Ա․ Լոպուխին
Չարչարվիր և տառապիր ցավերով, ով Սիոնի դուստր, ինչպես ծննդկանը, քանզի այժմ դու դուրս կգաս քաղաքից և կապրես դաշտում, և կհասնես մինչև Բաբելոն․ այնտեղ կփրկվես, Տերն այնտեսղ կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։ (Սինոդական թարգ․)[10]
«Չարչարվիր և տառապիր ցավերով» («vagochi»)․ վերջին բայի («gochi») անհասկանալի լինելու պատճառով այն տարբեր կերպ է թարգմանվում. Յոթանասնիցում` «ἀνδρίζοῦ» (սլավոներեն` «զորացի´ր»), երանելի Հերոնիմոսի մոտ՝ «satage» («մտածի´ր»), մյուսների մոտ` «διατείνου» («լարվի՛ր»)։ «Հզորացի´ր» բային սլավոներենում միացվում է նաև մեկ ուրիշ՝ «և մոտեցի´ր» (հունարեն` «ὲ῾γγιζε») բայը, սակայն շատ հունարեն ձեռագրերում այդ բայը բացակայում է։ «Կհասնես մինչև Բաբելոն»․ քաղաքից ժողովրդի գաղթեցումը կավարտվի Բաբելոնում բնակեցմամբ։ Մարգարեն Բաբելոնի մասին խոսում է ոչ միայն որպես Ասորական թագավորության նահանգի, որտեղ ասորեստանցիների կողմից վերաբնակեցվել են հրեաները, այլ որպես ինքնիշխան թագավորության․ մարգարեն հենց բաբելոնացիներից է գերություն ակնկալում, այլ ոչ թե ասորեստանցիներից, որոնց Միքիայի ժամանակաշրջանում ենթարկվում էին բաբելոնացիները։ Թույլ չտալով, որ մարգարեական կանխագուշակությունները մարգարեների ժամանակաշրջանի հորիզոնից բարձրանան, ժխտողական քննադատությունը (Նովակը, Մարտին) նաև անհնարին է համարում այն, որ Միքիան մարգարեանա Երուսաղեմի՝ բաբելացիների կողմից գրավման մասին, քանի որ Բաբելոնը այդ ժամանակ դեռևս ոչ թե համաշխարհային տերություն էր, այլ միայն Ասորեստանի ենթակայության տակ գտնվող մի նահանգ։ Այս հիմքի վրա դիտարկվող խոսքերը Միքիայի գրքում ավելի ուշ արված հավելում են համարվում։ Սակայն, ակնհայտորեն, մարգարեության գերբնական երևույթ համարվելու դեպքում, բերված շփոթությունը անհետանում է։ 10−րդ համարի վերջում մարգարեն խոսում է գերությունից ժողովրդի առաջիկա ազատագրման մասին։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Սիոնի՛ դուստր, երկունքի մէջ ընկի՛ր, զօրացի՛ր եւ մօտեցի՛ր ինչպէս ծննդկան, որովհետեւ հիմա դուրս պիտի գաս քաղաքից, քեզ պիտի բնակեցնեմ դաշտում, դու պիտի հասնես մինչեւ Բաբելոն. եւ քո Տէր Աստուածը այնտեղ կը փրկի քեզ, այնտեղ կ՚ազատի քեզ քո թշնամիների ձեռքից:
(Արարատ թարգ․) Գալարվի՛ր և տառապի՛ր ծննդկանի պես, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև հիմա դուրս ես գալու քաղաքից և բաց դաշտում պիտի բնակվես, պիտի գնաս մինչև Բաբելոն. այնտե՛ղ պիտի ազատվես. Տերը քեզ այնտե՛ղ պիտի փրկի քո թշնամիների ձեռքից։
(Գրաբար) Երկնեա՛ և զօրացի՛ր, և մերձեա՛ դուստր Սիոնի իբրև զծննդական։ Զի այժմ ելցե՛ս ի քաղաքէ, և բնակեցուցի՛ց զքեզ ի դաշտի. և հասցես մինչև ի Բաբելոն. և անտի փրկեսցէ զքեզ՝ և անտի ապրեցուսցէ զքեզ Տէր Աստուած քո ի ձեռաց թշնամեաց քոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: