեմի հայրապետն այն գրել է՝ ընդառաջելով հայկական կողմի խնդրանքին։ Նամակում բացատրվում են ծիսաաստվածաբանական կարևոր հարցեր, որոնք վերաբերում են սբ․ Մկրտության խորհրդին, սբ․ Պատարագին, ինչպես նաև եկեղեցական աստիճանակարգությանը։
   Երանաշնորհ Մակար հայրապետը մահացել է 334 կամ 335 թվականին՝ սբ․ Հակոբոսի Առաքյալի Աթոռը փառքով հանձնելով իր հաջորդին՝ Երուսաղեմի Մաքսիմուս Գ պատրիարքին։
   

ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ (270 ∼ 343 †, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ)

   
    Ս. Նիկողայոս Սքանչելագործն Ընդհանրական Եկեղեցու բոլոր ժամանակների ամենահայտնի եպիսկոպոսներից է։ Նրա անունը մշտապես աղերսվել է բարեգթության, ողորմածության, աղքատասիրության ու առատաձեռնության տերունապատվեր առաքինությունների հետ։ Սբ․ Նիկողայոսը լայն ժողովրդականություն է ունեցել ինչպես իր կյանքի օրոք, այնպես էլ մահվանից հետո։ Լինելով Քրիստոսի Սուրբ Եկեղեցու սպասավոր՝ Նիկողայոս հայրապետի հոգում խոր ներգործություն է ունեցել ավետարանական պատմության մեջ հարուստ երիտասարդին հասցեագրված Տիրոջ խոսքը, որով պատգամվում է․ «․․․գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս» (Մատթ. 19:21)։ Չքավորների ու անօթևանների օգնականի նրա կերպարում մարդիկ տեսնում էին աստվածային անեզր սիրո արտացոլումը և պատահական չէ, որ սբ․ Նիկողայոսը դարձավ համամարդկային բարերարի ամենահայտնի օրինակը։ Նիկողայոս հայրապետի բարեգործ կերպարը ոգեշնչման աղբյուր հանդիսացավ բյուրավոր սերունդների համար։ Նրա անվան հետ է կապվում հայտնի «Սանտա Կլաուսի»` մանուկների սիրելի «Ձմեռ պապ»-ի կերպարը։
    Նիկողայոս հայրապետի կենսագրական մանրամասնություններից հայտնի է, որ նա ծնվել է Փոքր Ասիայի պատմական Լիկիա երկրի Մյուռա քաղաքում (պատմական Մյուռան ներկայիս Թուրքիայի Դեմրե քաղաքն է։ Սա Փոքր Ասիայի Լիկիա երկրի քաղաքներից էր՝ հաստատված Մյուռոս գետի ափերին), որը մոտ էր գտնվում Զմյուռնիա քաղաքին։ Ինչպես վկայում է «Լիակատար Վարք սրբոց» ժողովածուն՝ սբ. Նիկողայոսի հոր անունը Եպիփան էր, մոր անունը՝ Նունե։ Նրանք բարեպաշտ և հարուստ քրիստոնյաներ էին, որոնք երկար տարիներ ապրել էին առանց զավակ ունենալու, և Տիրոջն ուղղված պաղատագին աղոթքներով մշտապես հայցել էին Աստծո ողորմությունը` իրենց զավակ պարգևելու համար։ Առաջացած տարիքում, Աստծու շնորհով, նրանք ունեցան իրենց միակ որդուն, որին անվանակոչեցին «Նիկողայոս» (հուն․ «Νικόλαος» (Nikólaos), որ նշանակում է «Ժողովրդի հաղթանակ», (հուն․ «νίκη» (nikē)՝ «հաղթանակ» և «λαός» (laos)՝ «ժողովուրդ» բառերից)։ Սբ. Նիկողայոսի մայրն իր որդու ծննդյան մեջ տեսնում էր Սամուել մարգարեի աստվածապարգև ծննդյան խորհուրդը և խնամում էր նրան՝ Տիրոջ տաճարին ընծայելու ուխտով։ Ապագա հայրապետի մորեղբայրը, որն այդ ժամանակ Մյուռայի Նիկողայոս անունով եպիսկոպոսն էր, մանկահասակ տղայի մեջ նկատում էր Տիրոջ սպասավորի նվիրական կոչումը։ Ըստ սբ. Նիկողայոս վարքաբանության՝ դեռ մանուկ հասակից նա սկսեց բժշկություններ կատարել, անարատությամբ ու ջերմ նվիրումով