Ա․ Լոպուխին
Վա՜յ անօրինություն խորհողներին, և նրանց, ովքեր անկողիններում չարագործություններ են մտածում, որոնք առավոտյան այգաբացին ի կատար են ածում, քանի որ նրանց ձեռքում ուժ կա։ (Սինոդական թարգ․)[1]
2−րդ գլխում մարգարեն պարզաբանում է իր կողմից 1−ին գլխում հռչակված դատաստանի պատճառները: Այդ նպատակով նա նկարագրում է հրեա ժողովրդի բարոյական վիճակը: Մարգարեն, առաջին հերթին, խոսում է հրեա իշխանավորների մասին, որոնց նա դատապարտում է անարդարության ու ճնշումների համար, իսկ հետո դատապարտում է կեղծ մարգարեներին և ողջ ժողովրդին։ Այնուհետև, կատարած անօրինությունների պատճառով մարգարեն ժողովրդի համար սահմանված պատժի մասին է հռչակում (4−5, 11), և ամբողջ խոսքը ավարտում է փրկության խոստումով (12, 13):
Հրեա իշխանավորների անիրավության խորությունը պատկերել ցանկանալով՝ մարգարեն նրանց որպես գիշերը անօրեն ծրագրեր հնարող, իսկ առավոտյան դրանք իրագործող է ներկայացնում։ Յոթանասնիցը եբրայերեն «hoj»−ի (վիշտ) փոխարեն ընթերցել է «hajju» (եղել են)։ Այդ պատճառով էլ ռուսերեն տեքստի «Վա՜յ անօրինություն խորհողներին» ընթերցման փոխարեն սլավոներենում «Վա՜յ նեղություններ խորհողներին» (konos, «աղետ, դժվարություն») տարբերակն է։ «Քանի որ նրանց ձեռքում ուժ կա» («leel»)։ Քննարկվող հատվածում «El» բառը Վուլգաթայի և որոշ թարգմանիչների կողմից որպես Աստծո անուն է հասկացվում։ Բառը այս նույն իմաստով է ընդունում նաև Յոթանասնիցը։ Ավելին, ցանկանալով թուլացնել («որովհետև նրանց ձեռքը նրանց Աստվածն է») արտահայտությունը` Յոթանասնիցը փոխել է դրա իմաստը։ Այստեղից էլ ծագում է սլավոներենի «քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված» տարբերակը։ Համաձայն Յոթանասնիցի տեքստի` հրեական իշխանավորների անօրինությունների պատճառն այն է, որ նրանք աղոթքով չեն դիմել Աստծուն («չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված»)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում եւ առաւօտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դէպի Աստուած:
(Արարատ թարգ․)Վա՜յ անօրենություն խորհողներին և իրենց անկողիններում չարություն մտածողներին. նրանք դա կատարում են առավոտյան լույսին, որովհետև իրենց ձեռքերի կարողության մեջ է։
(Գրաբար) Եղեն խորհել զվաստակս, և գործեն զչարի՛ս յանկողինս իւրեանց. և ընդ այգ ընդ լոյսն զնոյն կատարէին. զի ո՛չ ամբարձին զձեռս իւրեանց առ Աստուած։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: