Հավատամքի ժողովածուներ

Հանգանակների ձևավորման նախանիկիական շրջան: Մաս Ա

   
    Առաջին դարի վերջից մինչև չորրորդ դարի կեսեր Հավատո հանգանակների ձևավորումը նոր թափ է առնում։ Այս շրջանում քրիստոնեությունն իր տարածման և զարգացման ճանապարհին հանդիպում է բազմաթիվ խոչընդոտների, որոնցից հատկանշական են հեթանոսական ու հրեական կրոններից եկող քննադատությունները, ինչպես նաև ասպարեզ եկած հերետիկոսական տարբեր քայքայիչ հոսանքները: Ըստ այսմ, ուղղափառ հավատքն անաղարտ պահելու նպատակով Եկեղեցու վարդապետները ձեռնամուխ են լինում ավանդությամբ փոխանցված աստվածային ճշմարտությունները որոշ բանաձևերով արտահայտելու կարևորագույն գործին: Արդյունքում, Եկեղեցու ներսում ստեղծվում են հավատի զանազան խոստովանություններ, որոնք միտված էին հռչակելու ճշմարիտ հավատքը՝ միաժամանակ պայքարելով հերետիկոսների և փիլիսոփայական տարբեր ուսմունքների դեմ։
    Առաքելական հայրերի, ինչպես նաև հետագա դարերի քրիստոնյա հեղինակների գրվածքներն արդեն իսկ պարունակում են բազմաթիվ ապացույցներ, որ քրիստոնեական հավատը ժամանակ առ ժամանակ ստացել է հստակ գրավոր ձևակերպումներ։ Նման ձևակերպումները, որոնք կարող էին արտահայտված լինել գեթ մեկ նախադասությամբ, արտացոլում էին Եկեղեցու ուսուցման, աստվածպաշտության և քարոզչության կարիքները։ Դրանց մեծամասնությունն իրենց հիմնական գծերով երրորդութենական էին, որոշները վերաբերում էին Հայր Աստծուն և Որդի Աստծուն կամ էլ պարզապես քրիստոսաբանական էին։ Հետաքրքրական է սրանցից երկրորդի պարագան, քանի որ դրանցում ընդգրկված աստվածաբանական հիմնական դրույթներն արդեն իսկ հստակ կարգավորում ստանալու ճանապարհին էին և արձանագրում էին Հիսուսի Ծնունդը Մարիամից՝ Սուրբ Հոգով, Հիսուսի չարչարանքները, խաչելությունը և մահը, Հարությունը, Աստծու աջ կողմում նստելը և գալիք Դատաստանը։ Այդուհանդերձ, կարևոր է նշել, որ առաջին դարից մինչև երրորդ դարի կեսերն ընկած ժամանակահատվածում դեռևս չկային Եկեղեցու կողմից, որպես այդպիսին, վերջնականորեն ձևավորված և պաշտոնապես ընդունված բանաձևումներ:
   
Առաքելական հայրեր[1]/1-ին դարի վերջից 2-րդ դարի կեսեր:
   
    Ստորև, ըստ ժամանակագրական հաջորդականության, կներկայացնենք առաքելական շրջանից մեզ հասած կարևոր գործեր, որոնցում ներկայացված են դավանաբանական հիմնական ճշմարտությունների սերմերը: Կարևոր է արձանագրել, որ առաքելական շրջանի Հավատո խոստովանությունները, որոնք դեռևս «սաղմնային» վիճակում են, շատ հաճախ կրում են երրորդութենական բնույթ՝ վերաբերելով Ս. Երրորդության անձերին: Այս երկերը, իբրև ավետարանական ուսմունքի առաջին վավերական գրավոր աղբյուրներ, Հավատո հանգանակների ուսումնասիրման համար ունեն կարևորագույն արժեք:
   
«Դիդախե» - կամ «Վարդապետութիւն երկոտասան առաքելոց»:
   
    Սա քրիստոնեական անանուն մի գրվածք է, որը վաղ Եկեղեցում ունեցել է բավականին մեծ տարածում: Թվագրվում է 1-ին դարի վերջով և 2-րդ դարի սկզբով: Այն հարուստ նյութեր է պարունակում Եկեղեցու կառուցվածքի, պաշտամունքի, հատկապես ս. խորհուրդների ծիսակատարությունների մասին: Կազմված է երեք մասից և վերջաբանից:
    Հեղինակը, կարևոր ցուցումներ տալով Մկրտության ծեսի մասին, հրահանգում է այն կատարել Ս. Երրորդության անունով՝ այդպիսով տրամադրելով վաղագույն Հավատո հանգանակի մի օրինակ. «Նախ այս ամէնը պատուիրելով մկրտեցեք Հօր, Որդու և Սուրբ Հոգու անունով, հոսող ջրի մէջ: Իսկ եթե հոսող ջուր չկայ, մկրտիր ուրիշ ջրի մէջ, եւ եթէ չես կարող սառը ջրում, ապա մկրտիր տաք ջրում: Իսկ եթէ այդ երկուսն էլ չունես, ապա երեք անգամ գլխին ջուր հեղիր Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով [2]»: Ինչպես հայտնի է, վաղ շրջանում նախքան մկրտության ծեսը մկրտվողին ուղղվում էին հարցեր, և մկրտել «Հոր, Որդու և Սուրբ հոգու անունով», նախ և առաջ ենթադրում էր հնչեցնել այդ հարցերը՝ «Դու հավատո՞մ ես…(առաջինը) Հորը, (երկրորդը) Որդուն, (երրորդը) Սուրբ Հոգուն». դրական պատասխանի դեպքում միայն կարելի էր մկրտել նորադարձին[3]: Եվ քանի որ այս դեպքում «Դիդախե»-ն նախատեսում է երեք անգամ ջրով ցողում, ուստի ենթադրելի է, որ նախքան այդ մկրտվողին ուղղվել են որոշ հարցումեր, որոնց բովանդակության մասին այսօր, ցավոք, միայն մոտավոր պատկերացումներ ունենք [4]:
   
Ս. Կղեմես եպս. Հռոմեացու նամակը Կորնթացիներին:
   
    Սա հայրաբանական գրականության առաջին երկերից է: Թեև նամակը որևէ կերպ չի հիշատակում հեղինակին, այն, սակայն, ավանդաբար վերագրվել է Կղեմեսին: Գրության ժամանակը թվագրվում է 95-98 թթ. միջակայքում:
    Հեղինակը, կարծես հղում անելով Պողոս առաքյալի խոսքին (Եփես. 4:4-6), հարց է ուղղում իր ընթերցողին. «Մի՞թե մենք Մի Աստուած եւ Մի Քրիստոս չունենք, եւ Մի Հոգու շնորհ չի հեղուել մեզ վրայ, եւ մէկ կոչում չունենք ի Քրիստոս: Ինչո՞ւ ենք մասնատում ու բաժանում Քրիստոսի անդամները եւ ապստամբում Իր իսկ Մարմնի դէմ եւ այն աստիճան անմտութեան հասնում, որ մոռանում ենք, թէ մէկս միւսի անդամներն ենք» (46:6-7) [5]: Երրորդության անձերի մեկ լինելը ևս մեկ անգամ հաստատելը պայմանավորված էր Կորնթոսի եկեղեցում ի հայտ եկած շեղումներով, բայց հավանական է, որ հեղինակն այս դեպքում, ինչպես «Դիդախե»-ի պարագային, իր մտքում ունեցել է Մկրտության խոստովանությունը: Նրա կողմից Սուրբ Հոգու շնորհի հեղման մասին հիշատակությունը և Քրիստոսի կողմից կանչված լինելը ևս ակնարկում են Մկրտության ծեսը [6]:
   
Հերմասի «Հովիվը»:
   
    Սա 2-րդ դարով թվագրվող գրվածք է, որը պատկանում է հուդայա-քրիստոնեական հայտնութենական գրականությանը: Երկի սկզբում հայտարարվում է հեղինակի՝ Հերմասի անունը: Դրա նպատակն է առաջնորդել մարդկանց դեպի զղջում և սովորեցնել բարոյական ու առաքինի կյանքով ապրելու չափանիշները։
    Եթե նախորդիվ տրված խոստովանությունների պարագային համատեքստը ծիսական էր, ապա Հերմասի «Հովիվը» ներկայանում է որպես կատեխիզիսի/քրիստոնեականի [7] ուսուցանման կարևոր նմուշ: Ասվածի վառ ապացույցը հեղինակի հետևյալ խոսքերն են. «Նախ և առաջ, հավատացեք որ Աստված մի է, որը ստեղծեց և ձևավորեց ամեն ինչ, ստեղծեց ամեն ինչ ոչնչից» [8]: «Նախ և առաջ» արտահայտությունը վկայում է, որ նշված միտքը, որը կատեխիզիսի ընդամենը մի մասն է, ունի երրորդութենական բնույթ. այստեղ Աստված ներկայանում է որպես ամեն ինչի Ստեղծող, ընդ որում՝ շեշտվում է ամեն ինչ ոչնչից («ex nihilo») ստեղծելու գաղափարը:
   
Ս. Իգնատիոս Անտիոքացու նամակները:
   
    Ս. Իգնատիոսը (35/40-113/117 թթ.) եղել է Անտիոքի 2-րդ եպիսկոպոսը: Նա առաքելական նշանավոր հայրերից է, որի գրվածքներում` մասնավորապես քրիստոնեական տարբեր համայնքներին և Ս. Պողիկարպոս Զմյուռանցուն ուղղված նամակներում նկատելի են Հավատո խոստովանությունների ավելի կարգավորված և կառուցվածքային առումով հստակեցված օրինակներ։ Նա տալիս է քրիստոնեական հավատքին վերաբերող զանազան սահմանումներ՝ դրանք ներկայացնելով որպես բոլորի կողմից ընդունված և անվիճելի ճշմարտություններ։ Հանդես գալով իբրև ուղղադավանության պաշտպան՝ նշված ճշմարտությունների մասին Ս. Իգնատիոսը խոսում է տրամաբանական կուռ հիմնավորումներով, իսկ հերետիկոսության կամ հերձվածների դեմ խոսելիս նրա նամակները ստանում են ջատագովական բնույթ։
    Ինչպես նախորդիվ քննարկված օրինակներում, Իգնատիոսի նամակներում ևս կարևոր տեղ են զբաղեցնում Ս. Երրորդությանը վերաբերող բանաձևումները։ Մագնեզիայի եկեղեցուն ուղղված նամակում նա կոչ է անում հավատարիմ մնալ Տիրոջ և առաքյալների ուսմունքին. «…որպեսզի այն ամէնը, որ անում էք, յաջողուի ձեզ մարմնի եւ հոգու մէջ, հաւատքի եւ սիրոյ մէջ, Որդու եւ Հօր եւ Հոգու մեջ, սկզբում եւ վերջում…Հնազանդ եղեք Եպիսկոպոսին եւ միմեանց, ինչպես Յիսուս Քրիստոսը որպէս մարդ հնազանդ եղաւ Հօրը, եւ ինչպես առաքեալները հնազանդ եղան Քրիստոսին եւ Հօրը եւ Հոգուն, որպեսզի մարմնաւոր եւ հոգեւոր միաբանութիւն լինի» (Մագն. 13:1) [9]:
    Այնուամենայնիվ, Իգնատիոսի կողմից տրված հանգանակատիպ հիմնական հատվածներն իրենց բնույթով քրիստոսաբանական են և ներկայացնում են կարճ, բայց հստակ ձևակերպումներ։ Լավագույն օրինակը կարդում ենք Եփեսացիներին ուղղված նամակում. «Մեր Աստուած Յիսուս Քրիստոսը Մարիամի արգանդում կրուեց Աստծոյ ծրագրի համաձայն։ Դաւթի տոհմից սերեց, բայց Սուրբ Հոգու ներգործութեամբ։ Նա ծնուեց եւ մկրտուեց, մաքրելու համար ջուրն իր Չարչարանքներով» (Եփես. 18:2) [10]:
    Թրալլացիներին ուղղված նամակում Ս. Իգնատիոսը տալիս է քրիստոնեական հավատի ևս մեկ կարճ ամփոփում, որն այս դեպքում ուղղված էր այդ ժամանակներում տարածում գտած դոկետիզմի (երևութականության) վարդապետության դեմ. «Փակէք, ուստի, ձեր ականջները, երբ ինչ որ մէկը Յիսուս Քրիստոսի մասին ձեզ խօսում է առանց ասելու, որ Դաւթի սերնդից էր, Մարիամի որդին, որ իսկապես ծնուեց, կերաւ և խմեց. իսկապես հալածուեց Պոնտացի Պիղատոսի օրոք. իսկապես խաչուեց ու մահացաւ երկնաբնակների, երկրաբնակների ու սանդարամետականների աչքի առաջ: Նա իսկապես յարութիւն առաւ մեռելներից, որովհետև Նրա Հայրը Նրան յարութիւն տուեց: Նույն կերպ Հայրը Յիսուս Քրիստոսի մէջ յարութիւն կտա նաև մեզ, որ հաւատում ենք Նրան: Առանց Նրա մենք չունենք ճշմարիտ կեանքը» (Թրալլ. 9:1-2) [11]:
   
    Մեկ այլ կարևոր հատված էլ հանդիպում է Զմյուռնիայի եկեղեցուն ուղղված նամակում. «Փառաւորում եմ            Յիսուս Քրիստոս Աստծուն, որ Ձեզ այսքան իմաստուն է դարձրել…
    Գիտեմ, որ ամբողջովին հաւատում էք մեր Տիրոջը, համոզուած, որ
    Նա իսկապէս մարմնով Դաւթի սերնդից էր,
    Աստուծո կամքով եւ զօրութեամբ՝ Աստծոյ որդին, որն իսկապես ծնուեց Կոյսից,
    Մկրտուեց Յովհաննէսից, որպեսզի Նրա միջոցով կատարուի ամէն արդարութիւն։
    Պոնտացի Պիղատոսի եւ Հերովդէս չորրորդապետի օրոք Յիսուսն իսկապէս մարմնով գամուեց Խաչին մեր համար,
    Նրա պտղից ենք մենք սերել, Նրա աստուածայնօրէն երանելի չարչարանքներից։
    Իր յարութեամբ Նա կամեցաւ ընդմիշտ վեր բարձրացնել Իր դրոշը,
    Իր սրբերի ու հաւատացեալների համար,
    Լինի հրեաների միջեւ, թե հեթանոսների, Իր եկեղեցու միակ մարմնի ներսում» (Զմյուռ․ 1:1-2) [12]:

   
    Իգնատիոս Անտիոքացու նամակներում տեղ գտած հիշյալ բանաձևումներում նկատելի են կարևոր ընդհանրություններ, որոնք կարելի է միավորել աստվածաբանական հետևյալ կետերի շուրջ. Քրիստոս Դավթի սերնդից է, Քրիստոս Աստծու Որդին է, որ ծնվեց կույս Մարիամից, չարչարանքներ, խաչելություն ու մահ կրեց և Հարություն առավ։ Հարկ է նշել, որ այստեղ արդեն իսկ արծարծվում է Քրիստոսի երկրորդ Գալստյան գաղափարը։ Տրված վերջին երկու բանաձևումները ունեն ընդգծված պաշտպանություն՝ ընդդեմ դոկետիստների չարափառ վարդապետության։
   
Ս. Պողիկարպոս Զմյուռնացու նամակը:
   
    Ս. Պողիկարպոսը 2-րդ դարի առաջին կեսին եղել է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Ս. Երանոսի և Եվսեբիոսի վկայությամբ՝ աշակերտել է Հովհաննես Առաքյալին՝ նրանից ստանալով եպիսկոպոսական ձեռնադրություն: Հայտնի է, որ գրել է բազմաթիվ նամակներ, սակայն պահպանվել է դրանցից մեկը, որն ուղղված էր Փիլիպպեցիներին: Այն գրվել է 2-րդ դարի առաջին կեսին՝ ի պատասխան նրանց նամակի, ովքեր խնդրում էին Ս. Իգնատիոսի թղթերը:
    Նամակը բովանդակում է կենդանի հավատի կարևոր հռչակումներ: Հեղինակն աստվածաշնչյան առատ մեջբերումներով անդրադառնում է Տիրոջ մարմնացման իրականությանը՝ քննադատելով բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում Քրիստոսին՝ մարմնով եկած, մերժում են խաչի վկայությունը և ասում են, թե չկա Հարություն. «Քանզի ամէն ոք, ով չի խոստովանում, թե Յիսուս Քրիստոս մարմնով յայտնուեց, նեռ է եւ ով չի ընդունում խաչի վկայութիւնը սատանայից է, եւ նա, ով Տիրոջ խոսքերը մեկնաբանում է իր կրքերի համաձայն եւ ասում, թե ոչ յարութիւն կայ եւ ոչ էլ դատաստան, նա սատանայի անդրանիկ որդին է» (Փիլիպ. Գլուխ 7) [13]։
    Սրանից առաջ՝ երկրորդ գլխում, Պողիկարպոսը տալիս է ավելի համակարգված Հավատո խոստովանություն՝ կոչ անելով հեռու մնալ տարատեսակ շեղումներից ու մոլորություններից և.
   
«…հաւատալով Նրան,
    Ով մեր Տէր Յիսուս Քրիստոսին յարութիւն տուեց մեռելներից,
    Եւ նրան տուեց փառք ու գահ իր աջ կողմում,
    Ում հնազանդ են բոլոր երկնայիններն ու երկրայինները,
    Ում ծառայում են բոլոր շնչավորները,
    Ով գալու է դատելու ողջերին ու մեռածներին» (Փիլիպ. 2 գլուխ)
[14]:
   
    Հետաքրքրական է այս խոստովանության կառուցվածքը. առաջին արտահայտությունը ուղղված է Հայր Աստծուն, իսկ ավելի ծավալուն երկրորդ մասն իր բնույթով քրիստոսաբանական է։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ այս հատվածը մեզ հիշեցնում է Պետրոս առաքյալի Առաջին ընդհանրական նամակից որոշ տեղիներ, օրինակ՝ 1:21, 3:22:
    «Որ նրա միջոցով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց, որպեսզի ձեր հավատը և հույսը Աստծու վրա դնեք» (1:21)։
    «Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները» (3:22)։
    Այսպես, կարող ենք ասել, որ առաքելական հայրերի գրվածքներում արդեն իսկ դրված են քրիստոնեության դավանաբանական կարևորագույն ճշմարտությունների հիմքերը: Դրանք բովանդակում են նաև Եկեղեցու ծիսական կյանքին առնչվող մեծարժեք տեղեկություններ, որոնց շարքում իր կենտրոնական տեղն է գրավում Ս. Մկրտության խորհուրդը: Կարևոր է արձանագրել, որ քրիստոնեության տարածման վաղ շրջանում կիրառվող հավատքի դավանության տարբեր ձևերն առնչվում էին հենց Ս. Մկրտության խորհրդին: Առաքելական հայրերի թողած ժառանգությունը կարևոր հիմք դարձավ, որպեսզի հետագա դարերում Եկեղեցու վարդապետները պայքարեն տարատեսակ շեղումների դեմ՝ այդպիսով շարունակելով հանգանակների ձևավորման ու զարգացման կարևորագույն գործընթացը:

---------------
[1]«Առաքելական հայրեր» եզրույթն այսօր ունի լայն ընդգրկում: Այն ոչ միայն վերաբերում է առաքելական հայրերին՝ Ս. Կղեմես եպս. Հռոմեացի, Ս. Իգնատիոս եպս. Անտիոքացի, Ս. Պողիկարպոս Զմյուռնացի, Պապիաս, այլև ընդգրկում է քրիստոնեական գրականության նախնական շրջանի հայտնի հեղինակների, որոնց երկերը մեծ կարևորություն են ունեցել վաղ Եկեղեցու կյանքում։ Այդ երկերի թվում են՝ «Դիդախե»-ն կամ «Վարդապետութիւն երկոտասան առաքելոց»-ը, Բառնաբասի նամակը, Հերմասի «Հովիվը»:

[2] Տասներկու առաքյալների վարդապետությունը, «Գանձասար» (Աստվածաբանական հանդես), Է., Երևան, 2002, էջ 146-147:
[3] Տե՛ս J. N. D. Kelly, Early Christian Creeds, London, 2006, p. 66.
[4]Տե՛ս նույն տեղում:
[5] Կղեմեսի առաջին նամակը Կորնթացիներին (շարունակություն), «Գանձասար» (Աստվածաբանական հանդես), Զ., Երևան, 2002, էջ 214:
[6] Տե՛ս J. N. D. Kelly, նշվ. աշխ. էջ 66:
[7] Քրիստոնեական դավանաբանության շարադրանք է, ուսուցում, որը սովորաբար արվում է հարց ու պատասխանի ձևով:
[8] Shephard of Hermas, Translated by J. B. Lightfoot, North Carolina, 2017, p. 5.
[9] Սբ. Իգնատիոս Անտիոքացի, Նամակներ, (թրգմն.՝ Մ. Վ. Ղազարյանի), Երևան, 2011, էջ 78-79:
[10] Նույն տեղում, էջ 62:
[11] Նույն տեղում, էջ 89-90:
[12]Նույն տեղում, էջ 123-124:
[13] Զմյուռնիայի եպիսկոպոս և սուրբ նահատակ սուրբ Պողիկարպոսի նամակը Փիլիպպեցիներին, «Գանձասար» (Աստվածաբանական հանդես), Է., Երևան, 2002, էջ 171:
[14]Նույն տեղում, էջ 165-166:
---------------

   

Հանգանակների ձևավորման նախանիկիական շրջան: Մաս Բ

   
    2-րդ դ. կեսերից մինչև 4-րդ դ. սկիզբ:
    Ի տարբերություն առաքելական հայրերի, որոնց գրվածքներում նկատելի էին նոր ձևավորվող հավատամքների նախնական նմուշները, 2-րդ դարի կեսերից մինչև 4-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում մեզ հասած աստվածաբանական գրվածքներում առաջին անգամ հանդիպում են այնպիսի ձևակերպումներ, որոնց հոգևոր գրականության մեջ սովորաբար ընդունված է անվանել «Հավատո հանգանակներ»: Ստորև կանդրադառնանք այս շրջանից մեզ հասած հանգանակներին և դրանց նախօրինակներին։
   
Հուստինոս Վկա (100-165 թթ.)
   
    Այս տեսանկյունից մեծարժեք աղբյուրներ են Հուստինոս Վկայի հետևյալ գործերը՝ «Առաջին ջատագովություն» (150-155թթ.) և «Երկխոսություն Տրիփոնի հետ» (155թ.-ից հետո): Հուստինոսի երկերում առկա «Հավատո հանգանակներ»-ի մեծամասնությունը երրորդութենական է. կառուցվածքային առումով դրանց առաջին մասը վերաբերում է Հայր Աստծուն, երկրորդ մասը՝ Որդուն, իսկ երրորդ մասը՝ Սուրբ Հոգուն. «Մենք պաշտում ու երկրպագում ենք ինչպես Նրան, այնպես եւ Նրանից եկած եւ մեզ այս ուսմունքն ավանդած Որդուն, Նրան հետեւող եւ Նրան նմանվող բարի հրեշտակների զինվորության հետ միասին, ինչպես նաեւ պաշտում ու երկրպագում ենք մարգարեական Հոգուն» (6-րդ գլուխ) [15]: Մեկ այլ տեղում՝ 13-րդ գլխում, կարդում ենք. «Մենք անաստվածներ չենք, երբ պաշտում ենք բովանդակ աշխարհի Արարչին…(մաս 1): Սույնում մեր ուսուցիչը Հիուս Քրիստոսն է, (մաս 2), Որը հենց այդ բանի համար էլ ծնվեց եւ Տիբերիոս կայսեր օրով Պոնտացի Պիղատոսի՝ Հուդայի նախկին կուսակալի [ձեռամբ] խաչվեց։ Մենք գիտենք, որ Նա ճշմարիտ Աստծու Որդին է, եւ Նրան երկրորդ տեղում ենք զետեղում [Հորից հետո], իսկ մարգարեական Հոգուն՝ երրորդ (մաս 3)» [16]:
Ակնհայտ է, որ վերոբերյալ Հավատո խոստովանություններում արդեն իսկ գործում է այն տրամաբանությունը, որ Ս. Երրորդության անձերը հիշվում են հստակ հերթականությամբ: Հուստինոս Վկան ևս հետևում է այս տրամաբանությանը: Եվ սա, իհարկե, ունի սուրբգրային հիմքեր։
    Երկու այլ հատվածներ՝ 61-րդ գլխում, վերաբերում են Ս. Մկրտության ծեսին: Խոսելով նորադարձների մասին՝ Հուստինոս Վկան գրում է. «Ապա մենք բերում ենք նրանց անդ, ուր ջուր կա, եւ նրանք վերածնվում են այնպես, ինչպես մենք ենք վերածն-վել, այսինքն՝ այդժամ մաքրագործվում են ջրով՝ հանուն Հայր Աստծու եւ ամենայնի Տիրոջ, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Հոգու» [17]։ Սրան նման մեկ այլ հատված հանդիպում է հենց նույն գլխում. «Ջրում վերածնվել կամեցողի եւ իր մեղքերից ապաշխարողի վրա արտասանվում է ամենայնի Հոր եւ Տեր Աստծու անունը...Եւ Պոնտացի Պիղատոսի օրոք խաչված Հիսուս Քրիստոսի եւ Հիսուսին վերաբերող մարգարեների շուրթերով մարգարեացող Սուրբ Հոգու անունները տալիս՝ մաքրագործվում է լուսավորվողը» [18]:
    Մեջբերված երկու հատվածներն արդեն իսկ ընդունված Մկրտության ձևերի վերարտադրումն են և ուսումնասիրողների կողմից ձևակերպվել են որպես «Ս. Հուստինոսի հավատքի խոստովանություն»: Հեղինակի խոսքերից պարզ է դառնում, որ այս բանաձևերը արտասանում էր ոչ թե մկրտվողը, այլ մկրտողը: Այս դեպքում, փաստորեն, մենք գործ ունենք ոչ թե հռչակագրի տեսք ունեցող Հավատո խոստովանության, այլ Մկրտության ժամանակ տրվող հարցուպատասխանի հետ:
    Հուստինոս Վկայի երկերում առկա բազմաթիվ հավատո խոստովանությունները, բացի երրորդութենական ու ծիսական լինելուց, երբեմն զուտ քրիստոսաբանական են. «Ամենայնի Հոր եւ Տեր Աստծու կամոք, Նա Կույսի միջոցով մարդ ծնվեց եւ Հիսուս անվանվեց, խաչվեց, մահացավ, հարյավ եւ երկինք համբարձվեց» (Գլուխ 45) [19]:
    Այսպես, Հուստինոսի երկերում տեղ գտած հիշյալ խոստովանություններն իրենց բնույթով թե՛ երրորդութենական, և թե՛ զուտ քրիստոսաբանական են: Դրանք ներկայացնում են նաև Մկրտության ծեսի կատարման ամբողջական պատկերը, որտեղից պարզ է դառնում, որ Եկեղեցում արդեն իսկ առկա էին այն չափանիշները, որոնք բավարարելու պարագային նորադարձը կարող էր մկրտվել և դառնալ Եկեղեցու լիիրավ անդամ:
   
Երանոս [20] եպիսկոպոս Լիոնացի (130-202 թթ.):
   
    Հուստինոս Վկայից հետո Հավատո հանգանակների լավագույն օրինակներ են պարունակում Երանոս եպիսկոպոսի գրվածքները: Նա եղել է քրիստոնյա նշանավոր աստվածաբան ու ջատագով, որի հայտնի գործերից ամբողջությամբ մեզ են հասել «Ցոյցք առաքելական քարոզութեան» [21](գրվել է 190 թ.-ից հետո) և «Ընդդէմ հերձուածողաց» [22](մոտ.՝ 185 թ.) երկերը:
    Երանոսի աստվածաբանության հիմնական նպատակն է ցույց տալ, թե որն է ճշմարիտ հավատքը: Այն բնորոշելու համար հեղինակը շատ հաճախ օգտագործում է «ճշմարտության կանոն» կամ «հավատքի կանոն» արտահայտությունները՝ նկատի ունենալով ոչ թե համընդհանուր տարածում գտած և պաշտոնապես ընդունված որևէ հավատամք, այլ` ուղղափառ հավատքի վարդապետական բովանդակությունը:
«Ցոյցք առաքելական քարոզութեան» երկի 3-րդ գլխում Երանոս եպիսկոպոսը պատվիրում է հիշել այն հավատը, որն ավանդեցին առաքյալների աշակերտները. «Նախ և առաջ պետք է հիշել, որ մենք մկրտությունը ստացել ենք մեղքերի թողության համար՝ Հայր Աստծու անունով և Որդի Աստծու անունով, ով մարդացավ, մեռավ և հարություն առավ և (ստացել ենք) Սուրբ Հոգի Աստծու անունով» [23]: Ս. Երրորդությանը վերաբերող մեկ այլ բանաձևում հանդիպում է 7-րդ գլխում. «Վերստին ծնվելու մեր մկրտությունը անցնում է երեք կետով (այս կերպ)՝ Հայր Աստծու կողմից Որդու միջոցով և Սուրբ Հոգով՝ մեզ վերստին ծնունդ շնորհելով» [24]:
    Հիշյալ երեք կետերին վերաբերող մեկ այլ հատված առնչվում է Մկրտության ծեսին. «Այս է մեր հավատքի կարգը, շինության հիմքը…Աստված, Հայր անեղ, անստեղծ, անտեսանելի, մեկ Աստված՝ ամեն ինչի արարող. սա մեր հավատքի առաջին կետն է: Իսկ երկրորդ կետն այս է. Բանն Աստուծո, Աստծո որդին՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ երևաց մարգարեներին ըստ իրենց մարգարեության և ըստ Հոր տնօրինության, Որի (Որդու) միջոցով եղավ ամեն ինչ, որ նաև ժամանակների վերջում է գալու գլխավորելու և համախմբելու ամեն բան: Մարդ եղավ մարդկանց մեջ՝ տեսանելի և շոշափելի՝ մահը խափանելու, կյանքը ցույց տալու և մարդու ու Աստծո միջև պարզ միության ստեղծելու համար: Եվ երրորդ կետն այս է. Սուրբ Հոգին, որի միջոցով մարգարեները մարգարեացան և հայրերը սովորեցին Աստծո մասին, և արդարներն առաջնորդվեցին արդարության ճանապարհով...» [25]:
    Բնականաբար, սա ոչ թե Մկրտության հանգանակ է, այլ ավելի շուտ համառոտ մի մեկնաբանություն, որը ցույց է տալիս նախքան Մկրտությունն անհրաժեշտ քրիստոնեական ուսուցման ու դրան առնչվող հրահանգների էությունը:
    Երրորդութենական բանաձևումներ առկա են նաև «Ընդդէմ հերձուածողաց» երկում: 4-րդ գրքի 33-րդ գլխում՝ «ուղղադավան եկեղեցականին» վերաբերող հատվածում, Երանոսը խոսում է այն հավատքի մասին, որ պետք է ունենա տվյալ «հոգևոր մարդը». «Նա պետք է հավատք ունենա առ Ամենակալ Աստված, որից եղավ ամեն բան, (հավատք առ) Աստծո Որդին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով եղավ ամեն բան և (հավատք առ) բոլոր տնօրինությունները, որ կապված են Նրա հետ, որոնց միջոցով Աստծո որդին մարդացավ, և հաստատուն հավատք (ունենա) հանդեպ Աստծո Հոգին, որը յուրաքանչյուր սերնդի մեջ մարդկանց մոտ հրապարակայնորեն բացահայտում է Հոր և Որդու փրկարար տնօրինությունները, ինչպես որ կամենում է Հայրը» [26]:
    Հավատո այս խոստովանությունն, անշուշտ, իր բովանդակությամբ մեզ հիշեցնում է Ա Կորնթ. 8:6-րդ համարը. «Բայց մեզ համար կա միայն մեկ Աստված՝ Հայրը, որից սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա համար, և կա միայն մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա միջոցով»։
    Բացի երրորդութենական ձևակերպումներից՝ Երանոսի երկում առկա են նաև Հավատո խոստովանություններ, որոնք վերաբերում են միայն Հորը և Որդուն. «Կա մեկ Աստված, երկնքի և երկրի արարիչը, հռչակված օրենքի և մարգարեների միջոցով և կա մեկ Քրիստոս՝ Աստծո որդին» (Գիրք 3-րդ, գլուխ 1) 1[27]: Այս շարքին կարելի է հավելել մեկ այլ կարևոր հատված, որը քրիստոսաբանական է և ուղղված է դոկետիստների վարդապետության դեմ. «Նա ինքն է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ով տառապեց մեզ համար և հարություն առավ մեզ համար և կրկին գալու է Հոր փառքով հարություն տալու բոլոր մարմիններին և ցույց տալու փրկությունը և արդար դատաստանի օրենքը բոլոր նրանց, որ ստեղծվել են իր կողմից: Կա միայն մեկ Աստված…մեկ Հիսուս Քրիստոս» [28]:
    Ընդհանրացնելով Հավատո խոստովանությունների այս շարքը՝ կարող ենք ասել, որ Երանոս եպիսկոպոսը ծանոթ է եղել Մկրտության ժամանակ կիրառվող մի կարճ հանգանակի և իր գրվածքներում արտացոլել է դրա բովանդակությունը: Կարելի է ասել, որ նրա երկերում «հավատք» և «հավատքի կանոն» հասկացությունները վարդապետական համառոտ ամփոփումներ են։ Դրանցում առկա նմանությունները խոսում են մեկ հիմնական դավանանքի մասին, որը կիրառվել է կատեխիզիսի/քրիստոնեականի [29] ժամանակ և որը ներառել է աստվածաբանական հետևյալ կետերը՝ Աստծո մեկ լինելը, ամենազորությունը, ինչպես նաև՝ Քրիստոսի աստվածային ծագումը, Նրա ծնունդը, չարչարանքները, Հարությունը: «Հավատքի կանոնը», որ Եկեղեցու հիմքն է, Քրիստոսի կողմից փոխանցվել է Իր աշակերտներին, իսկ նրանց միջոցով էլ՝ Եկեղեցուն, որն էլ այն պահպանում է անվերապահորեն:
   
Տերտուղիանոս (155/165-220/240 թթ.):
   
   Տերտուղիանոսը լատինագիր առաջին մեծ աստվածաբանն է, որի նպաստը արևմտյան աստվածաբանության մեջ անուրանալի է: Նրա կողմից առաջ բերված Ս. Երրորդության բանաձևումը զգալի ազդեցություն է թողել հետագայում Եկեղեցու կողմից Ս. Երրորդության վերաբերյալ ընդունված ձևակերպումների վրա: Տերտուղիանոսի համար գոյություն ունի մեկ անժխտելի «Հավատքի կանոն» (լատ.՝ «regula fidei»), որը Քրիստոս հաստատել, փոխանցել է Իր առաքյալներին՝ միաժամանակ բացահայտելով այդ հավատքի բովանդակությունը [30]: Սրան հակառակ, հետագայում ձևավորված հերետիկոսական ուսմունքները փորձել են խեղաթյուրել միակ ճշմարիտ «կանոնը»: Հիշյալ ձևակերպումը, կարելի է ասել, նույնանում է Երանոսի երկում առկա «հավատքի կանոն» եզրույթի հետ, սակայն Տերտուղիանոսն ավելի հստակորեն է ներկայացնում կանոնի վարդապետական բովանդակությունը։
   Տերտուղիանոսի գրվածքներում հանդիպում են հավատի երեք կարևոր ամփոփումներ, որոնք կարող ենք անվանել «Հավատքի կանոն/regula fidei»: Դրանցից երկուսը նրա հակաճառական–դավանաբանական երկերում են. առաջինը՝ «Ընդդեմ հերետիկոսաց»-ում (լատ.՝ De praescriptione haereticorum [31]/մոտ. 200թ.), իսկ երկրորդը՝ «Ընդդեմ Պրաքսեասի» գործում (լատ.՝ Adversus Praxeum/213 թ.–ից հետո)։ Երրորդ կարևոր ամփոփումը նրա բարոյա–կարգապահական երկերի շարքում է՝ «Կույսերի շղարշի մասին» (լատ.՝ «De virginibus velandis»/մոտ.՝ 208-211 թ.):
   Առաջին երկի 13-րդ գլխում կարդում ենք Հավատքի երրորդութենական մի խոստովանություն, որը համապարփակ ձևով ներկայացնում է քրիստոնեական հավատի էությունը. «Հավատքի կանոնն այս է…այն կանոնը, որով մենք հավատում ենք, որ կա միայն և միայն մեկ Աստված, և նա աշխարհի Արարիչն է, Ով Իր խոսքով ամեն բան ոչնչից բերեց գոյության։ Եվ այդ խոսքը, որ Իր Որդին է, Աստծո անունով տարբեր ձևերով հայտնվեց նահապետներին, և միշտ լսելի դարձրեց Իր ձայնը մարգարեների միջոցով, և ի վերջո, իջավ կույս Մարիամի մեջ՝ Իր Հոր հոգով և զորությամբ, մարմին առավ նրա արգանդում և ծնվեց նրանից որպես Հիսուս Քրիստոս։ Այնուհետև հռչակեց նոր օրենք և երկնքի արքայության նոր խոստում, հրաշքներ գործեց, գամվեց խաչին և հարություն առավ երրորդ օրը, համբարձվեց երկինք և նստեց Հոր աջ կողմում։ Եվ ուղարկեց իր փոխարեն Սուրբ Հոգու զորությունը՝ առաջնորդելու հավատացողներին։ Եվ կրկին գալու է փառքով՝ առաջնորդելու սուրբերին դեպի հավիտենական կյանք և երկնային խոստումների վայելում, իսկ ամբարիշտներին դատապարտելու է հավիտենական կրակի։ Եվ երկու կողմերն էլ հարություն կառնեն մեռելներից՝ վերականգնված ունենալով իրենց մարմինները» [32]։
   «Կույսերի շղարշի մասին» իր երկի առաջին գլխում Տերտուղիանոսը, խոսելով Հավատքի կանոնի մասին, գրում է, որ այն «ամենուրեք նույնն է՝ անփոփոխ և անխախտելի» [33]։ Հետաքրքիր է, որ այստեղ հիշատակություն չկա Սուրբ Հոգու մասին, սակայն «Ընդդեմ Պրաքսեասի» [34] երկի երկրորդ գլխում նա խոսում է Սուրբ Հոգու մասին ՝ ասելով. «Նա (Որդին), ինչպես խոստացել էր, ուղարկեց Հորից Սուրբ Հոգուն՝ Մխիթարիչին՝ բոլորի հավատքը սրբացնողին, նրանց, ովքեր հավատում են Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն» [35]։ Հարկ է նշել, որ մինչև Աթանաս Մեծ, այս գործը միակն է, որ հաստատում է Սուրբ Հոգու Աստվածությունը, իսկ Ս. Երրորդություն (լատ.՝ «trinitas») եզրն արևմտյան աստվածաբանության մեջ առաջին անգամ օգտագործվում է հենց այստեղ։
   Ըստ այսմ, պետք է փաստել, որ հավատո այս խոստովանություններն իրենցից ներկայացնում են քրիստոնեական հիմնարար ուսմունքի պարզ, սակայն, բովանդակալից ամփոփումներ, որոնք վերաբերում են Ս. Երրորդության անձերին: Ներկայումս ուսումնասիրողներն այն կարծիքին են, որ Տերտուղիանոսն իր ձեռքի տակ չի ունեցել որևէ հստակ ձևակերպված և նույնիսկ տեղական որևէ Եկեղեցու կողմից ընդունված հանգանակ։ Իսկ իր Հավատո խոստովանություններն այնպիսի ամփոփումներ են, որոնք օգտագործվել են հիմնականում նախքան Մկրտությունը կատարվող քրիստոնեական ուսուցման շրջանակներում:
   
Դեր Բալիզեհի պապիրուս («Deir Balyzeh Papyrus»/ 200թ.ի շրջակայք):
   
   Երկրորդ դարից մեզ հասած Հավատո խոստովանությունների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում մի հանգանակ, որը պահպանվել է Դեր Բալիզեհի պապիրուսում («Deir Balyzeh Papyrus») [36]: Վերջինս բովանդակում է հատվածաբար պահպանված տեքստեր, որոնց թվում են երեք աղոթքներ և Ս. Պատարագից մի հատված։ Հանգանակը շատ հաճախ հանդես է գալիս «Ալեքսանդրիայի հին հանգանակ» անունով և հնարավոր է, որ այն կիրառվել է Մկրտության ծեսի ժամանակ [37]։
   
   « ... Խոստովանում է հավատքը՝ ասելով.
   Ես հավատում եմ (եթովպերենում՝ մենք հավատում ենք)
   Աստծուն՝ (եթովպերենում ավելանում է «Տիրոջը»),
   Ամենակալ Հորը,
   Եվ Իր միածին որդուն,
   Մեր Տեր Հիսուս Քրիստոսին,
   Եվ Սուրբ Հոգուն,
   Եվ մարմնի հարությանը սուրբ, ընդհանրական եկեղեցում [38]:
(ղպտերենում՝ Եվ նրա մի, ընդհանրական, առաքելական, սուրբ եկեղեցուն) [39]։
(եթովպերենում)՝ Եվ մի, սուրբ, ընդհանրական, առաքելական եկեղեցուն,
(եթովպերենում ավելանում է՝ «Եվ մենք հավատում ենք մի մկրտությանը՝ մեղքերի թողության համար, հավիտյանս հավիտենից» [40]։

   Ի տարբերություն նախորդիվ քննարկված Հավատո խոստովանությունների և հանգանակատիպ բանաձևումների, այստեղ հանդիպում ենք նոր երևույթի. Եկեղեցուն տրվում են հստակ բնորոշումներ՝ մի, ընդհանրական, առաքելական և սուրբ։ Ներկայումս դժվար է ասել, արդյո՞ք տվյալ հանգանակն ի սկզբանե հանդես է եկել որպես հավատքի խոստովանություն, թե՞ եղել է մկրտվողին տրվող հարցերի ու պատասխանների համախումբ: Եթե սրա ստեղծումը ժամանակագրորեն դնենք մոտ 200–ական թվականների միջակայքում, ապա հավանական է, որ սա ի սկզբանե կիրառվել է Ս. Մկրտության ծեսի ժամանակ՝ հարց ու պատասխանի եղանակով։
   
Հիպոլիտոս Բոստրացի (170-235/6թթ.):
   
    Հիպոլիտոսին վերագրվող «Առաքելական ավանդությունը» [41] (մոտ.՝ 215 թ.) կամ «Եգիպտական եկեղեցական հրահանգներ»-ը վաղ քրիստոնեական գրվածք է, որը համարվում է «հին, քրիստոնեական Եկեղեցու հնագույն ու ամենակարևոր կանոնադրությունը», որը նաև հայտնի է «Կարգաց գիր Հռոմի եկեղեցու» անունով: Այն ներկայացնում է Հռոմի եկեղեցու ծիսապաշտական կանոնները, եկեղեցական նվիրապետական կարգերի՝ եպիսկոպոսի, երեցի, սարկավագի, ձեռնադրության և նրանց պարտականությունների, Ս. Հաղորդության, Ս. Մկրտության և դրան անմիջապես հաջորդող Դրոշմի խորհրդի կատարման կանոնը՝ ըստ առաքյալների ավանդության ու հրահանգի։ Բուն Մկրտությանը վերաբերող հատվածում կարդում ենք.
«Դու հավատո՞ւմ ես ամենակալ Աստծուն»,
    «Հավատո՞ւմ ես նաև Հիսուս Քրիստոսին՝ Աստծու Որդուն, Նրան, որ եկավ Հորից և որ ի սկզբանե Հոր հետ է, Նրան, որ Սուրբ Հոգու միջոցով ծնվեց կույս Մարիամից, Նրան, որ խաչվեց Պոնտացի Պիղատոսի կողմից, մահացավ, երրորդ օրը մեռյալներից հարություն առավ, համբարձվեց երկինք, նստեց Հոր աջ կողմում, և գալու է դատելու կենդանիներին և մեռյալներին»:

«Հավատո՞ւմ ես նաև Սուրբ Հոգուն, Սուրբ Եկեղեցուն [42]»։
    Սա Մկրտության հանգանակների կարևորագույն օրինակներից մեկն է, որից պարզ է դառնում, որ այս շրջանում մկրտվողից դեռևս չէր պահանջվում արտասանել որևէ կանոնավոր հավատամք, բավական էր ընդամենը խոստովանել սեփական հավատը Ս. Երրորդության անձերի՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հանդեպ։ Շատ ուսումնասիրողներ այս հանգանակը նույնացնում են Հռոմի հին հանգանակի հետ։
   
Որոգինես (184/5-253/4 թթ.):
   
    Որոգինեսը Եկեղեցու բեղմնավոր և վաստակաշատ հեղինակներից է, որը նպատակ ուներ ստեղծելու սիստեմատիկ աստվածաբանություն՝ միաժամանակ հանդես գալով իբրև մեծ քրիստոնյա փիլիսոփա: Հովհաննեսի ավետարանի մեկնության մեջ Որոգինեսը մատնանշում է, որ գոյություն ունեն հավատքի որոշակի սկզբունքներ, որոնք անհրաժեշտ են բոլորի համար, և պնդում է, որ քրիստոնյան պետք է հավատա դրանց ամբողջությանը և չընտրի միայն այն, ինչը դուր է գալիս իրեն: Ավելի հստակ լինելու համար հեղինակը բերում է օրինակներ. «Նախ և առաջ հավատա, որ կա մեկ Աստված, որ ստեղծել և ձևավորել է ամեն ինչ՝ բերելով ամեն բան չգոյությունից գոյության։ Մենք նաև պետք է հավատանք, որ Հիսուս Քրիստոսը Տեր է, և պետք է հավատանք Նրա աստվածությանը ու մարդ լինելու մասին բոլոր ճշմարիտ ուսուցումներին։ Մենք պետք է հավատանք նաև Սուրբ Հոգուն և այն բանին, որ ունենալով ազատ կամք, պատժվում ենք մեր սխալների համար ու վարձատրվում մեր բարի գործերի համար։ Օրինակ, եթե որևէ մեկը հավատա Հիսուսին, բայց չհավատա, որ կա օրենքի և ավետարանի մեկ Աստված, Ով իր փառքը հայտնի է դարձնում երկնքում…այդ մարդը զերծ կմնա հավատքի ամենակարևոր սզկբունքներից մեկից։ Կամ, եթե մարդը հավատա, որ Նա խաչվեց Պոնտացի Պիղատոսի օրոք, սակայն չընդունի, որ Նա ծնվել է Կույս Մարիամից և Սուրբ Հոգուց…ապա նա նույնպես լրջորեն զերծ կմնա հավատքի ևս մեկ կարևոր սկզբունքից» [43]։
    Նմանատիպ բազմաթիվ ձևակերպումներ են հանդիպում Որոգինեսի տարբեր երկերում, ինչը խոսում է այն մասին, որ նա մեծ կարևորություն է տվել քրիստոնեական վարդապետությանը։ Հստակ է, որ իր մտքում նա ունեցել է Ս. Երրորդության բանաձևը, որն էլ ընկած է հավատքի հիմքում։ Այդ իսկ պատճառով նա բացառում է այդ սահմաններից դուրս հավատքի որևէ դրսևորում՝ գեղեցիկ օրինակներով ցույց տալով իր խոսքերի ճշմարտացի լինելը։
   
Հին հռոմեական Հավատո հանգանակ կամ Առաքելական հանգանակ:
   
    Հաստատուն հռչակագրի տեսքով Հավատո հանգանակների գոյության առաջին ապացույցները թվագրվում են 4-րդ դարով: Կարևոր է նշել, որ դրանք ի սկզբանե հիմնված են եղել Մկրտության ընթացքում տրվող հարցուպատասխանի և Եկեղեցում արդեն իսկ տարածված Հավատո խոստովանությունների վրա: Հին հռոմեական հանգանակը դժվար է բնորոշել իբրև հավատքի առաջին հաստատուն բանաձև, քանի որ այն նույնպես հիմնված էր նշված կետերի վրա: Այդուհանդերձ, պետք է փաստել, որ այս շրջանում հավատքի բովանդակության «բյուրեղացնումը» հատուկ էր առավելապես Հռոմին:
    Հին հռոմեական հանգանակը, որը համարվում է «Առաքելական հանգանակ»-ի (լատ.՝ «Symbolum Apostolarum») նախատիպը, առաջին անգամ անվանապես հիշատակվում է Ամբրոսիոսի նամակներից մեկում, որը Միլանի 390 թ. ժողովն ուղարկել է Սիրինիսիուս Պապին: Տեքստային տարբերակով առաջին անգամ այն հանդիպում է Անկյուրիայի եպիսկոպոս Մարկելլոսի՝ Հռոմի Հուլիոս I պապին ուղղված նամակում՝ 340/341 թ․: Ներկայիս ուսումնասիրողների կարծիքով այն գրվել է արիոսական վեճերի համատեքստում: «Առաքելական հանգանակ»-ի մասին կարևոր աղբյուր է ավելի ուշ շրջանում՝ մոտ 404 թ. հռոմեացի հայտնի պատմիչ և փիլիսոփա-աստվածաբան Հռուփինոսի գրչին պատկանող «Մեկնություն առաքյալների հանգանակի» (լատ.՝ «Commentarium in Symbolum Apostolarum») գործը, որում նա նշում է, որ Հին հռոմեական հանգանակն ի սկզբանե գրվել կամ սահմանվել է առաքյալների կողմից Պենտեկոստեից անմիջապես հետո և Երուսաղեմից հեռանալուց առաջ: Հաշվի առնելով Հիպոլիտոսին վերագրվող «Առաքելական ավանդություն»-ում (215 թ.) առկա մկրտության հանգանակի և Հռոմի հանգանակի վաղ տեքստերի նմանությունները՝ ենթադրվում է, որ վերջինս «սաղմնավորվել է» 2-րդ դարավերջին և 3-րդ դարասկզբին: Ըստ այսմ, կարելի է ասել, որ Հին հռոմեական հանգանակը ժամանակի ընթացքում ենթարկվելով որոշակի փոփոխությունների՝ դառնում է հայտնի «Առաքելական հանգանակ»-ը, որի կազմության մանրամասն պատմությունը կարդում ենք Օգոստինոսին վերագրված մի ճառում՝ «Հանգանակի մասին» վերնագրով.
    «Համբարձումից տասը օր հետո, երբ աշակերտները միասին հավաքված էին, Տերը նրանց վրա ուղարկեց իր կողմից խոստացված Մխիթարիչին: Նրա գալստյամբ առաքյալները կարմիր երկաթի պես շիկացան: Լեզուների գիտությամբ լցված՝ նրանք կազմեցին հագանակը: Պետրոսն ասաց. «Հավատում եմ Աստծուն՝ Ամենակալ Հորը՝ երկնքի և երկրի արարիչ»...Անդրեասն ասաց. «Եվ իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մեր միակ Տիրոջը»…Հակոբոսն ասաց. «Ով հղացավ Սուրբ Հոգուց…ծնվեց կույս Մարիամից»…Հովհաննեսն ասաց. «Չարչարվեց Պոնտացի Պիղատոսի օրոք…խաչվեց, մեռավ և թաղվեց»…Թովմասն ասաց. «Իջավ դժոխք…երրորդ օրը հարություն առավ մեռելներից»…Հակոբոսն ասաց. «համբարձվեց երկինք և նստեց Աստծո՝ Ամենակալ Հոր աջ կողմում»…Փիլիպպոսն ասաց. «Գալու է դատելու կենդանիներին և մեռյալներին»…Բարդուղիմեոսն ասաց. «Հավատում եմ Սուրբ Հոգուն»…Մատթեոսն ասաց. «Ընդհանրական Սուրբ Եկեղեցուն…սրբերի հաղորդությանը»…Սիմոնն ասաց. «Մեղքերի թողությանը»…Թադեոսն ասաց. «Մարմնի հարությանը»…Մատաթիան ասաց. «Հավիտենական կյանքին» [44]:
    Ստորև, պահպանված աղբյուրների հիման վրա ներկայացված են Հին հռոմեական հանգանակի նախնական տեքստը և ներկայումս Առաքելական կոչվող հանգանակի ընդունված տեքստը՝ իրենց ունեցած տարբերություններով հանդերձ:

Հին հռոմեական հանգանակ[45] Առաքելական հանգանակ[46]
Ես հավատում եմ Աստծուն՝ Ամենակալ Հորը, Հավատում եմ Աստծուն՝ Ամենակալ Հորը՝ երկնքի և երկրի արարիչ,
Եվ իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մեր Տիրոջը, Եվ իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մեր միակ Տիրոջը,
Ով ծնվեց Սուրբ Հոգուց և կույս Մարիամից, Ով հղացավ Սուրբ Հոգուց, ծնվեց կույս Մարիամից,
Ով Պոնտացի Պիղատոսի օրոք խաչվեց և թաղվեց,

Երրորդ օրը հարություն առավ մեռելներից,

Չարչարվեց Պոնտացի Պիղատոսի օրոք, խաչվեց, մեռավ և թաղվեց

Իջավ դժոխք, երրորդ օրը հարություն առավ մեռելներից,

Համբարձվեց երկինք, Համբարձվեց երկինք
Նստեց Հոր աջ կողմում, որտեղից նա գալու է՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, Եվ նստեց Աստծո՝ Ամենակալ Հոր աջ կողմում,

Գալու է դատելու կենդանիներին և մեռյալներին,

Եվ Սուրբ Հոգուն, Հավատում եմ Սուրբ Հոգուն,
Սուրբ Եկեղեցուն, Ընդհանրական Սուրբ Եկեղեցուն,

սրբերի հաղորդությանը,

Մեղքերի թողությանը, Մեղքերի թողությանը,
Մարմնի հարությանը: Մարմնի հարությանը:

   
   Այսպես, 2-րդ դարի կեսերից մինչ 4-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածին պատկանող Հավատո խոստովանությունների ուսումնասիրությունից հասկանալի է դառնում, որ 2–րդ և 3–րդ դարերի ընթացքում Եկեղեցում Հավատո հանգանակները դեռևս վերջնականորեն ձևավորված և հաստատված չէին։ Մկրտության հանգանակները, ինչպես նաև Ս. Պատարագի ընթացքում կիրառվող աղոթքները, օրհներգերն ու քարոզները մեծ դեր էին խաղում այդ հարցում՝ նպաստելով Հավատամքների բյուրեղացման կարևոր գործընթացին։ Այս ժամանակահատվածում օգտագործվող Հավատո խոստովանություններն իրենց բնույթով երրորդութենական են կամ վերաբերում են միայն Հորը և Որդուն կամ էլ պարզապես քրիստոսաբանական են։ Դրանցում ժամանակի ընթացքում հետզհետե ընդգծվում և ամրագրվում են աստվածաբանական մի շարք կարևոր դրույթներ՝ Ս. Երրորդության անձերի մեկ լինելը, այն, որ Աստված ամեն ինչի Արարիչն է, որ Հիսուս Քրիստոս՝ Աստծո Որդին, ծնվել է կույս Մարիամից՝ Սուրբ Հոգով, նաև՝ խաչելության, մահվան, Հարության, Համբարձման, Եկեղեցուն վերագրվող հատկանիշների և գալիք Դատաստանի մասին։
Ինչ վերաբերում է 3–րդ դարի կեսերից մինչև 4–րդ դարի սկիզբ ընկած ժամանակահատվածին, պետք է ասել, որ տեղական եկեղեցիներն արդեն իսկ սկսում են որդեգրել Հավատո բանաձևեր, որոնք թեև տարբեր էին իրենց արտահայտչաձևերով, սակայն հավատքի հիմնական հարցերում նույնական էին։ Այս առումով լուրջ ձեռնարկումների անցավ հատկապես Հռոմի եկեղեցին, որն առաջիններից էր այս հարցում, և նրա կողմից որդեգրած Հավատամքը դարձավ Արևմուտքի մյուս տեղական եկեղեցիների «նախօրինակ»՝ իր ազդեցությունն ունենալով նաև արևելյան գրավոր դավանական ձևակերպումների վրա։ Հավատո հանգանակների զարգացումը, փաստորեն, պայմանավորված էր ոչ միայն հերետիկոսական ուսմունքների դեմ պայքարով, այլև քրիստոնեական հավատքի հիմնարար ճշմարտությունների ամրագրմամբ ու դրանց տարածմամբ։

---------------
[15] Հուստինոս վկա, Ա. Ջատագովություն՝ ներկայացված Անտոնիոս Բարեպաշտին՝ ի պաշտպանություն քրիստոնյաների (թրգմն. և ծնթգր. Գրիգոր Դարբինյանի), «Էջմիածին», 2022, Դ, էջ 51:
[16] Հուստինոս վկա, նշվ. աշխ., «Էջմիածին», 2022, Դ, էջ 56:
[17] Հուստինոս վկա, Ա. Ջատագովություն՝ ներկայացված Անտոնիոս Բարեպաշտին՝ ի պաշտպանություն քրիստոնյաների (թրգ¬մ¬ն. և ծնթգր. Գրիգոր Դարբինյանի), «Էջմիածին», 2022, Զ, էջ 32:
[18]Հուստինոս վկա, նշվ. աշխ., «Էջմիածին», 2022, Զ, էջ 32:
[19]Նույն տեղում, էջ 20-21:
[20]Հայտնի է նաև Իրենիոս Լուգդոնացի անունով։
[21] Երկը գիտական աշխարհին ծանոթ է հայերեն թարգմանության շնորհիվ: 1904 թ. այն գտել է Կարապետ Տեր-Մկրտչյանը, իսկ առաջին անգամ լույս է տեսել 1907 թ. գերմաներեն թարգմանությամբ՝ Կարապետ եպիսկոպոսի և Երվանդ Տեր-Մինասյանի կողմից:
[22] Այս երկի չորրորդ և հինգերորդ հատվածները ևս պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ: Դրանք Երվանդ Տեր-Մինասյանը հրատարակել է 1910 թ. Լայպցիգում՝ գերմաներեն թարգմանությամբ հանդերձ:
[23] Փոխադրությունը՝ գրաբարից, Des heiligen Irenäus Schrift zum Erweis der apostolischen Verkündigung [Eis epideixin tou apostolikou kērygmatos], Leipzig, 1907, p. 4.
[24] Նույն տեղում:
[25] Նույն տեղում էջ 5-6:
[26] Philipp Schaff, Ante-Nicene fathers, The Apostolic Fathers with Justin Martyr and Irenaeus, Michigan, 2009, p. 1262.
[27]Philipp Schaff, Ante-Nicene fathers, The Apostolic Fathers with Justin Martyr and Irenaeus, Michigan, 2009, p. 1059:
[28]Նույն տեղում, էջ 1117:
[29] Քրիստոնեական դավանաբանության շարադրանք է, ուսուցում, որը սովորաբար արվում է հարց ու պատասխանի ձևով:
[30] Տե՛ս Wolfram Kinzig, A History of Early Christian Creeds, Berlin, 2024, p. 110.
[31] «Praescriptio» բառով բնորոշվում է այն գործողությունը, որով մեղադրյալը դատից առաջ հերքում էր իրեն առաջադրված մեղադրանքի հիմքերը՝ այդ կերպ ավելորդ դարձնելով նախատեսվող դատական գործընթացը։
[32] Թարգմանությունը անգլերենից՝ Philipp Schaff, Ante-Nicene fathers (volume 4), Fathers of the Third Century: Tertullian, Part Fourth; Minucius Felix; Commodian; Origen, Parts First and Second, Michigan, 2009, p. 397.
[33] Նույն տեղում, էջ 54:
[34]Հայրաչարչար հերետիկոս Պրաքսեասը Ս. Երրորդությունից ոչ միայն հեռացնում էր Սուրբ Հոգուն, այլև շփոթում Հորն ու Որդուն։ Հոր և Որդու միջև եղած հարաբերությունը, սակայն, չի խանգարում մեկ Աստծո գաղափարին։
[35]Philipp Schaff, Ante-Nicene fathers (volume 4), Fathers of the Third Century: Tertullian, Part Fourth; Minucius Felix; Commodian; Origen, Parts First and Second, Michigan, 2009, p. 1043-1044:
[36] Պապիրուսը հայտնաբերվել է 1907 թ. Դեր Բալիզեհի (Վերին Եգիպտոս) վանքի ավերակներից, որը գործել է 500-750 թթ. ընթացքում և ժամանակին ունեցել է թվով մոտ հազար վանականներ։ Պապիրուսը թվագրվում է երրորդ դարասկզբից մինչև չորրորդ դարն ընկած ժամանակահատվածում. որոշ ուսումնասիրողներ դրա ստեղծումը դնում են 200 թվականի շրջակայքում։ Տեքստը պահպանվել է հունարենով, հետագայում, սակայն, հայտնաբերվել են նաև ղպտերեն և եթովպերեն հատվածներ։ Պապիրուսը ներկայումս պահվում է Բոդլեյան գրադարանում։
[37] Տե՛ս F. J. Badcock, The History of the Creeds, New York, 1938, p. 25.
[38] Տե՛ս J. N. D. Kelly, Early Christian Creeds, London, 2006, p. 89.
[39]F. J. Badcock, նշվ. աշխ., էջ 24:
[40] Նույն տեղում:
[41] 19-րդ դարում «Առաքելական ավանդությունը» վերանվանվեց «Եգիպտական եկեղեցական հրահանգներ»։ Վերջինս երբեմն նույնացվում է կորած «Առաքելական ավանդության» հետ։ Ուսումնասիրողների կարծիքները տարբեր են. միանշանակ չէ` արդյո՞ք այս գործը պատկանում է Հիպպոլիտոսի գրչին, թե՞ ոչ, քանի որ այն իբրև առանձին տեքստ գոյություն չունի, այլ հանդիպում է եկեղեցական տարբեր գրվածքներում։ Տե՛ս Dom R. Hugh Connolly M.A., The So-Called Egyptian Church Order And Derived Documents, Cambridge, 1916, p. VIII-IX.
[42] J. N. D. Kelly, նշվ. աշխ., էջ 35:
[43] Թարգմանությունը անգլերենից՝ J. N. D. Kelly, նշվ. աշխ., էջ 92-93:
[44] Թարգմանությունը անգլերենից՝ J. N. D. Kelly, նշվ. աշխ., էջ 3:
[45] Թարգմանությունը անգլերենից՝ նույն տեղում, էջ 114:
[46] Թարգմանությունը անգլերենից՝ նույն տեղում, էջ 369:
---------------
   

Նիկիա-պոլսական հավատամք

   
    3-րդ դարի վերջին և 4-րդ դարի սկզբին Հավատո խոստովանությունները փաստացի տեղական բնույթ էին կրում: Սա նշանակում է, որ տեղական եկեղեցիները սկսել էին որդեգրել Հավատո բանաձևեր, որոնք թեև միմյանցից տարբեր էին իրենց ձևակերպումներով, սակայն հիմքում ունեին առաքյալներից փոխանցված ուղղափառ հավատի կարևորագույն դրույթները։ Այս առումով կարևոր դերակատարում ունեցավ հատկապես Հռոմի եկեղեցին, որն առաջիններից էր այս հարցում: Հարկ է նշել, որ նմանատիպ Հավատո խոստովանությունները յուրահատուկ դրոշմ էին ստանում տվյալ եկեղեցու ծիսակարգից, որտեղ և ի սկզբանե դրանք ձևավորվել էին (մասնավորապես` խոսքը Ս. Մկրտության ծիսակատարության մասին է)։
Շրջադարձային էր, սակայն, երբ քրիստոնեական եկեղեցում սկսեցին կիրառվել ժողովական որոշումներով հաստատված Հավատո բանաձևումները, որոնք ձեռք բերեցին համընդհանուր ճանաչում: Ինչպես իրավացիորեն նկատել է անգլիացի աստվածաբան Կատբերտ Թըրնըրը. «Հին հանգանակները նախատեսված էին քրիստոնեական ուսուցման համար, իսկ նորերը՝ եպիսկոպոսների համար»:
    Այս առումով Նիկիայի առաջին տիեզերաժողովը դարձավ քրիստոնեական հավատի ամրագրման կարևորագույն հանգրվան: Այն գումարվեց 325 թ.՝ Բյութանիայի Նիկիա քաղաքում (այժմ՝ Թուրքիա), կայսր Կոստանդիանոս Առաջինի կողմից: Ավանդության համաձայն, ժողովին մասնակցել են 318 եպիսկոպոսներ: Ի շարս այլ հարցերի՝ ժողովի նպատակն էր լուծել Արևելյան եկեղեցում առաջ եկած արիոսականության խնդիրը։ Ժողովը դատապարտեց այս ուսմունքը՝ ընդունելով ուղղափառ դավանության հիմնական դրույթներն ամփոփող մի հանգանակ:
   
Պատմական աղբյուրներ՝ Նիկիական հանգանակի վերաբերյալ։
   
    Հարկ է նշել, որ Նիկիայի ժողովի արձանագրությունները չեն պահպանվել: Հանգանակի բնագիր տեքստը ևս չի հասել մեզ: Սակայն ժողովի ընթացքի և հանգանակի տեքստի վերաբերյալ մեծարժեք տեղեկություններ են պարունակում պատմական հետևյալ աղբյուրները. «Եվսեբիոս Կեսարացու նամակը՝ ուղղված Կեսարիայի եկեղեցուն», «Աթանաս Ալեքսանդրացու՝ Հովիանոս կայսերն ուղղված նամակը», Թեոդորետոս Կյուրացու «Եկեղեցական պատմություն»-ը, Սոկրատես Սխոլաստիկոսի «Եկեղեցական պատմություն»-ը, «Անանուն եկեղեցական պատմություն»-ը և այլ գրվածքներ:
Իհարկե, Հավատո հանգանակի հունարեն և լատիներեն տեքստեր հանդիպում են նաև հետագա այլ հեղինակների գործերում, որոնք, սակայն, ստեղծվել են ժողովից հետո մոտ մեկ հարյուրամյակի ընթացքում։ Հետաքրքրական է, որ Նիկիայի ժողովից հարյուր և ավելի տարիներ անց այն ընթերցվել է Քաղկեդոնի ժողովի երկրորդ նիստի ժամանակ՝ Նիկոմեդիայի եպիսկոպոս Եվնոմիոսի կողմից։
   
Հանգանակի տեքստը և դրա ծագումը:
   
    Ստորև ներկայացված է Նիկիական հանգանակի հունարեն տեքստը՝ հիմնված վերոնշյալ սկզբնաղբյուրների համեմատական քննության վրա: Զուգադիր ներկայացված է նաև գրաբարյան թարգմանությունը։

Հունարեն[47] Գրաբար[48]
Πιστεύομεν εἰς ἕνα θεὸν πατέρα παντοκράτορα πάντων ὁρατῶν τε καὶ ἀοράτων ποιητήν. Հաւատամք ի մի Աստուած Հայր ամենակալ, արարիչ ամենայնի, երեւելեաց եւ աներեւութից։
Καὶ εἰς ἕνα κύριον Ἰησοῦν Χριστὸν τὸν υἱὸν τοῦ θεοῦ γεννηθέντα ἐκ τοῦ πατρὸς μονογενῆ τουτέστιν κ τς οσίας το πατρός,

 

θεὸν ἐκ θεοῦ, φῶς ἐκ φωτός, θεὸν ἀληθινὸν ἐκ θεοῦ ἀληθινοῦ,

γεννηθέντα οὐ ποιηθέντα, μοούσιον τ πατρ,

 

δι᾿οὗ τὰ πάντα ἐγένετο τά τε ἐν τῷ οὐρανῷ καὶ τὰ ἐν τῇ γῇ,

τὸν δι᾿ ἡμᾶς τοὺς ἀνθρώπους καὶ διὰ τὴν ἡμετέραν σωτηρίαν κατελθόντα καὶ σαρκωθέντα, ἐνανθρωπήσαντα,

παθόντα, και` ἀναστάντα τῇ τρίτῃ ἡμέρᾳ, ἀνελθόντα εἰς τοὺς οὐρανούς, ἐρχόμενον κρῖναι ζῶντας καὶ νεκρούς.

Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս, Որդի Աստուծոյ, ծնեալ ի Հօրէ միածին, այս ինքն յէութենէ Հօր,

 

Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ, յԱստուծոյ ճշմարտէ,

ծնունդ եւ ոչ արարած, համագոյակից Հօր,

 

 

որով եղեւ ամենայն, որ ինչ յերկինս և որ ինչ յերկրի,

Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ, մարմնացեալ եւ եղեալ մարդ,

Չարչարեցաւ եւ յարեաւ յաւուր երրորդի,

համբարձաւ յերկինս եւ գալոց է

ի դատել զկենդանիս եւ զմեռեալս:

Καὶ εἰς τὸ ἅγιον πνεῦμα. Եւ ի Սուրբ Հոգին։
Τοὺς δὲ λέγοντας “ἦν ποτε ὅτε οὐκ ἦν” καὶ “πρὶν γεννηθῆναι οὐκ ἦν” καὶ ὅτι οὐκ ἐξ ὄντων ἐγένετο, ἢ ἐξἑτέρας ὑποστάσεως ἢ οὐσίας φάσκοντας εἶναι ἢτρεπτὸν ἢ ἀλλοιωτὸν τὸν υἱὸν τοῦ θεοῦ, τούτους ἀναθεματίζει ἡ καθολικὴ καὶ ἀποστολικὴ ἐκκλησία. Իսկ ոյք ասենն, թէ էր երբեմն՝ զի՝ չէր, եւ թէ մինչ չեւ ծնեալ՝ չէր, կամ թէ ի չգոյէ եղեւ կամ յայլմէ գոյութենէ կամ յէութենէ, ասեն լեալ հոսական կամ այլայլելի զՈրդին Աստուծոյ, զայնպիսիսն նզովէ կաթողիկէ եւ առաքելական եկեղեցի[49]

   
    Արևմուտքում իշխում էր այն կարծիքը, որ «Նիկիական» կոչվող հանգանակը հիմնված է «Առաքելական հանգանակ»–ի վրա, սակայն ուսումնասիրողների մեծամասնությունն այսօր ունի որոշակի տարակարծություններ: Ոմանք պնդում են, թե Արևմտյան եկեղեցիներում պահպանված հանգանակը ծագում է Հռոմում տարածված Մկրտության հանգանակից, իսկ այլոց կարծիքով` դրա հիմքում ընկած է Եվսեբիոս Կեսարացու առաջարկած հանգանակը։
    Եվսեբիոսն իր համայնքին ուղղված նամակում հետաքրքրական տեղեկություններ է փոխանցում այս կապակցությամբ. «Քանի որ մենք չենք ցանկանում, որպեսզի փաստերը խեղաթյուրվեն այս կամ այն տեղեկություններով, մենք պարտավորվում ենք փոխանցել ձեզ, առաջինը, հավատքի այն բանաձևը, որը ներկայացրել ենք մենք (այսինքն՝ Եվսեբիոսը), և ապա երկրորդը, այն բանաձևը, որ հավաքված հայրերը ներկայացրեցին՝ հավելելով մեր խոսքին որոշ լրացումներ» [50]: Այնուհետև, հեղինակը շարունակում է ներկայացնել դեպքերի ընթացքը՝ նշելով, որ կայսրը հավանություն տվեց տեքստին՝ հավելելով միայն մեկ բառ՝ «ὁμοούσιος»-ը («համագո»): Ներկայումս հետազոտողներն այն կարծիքին են, որ դրանում իր նպաստն է ունեցել Կորդովայի եպիսկոպոս Հոսիոսը։
    Ինչպես տեսնում ենք, Նիկիական հանգանակն ավարտվում է «καὶ εἰς τὸ ἅγιον πνεῦμα»-«եւ ի Սուրբ Հոգին» արտահայտությամբ, որին հաջորդում է հայտնի նզովքը: Իսկ Հանգանակում ներառված «ὁμοούσιον τῷ πατρὶ»-«համագօյակից Հօր» եզրը տեղիք տվեց բազմաթիվ քննադատությունների, քանի որ այն դուրս էր սուրբգրային բառապաշարից:
   
Եվսեբիոս Կեսարացու առաջարկած հանգանակի և Նիկիական հանգանակի ընդունված տարբերակի միջև առկա տարբերությունները:
   
    Երկու հանգանակներում առկա են աստվածաբանական մի շարք էական տարբերություններ, ինչը վկայում է, որ Եվսեբիոսի առաջարկած հանգանակի վերաբերյալ ժողովի ժամանակ ընթացել են որոշ քննարկումներ: Արդյունքում, դրա վրա կատարվել են հավելումներ ու փոփոխություններ: Ստորև հայերեն թարգմանությունները տրվում են ըստ Երվանդ Տեր-Մինասյանի թարգմանության։

Եվսեբիոս Կեսարացու հանգանակ (հունարեն)[51] Եվսեբիոս Կեսարացու հանգանակ (աշխարհաբար)[52] Նիկիական հանգանակ

(հունարեն)[53]

Նիկիական հանգանակ

(աշխարհաբար)[54]

Πιστεύομεν εἰς ἕνα θεόν, πατέρα, παντοκράτορα, τὸν τῶν πάντων ὁρατῶν τε καὶ ἀοράτων ποιητήν,

 

Հավատում ենք մի Աստծու, Ամենակալ Հորը, ամենայն երևելիների և աներևույթների Արարչին, Πιστεύομεν εἰς ἕνα θεὸν πατέρα παντοκράτορα πάντων ὁρατῶν τε καὶ ἀοράτων ποιητήν. Հավատում ենք մի Աստծու՝ ամենակալ Հորը, ամենայն երևելիների և աներևույթների արարչին,
καὶ εἰς ἕνα κύριον Ἰησοῦν Χριστὸν τὸν τοῦ θεοῦ λόγον, θεὸν ἐκ θεοῦ, φῶς ἐκ φωτός, ζωὴν ἐκ ζωῆς, υἱὸν μονογενῆ,

πρωτότοκον πάσης κτίσεως, πρὸ πάντων τῶν αἰώνων ἐκ τοῦ πατρὸς γεγεννημένον,

δι’ οὗ καὶ ἐγένετο τὰ πάντα·

 

 

 

 

 

 

 

τὸν διὰ τὴν ἡμετέραν σωτηρίαν σαρκωθέντα [55] καὶ ἐν ἀνθρώποις πολιτευσάμενον καὶ παθόντα καὶ ἀναστάντα τῇ τρίτῃ ἡμέρᾳ καὶ ἀνελθόντα πρὸς τὸν πατέρα καὶ ἥξοντα πάλιν ἐν δόξῃ κρῖναι ζῶντας καὶ νεκρούς.

 

և մի Տեր Հիսուս Քրիստոսի՝ Աստծու բանին,

Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, կյանք՝ կյանքից, Միածին Որդուն,

բոլոր արարածների Անդրանիկին, որը բոլոր դարերից առաջ ծնվել է Հայր Աստծուց,

որով եղավ ամեն բան:

 

 

 

    Որը մեր փրկության համար անձնավորվեց և բնակվեց մարդկանց մեջ և տառապեց և երրորդ օրը հարություն առավ և համբարձավ Հոր մոտ և գալու է փառքով դատելու ողջերին և մեռյալներին:

Καὶ εἰς ἕνα κύριον Ἰησοῦν Χριστὸν τὸν υἱὸν τοῦ θεοῦ γεννηθέντα ἐκ τοῦ πατρὸς μονογενῆ τουτέστιν ἐκ τῆς οὐσίας τοῦ πατρός,

θεὸν ἐκ θεοῦ, φῶς ἐκ φωτός, θεὸν ἀληθινὸν ἐκ θεοῦ ἀληθινοῦ, γεννηθέντα οὐ ποιηθέντα, ὁμοούσιον τῷ πατρὶ, δι᾿οὗ τὰ πάντα ἐγένετο τά τε ἐν τῷ οὐρανῷ καὶ τὰ ἐν τῇ γῇ,

 

τὸν δι᾿ ἡμᾶς τοὺς ἀνθρώπους καὶ διὰ τὴν ἡμετέραν σωτηρίαν κατελθόντα καὶ σαρκωθέντα, ἐνανθρωπήσαντα,

παθόντα, και` ἀναστάντα τῇ τρίτῃ ἡμέρᾳ, ἀνελθόντα εἰς τοὺς οὐρανούς, ἐρχόμενον κρῖναι ζῶντας καὶ νεκρούς.

Եվ մի Տեր Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդուն՝ ծնված Հայր Աստծուց, Միածին, այսինքն՝ Հոր էությունից, Աստված Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ արարած, համագոյակից Հորը, որով ամենայն ինչ եղավ երկնքում և երկրի վրա:

 

 

 

Որ մեզ՝ մարդկանց և մեր փրկության համար երկնքից իջնելով մարմնացավ և մարդացավ, չարչարվեց և երրորդ օրը հարություն առավ և համբարձավ երկինք և գալու է դատելու կենդանիներին և մեռյալներին:

Πιστεύομεν δὲ καὶ εἰς ἓν πνεῦμα ἅγιον.

 

τούτων ἕκαστον εἶναι καὶ ὑπάρχειν πιστεύοντες πατέρα ἀληθῶς πατέρα καὶ υἱὸν ἀληθῶς υἱὸν καὶ πνεῦμα ἅγιον ἀληθῶς ἅγιον πνεῦμα, καθὼς καὶ ὁ κύριος ἡμῶν ἀποστέλλων εἰς τὸ κήρυγματοὺς ἑαυτοῦ μαθητὰς εἶπεν· ‘πορευθέντες μαθητεύσατε πάντα τὰ ἔθνη βαπτίζοντες αὐτοὺς εἰς τὸ ὄνομα τοῦ πατρὸς καὶ τοῦ υἱοῦ καὶ τοῦ ἁγίου πνεύματος’

Հավատում ենք և Սուրբ Հոգուն:

 

Հավատում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը գոյություն և կեցություն ունի, որ Հայրն իրական Հայր է, Որդին՝ իրական Որդի, Սուրբ Հոգին՝ իրական Սուրբ Հոգի: Այդպես էլ մեր Տերն աշակերտներին ուղարկելով առաքելության (քարոզելու), ասաց. Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։

Καὶ εἰς τὸ ἅγιον πνεῦμα. Եվ Սուրբ Հոգուն:
περὶ ὧν καὶ διαβεβαιούμεθα οὕτως ἔχειν καὶ οὕτως φρονεῖν καὶ πάλαι οὕτως ἐσχηκέναι καὶ μέχρι θανάτου ὑπὲρ ταύτης ἐνίστασθαι τῆς πίστεως ἀναθεματίζοντες πᾶσαν ἄθεον αἵρεσιν. Դա մենք հաստատում ենք, այդպես մտածում, այդպես ենք դավանել, այդ հավատքին կմնանք մինչև մահ, և այդ հավատքի դիրքերում կանգնելով նզովում ենք ամեն մի անաստված հերձվածի Τοὺς δὲ λέγοντας “ἦν ποτε ὅτε οὐκ ἦν” καὶ “πρὶν γεννηθῆναι οὐκ ἦν” καὶ ὅτι οὐκ ἐξ ὄντων ἐγένετο, ἢ ἐξἑτέρας ὑποστάσεως ἢ οὐσίας φάσκοντας εἶναι ἢτρεπτὸν ἢ ἀλλοιωτὸν τὸν υἱὸν τοῦ θεοῦ, τούτους ἀναθεματίζει ἡ καθολικὴ καὶ ἀποστολικὴ ἐκκλησία. Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ (Որդին) չկար, որ Նա մինչև ծնունդ գոյություն չուներ, կամ թե Որդին ոչնչից (ոչէից) եղավ կամ այլ Հորից է կամ բնությունից, կամ որ նա ստեղծված է կամ փոփոխելի կամ այլայլելի, այդպիսիններին կաթողիկե և առաքելական Եկեղեցին նզովում է:

 

    Եվսեբիոսի հանգանակում «ամենայն երևելիների և աներևույթների Արարչին» հատվածում «ἁπάντων» բառը կարող էր մեկնաբանվել «առանց բացառության՝ բոլորի», այդ թվում «և՛ Որդու, և՛ Սուրբ Հոգու Արարիչ» իմաստով, ուստի ժողովն այն փոխարինեց պարզ ձևով՝ «πάντων», որն այլևս նման մեկնաբանության տեղիք չէր տա: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փիլիսոփայության մեջ «λόγοῦ» եզրն օգտագործվում էր «միջնորդ ուժ» նշանակությամբ, «τὸν τοῦ θεοῦ λόγον»-«Աստծո բանին»-ը փոխարինվեց «τὸν υἱὸν τοῦ θεοῦ»-«Աստծու Որդուն» արտահայտությամբ, իսկ «πρωτότοκον πάσης κτίσεως»-«անդրանիկը բոլոր արարածների» ձևակերպումը, չնայած նրան, որ այն սուրբգրային էր («Նա աներևույթ Աստծու պատկերն է, ծնված բոլոր արարածներից առաջ» / Կող. 1:15), դուրս բերվեց Եվսեբիոսի հանգանակից, քանի որ այն տարբեր մեկնաբանություններով օգտագործում էին նաև արիոսականները։ Այս համատեքստում դուրս բերվեց նաև «πρὸ πάντων τῶν αἰώνων ἐκ τοῦ πατρὸς γεγεννημένον»-«որը բոլոր դարերից առաջ ծնվել է Հայր Աստծուց» արտահայտությունը, քանի որ սա ևս կարող էր մեկնաբանվել «առաջին արարած» նշանակությամբ: «Υἱὸν μονογενῆ»-«միածին որդուն» արտահայտությանը կցվեց «τουτέστιν ἐκ τῆς οὐσίας τοῦ πατρός»-«այսինքն՝ Հոր էությունից» եզրը, իսկ «ծնված» եզրի իմաստն ավելի ամրապնդվեց կարևորագույն նշանակություն ունեցող «ὁμοούσιος»-«համագո» եզրով: Հանգանակում ներառվեցին նաև «θεὸν ἐκ θεοῦ, φῶς ἐκ φωτός, θεὸν ἀληθινὸν ἐκ θεοῦ ἀληθινοῦ»-«Աստված Աստծուց, Լույս՝ Լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց» արտահայտությունները: Այս կերպ, Աստված բառը ուղիղ կերպով կիրառվեց նաև Որդու համար, ինչը ոչ բոլոր ժողովականներն էին պատրաստ ընդունելու:
    Առաջին տիեզերաժողովն ավարտվեց 325 թվականի հավանաբար հուլիս ամսվա սկզբին: Նիկիայի դավանանքն ընդունվեց բոլոր ժողովականների կողմից, բացառությամբ երկուսի: Արդյունքում, Արիոսն աքսորվեց, իսկ նրա ուսմունքը դատապարտվեց՝ հայտարարվելով հերետիկոսություն:
   
Կոստանդնուպոլսի հանգանակը:
   
    381 թվականին Թեոդոսիոս Առաջին կայսրը Կոստանդնուպոլիս քաղաքում հրավիրեց արևելյան եպիսկոպոսների ժողով [56], որը նպատակ ուներ լուծում տալու Եկեղեցու ծոցում ի հայտ եկած հոգեմարտների խնդրին: Վերջիններս, ի դեմս Կ. Պոլսի Մակեդոն եպիսկոպոսի, չէին ընդունում Սուրբ Հոգու Աստվածությունը:
    Պատմական աղբյուրները սակավ տեղեկություններ են պահպանել ժողովի մասին՝ շատ հաճախ սահմանափակվելով միայն այն տեղեկությամբ, որ դրա ընթացքում պարզապես վերահաստատվել է Նիկիական հավատամքը: Քաղկեդոնի ժողովի վկայությունների հիման վրա ընդունված հանգանակը կոչվում է «150 հայրերի հավատք» և վերագրվում է Կ. Պոլսի տիեզերաժողովին:
    Հետաքրքրական է, որ Կ. Պոլսի ժողովից տարիներ առաջ Եպիփան Կիպրացին հիշատակում է մի Հավատո հանգանակ, որը գրեթե բառացիորեն համապատասխանում է Կ. Պոլսի առաջին ժողովին վերագրված հանգանակին: «Ancoratus» անունով աշխատության մեջ իր իսկ կողմից մեջբերված հանգանակի մասին Եպիփանը գրում է. «Եկեղեցու զավակներն այն ստացել են իրենց Ս. հայրերից, այսինքն՝ առաքյալներից…Ամեն ոք, որ պատրաստվում է մկրտության, պետք է սովորի այն, ինչպես մեր և ձեր Մայրն է այն դավանում և ասում» [57]: Նույն աշխատանքի երկրորդ գլխում նա հիշատակում է ևս երկու հանգանակ, որոնցից առաջինը կրկնում է Կ. Պոլսի հանգանակը, իսկ երկրորդի դեպքում, որպես դրա աղբյուր, հիշատակում է Երուսաղեմը և Նիկիայի ժողովը: Ավելին, Եպիփանն այս հանգանակի հեղինակությունը վերագրում է Երուսաղեմի եկեղեցուն՝ այն ներակայացնելով որպես Մկրտության հանգանակ, որը տարածված է եղել դեռևս Կ. Պոլսի ժողովից առաջ:

   Ստորև ներկայացված են Կ. Պոլսի տիեզերաժողովի ժամանակ ընդունված հանգանակի հունարեն և գրաբար տարբերակները:

Հունարեն[58] Գրաբար[59]
Πιστεύομεν εἰς ἕνα θεὸν πατέρα παντοκράτορα, ποιητὴν οὐρανοῦ καὶ γῆς, ὁρατῶν τε πάντων καὶ ἀοράτων· Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի, երեւելեաց եւ աներեւութից:
Καὶ εἰς ἕνα κύριον Ἰησοῦν Χριστὸν τὸν υἱὸν τοῦ θεοῦ τὸν μονογενῆ, τὸν ἐκ τοῦ πατρὸς γεννηθέντα πρὸ πάντων τῶν αἰώνων, φῶς ἐκ φωτός θεὸν ἀληθινὸν ἐκ θεοῦ ἀληθινοῦ, γεννηθέντα οὐ ποιηθέντα, ὁμούσιον τῷ πατρί, δι᾽ οὗ τὰ πάντα ἐγένετο· Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս՝ յՈրդին Աստուծոյ, միածին՝ ծնեալն ի Հօրէ յառաջ քան զյաւիտեանս: Լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ, յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած: Համագոյակից Հօր, որով ամենայն ինչ եղեւ:
τὸν δι᾽ ἡμᾶς τοὺς ἀνθρώπους καὶ διὰ τὴν ἡμετέραν σωτερίαν κατελθόντα ἐκ τῶν οὐρανῶν καὶ σαρκωθέντα ἐκ πνεύματος ἁγίου καὶ Μαρίας τῆς παρθένου καὶ ἐνανθρωπήσοντα Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ ի Մարիամայ կուսէն Հոգւովն Սրբով և մարդացավ,
σταυρωθέντα τε ὑπὲρ ἡμῶν ἐπὶ Ποντίου Πιλάτου καὶ παθόντα καὶ ταφέντα καὶ ἀναστάντα τῇ τρίτῃ ἡμέρᾳ κατὰ τὰς γραφὰς καὶ ἀνελθόντα εἰς τοὺς οὐρανοὺς καὶ καθεζόμενον ἐν δεξιᾷ τοῦ πατρὸς խաչեցաւ վասն մեր ընդ Պոնտացւոյ Պիղատոսի, մեռեալ եւ թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ըստ գրոց, ելեալ ի յերկինս նստաւ ընդ աջմէ Հօր,
καὶ πάλιν ἐρχὸμενον μετὰ δοξης κρῖναι ζῶντας καὶ νεκροὺς, οὗ τῆς βασιλείας οὐκ ἔσται τέλος. Եւ վերստին գալոց է փառօք ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, եւ թագաւորութեան նորա ոչ գոյ վախճան:
Καὶ εἰς τὸ πνεῦμα τὸ ἅγιον, τὸ κύριον καὶ ζωοποιόν, τὸ ἐκ τοῦ πατρὸς ἐκπορευόμενον, τὸ σὺν πατρὶ καὶ υἱῷ συμπροσκυνούμενον καὶ συνδοξαζόμενον, τὸ λαλῆσαν διὰ τῶν προφητῶν· Եւ ի Սուրբ Հոգին, տէր եւ կենսատու, բխեալ ի Հօրէ, որ ընդ Հօր եւ Որդւոյ պաշտեալ եւ փառաւորեալ, որ խօսեցաւ ի մարգարէս:
Εἰς μίαν ἁγίαν καθολικὴν καὶ ἀποστολικὴν ἐκκλησίαν· ὁμολογοῦμεν ἓν βάπτισμα εἰς ἄφεσιν ἁμαρτιῶν· προσδοκῶμεν ἀνάστασιν νεκρῶν καὶ ζωὴν τοῦ μέλλοντος αἰῶνος. Άμήν. Եւ ի մի միայն յընդհանրական եւ առաքելական Եկեղեցի: Հաւատամք ի մի մկրտութիւն, ի թողութիւն մեղաց: Ակն ունիմք ի յարութիւն մեռելոց եւ ի կեանսն յաւիտենականս ամէն:

   

    Թե՛ Նիկիական, և թե՛ Կ. Պոլսի հանգանակներում հաստատվում է Աստծո էության անսկիզբ ու անժամանակ լինելը, Որդի Աստծու Միածին և Հոր էությունից ծնված լինելը: Երկու հանգանակներում էլ Հայր, Որդի և Սուրբ Հոգի Աստված համարվում են մի Աստվածություն, մի Տերություն և մի Զորություն: Նիկիական հանգանակի պես այստեղ բանաձևվում է նաև քրիստոսաբանական վարդապետությունը:
    Պետք է փաստել, սակայն, որ դրանցում առկա են նաև որոշակի տարբերություններ։ Դրանցից կարելի է առանձնացնել հետևյալները. Կ․Պոլսի հանգանակի առաջին հատվածում ավելանում է «ποιητὴν οὐρανοῦ καὶ γῆς»-«երկնքի և երկրի արարիչ» բնութագրումը, իսկ «ἐκ τῆς οὐσίας τοῦ πατρός»-«Հոր էությունից»-արտահայտությունը փոխարինվում է «τὸν υἱὸν τοῦ θεοῦ τὸν μονογενῆ, τὸν ἐκ τοῦ πατρὸς γεννηθέντα πρὸ πάντων τῶν αἰώνων»-«Աստծու Միածին Որդուն՝ բոլոր ժամանակներից առաջ Հայր Աստծուց ծնված» արտահայտությամբ: Կ. Պոլսի հանգանակում նաև նոր ու ընդարձակ ձևով է ներկայացված Սուրբ Հոգուն վերաբերող մասը:
    Այսպիսով, Նիկիայի և Կ. Պոլսի տիեզերաժողովները կարևորագույն դերակատարություն ունեցան Եկեղեցու համար: Դրանց հիմնական նպատակն էր ուղղափառ հավատքը զերծ պահել ժամանակի հերետիկոսական ազդեցություններից: Նոր Հավատո խոստովանությունները ձեռք բերեցին ուղենշային արժեք և դրանց «չափանիշներին» չհամապատասխանելը դիտվում էր հեռացում ճշմարիտ հավատքից: Նիկիայի դավանաբանական բանաձևը հրապարակվեց ընդհանուր ժողովի անունից՝ ձեռք բերելով համաքրիստոնեական հեղինակություն, և Կ. Պոլսի երկրորդ տիեզերաժողովով ևս մեկ անգամ հաստատվեց Նիկիական հավատամքի վավերականությունը: Ահա այս հիմքի վրա էր, որ Եկեղեցին հետագայում կարողացավ դիմագրավել ի հայտ եկած նոր հերետիկոսական ուսմունքներին ու տարատեսակ շեղումներին: Երկու տիեզերաժողովները ձևավորեցին վարդապետական այն հիմքը, որը դարձավ քրիստոնեական հավատի կարևորագույն անկյունաքարը, իսկ դրանց արդյունքում ընդունված դավանաբանական բանաձևերը՝ Եկեղեցու ներքին միասնականության պահպանման կայուն գրավականը:
---------------

[47] Պահպանված բոլոր վկայությունների հիման վրա կազմված Նիկիական հանգանակի քննական տեքստ: G. L. Dossetti, Il Simbolo di Nicea e di Constantinopoli: Edizione critica, (Roma: Herder, 1967), p. 226-241.
[48] Տե՛ս Հ. Յովսեփ վ. Գաթըրճեան, Հանգանակ հաւատոյ, որով վարի Հայաստանեայց եկեղեցի/քննութիւն հանգանակին ծագման, հեղինակին եւ ժամանակին վրա, Վիեննա, 1891: Հմմտ. Շահե արք. Աճեմյան, Հաւատո հանգանակ, Էջմիածին, 2001:
[49] Հ. Յովսեփ վ. Գաթըրճեան, նշվ. աշխ., էջ 30:
[50] Philipp Shcaff, Nicene and Post-Nicene Fathers, Series II, Volume 2 (Socrates, Sozomenus: Church Histories), Michigan, 2009, p. 48․
[51] Տեքստի համար՝ Letter of Eusebius of Caesarea to his church regarding the Nicene Creed https://www.fourthcentury.com/urkunde-22/ (22.01.2025):
[52] Երվանդ Տեր-Մինասյան, Ընդհանուր եկեղեցական պատմություն, Ս. Էջմիածին, 2013, էջ 334:
[53] G. L. Dossetti, նշվ. աշխ., էջ 226-241:
[54] Երվանդ Տեր-Մինասյան, նշվ. աշխ., էջ 334:
[55] Հետաքրքիր է, որ Երվանդ Տեր-Մինասյանը և՛ կեսարական և՛ Նիկիական հանգանակի դեպքում միևնույն «σαρκωθέντα» բառը թարգմանել է մի տեղում՝ «անձնավորվեց», մյուսում՝ «մարմնացավ»:
[56] Ժողովում քննարկված դավանաբանական հարցերը հետագայում ստացել են համաքրիստոնեական հնչեղություն՝ ընդունվելով քրիստոնյա եկեղեցիների կողմից: Արդյունքում, այն համարվել է տիեզերական՝ ի սկզբանե, սակայն, ունենալով տեղական ժողովի կարգավիճակ:
[57]Philip Schaff, Nicene and Post-Nicene Fathers, Series II, Volume 14 (The Seven Ecumenical Councils),Michigan, 2009, p. 329.
[58] Giuseppe Luigi Dossetti, Il Simbolo di Nicea e di Constantinopoli: Edizione critica, (Roma: Herder, 1967). p. 243-251.
[59] Հ. Յովսեփ վ. Գաթըրճեան, նշվ. աշխ., էջ 22-33, Հմմտ. Շահե արք. Աճեմյան, նշվ. աշխ., 2001, էջ 7-9: