ՆԻԿԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԵԶԵՐԱԺՈՂՈՎԸ
ՀԱՅ ՈՍԿԵԴԱՐՅԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
325 թ․ Բյութանիայի Նիկիա քաղաքում (ներկայիս Իզնիկ, Թուրքիա) Կոստանդիանոս Մեծ կայսեր (306-337 թթ․) կողմից գումարվեց պատմական մի ժողով, որը նոր թափ հաղորդեց քրիստոնեական վարդապետական մտքի ընթացքին։ Նիկիայի ժողովն ունեցավ առանցքային նշանակություն՝ Ընդհանրական Եկեղեցու կանոնաիրավական դրույթների հստակեցման, տոնածիսական հարցերի վերաբերյալ դիրքորոշումների միօրինակացման և դավանական սկզբունքների ամրագրման համար։ Ժողովում Հայ Եկեղեցու պատվավոր ներկայացուցիչը սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաքելաշավիղ Հայրապետի իրավահաջորդն էր՝ սուրբ Արիստակեսը (325-333 թթ․)։ Ժողովի ժամանակ ընդունված 20 կանոններն Արիստակեսը բերել և ներկայացրել է իր սրբակենցաղ հայր-առաջնորդին և Հայոց Տրդատ արքային, որոնց կողմից նա պատվիրակվել էր Նիկիա։
Սույն հոդվածում կքննենք Ոսկեդարյան հայ պատմագրության մեջ Հայ Եկեղեցու դավանաբանական և ժողովական կյանքի վրա նշանակալի ազդեցություն թողած այս իրադարձության արձագանքները՝ վեր հանելով Նիկիայի ժողովի վերաբերյալ զանազան համատեքստերն ու իրար լրացնող սկզբնաղբյուրային բացառիկ տեղեկությունները։ Մեր ուսումնասիրության դաշտում եղել են Ոսկեդարյան բոլոր պատմիչները՝ Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի։
Ոսկեդարի ականավոր պատմիչ Ագաթանգեղոսը, որով սկզբնավորվում է հայոց պատմագրությունը, Հայաստանում քրիստոնեության ընդունման, հայոց առաջին հայրապետ սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքի և վարդապետության վերաբերյալ մեզ արժեքավոր տեղեկություններ փոխանցած առաջին և միակ բացառիկ հեղինակն է։ Նրա «Հայոց պատմության» էջերում իրար հաջորդող երկու պարբերությամբ (III մաս, 884, 885) ներկայացվում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսի և մեծն Տրդատ արքայի կողմից Նիկիայի ժողովին ուղարկված Արիստակեսի մասնակցության պատմությունը։ Ագաթանգեղոսը հայտնում է, որ ժողովը գումարվել է օգոստոսափառ կայսր Կոստանդիանոսի հրամանով․ «Հրաման տվեց բոլոր եպիսկոպոսներին հավաքվել Նիկիա քաղաքում»: Հայ Եկեղեցու կողմից առաքված ներկայացուցիչն Արիստակեսն էր։ Ժողովի ժամանակ հռչակվել և սահմանվել են «ավանդության» հավատքը, «լուսավորության» կարգը, «հաստատված» կանոնները և Աստծո կամքի «զորությունը»։ Կոստանդիանոսի կողմից հավատքի խոստովանությունը դարձավ առիթ, որ նա մեծ անուն վաստակի, և արդարություն հաստատվի։ Երանելի Արիստակեսն իր հետ Հայաստան է բերել ավանդված «աստվածահաճո կանոնները»։ Սուրբ Գրիգորը դրանց նոր կանոններ է ավելացրել՝ ըստ ներեկեղեցական հարցերի կարգավորման անհրաժեշտության՝ Տրդատ արքայի հետ միաբան պայծառացնելով Հայոց աշխարհը։ Չնայած Ագաթանգեղոսը չի մասնավորեցնում՝ Արիստակեսի կողմից Վաղարշապատ բերվել է Հավատո հանգանակը, թե՝ ոչ, սակայն վերոնշյալ թվարկումներից հասկանալի է, որ Արիստակեսը կանոնների հետ ևս բերած պիտի լիներ ընդունված հանգանակը։ Գրաբար բնագրում նշվում է՝ «զբերեալ աւանդութիւնսն» (բերված ավանդություններ), որն իր մեջ կարող էր բովանդակել նաև կանոնների հետ մեկտեղ նիկիական հանգանակը բերելու իմաստային տարողությունը։ Բացի այդ՝ Ագաթանգեղոսը Պատմության՝ անմիջապես հաջորդող հատվածում պատմում է սուրբ Գրիգորի կողմից «հաճախագույն, դժվարապատում» ճառեր կարգելու ու հորինելու մասին, որը չէր կարող առանց «վավերացված հավատքի» կազմվել և, որպես գրավոր վարդապետական ժառանգություն, ավանդվել հետնորդներին։
Սուրբ Հովհան Օձնեցին «Սակս ժողովոց» գրության մեջ վկայակոչում է Ագաթանգեղոսի կողմից այս հիշատակությունը, միևնույն ժամանակ Նիկիայի ժողովի գումարման թվականը (325 թ․) ներկայացնում հայոց ժամանակագրությամբ (սուրբ Գրիգորի կաթողիկոսության 20-րդ տարում և Տրդատ արքայի թագավորության 37-րդ տարում)։
4-5-րդ դարի մյուս հայ պատմագիր Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմության» մեջ Նիկիայի ժողովին անդրադառնում է Մեծ Հայքի քրիստոնյա քարոզիչներից Հակոբ Մծբնացի հայրապետի (որը մասնակցել է Նիկիայի ժողովին) գործած սքանչելիքների մասին պատումները ներկայացնելիս։ Հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Նիկիայի ժողովը, որին ներկա են եղել 318 եպիսկոպոսներ, գումարվել է եգիպտացի Արիանոս (Արիոս) Ալեքսանդրացու աղանդի քննության համար։ Հաջորդիվ պատմիչը հյուսում է Հակոբ Մծբնացու խոնարհության, Կոստանդիանոս թագավորի աստվածասիրության և նշանագիտության մասին ժողովրդի մեջ տարածված զրույցները։ «Բայց այս Հակոբը մեծամեծ սքանչելիքներ էր գործում․ նա պատահեց Նիկիո մեծ ժողովում, որ տեղի ունեցավ Հոռոմների Կոնստանդիանոս կայսեր օրերում, երբ ժողովվեցին երեք հարյուր տասնևութ եպիսկոպոսներ Արիանոս Աղեքսանդրացու անիծված աղանդի պատճառով, որ Եգիպտոսի նահանգից էր։ Արդ՝ բոլոր եպիսկոպոսները նստած էին Կոստանդիանոսի առաջ։ Հայերի կողմից էլ այնտեղ էր Արիստակեսը․ Մեծ Հայքի առաջին կաթողիկոսի՝ սքանչելի Գրիգորի որդին» (Երրորդ դպր․, գլ․ Ժ)»։
Նիկիայի ժողովին Հայ Եկեղեցու մասնակցության վերաբերյալ Եղիշեի՝ Վարդանանց պատերազմին նվիրված երկասիրության մեջ որևէ հիշատակություն չենք գտնում, իսկ Ղազար Փարպեցու Պատմության մեջ ժողովի եզակի հիշատակությունը կապվում է Ավագ Հինգշաբթի օրը Պահքը չլուծարելու վերաբերյալ նիկիական կանոնի հետ (Դրվագ Ա, ԺԷ)։ Հաշվի առնելով այս երկու հեղինակների ստեղծագործությունների ուղղվածությունն ու արդեն տարածված Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի պատմություններում առկա անդրադարձները՝ Եղիշեն՝ Ավարայրի երգիչը, և Ղազար Փարպեցին՝ Վահանանց ապստամբության պատմիչը, չեն անդրադառնում Նիկիայի ժողովի գումարմանն ու դրան Արիստակեսի մասնակցությանը։
Ոսկեդարյան մյուս հանճարեղ հեղինակը՝ Պատմահայր սուրբ Մովսես Խորենացին, իր Պատմության երկրորդ գրքում (II, ՁԹ, Ղ) ավելի համակողմանի, համընդգրկուն ու բացառիկ տեղեկություններ է փոխանցում Նիկիայի ժողովի գումարման և Արիստակեսի մասնակցության մասին։ Եթե Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի փոխանցած տեղեկությունները սակավ են և քաղված են զուտ հայկական ավանդությունից, ապա Խորենացին օգտվում է մի շարք եկեղեցական պատմագիրներից և գուցե այլ օտար աղբյուրներից՝ ավելի մանրամասն ներկայացնելով եղելությունները։ Խորենացին բացատրում է Արիոսի ուսմունքի էությունը («որդին հորը հավասար չէ և ոչ էլ հոր բնությունից և էությունից է, և չի ծնված հորից նախքան որևէ ժամանակ, այլ օտար ոմն է, և արարած, և կրտսեր և ժամանակի ընթացքում գոյացած»), թվարկում է Նիկիայի ժողովի ուղղափառ մասնակիցներին (Բիտոն և Բիկենդ երեցները Հռոմից՝ Սեղբեստրոս պապի գրավոր հրահանգով, Ալեքսանդր Ալեքսանդրացին, Եվստաթիոս Անտիոքացին, Մակար Երուսաղեմացին, Ալեքսանդր Կոստանդնուպոլսեցին), ներկայացնում է Հայոց Տրդատ արքային ուղղված Կոստանդիանոսի հրովարտակը՝ սուրբ Գրիգորի հետ ժողովի մեկնելու վերաբերյալ, նշում է նրանց չմասնակցելու պատճառները (Տրդատը մտահոգված էր, որ իր բացակայության ժամանակ գուցե պարսիկները հարձակվեն, իսկ սուրբ Գրիգորը հրաժարվեց՝ խուսափելով իր խոստովանական անվան պատճառով ցուցաբերվող պատվից), շեշտում է Տրդատ արքայի և սուրբ Գրիգորի գրություններով Արիստակեսի՝ ժողովի մասնակցության հանգամանքը, ապա հավելում սուրբ Գրիգորին ձեռնադրող Ղևոնդիոս արքեպիսկոպոս Կեսարացու հետ Արիստակեսի հանդիպման և արևելյան եպիսկոպոսներով միասին (Եվթաղ Եդեսացի, սուրբ Հակոբ Մծբնացի, Հովհան Պարսից /նույն Հովհաննես Տրապիզոնցին է/) ժողովին մասնակցության, չարադավան Արիոսին՝ Եկեղեցու հաղորդակցությունից զրկելու և նզովելու, Արիստակեսի վերադարձի, հորն ու արքային հանդիպելու, բերված կանոնների վրա սուրբ Գրիգորի կողմից («իր հոտի ավելի մեծ զգուշության համար») նոր կանոններ ավելացնելու մասին։
Ակնհայտ է, որ Մովսես Խորենացին մեծապես օգտվել է 4-5-րդ դդ․ բյուզանդական պատմիչ Սոկրատ Սխոլաստիկոսի «Եկեղեցական պատմության» («Historia Ecclesiastica») հունարեն բնագրից, որի առաջին հայ թարգմանիչը՝ 7-րդ դարի հեղինակ Փիլոն Տիրակացին, իր «Ժամանակագրության» մեջ Արիոսին բանադրողների և Նիկիայի ժողովի կազմակերպիչների անվանացանկը ներկայացնում է Մովսես Խորենացուց փոքր-ինչ տարբեր ՝ Հռոմից մասնակից լեգատների փոխարեն նշելով պապի անունը և ժողովին ներկաների թվում հիշատակելով Կոստանդնուպոլսի պատրիարք Մետրոփանեսին, որը 314 թ․ արդեն մահացել էր և նրան հաջորդել էր Ալեքսանդրը (314-330 թթ․)։
Նիկիայի ժողովի և գլխավոր դերակատարների մասին հետագա որոշ պատմիչների հիշատակություններից ևս պարզ է դառնում, որ նրանք մեծապես օգտվել են Սոկրատ պատմիչի սկզբնաղբյուրային պատմությունից։ Այդպես օրինակ Սեբեոս պատմիչի երկում ընթերցում ենք. «Նույն օրերին երանելի Աթանասը հալածվեց արիոսականներից, ինչպես Սոկրատը պատմում է» (Սեբեոս, Պատմություն, գլ. Ե): Իսկ Անանիա Նարեկացին արիոսականների կողմից Երից սրբասացության («Սուրբ Աստուած, Սուրբ եւ հզոր, սուրբ եւ անմահ») երգի փոփոխության առիթով «Հաւատարմատ» (կամ «Լուծումն մաքառման երկաբնակաց») երկում դարձյալ հիշատակում է Սոկրատին։
Ամփոփելով՝ կարող ենք հավաստել, որ Ոսկեդարյան հայ պատմագրության մեջ Նիկիայի ժողովին Հայ Եկեղեցու մասնակցության վերաբերյալ տեղեկությունները շատ համառոտ են, ամփոփ և ոչ շատ մանրամասն ներկայացված։ Ոսկեդարյան միակ հեղինակը, որը պատմագիտական մեծ ճշգրտությամբ և առկա օտարագիր աղբյուրների բաղդատությամբ ներկայացնում է Նիկիայի ժողովի պատմությունը, Քերթողահայր Մովսես Խորենացին է։ Այդուհանդերձ, Հայոց Եկեղեցու առաջին պատմիչների համար Նիկիայի Տիեզերաժողովին Արիստակեսի մասնակցության մատնանշումը, նիկիական ավանդության ու կանոնների ընդունելությունն այն իրադարձություններն էին, որոնք ավելի ամրապնդեցին Հայ Եկեղեցու գործուն ներգրավվածությունը Ընդհանրական Եկեղեցու կյանքում։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1․ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն (աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Արամ Տեր-Ղևոնդյանի), Երևան, 1983։
2․ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն (թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Ստ․ Մալխասյանցի), Երևան, 1987։
3․ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն (աշխարհաբար թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Ստ. Մալխասյանի), Երևան, 1981։
4․ Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն, Թուղթ Վահան Մամիկոնյանին (աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները՝ Բագրատ Ուլուբաբյանի), Երևան, 1982։
5․ Սեբեոս, Պատմություն (արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գուրգեն Խաչատրյանի և Վանո Եղիազարյանի), Երևան, 2005։
6․ Փիլոն Տիրակացի, Ժամանակագրութիւն, Մատենագիրք Հայոց, Ե․ հատոր, Է․ դար, Անթիլիաս-Լիբանան, 2005։
7․ Յովհաննու Իմաստասիրի Հայոց Կաթուղիկոսի Սակս ժողովոց, որ եղեն ի Հայք [թուղթ առ պատրիարքն Ասորւոց Աթանաս Անտիոքացի], Մատենագիրք Հայոց, Է․ հատոր, Ը․ դար (յաւելուած), Անթիլիաս-Լիբանան, 2007։
Նարեկ սրկ․ Գասպարյան
ՆԻԿԻԱՅԻ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝
ՀԱՄԱՁԱՅՆ ՎԱՂ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ
IV-V դդ․ եկեղեցական պատմագիրների մասին համառոտ ակնարկ։ Քրիստոնեական Եկեղեցու պատմագրության առաջին երախտավորները իրենց գրվածքներում եկեղեցական կյանքը պատկերելիս չէին կարող չանդրադառնալ Նիկիայի Ս. Տիեզերաժողովին։ «Եկեղեցու պատմության հայր» (չշփոթել «Եկեղեցու հայր» կոչման հետ) ճանաչված եպիսկոպոս Եվսեբիոս Կեսարացին (մոտ 260/265-339 թթ․) աստվածաշնչյան տեքստերին նվիրված աշխատություններից զատ հեղինակել է «Եկեղեցական պատմություն» և «Կոստանդիանոսի կյանքը» երկասիրությունները, որոնք կարևորագույն և բացառիկ աղբյուր են Վաղ Եկեղեցու պատմության և քրիստոնեական մշակույթի ձևավորման ուսումնասիրության դաշտում։ Եկեղեցական պատմագրության մեջ Հերոդոտոսի Պատմության արժեքն ունեցող Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմությունը» ներկայացնում է քրիստոնեության սկզբնավորությունից մինչև 324 թ․ ընկած իրադարձությունները՝ չընդգրկելով 325 թ․ քրիստոնեական առաջին տիեզերաժողովի ժամանակահատվածը։ Եվսեբիոսի երկերից միայն «Կոստանդիանոսի կյանքը» պատմաեկեղեցական բնույթի աշխատությունում է տեղ գտել Նիկիայի ժողովի գումարման ընթացքի և եկեղեցական կյանքի մասին մանրամասնություններ («Կոստանդիանոսի կյանքը» երկի 3-րդ մասի 4-24-րդ գլուխները վերաբերում են Նիկիայի ժողովին):
Այս շրջանի մյուս կարևոր եկեղեցական հեղինակը Սոկրատ Սխոլաստիկոսն է (մոտ 380-440 թթ․), որը, ըստ գերակշռող փաստերի, կրթվել է որպես փաստաբան և որոշ ժամանակ զբաղվել է այս մասնագիտությամբ (այստեղից էլ նրա «Սխոլաստիկոս» մականունը)։ Սոկրատի պատմությունն ընդգրկում է 306-439 թթ․։ Լինելով եկեղեցական պատմաբանների դպրոցի ներկայացուցիչ՝ նա իր «Եկեղեցական պատմությունը» շարադրել է` շարունակելով Եվսեբիոսին, ամենայն մանրամասնությամբ անդրադառնալով նաև հետնիկիական աստվածաբանական վեճերին ու դրանց քաղաքական արձագանքներին։
Նիկիայի ժողովին անդրադարձել են 5-րդ դարի երեք նշանավոր պատմագիրներ ևս՝ Սուլպիցիուս Սևերուսը (մոտ 363-425), Սալամենես Սոզոմենոսը (մոտ 400-450 թթ), Թեոդորետոս Կյուրացին (մոտ 393- 457/466 թթ․)։
Սուլպիցիուս Սևերուսը, որը ծնունդով Աքվիտանիայից էր (Ֆրանսիա), սրբադասված է Արևելյան Ուղղափառ Եկեղեցում։ Նրա գլխավոր աշխատությունը «Քրոնիկան» է (Chronica, Chronicorum Libri duo կամ Historia sacra, մոտ 403 թ․), որն աշխարհի սկզբից մինչև իր ժամանակների ամփոփ, հակիրճ պատմությունն է։ Մյուս պատմիչ Սոզոմենոսն իր «Եկեղեցական պատմությունը» գրել է Կոստանդնուպոլսում` մոտ 440–443 թվականներին, և նվիրել կայսր Թեոդոսիոս II-ին։ Նա մեծապես օգտվել է իրեն նախորդած հեղինակներից՝ Եվսեբիոս Կեսարարացուց, Սոկրատ Սխոլաստիկոսից, Աթանաս Մեծից և ուրիշներից։ 5-րդ դարի վերջին ականավոր պատմագիր Թեոդորետոս Կյուրացին եղել է Ասորիքի Կյուրոս քաղաքի եպիսկոպոսը։ Մեզ հասած նրա աշխատություններից առավել հայտնի է «Եկեղեցական պատմությունը», որն ընդգրկում է 310–ական թվականներից առ 429 թվական ընկած ժամանակաշրջանի եկեղեցական խնդիրներին վերաբերող պատմական անցքերը։
