Միքիայի մարգարեության մեկնություն 1։5

Ա․ Լոպուխին

Այս ամենը Հակոբի տան չարության համար, Իսրայելի տան մեղքի համար։ Ումի՞ց է Հակոբի չարությունը, մի՞թե Սամարիայից է։ Ո՞վ է Հուդայում կառուցել բարձունքները, մի՞թե Երուսաղեմը։ (Սինոդական թարգ․)[5]
   
   Որպես Սամարիայի և Երուսաղեմի վրա եկող պատժի պատճառ՝ մարգարեի կողմից մատնանշվում է ժողովրդի չարությունը։ Եբրայերենից մեջբերված «Ումի՞ց է (եբրայերեն` «մի») Հակոբի չարությունը, մի՞թե Սամարիայից է» նախադասությունը պետք է ավելի ճշգրիտ կերպով թարգմանվի` «Ո՞վ է Հակոբի չարությունը, արդյո՞ք Սամարիան չէ»։ Սամարիան որպես մեղքի մարմնացում ներկայացնելով` մարգարեն այն գաղափարն է արտահայտում, որ Իսրայելի թագավորության կյանքը միմիայն անօրինություն կամ մեղք է։ «Ո՞վ է Հուդայում կառուցել բարձունքները («bamoth»)»․ Յոթանասնիցում եբրայերեն «bamoth»−ին համապատասխանում է «ἁμαρτίας» արտահայտությունը (սլավոներեն` «ո՞վ է Հուդայի տան մեղքը»)։ Յոթանասնիցի, ինչպես նաև Սիրիական և Թարգումի ընթերցումները նկատի ունենալով` որոշ մեկնաբաններ (Նովակ) ենթադրում են, որ եբրայերեն տեքստում «bamoth» (բարձունքներ) բառի փոխարեն սկզբնապես դրված է եղել «chathoth (մեղքեր) beth jehndah» արտահայտությունը, ընդ որում` «chathoth»−ը սղվել է, իսկ «beth» բառը փոխվել է «bamoth»−ի։ Սակայն «bamoth» բառը «chathoth»−ով ուղղելը գլխավորապես պատճառաբանվում է ժխտողական քննադատության ներկայացուցիչների կողմից պաշտպանվող այն վիճահարույց փաստարկով, որ մ.թ.ա. VIII դարի մարգարե Միքիան չէր կարող այդքան զորավոր կերպով դատապարտել բարձունքների պաշտամունքը։ Անդամների զուգահեռականությունը պահպանվում է նաև եբրայերեն տեքստի ներկայիս ընթերցմամբ (Հակոբի չարություն – Հուդայի բարձունքներ)։ Բացի այդ, ավելի հեշտորեն «bamoth» բառից կարող է առաջանալ «chathoth»−ը (հենց սա էլ եղել է Յոթանասնիցի օրինակում), քան հակառակը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Այդ բոլորը Յակոբի ամբարշտութեան պատճառով է եւ Իսրայէլի տան մեղքերի համար: Իսկ արդ, ո՞վ է պատճառը Յակոբի ամբարշտութեան, ո՞չ Սամարիան, եւ ո՞վ է Յուդայի տան մեղքի պատճառը, եթէ ոչ Երուսաղէմը:
(Արարատ թարգ․) Հակոբի հանցանքի և Իսրայելի տան մեղքերի համար է այս ամենը. ո՞րն է Հակոբի հանցանքը. Սամարիան չէ՞, և որո՞նք են Հուդայի բարձրավայրերը. Երուսաղեմը չէ՞։
(Գրաբար)Վասն ամպարշտութեանցն Յակովբո՛ւ է այն ամենայն, և վասն մեղա՛ց տանն Իսրայէլի. իսկ արդ ո՞վ է ամպարշտութիւնն Յակովբայ՝ թէ ոչ Շամրին, և ո՞վ է մեղք տանն Յուդայ՝ եթէ ոչ Երուսաղէմ։