Ա․ Լոպուխին
Եւ կլինի վերջին օրերին․ Տիրոջ տան լեռը կդրվի լեռների գագաթին և կբարձրանա բլուրների վրա, և ժողովուրդները դեպի նա կհոսեն։ (Սինոդական թարգ․)[1]
Տխուր ներկայից 4−5−րդ գլուխներում մարգարեն շրջվում է դեպի պայծառ ապագան, որն իրականանալու է վերջին օրերին, այսինքն` մեսսիական ժամանակաշրջանում։ 4−5−րդ գլուխներում բովանդակվող մարգարեի խոսքերը նախորդող 1−3−րդ գլուխների խոսքերից ավելի ուշ են արտասանվել։ 1−3−րդ գլուխներում մարգարեի կողմից հնչեցված սպառնալիքները Սամարիայի մոտալուտ կործանման հետևանքով չէին իրականացվել, քանի որ ապաշխարող ժողովուրդը Տիրոջ կողմից ողորմության էր արժանացվել (Եր․ 26։18)։ Սարգոնի կողմից Սամարիայի գրավումից հետո, որի ներխուժմանը կարելի էր սպասել նաև Երուսաղեմում, ասորացիները զբաղված էին Բաբելոնի դեմ պատերազմական պատրաստություններով և, հետևաբար, Հուդա ներխուժելու անմիջական վտանգը դեռևս թույլ էր։ Սակայն ապագայի վերաբերյալ ժողովրդի հոգին հանգիստ չէր։ Մարգարեն այժմ (մ.թ.ա. 722 թ․ հետո) ժողովրդին մխիթարական խոսքերով է դիմում։ Մարգարեն հայտարարում է, որ Աստծո տան լեռը՝ Սիոնը, որին հերկվելու վտանգ էր սպառնում (Միք․ 3։12), մի ինչ−որ ժամանակում դրվելու է լեռների գլխին, նրանց առաջ պատվի և փառքի առավելություն է ստանալու։ Իհարկե, մարգարեն խոսում է ոչ թե լեռան ֆիզիկական փոփոխության (Մարտի), այլ նրա հոգևոր փառավորման մասին։ «Vehajah» («և կլինի») բային հունարենում ավելացված է «εμφανές» (սլավոներեն՝ «հայտնություն») բացատրական բառը. եբրայերեն և ռուսերեն տեքստերի «Տիրոջ տան լեռը» արտահայտության փոխարեն Յոթանասնիցում և սլավոներենում «Տիրոջ լեռ» կրճատ ձևն է, թեև Կյուրեղ Ալեքսանդրացու մոտ և կոմպիլացիոն հրատարակությունների բազմաթիվ ձեռագրերում եբրայերեն տեքստի ամբողջական ընթերցումներ էլ կան. եբրայերեն «nakon berosch haharim» (ռուսերեն` «կդրվի լեռների գագաթին») արտահայտությունը Յոթանասնիցում և սլավոներենում «հաստատված է (Ելք 15։17, Գ Թագ․ 8։13−19−43 համարներում էլ է եբրայերեն «nakon» արտահայտությունը «ε῀οιμος» բառով թարգմանվում) լեռների գագաթների վրա» տարբերակն է։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Գալիք օրերում յայտնի կը դառնայ Տիրոջ տաճարի լեռը՝ հաստատուած լեռների գագաթների վրայ, կը բարձրանայ բլուրների վրայ, եւ շատ ժողովուրդներ կը շտապեն դէպի նա:
(Արարատ թարգ․) Վերջին օրերին Տիրոջ տան լեռը լեռների գլխին պիտի հաստատվի և պիտի բարձրացվի բլուրներից. ժողովուրդները պիտի հոսեն դեպի նա,
(Գրաբար) Եւ եղիցի յաւուրս յետինս յայտնի՛ լեառն Տեառն. պատրաստեալ ի գլուխս լերանց. և բարձրասցի՛ ի վերայ բլրոց, և փութասցին ի նա ժողովուրդք բազումք.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: