Միքիայի մարգարեության մեկնություն 4։8

Ա․ Լոպուխին

Իսկ դու, ով հոտի աշտարակ, Սիոնի դստեր բլուր, դեպի քեզ կգա և կվերադառնա նախկին իշանությունը, թագավորությունը՝ Երուսաղեմի դուստրերին։ (Սինոդական թարգ․)[8]
   

   Մարգարեն ուղղակի դիմում է Երուսաղեմին կամ Սիոնին և հայտարարում է նախկին իշխանության, այսինքն՝ Դավթի նախկին թագավորության, նրան վերադառնալու մասին, որն էլ որպես Քրիստոսի թագավորության նախատիպ էր ծառայում։ «Իսկ դու, ով հոտի՛ աշտարակ, Սիոնի դստե՛ր բլուր («օֆել»)» (սլավոներեն` «և դու հոտի աշտարակ, խավար դուստր Սիոնի»)․ մարգարեն Երուսաղեմի այնպիսի ամայացում է կանխատեսում, որի հետևանքով քաղաքը արոտավայրի է վերածվելու, որում, սովորության համաձայն, հոտին հսկելու համար աշտարակ է կառուցվելու (Բ Մնաց․ 26։10)։ Մասնավորապես մարգարեն դիմում է Օֆելին կամ էլ տաճարի լեռան հարավարևելյան բլրին։ «Սիոնի դուստր» արտահայտությունը ցույց է տալիս Սիոնի կամ էլ ամբողջ Երուսաղեմի և անգամ Հուդայի ողջ թագավորության բնակիչներին (Ես․ 1։8, 10, 32, 16։1, Սաղմ․ 137։8)։ Յոթանասնիցը «օֆել» բառը ալեֆ տառով է ընթերցել և «խավար, մառախուղ» (αὐχμώδης) իմաստով հասկացել, այս բառը նույն իմաստով են ընկալել նաև Ակյուղասը (σκωτιώδης), Սիմմաքոսը (ἀπόκρυφος) և երանելի Հերոնիմոսը (nebulosa)։ Այստեղից էլ ծագում է սլավոներենի «հոտի աշտարակը մառախլապատ է» ընթերցումը։ «Եւ կվերադառնա նախկին իշխանությունը (սլավոներեն` «առաջին իշխանությունը»), թագավորությունը՝ Երուսաղեմի դուստրերին»․ մարգարեն խոսում է Սիոնում Դավթի թագավորության վերականգնման մասին։ Յոթանասնիցը մարգարեի խոսքն այլ իմաստով է հասկացել և «թագավորություն» բառից հետո ավելացրել է «ἐκ Βαβυλωνος» (սլավոներեն` «Բաբելոնից»)։ Երանելի Թեոդորոս Կյուրոսացին Յոթանասնիցի ընթերցումը հետևյալ կերպ է մեկնաբանում․ «Մարգարեն նրանց (հրեաներին) սպառնում է բաբելոնացիների զորքով, որովհետև Նաբուգոդոնոսորը թագավորական գավազանը ընդունելուց անմիջապես հետո՝ Հովակիմի թագավորության երրորդ տարում, արշավում է նրանց վրա։ Այդ պատճառով էլ Բաբելոնական թագավորությունը մարգարեն առաջին իշխանություն է անվանում, քանի որ Նաբուգոդոնոսորը իր գահ բարձրանալուց անմիջապես հետո արշավանք է սկսում»։ Սակայն «ἐκ Βαβυλωνος» ընթերցումը համատեքստին չհամապատասխանող իմաստ է տալիս և կարող է որպես ուշ շրջանի հավելում դիտարկվել․ այն չկա որոշ հունարեն ձեռագրերում, Յոթանասնիցում, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու և երանելի Հերոնիմոսի մոտ։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ դու՝ ոչխարների հօտի՛ աշտարակ, Սիոնի անշքացա՛ծ դուստր, դէպի քեզ կը գայ ու կը մտնի Երուսաղէմի դստեր՝ Բաբելոնի թագաւորութեան նախկին իշխանութիւնը»:
(Արարատ թարգ․) Եվ դու, ո՛վ հոտի աշտարակ, Սիոնի աղջկա՛ բլուր, քեզ է գալու, հասնելու նախկին իշխանությունը, Երուսաղեմի դստեր թագավորությունը։
(Գրաբար) Եւ դու աշտարա՛կ հօտի, մթին դուստր Սիոնի, ի վերայ քո եկեսցէ և մտցէ առաջին իշխանութիւն թագաւորութեան ի Բաբելոնէ դստե՛ր Երուսաղեմի։