Ըստ այս պատմիչների տեղեկությունների՝ ստորև կներկայացնենք Նիկիայի ժողովի պատմությունը։
Նիկիայի ժողովի պատմությունը։ 325 թ․ Նիկիայում ժողով հրավիրելու անհրաժեշտության մասին խոսելիս Եվսեբիոս Կեսարացին նշում է մի քանի հանգամանքներ՝ Ալեքսանդրիայում թեժացող եկեղեցական վեճերը, Եգիպտոսում հերձվածողական խմորումների տարածումը, կայսրության տարբեր տարածքներում տեսակ-տեսակ անկարգությունների հրահրումը։ Մեկ այլ շատ խնդրահարույց հարց, որն անհանգստություն էր պատճառում եկեղեցիներին. Փրկչի տոնի՝ Զատկի շուրջ տարաձայնությունն էր, որի հետևանքով ամբողջ կայսրության մեջ խախտվել էին արարողակարգերն ու տոնացույցերը։ Վիճաբանության նյութն այն էր, թե արդյոք Զատիկը պետք է նշվի ամեն տարվա որոշակի օր, թե հրեաների լուսնային «նիսսան» ամսվա 14-ին՝ շաբաթվա ցանկացած օր, որ կարող է պատահել: Ոմանք ցանկանում էին տոնը նշել հրեաների սովորության համաձայն, իսկ ժողովում ներկա եպիսկոպոսների մեծամասնությունը նախընտրում էր ընդհանրական սովորություն դարձնել Զատիկը տոնել միասնաբար քրիստոնեական ամբողջ աշխարհում: Կայսրը տեսնելով, որ Եկեղեցին հուզված է այս և նման խնդիրների պատճառներով` հրավիրում է համաեկեղեցական ժողով («οἰκουμενικήν»)՝ նամակով դիմելով բոլոր եպիսկոպոսներին՝ հանդիպելու իրեն Նիկիայում։ «Օἰκουμενικήν» նշանակում է էկումենիկ, տիեզերական, համաշխարհային։ Եզրույթն առաջին անգամ հանդիպում է Եվսեբիոս Կեսարացու «Վարք Կոստանդիանոսի» աշխատության (338 թ․) մեջ՝ «σύνοδον οἰκουμενικὴν συνεκρότει»- «տիեզերական ժողով գումարեց»։ Միևնույն եզրը երկիցս հանդիպում է նաև սուրբ Աթանաս Ալեքսանդրացու «Ժողովական նամակ Աֆրիկայի եպիսկոպոսներին» (369 թ․) և «Ժողովական նամակ Դամասուս Առաջին Պապին և Կոստանդնուպոլսի Առաջին ժողովի լատին եպիսկոպոսներին» (382 թ․) նամակներում։
Սակայն այս շրջանում գլխավոր խնդիրը, որը հուզել էր ամբողջ քրիստոնյա Արևելքը 318-322 թթ․, Ալեքսանդրիայում առաջացած աստվածաբանական վեճն էր՝ առնչված Հիսուսի բնությանը, Նրա ծագմանը և Հայր Աստծո հետ ունեցած հարաբերություններին։ Գլխավոր դերակատարներն էին Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդրը և տեղի երեցներից՝ Արիոսը, որի չարափառ հերետիկոսությունը մեզ հայտնի է ավելի շատ նրա հակառակորդների հակաճառական գրվածքներից, քանի որ նրա գործերը մասամբ են պահպանվել։ Ալեքսանդրն ուսուցանում էր, որ Հիսուսը՝ որպես Աստծո Որդի, հավերժորեն ծագել է Հորից, մինչդեռ պիղծ Արիոսը և նրա համախոհները մարդկային սակավամտությամբ ամբարտավանորեն պնդում էին, որ միայն Հայրն է հավերժ, իսկ Որդին ստեղծվել կամ ծնվել է Հորից, և ուներ որոշակի ծագման կետ և ստորադաս է Հորը․ «Եթե Հայրը ծնեց Որդուն, ապա նա, ով ծնվեց, գոյություն ուներ, և սրանից երևում է, որ եղել է ժամանակ, երբ Որդին չի եղել։ Հետևաբար, հետևում է, որ նա իր էությունը ստացել է ոչնչից» (Սոկրատ, Եկ․ պատմ․, I, 5): Սա էր արիոսական հերետիկոսության հերձվածողական դրույթներից մեկը։
Կայսրության մեջ աստվածաբանական հարցերի վերաբերյալ միակարծություն ձևավորելու և խաղաղություն հաստատելու նպատակով Կոստանդիանոս Մեծը նամակներ էր հղել Ընդհանրական Եկեղեցու բարձրաստիճան բոլոր սպասավորներին, որոնք կազմում էին տիեզերական ժողովը՝ կոչ անելով գալ և մասնակցել ժողովին՝ Բյութանիա գավառի Նիկիա (թրգմ․՝ «հաղթանակ») քաղաքում։ Բոլոր եկեղեցիներից, որոնք ընդգրկում էին ամբողջ Եվրոպան, Լիբիան և Ասիան, հավաքվեցին Աստծո ընտրյալ ծառաները՝ փյունիկեցիներից, արաբներից, պաղեստինցիներից, եգիպտացիներից, թեբեացիներից, լիբիացիներից, պարսիկներից, պոնտացիներից, գաղատացիներից, կապադովկիացիներից, փռյուգիացիներից, պամփյուլիացիներից, մակեդոնացիներից, աքայացիներից, թրակիացիներից։
Եվսեբիոս Կեսարացին, պանծացնելով ժողովի կազմակերպիչ թագավորին, ասում է, որ Կոստանդիանոսն ամբողջ պատմության մեջ միակ կայսրն էր, որը խաղաղության կապով թագ հյուսեց Քրիստոսի համար և իր Փրկչին շնորհակալություն հայտնեց թշնամիների նկատմամբ տարած հաղթանակի համար՝ «առաքելական ժողովի» օրինակով բոլորին մեկտեղելով։ Ամեն օր՝ նիստի վերջին, կայսեր հատուկ պատվերով ժողովին մասնակիցների համար կազմակերպվում էր հյուրասիրություն։
Ըստ Եվսեբիոսի՝ ժողովին մասնակից եպիսկոպոսների թիվը գերազանցում էր 250-ը, իսկ պրեսբիտերների, սարկավագների և նրանց ուղեկցող բազմաթիվ այլ սպասավորների թիվը հաշվարկից դուրս էր։ Առկա են ժողովում ներկաների թվի այլ հիշատակություններ՝ 270 (Թեոդորոս Մոփսուեստացի), 300 (Սոկրատ), 318 (Եվագր, Աթանաս Մեծ, Հիլարիոն, Հերոնիմոս և Ռուֆինոս)։ Եկեղեցական ավանդության մեջ ընդունված է 318 թիվը, որը Բառնաբասի նամակում կապվում է Աբրահամի ծառաների թվի խորհրդաբանության հետ (Ծննդ․ 14։ 14)։ Սակայն ենթադրելի է, որ մասնակիցների թվի փոփոխությունը առաջացել է արիոսականների անունների բացթողման պատճառով, կամ էլ` այն պատճառով, որ ժողովը տևել է երկու և ավելի ամիսներ (հունիսի 14-օգոստոսի 25)։
Ինչպես հաղորդում է Եվսեբիոս պատմիչը, ժողավատեղին Նիկիայի պալատական մի շինություն էր, որի ներսում դասավորված էին բազմաթիվ նստարաններ, որտեղ, ըստ եկեղեցական աստիճանակարգութան, զբաղեցրին մասնակիցները, ապա նաև՝ կայսրը։ Եվսեբիոս Կեսարացին ժողովապետ կայսեր կերպարանքը նմանեցնում է Աստծո երկնային հրեշտակ-պատգամաբերի։ Կայսեր կրած հագուստը փայլում էր լույսի ճառագայթներով՝ արտացոլելով մանուշակագույն զգեստի լուսափայլությունը, որին պայծառություն էր հաղորդում նաև ոսկու և թանկարժեք քարերի փայլուն շքեղությունը: Արտաքին տեսքից պակաս լուսավառ չէր նաև կայսեր ներքինը․ նրա բարեպաշտության և աստվածավախության վկայությունն էին ակնկոր հայացքը, դեմքի կարմրությունը և քայլվածքը։ Եվսեբիոսը Կոստանդիանոսին ժողովի ներկաներից գերազանց է համարում իր գեղեցկության, անպարտելի ուժի, կորովի, մտավոր որակների տեսանկյունից։ Նրա համար ոսկեկուռ աթոռ դրեցին, նա սպասեց, մինչև եպիսկոպոսները նշան արեցին, և հետո նստեց, ապա և նրանից հետո՝ հրավիրյալ ժողովականները։
Եվսեբիոս Կեսարացին շատ առավել մանրամասներ է ներկայացնում ժողովի առաջին օրվա հավաքից։ Ըստ նրա՝ առաջին շարքի աջ կողմում նստած եպիսկոպոսներից մեկը ոտքի կանգնեց և ճառ արտասանեց՝ դիմելով կայսերը, և նրա համար երախտագիտության աղոթք բարձրացրեց առ Աստված: Որից հետո կայսրը հանդես եկավ բացման խոսքով՝ նշելով, որ Աստծո Եկեղեցում բաժանումն ավելի ծանր է, քան ցանկացած պատերազմ կամ դաժան կռիվ, և դա ավելի շատ ցավ է պատճառում, քան աշխարհի հոգսերը։ Կայսրը շեշտում է ժողովի գումարման հրատապությունը և իր գործերում՝ դրա առաջնայնությունը։ Նա խոսում էր լատիներենով, իսկ մի թարգմանիչ տեղում այն հունարեն էր թարգմանում։ Ընդհանուր որոշումները գրավոր վավերացվեցին անհատական ստորագրություններով։ Կայսրը, արժևորելով ժողովի գումարումը, այն համարեց իր երկրորդ հաղթանակը՝ Լիկինոսին պարտություն մատնելուց հետո, և հաղթական տոն կազմակերպեց: Եվսեբիոսը, այս հատվածում չի նշում Արիոսի և նրա երկու կողմնակիցների հակառակության և աքսորման մասին և խոսում է ընդհանուր միաձայնության մասին։
Ըստ Եվսեբիոս Կեսարացու՝ Նիկիական դավանանքի մեջ Կոնստանդիանոսի անձնական պատվերով է բացառապես ներմուծվել «homoousios» («ὁμοούσιος») բառը, որով ցույց էր տրվում Որդու հավերժական ծագումը Հորից, բնութենակից լինելը։ Ժողովի հակաարիոսական բանաձևն առերևույթ ընդունում են նաև արիոսամետ եպիսկոպոսները, մինչդեռ նրանց սրտերում մնում է խորը արմատացած ատելություն ուղղափառների դեմ, որից դրդված՝ նրանք անհիմն ու շինծու մեղադրանքներ են ներկայացնում՝ չկարողանալով նրանց հետ վիճել ճշմարիտ դավանանքի վերաբերյալ հարցերի շուրջ, ինչպես ներկայացնում է Սուլպիցիուս Սևերուսը (Սևեր․, Քրոն․, գլ․ XXXVI)։ Բացի ստահոդ ու պիղծ դավանությունից` արիոսականներն ունեին ընդգծված բացասական նկարագիր, որը ևս ուղղափառ հայրերը խիստ հանդիմանել են։ 14-րդ դարի լատին սրբախոսական ժողովածուներից մեկում տեղ է գտել մի ավանդացրույց, համաձայն որի՝ ժողովի թեժ բանավեճերից մեկի ժամանակ սուրբ Նիկողայոս Զմյուռնացին, չկարողանալով հանդուրժել Արիոսի սրբապիղծ պնդումները, մոտենալով ապտակ է հասցրել նրան։
Ծերության պատճառով ժողովին չի մասնակցել Հռոմի Սեղբեստրոս պապը՝ իր փոխարեն պատվիրակելով Վիտոյին և Վիսենտիուսին, ինչպես վկայաբերում է Սոզոմենոսը։
Ժողովին ներկա եպիսկոպոսների մեջ էին Վերին Թեբեի եպիսկոպոս Պաֆնուտիոսը, Կիպրոսի եպիսկոպոս Սպիրիդոնը, Եվսեբիոսը՝ Նիկոմեդիայի եպիսկոպոսը, որը պաշտպանում էր Արիոսի կարծիքը՝ Թեոգնիսի և Մարիսի հետ միասին. դրանցից առաջինը Նիկիայի եպիսկոպոս էր, իսկ Մարիսը՝ Քաղկեդոնի։ Արիոսական եպիսկոպոսների ցանկում Թեոդորետոս Կյուրացին նշում է նաև Եփեսոսի եպիսկոպոս Մենոֆանտին, Սկիթոպոլիսի եպիսկոպոս Պատրոֆիլոսին, Մարմարիկայի եպիսկոպոս Թեոնասին, Եգիպտոսի եպիսկոպոս Սեկունդոսին, որը Թեոնաս եպիսկոպոսի հետ տարհամոզվեց և դատապարտեց արիոսական ուսմունքը (Թեոդ․, Եկ․ պատ․, I, 6)։ Արիոսականներին զորեղ ընդդիմանում էր Աթանասը՝ Ալեքսանդրիայի եկեղեցու սարկավագը, որը մեծ հարգանք էր վայելում Ալեքսանդր եպիսկոպոսի կողմից։ Սոզոմենոսը նշում է, որ Աթանասն իր հռետորաբանության շնորհիվ արժանացել էր կայսեր ուշադրությանը և լավ խորհրդատու էր Ալեքսանդր պատրիարքին (Սոզ․, Եկ․ պատմ․, I, 17)։
Հետաքրքրական մի ավանդություն կա Աթանասի մանկության վերաբերյալ, որը վկայակոչում է Սոկրատ պատմիչը։ Աթանասը, երբ բավականին փոքր էր, խաղում էր իր հասակակիցների հետ «սուրբ» խաղով. սա քահանայության և սրբագործված անձանց կարգի նմանակումն էր՝ իմիտացիան: Այս խաղում Աթանասին բաժին էր ընկել եպիսկոպոսի դերը, իսկ մյուս տղաներից յուրաքանչյուրը ներկայացնում էր կա՛մ պրեսբիտերին, կա՛մ սարկավագին: Երեխաներն այս խաղով զբաղվում էին այն օրը, երբ նշվում էր նահատակ Պետրոս եպիսկոպոսի հիշատակը։ Այդ ժամանակ Ալեքսանդրիայի Ալեքսանդր եպիսկոպոսը, պատահաբար անցնելով, դիտեց նրանց խաղը և հարցրեց, թե յուրաքանչյուրին ինչ դեր է տանում խաղի մեջ՝ մտածելով, որ դրանով ինչ-որ բան կարող է նախանշվել։ Այնուհետև նա հրահանգ տվեց, որ երեխաներին տանեն եկեղեցի և կրթեն, հատկապես Աթանասին։ Դրանից հետո նա Աթանասին ձեռնադրեց սարկավագ և իր հետ տարավ Նիկիայի ժողովին։
Նիկիայի ժողովի գումարման ավարտին լրացավ նաև Կոստանդիանոս կայսեր կառավարման քսաներորդ տարին («վիչենալիա» - տոն և կրոնական ծեսեր, որոնք կազմակերպվում են հռոմեական կայսեր կառավարման 20-ամյակի առթիվ), որի համար ընդհանուր տոնակատարություններ տեղի ունեցան հռոմեական գավառներում։ Եպիսկոպոսներից ոչ մեկը չբացակայեց կայսերական խնջույքից՝ թագավորական գավիթներում զբաղեցնելով պատվավոր տեղերն ու հարմարավետ բազմոցները։
Այս փայլուն տոնակատարությունից հետո կայսրը քաղաքավարությամբ ընդունեց իր բոլոր հյուրերին և առատաձեռնորեն ավելացրեց այն բարեհաճությունները, որոնք նա արդեն շնորհել էր՝ անձամբ նվերներ մատուցելով յուրաքանչյուրին՝ ըստ իր կոչման: Նա նաև ժողովի ընթացքի մասին տեղեկություն է փոխանցել ներկա չգտնվողներին՝ նամակ հղելով ընդունած որոշումների մասին: Եվսեբիոսը հիշատակում է կայսերական մի քանի այլ նամակներ ևս՝ Զատկի օրը միասնական նշելու և հրեաների օրինակով ծիսա-կանոնական կյանքը չկարգավորելու առնչությամբ, շեշտադրում ժողովի օրենքներով անշեղ առաջնորդվելու կարևորությունը, «որովհետև այն, ինչ որոշվում է եպիսկոպոսների սուրբ ժողովներում, պետք է դիտվի որպես Աստծո կամքի ցուցիչ» (Եվս․, Եկ․ պատմ․, XX):
Այսպիսով՝ ակներև է, որ Կոստանդիանոս կայսեր կողմից հրավիրված այս ժողովը կարևոր դերակատարություն ունեցավ ժամանակի եկեղեցական մի շարք խնդիրների հարթեցման ուղղությամբ, ինչպես նաև աստվածաբանական եզրութաբանության հստակեցման ու ուղղափառության հաստատման համար՝ սուրբ ժողովի առաքինակենցաղ հայրերի կողմից 20 կանոնների մշակմամբ և Հավատո հանգանակի վավերացմամբ։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1․Eusebius Caesariensis, Vita Constantini- The Life Of The Blessed Emperor Constantine (https://www.documentacatholicaomnia.eu/03d/0265-0339,_Eusebius_Caesariensis,_Vita_Constantini_%5BSchaff%5D,_EN.pdf - 14 հունվարի, 2025 թ․, 11։53)։
2․ Ecclesiastical History of Socrates Scholasticus. revised, with notes, by the Rev. A. C. Zenos, D.D. Professor of New Testament Exegesis in the Theological Seminary at Hartford, Conn (https://www.documentacatholicaomnia.eu/03d/0380-0440,_Socrates_Scholasticus,_Historia_ecclesiastica_%5bSchaff%5d,_EN.pdf – 14 հունվարի, 2025 թ․, 11։11):
3․The Ecclesiastical History օf Sozomen, comprising a history of the Church, from A.D. 323 to A.D. 425. translated from the greek. revised by Chester D. Hartranft, Hartford Theological Seminary
(https://www.documentacatholicaomnia.eu/03d/0450-0450,_Salaminus_Hermias_Sozomenus,_The_Ecclesiastical_History_%5BSchaff%5D,_EN.pdf - 14 հունվարի, 2025 թ․, 11։14):
4. The Ecclesiastical History of Theodoret (https://www.documentacatholicaomnia.eu/03d/0393-0466,_Theodoretus_Cyrrhi_Episcopus,_Historia_ecclesiastica_[Schaff],_EN.pdf - 14 հունվարի, 2025 թ․, 11։15)։
5․The Sacred History Of Sulpitius Severius (https://www.documentacatholicaomnia.eu/03d/0360-0420,_Sulpicius_Severus,_Chronicorum_%5bSchaff%5d,_EN.pdf - 14 հունվարի, 2025 թ․, 11։51):
6․ «Catalogus sanctorum et gestorum eorum ex diversis voluminibus collectus», Lugduni 1508․
Նարեկ սարկ. Գասպարյան
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: