Ա․ Լոպուխին
Եւ դու, Բեթղեհեմ−Եփրաթա, մի՞թե դու փոքր ես հազարավոր հուդայեցիների միջև, քեզանից պետք է Ինձ համար դուրս գա Նա, Ով պետք է Իսրայելում Իշխան լինի և Ում ծագումը սկզբից է, հավիտենական օրերից։ (Սինոդական թարգ․)[2]
Փառավոր ապագայի վերաբերյալ ընդհանուր և ոչ բավարար չափով հստակ կանխատեսումներից հետո 2−րդ համարում մարգարեն դիմում է այդ ապագայի համար մեղավորին և Իսրայելի Իշխանի հայտնության մասին է հայտարարում։ «Եւ դու, Բեթղեհե՛մ−Եփրաթա»։ Մարգարեն խոսում է Հուդայական Բեթղեհեմի մասին (Մատթ. 2։1−6), որտեղից սերում է Դավիթը և նրա տունը։ «Բեթղեհեմ» անվանումը («bethlehem»՝ հացի տուն) մատնանշում է այն տարածքի բերրիությունը, որտեղ այս քաղաքն էր։ Քաղաքի մեկ այլ, ընդ որում, առավել հին Եփրաթա (Ծննդ. 35։19, 48։7, Հս. 15։59) անվանումն էլ է «բերրի» նշանակում։ Միևնույն ժամանակ, Եփրաթան Բեթղեհեմի այն բնակիչների նախահոր անունն է, որոնք անվանվում էին եփրաթացիներ (Հռութ 1։2, Ա Թագ. 17։12)։ Յոթանասնիցում եբրայերեն «beth−lehem Ephratha» արտահայտությունը «Βηθλεὲμ οῖκος тоυ ᾿Εφραθα» տարբերակով է փոխանցվում։ Այստեղից էլ եզրակացնում են, որ սկզբում եբրայերեն տեքստում միայն «beth−ethratha»−ն է դրված եղել. Բեթղեհեմ անունն ավելի ուշ շրջանում է տեղադրվում (Մարտի, Նովակ, Վելլհաուզեն), որպեսզի «Beth−ethratha»−ն ավելի ճշգրիտ կերպով սահմանվի։ Ընդ որում՝ Օորտը և Շտադեն անգամ ենթադրում են, որ այս հավելումը սխալմունք է, և որ մարգարեն խոսում է Բենիամինի ցեղին պատկանող տարածքում՝ Ցևիլից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Եփրաթայի մասին, և այդ Եփրաթայից նոր դինաստիայի ի հայտ գալ, այսինքն՝ Դավթի հարստության անկում է կանխատեսում։ Սակայն եթե անգամ Բեթղեհեմի անունը ուշ շրջանի հավելում լինի, որին հակառակ է խոսում այդ անվան ներկայությունը բոլոր տեքստերում, ապա ամեն դեպքում Եփրաթայի և Բեթղեհեմի նույնությունը մնում է կասածից վեր և ճանաչվում է բոլորի կողմից։ «Մի՞թե դու փոքր ես հազարավոր հուդայեցիների միջև». եբրայական ժողովուրդը Մովսեսի կողմից բաժանվել էր հիսնավորի, հարյուրավորի և հազարավորի (տե՛ս Ելք. 18), այդ բաժանումը պահպանվել էր նաև հետագա ժամանակներում (Դատ. 6։15, Ա Թագ. 10։19, Ա Մնաց. 27։1)։ Բեթղեհեմ քաղաքը, ըստ մարգարեի խոսքերի, այնքան փոքր էր, որ իր բնակիչներով առանձին հազար չէր կազմում, և մտնում էր տարբեր քաղաքներից կազմվող հազարի մեջ։ Մարգարեն, Բեթղեհեմին սպասվող փառահեղ ապագայի հետ համեմատությամբ, մատնանշում է նրա աննշանությունը։ «Քեզանից պետք է Ինձ համար դուրս գա («jeze») Նա, Ով պետք է Իսրայելում Իշխան լինի»։ Սլավոներեն տեքստում բերված նախադասության մեջ ավելացված է «առաջնորդ» բառը («քեզանից Ինձ համար Առաջնորդ կելնի»), որին Ալեքսանդրյան ձեռագրում, Մոսկովյան Աստվածաշնչում, Յոթանասնիցի հրատարակություններում համապատասխանում է «ἡγοὺμενος» բառը. Վատիկանյան կանոնում, սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացու, երանելի Հերոնիմոսի, երանելի Թեոդորոս Կյուրոսացու և սուրբ Թեոփիլոս Բուլղարացու մոտ այդ բառը չկա, որի պատճառով էլ այն կարող է պարզաբանող հավելում համարվել։ «jeze» («դուրս գալ») բայը ընդհանուր իմաստ ունի, սակայն հաճախ այն օգտագործվում է ծագման, այսինքն՝ ծննդյան իմաստով։ Ինչպես երևում է 3−րդ համարի «քանի դեռ չի ծննդաբերել ծնել իմացողը» զուգահեռ արտահայտությունից, 2−րդ համարում մարգարեն խոսում է Բեթղեհեմում Իսրայելի ապագա Իշխանի «ծննդյան» մասին։ «Ինձ համար դուրս կգա», այսինքն՝ Աստծու համար, Աստծո փառքի համար, աստվածային ծրագրերի իրականացման համար։ «Ում ծագումը («mazaothaj») սկզբից է («mikkedem»), հավիտենական օրերից»։ Նորագույն մեկնաբանները մարգարեի խոսքերը որպես այն բանի մատնանշում են հասկանում, որ ապագա իշխանը ծագելու է Դավթի տնից, որի սկիզբը առնչվում է հնագույն ժամանակներին (գերմաներեն՝ «Urzeit, Vorzeit»)՝ «դարի