սպասավորել Մյուռայի՝ մորեղբոր կառուցած Սբ․ Սիոն եկեղեցում, որտեղ և հետագայում ընդունեց քահանայության սրբազան ուխտը։ Սբ. Նիկողայոսը տակավին երիտասարդ էր, երբ կորցրեց իր զառամյալ ծնողներին։ Նրանցից ժառանգած հսկայական հարստությունը Սքանչելագործ հայրապետը վաճառեց և լռելյայն նվիրաբերեց թշվառության մեջ ապրող ընտանիքներին, ինչը, հակառակ գաղտնիությանը, մեծ հնչեղություն ունեցավ։ Սբ․ Նիկողայոսի բարությունն այնքան մեծ հեղինակություն բևեռեց իր անձի շուրջ, որ երբ նրա մորեղբայրը մահացավ, Մյուռայի ժողովուրդը միաբերան վանկարկեց նրա անունը՝ որպես քաղաքի նոր եպիսկոպոս։ Այսպես սուրբ հայրապետը ստանձնեց նշանավոր այս քաղաքի առաջնորդական վերակացությունը։
    Կարևոր է ընդգծել, որ Նիկողայոս Սքանչելագործը Նիկիայի Տիեզերական ժողովին մասնակցած 318 հայրապետներից մեկն էր։ Այդ մասին վկայում է 6-րդ դարի բյուզանդացի պատմիչ Թեոդորոս Ընթերցողն իր «Եռամաս պատմություն» (Theodorus Lector, “Historia Tripartita”) աշխատությունում, որը Նիկիայի ժողովի ներկաների անունները որոշարկելու արժեքավոր աղբյուրներից է: Ինչպես հայտնի է՝ չորրորդ դարասկզբին արիոսական վեճը տարաձայնությունների մեծ ալիք էր առաջ բերել Ընդհանրական Եկեղեցու կյանքում՝ զգալի տարածում գտնելով նաև հավատացյալների շրջանում։ Այս խնդրի վերջնական լուծման տեսիլքով՝ Կոստանդիանոս կայսրը, կարծես, խաղաղարարների համար Տիրոջ կողմից խոստացված երանության հույսով, հրավիրեց Նիկիայի Ա Տիեզերական ժողովը։ Հատկանշական է, որ թեպետ ժողովի վերաբերյալ պահպանված տվյալները փաստում են 318 եպիսկոպոսների ներկայության մասին, սակայն, ըստ երևույթին, մասնակիցների թիվը գերազանցել է մեկ հազարի սահմանը՝ հաշվի առնելով, որ հայրապետներին ուղեկցում էին սարկավագներ ու քահանաներ։ Այս ներկաներից շատերը, մեծ հավանականությամբ, Հռոմեական կայսրության հալածանքները Քրիստոսի սիրո ապավինությամբ վերապրած սպասավորներ էին, որոնք եկել էին Նիկիա՝ վերահաստատելու իրենց հավատքի ուղղափառությունը և հավատարմությունը Սուրբ Եկեղեցու նկատմամբ։ Ավանդության համաձայն՝ սբ․ Նիկողայոսը ևս չէր խուսափել Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից և բանտարկվել էր՝ առ Քրիստոս տածած իր սիրո ու անսասան հավատքի համար։ Երանաշնորհ հայրապետը զրկանքների մեջ էր մնացել այնքան ժամանակ, մինչև Կոստանդիանոս կայսրը 313 թվականի Միլանի հրովարտակով քրիստոնյաներին իրենց հավատքն անթաքույց կերպով վկայելու ազատություն էր շնորհել։
   Նիկողայոս Սքանչելագործի՝ Նիկիայի ժողովին ունեցած դերակատարության մասին պահպանվել է մի ավանդազրույց, որը լայն տարածում է գտել միջնադարում։ Համաձայն դրա՝ երբ ժողովի ընթացքում Արիոսը հայտնում է, թե Քրիստոս արարած է, Աստծու արարածներից անդրանիկը՝ ողջ արարչագործության մեջ, սբ. Նիկողայոսը վրդովված մոտենում է լիբիացի երեցին ու ապտակում նրան։ Այս պատմությունը, թեպետ, միջնադարյան որևէ աշխատությունում չի արձանագրվել, այդուհանդերձ 14-րդ դարի Նատալիբուսի (քաղաք էր Վենետիկի շրջանում) Պետրոս եպիսկոպոսն իր «Սրբերի լեգենդները» տասներկու մասից բաղկացած աշխատությունում Նիկողայոս հայրապետի մասին հայտնում է, որ վերջինս «հավատքի նախանձախնդրությունից ելնելով՝ հարվածեց մի արիոսականի ծնոտի»: Ըստ Պետրոս եպիսկոպոսի՝ այդ միջադեպի պատճառով Մյուռայի եպիսկոպոսը զրկվել է եպիսկոպոսական հանդերձներ կրելու իրավունքից, ինչով պայմանավորված հետագա պատկերագրության մեջ նրա կերպարը ներկայացվել է առանց եպիսկոպոսական զգեստների։ Հատկանշական է, որ Նատալիբուսի եպիսկոպոսն իր աշխատությունում չի նշում, թե սբ․ Նիկողայոսն ապտակեց հենց Արիոսին, այլ՝ «մի արիոսականի»։ Ամեն պարագայում՝ անշրջելի փաստ է, սբ․ Նիկողայոս Սքանչելագործը եղել է արիոսականության դեմ ձևավորված ուղղափառ ճակատի կենտրոնական դերակատարներից մեկը։
    Սբ․ Նիկողայոսի առաջնորդության շրջանին է վերագրվում նաև որոշ հեթանոսական տաճարների ավերումը, որոնց թվում՝ Մյուռայում գտնվող Արտեմիսի տաճարի կործանումը (Արտեմիսը հռոմեական առասպելաբանության մեջ Դիանա չաստվածուհին էր): Հատկանշական է, որ հռոմեական օրացույցում դեկտեմբերի 6-ին նշվում էր Դիանա չաստվածուհու տոնը։ Ճիշտ նույն օրն է հաստատված նաև սբ․ Նիկողայոս հայրապետի հիշատակությունը, և հիմնվելով այս հանգամանքի վրա՝ մի շարք ուսումնասիրողներ կարծում են, որ Նիկողայոս Սքանչելագործի հիշատակության համար դեկտեմբերի 6-ը հատուկ է ընտրվել՝ Արտեմիս չաստվածուհուն նվիրված հեթանոսական տոնակատարությունները ստվերելու նպատակով։
    Սբ․ Նիկողայոսը հայտնի է նաև շինծու մեղադրանքներով մահապատժի սպառնալիքի առջև կանգնած անձանց պաշտպանությամբ, ինչպես նաև` ճանապարհորդների ու նավորդների համար իր աղոթքներով։ Հայտնի է, որ Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն (527–565 թթ.) սբ․ Նիկողայոսի պատվին մայրաքաղաք Կոստանդնուպոլսում կառուցել է մի շքեղաշուք տաճար։
   Նիկողայոս հայրապետը մահացել է 343 թվականին և թաղվել իր հարազատ Մյուռայում։ Նրա մահվանից ավելի քան յոթ հարյուր տարի անց՝ 1071 թվականին, Բյուզանդական կայսրությունը Մանազկերտի ճակատամարտում ցավալի պարտություն է կրում սելջուկ-թուրքերից, ինչի հետևանքով ժամանակավորապես կորցնում է իր վերահսկողությունը Փոքր Ասիայի մեծ մասի նկատմամբ։ Ստեղծված ծանր շրջանում իսլամական զավթիչները գրավում են Մյուռան և սբ․ Նիկողայոսի գերեզմանը մնում է անպաշտպան։ 1087 թվականին Իտալիայի Բարի քաղաքի նավագնացները, օգտվելով խառնաշփոթ կացությունից, Նիկողայոս հայրապետի մասունքները Մյուռայից տեղափոխում են Բարի։ Համաձայն տեղական ավանդության՝ սրբի մասունքների մի մասը երեք ուխտավորների միջոցով հետագայում տեղափոխվում է Գերմանիայի Գյոթինգեն քաղաքին մերձակա գյուղի եկեղեցի, որն ի պատիվ սուրբ հայրապետի հռչակվում է «Նիկոլաուսբերգ» անունով։
----------------

[1] Ջատագովությունը 2-րդ դարում ձևավորված քրիստոնեական գրականության ժանր էր, որի նպատակն էր ներկայացնել Քրիստոնեության դեմ հեթանոսների և, առհասարակ, որևէ խմբային-գաղափարական, փիլիսոփայական ուղղվածության կողմից հարուցած մեղադրանքների սնոտիությունը, ինչպես նաև պաշտպանել Քրիստոնեության արդարացի իրավունքները։