օրերին»։ Քանի որ VIII դարում, երբ մարգարեանում էր Միքիան, Դավթի դինաստիայի սկիզբը չէր կարող այդքան հին երևալ, ուստի մեկնաբանները մերժում են այն, որ այս խոսքերը Միքիային են պատկանում, և այն առնչում են հետգերության ժամանակաշրջանին, երբ Դավթի դարաշրջանը, գերությամբ բաժանված լինելով, կարող էր ամբողջական դարերով հեռու թվալ (Նովակ, Մարտի)։ Այս արտահայտությունը նաև հետգերության շրջանի մարգարեի շուրթերին անբնական համարելով՝ Գոոնակերը ենթադրում է, որ Միքիան Դավթի ժամանակաշրջանը ոչ թե իր տեսանկյունից է որպես հին ներկայացնում, այլ հենց Իսրայելի Իշխանի ապագա դարաշրջանի տեսանկյունից։ Այլ հեղինակներ (Կեյլ, Օրելլի) Իսրայելի Իշխանի «հնագույն ծագման մասին» մարգարեի խոսքերն այն իմաստով են հասկանում, որ արդեն պատմության սկզբում այդ Տերը Տեր Աստծու Հրեշտակի պատկերով է հայտնվում, և որ Իսրայելի ամբողջ պատմությունը հայտնություն է (Յոթանասնիցի մոտ՝ ἐξοδοί «ելքեր, արդյունքներ»), որը կազմված է ապագա Իշխանի զորության մի շարք դրսևորումներից։ Սակայն եկեղեցական ուսուցիչները, մարգարեի դիտարկվող խոսքերը որպես ապագա թագավորի էության՝ Իսրայելի Իշխանի նախահավիտենական ծննդյան մասին մատնանշում են բացատրում։ «Սա,− օրինակ նկատում է երանելի Թեոդորոսը,− ամբողջովին համապատասխանում է Ավետարանի սկզբում ասվածին. «Սկզբից էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր..․ Նա սկզբից Աստծո մոտ էր» (Հովհ. 1։1, 2)։ Սա նման է նաև երանելի Դավթի շուրթերով Աստծո ասածին՝ «Արուսյակից առաջ ծնեցի Քեզ արգանդից» (տե՛ս Սաղմ. 109։3)։ «Նրա ծագումը,− ասում է Հերոնիմոս երանելին,− եղավ ոչ թե միայն այն ժամանակ, երբ Նա մարմնով տեսանելի դարձավ, այլ հավիտենության սկզբից կամ էլ դարերի սկզբից»։ Ինչպես երևում է Մատթ. 2։4−6 համարից, հին հրեաները դիտարկվող համարը որպես Բեթղեհեմում Մեսսիայի ծննդյան մասին մարգարեություն էին հասկանում։ Նույն ընկալումն է արտահայտված նաև Թարգումում՝ Միքիայի գրքի մասին, Թալմուդում (Berod. 68), Միդրաշում՝ Ողբի գրքի մասին և հրեա մեկնաբաններ Յարհիյի, Կիմհիյի և այլոց մոտ (Յունգերով Պ. Ա. «Միքիա մարգարեի գիրքը», Կազան, 1890, էջ 195)։ Սակայն երանելի Թեոդորոս Կյուրոսացու ժամանակ հրեաները Միքիա 5։2 համարը Զորոբաբելի վերաբերյալ էին մեկնաբանում, իսկ երանելին ժխտում է այդ բացատրությունը։ Նա դրան հակառակ է դնում այն, որ Զորոբաբելը ծնվել է գերությունից հետո Բաբելոնում, իսկ Իշխանը, որի մասին խոսում է մարգարեն, հավիտենականության սկզբից է ծագում։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա նա, ըստ սուրբ Մատթեոսի բացատրության, Միքիայի խոսքերում միշտ էլ մեսսիական մարգարեություն է տեսել (սուրբ Հուստինոս Փիլիսոփա, եր. Թեոդորոս Կյուրոսացի, եր. Հերոնիմոս, սուրբ Եփրեմ Ասորի) և [Կաթոլիկ և Ուղղափառ աշխարհների կողմից] ընդունված Հինգերորդ Տիեզերական ժողովում դատապարտել է Թեոդորոս Մափսուեստացու կարծիքը, որը դիտարկվող համարը Զորոբաբելի վերաբերյալ էր մեկնում։ Միքիա մարգարեի խոսքերը մեջբերելիս՝ Մատթեոս ավետարանիչը հեռանում է դրանց տառից, սակայն պահում է իմաստը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Եւ դու, Բեթղեհէ՛մ, Եփրաթայի սակաւամա՛րդ տուն, կը լինես Յուդայի երկրի հազարաւորների մէջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայէլի մի իշխան, եւ նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է»:
(Արարատ թարգ․) Բայց դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի տոհմերի մեջ, սակայն քեզանի՛ց պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխանավոր պիտի լինի Իսրայելին։ Եվ նրա ծագումը շատ հին է, հասնում է մինչև հնագույն օրերը։
(Գրաբար) Եւ դո՛ւ Բեդղահէմ տուն Եփրաթայ սակաւաւոր՝ իցե՛ս լինել ի հազարաւո՛րս Յուդայ. ի քէ՛ն ելցէ ինձ լինել իշխան Իսրայէլի. և ելք նորա իսկզբանէ աւուրց աշխարհի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: